HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Աջափնյակ վարչական շրջանի ադմինիստրացիան ու քաղաքակրթության ձեռքբերումները

Երեկ անձնական գործով Աջափնյակ վարչական շրջանի ադմինիստրացիայում էի: Թեև գործը անձնական էր, բայց այն, ինչին ես ակամայից ականատես եղա և ինչը պատահաբար բացահայտեցի, այլևս անձնական չէ և արժանի է հասարակության ուշադրությանը:

«Facebook»-ն ու ՀՀԿ-ն

Այսպիսով, առաջին հետաքրքիր բացահայտումը վարչական շրջանի ղեկավարի ընդունարանում էր, ու ղեկավարի տեղակալ Փոլադյանի օգնականը ինչ-որ աղջիկների բացատրում էր, թե ինպես է հարկավոր «Facebook»-ում առաջ տանել Հանրապետական կուսակցության PR-ը: Համարյա մի ժամ խոսում էին նյութ «share» անելու հմտություններից, բլոգեր Տիգրան Քոչարյանից (ավելի հայտնի է որպես Փիղ), ՀՀԿ-ի գաղտնի խմբերից և «ԲՀԿ-ի ֆեյքերից»:

Ֆեյսբուքյան թեման սպառելուց հետո անցան ՀՀԿ-ի կազմակերպած համերգի տոմսերը բաժանելու խնդիրներին, ինչպես նաև կուսակցական ժողովներից բողոքելուն:

Առաջ ընկնելով` ասեմ, որ երբ խնդրի մասին ասացի վարչական շրջանի ղեկավար Սարգսյանին, նա նույնիսկ չհերքեց և ասաց, որ դրանում վատ բան չի տեսնում:

Ազգային Ժողովը կարելի է ցրե՞լ

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանների ադմինիստրացիաները փողոցներից և բակերից հանում են չօգտագործվող/անսարք մեքենաները: Այդ գործառույթն իրականացվում է Տարոն Մարգարյանի հրահանգով, որը, բնականաբար, ապօրինի է, քանի որ ՀՀ-ում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները կարող են սահմափակվել օրենքով և դրանից ավելի բարձր ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով, ինչպիսին չի հանդիսանում քաղաքապետի հրամանը:

Սակայն այդ գործողության ապօրինության մասին պնդումը բացարձակապես չէր հետաքրքրում վարչական շրջանի ղեկավարին, ում, ըստ ամենայնի, ավելի ցանկալի կլիներ բակային մակարդակի խոսակցությունը, քան քաղաքակիրթ` իրավական դաշտում քննարկումը:

Քննարկման ժամանակ վարչական շրջանի ընդհանուր բաժնի պետը, փորձելով արդարացնել ՏԻՄ օրենքից դուրս գործառույթների իրականացումը, նույնիսկ ասաց. «Բայց ԱԺ-ն դեռ շատ օրենքներ չի ընդունել»:

Տարոն Մարգարյանի երթուղին` վարդերով

Քննարկման ընթացքում վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Ալոյանը նույնիսկ «լեզվից թռցրեց» հետևյալը. «Մենք գիտեինք, որ քաղաքապետը այդ փողոցով անցնելու է, հո չէի՞նք թողնելու, որ քաղաքապետի երթուղու վրա ջարդված ավտոներ լինեն»: Ասվածն իսկ ցույց տվեց, որ քաղաքապետի աչքին փողոցը հաճելի տեսքի բերելու համար վարչական շրջանը պատրաստ է մոռանալ օրենքի մասին:

Նամակագրության գյուտը Աջափնյակ չի՞ հասել

Սակայն ամենահետաքրքիր բացահայտումն այն էր, որ վարչական շրջանում «մոդա չէ» քաղաքացիներին նամակով ծանուցելը: Հարյուրավոր քաղաքացիներին իրենց մեքենաների տարահանման մասին զգուշացնում են բանավոր և հնարավորություն չեն տալիս բողոքարկելու այդ որոշումը: Դա շատ հստակ մեկնաբանեց վարչական շրջանի ղեկավարը. « …Որ պիտի նամակով տեղեկացնեմ բնակիչներիս ու՞ւր կհասնի. մարդիկ գալիս են ու բանավոր զգուշացնում են… Մենք որ զգուշացնում ենք, մենք պատասխանի չենք սպասում: Եթե մի քանի օրից քաղաքացին չի հանում մեքնենան, մենք ենք հանում»:

Այսինքն՝ իշխանության որոշումները բողոքարկելու` նույնիսկ ինկվիզիցիայի ժամանակաշրջանում գործող քաղաքացու իրավունքը չի հետաքրքրում Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարությանը:

Անշուշտ, քաղաքը մաքրելու` Տարոն Մարգարյանի եռանդը ակներև է: Սակայն, երբ այդ մաքրությունը ուղեկցվում է քաղաքացիների իրավունքների ոտնահարմամբ, բազում իրավական նորմերի, օրենքների և նույնիսկ Սահմանադրության անտեսմամբ ու խախտմամբ, դա արդեն մաքրություն չէ, դա արդեն նահանջ է քաղաքակրթության ամենակարևոր ձեռքբերումներից:

Նրան, որ գոյություն չունեն մեքնենաների` տարահանման ենթարկվելու հստակ չափանիշներ և մեթոդաբանություն, ինչպես նաև այդ գործառույթի հակաօրինականության և հանցավորության (բառիս քրեական իմաստով) մանրամասներին մենք կանդրադառնանք շուտով` քաղաքապետարանից համապատասխան նյութերը ստանալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter