HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Տեսախցիկը «մահացու» զենք է կարգազանց ոստիկանի դեմ

Օրերս հայկական համացանցում քննարկման հիմնական թեմաներից մեկը Ճանապարհային ոստիկանությունն է, իսկ ավելի կոնկրետ, երթևեկության կաննոները խախտած և քաղաքացիների հետ շփվելու էթիկայի կաննոնները անտեսած երկու տեսուչներ, ում արարքը արձանագրել էր Ձեր խոնարհ ծառայի տեսախցիկը:

Տեսանյութը դիտեց ավելի քան 60 հազար մարդ, դրա տակ շուրջ 20 էջ մեկնաբանություն թողեցին, հարցին անդրադարձան համարյա բոլոր հայրենական լրատվամիջոցները, Վլադիմիր Գասպարյանը օրինախախտ ոստիկաններին գործից հեռացրեց: Ոստիկաններից մեկի «Լրիվ դու ոնց-որ խառնում ես սաղ» արտահայտությունն էլ դարձավ սոցիալական ցանցերի ամենապոպուլյար մեջբերումը:

Թեև տեսահոլովակի հրապարակմանը հաջորդած ահռելի ռեզոնանսի չափսերը անսպասելի էին բոլորի համար (անձամբ ես սպասում էի 2-3 հազար դիտում), այն, որ ոստիկանները այս արարքի համար շատ խստորեն կպատժվեն, պարզ դարձավ միջադեպից անմիջապես հետո, քանի որ ՀՀ ոստիկանությունը միջոցներ չի խնայում իր շուրջ ձևավորված հանրային կարծիքը փոխելու ուղղությամբ:

Համոզված եմ, որ ընթերցողը նկատել է, որ ոստիկանությունում բարեփոխումները հիմնականում ընթանում են քաղաքացիների հետ առավել շատ շփում ունեցող ստորաբաժանումներում: Մասնավորապես, բարեփոխումները զգալի են Ճանապարհային ոստիկանությունում (համարները չեն հանվում, երեկոյան ժամերին փարոսները միացված են, մեքենաների գրանցումն ու վարորդական իրավունքի վկայականի ստացումը հեշտացվել է, և այլն), անձնագրային ծառայություններում, ինչպես նաև պարեկային ծառայությունում, որտեղ նույնիսկ օտար լեզուների իմացությամբ աղջիկ-ոստիկաններով ստորաբաժանում ստեղծվեց):

Այս բարեփոխումներին մենք հետագայում դեռ կանրադառնանք, սակայն արդեն կարելի է հստակ եզրակացնել, որ հանրային կարծիքը իրոք շատ կարևոր է ոստիկանության ղեկավարության համար (առավել ևս` նախընտրական այս շրջանում):

Իհարկե, ցանկալի կլիներ, որ բարեփոխումները հասնեին նաև քրեական հետախուզման և քննչական մարմիններին, բայց առայժմ քննարկենք այն, թե ինչպե՞ս կարելի է պետության շահերին ծառայեցնել եղած բարեփոխումների արդյունքում երևան եկած նոր հանրային լծակները, ավելի ճիշտ` լծակը:

Տեսախցիկներն ու ոստիկանները

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հալաբյան փողոցի վրա (ՀՀԿ տարածքային շտաբի մոտ) ամեն երեկո հավաքվում էին գեղեցիկ համարներով բազմաթիվ մեքենաներ, որոնք, խախտելով ՃԵԿ կանոնները, կանգնում էին մի քանի շարքով` դրանով իսկ խանգարելով երթևեկությանը:

Երբ մեքենաների կուտակման մասին հայտնեցինք ոստիկանություն, կես ժամ հետո եկած ՃՈ մեքենան, տեսնելով, որ խոսքը ՀՀԿ մեքենաների մասին է, պտտվեց ու ետ գնաց: Սակայն երբ կրկին զանգեցինք ոստիկանություն և հայտնեցինք, որ ՃՈ մեքենայի գալ-անտեսել-գնալը նկարել ենք, րոպեներ անց վրա հասան պարեկային ծառայության և ՃՈ մեքենաներ և վարկյանների ընթացքում հանեցին օրենքի խախտմամբ կայանված Հանրապետականների մեքենաները:

Տեսանյությում` ՀՀԿ շտաբի մոտ կուտակված մեքենաների դեմ հաղթական պայքարը

Իսկ հիմա ընթերցողին առաջարկում եմ մի պահ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե իմ և ՃՈ տեսուչների միջև օրեր առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպը նկարահանված չլիներ… Տեսարանը բավականին միարժեք է` աղմուկ չէր բարձրանա, օրինախախտ ոստիկաններն էլ կշարունակեին ծառայել:

Այսինքն, ակնհայտ է, որ երկու դեպքերում էլ հարցի հրապարակայնացումը հանգեցրեց արդարության և օրինականության հաղթանակին: Իսկ հրապարակայնությունն ապահովելը շատ հեշտ է, դրա համար ընդամենը պետք է տեսախցիկ, որը, այս կամ այն տեսքով, ունենք համարյա բոլորս:

Հաճախ կարդում/լսում ենք ոստիկանության կողմից տարբեր խախտումների մասին ահազանգող քաղաքացիների պատմություններ, սակայն, որպես կանոն, ոստիկանությունը հերքում է դրանք: Սակայն, այն դեպքերում, երբ խախտումը ակնհայտ է, ոստիկանությունը, որպես կանոն, չի հերքում այն և մեղավորները պատժվում են:

Եվ իրոք, ոստիկանության ղեկավարությանը բացարձակապես պետք չէ հասարակության աչքերում կիսել իրավախախտում գործած շարքային ոստիկանի մեղքը (երբ այդ մեղքը արդեն անվիճելի է և ակնհայտ)…  Հանրային կարծիքը բավականին արժեքավոր է և մեղավոր ոստիկանին պատժում են:

Միգուցէ այդպիսի դեպքերը եզակի են, բայց միևնույնն է, մյուս ոստիկանների համար դա հստակ ուղերձ է առ այն, որ նույնը կարող է տեղի ունենալ իրենց հետ:

Վերջաբանի փոխարեն

60 հազար դիտում ունեցող հայտնի տեսանյութի տակ, ինչպես ասվեց, հարյուրավոր մարդիկ թողել էին մեկնաբանություններ: Եթե այդ մեկնաբանություններից հանենք հայհոյանքները ոստիկանների հասցեին, ինչպես նաև գովեստի խոսքերը հեղինակներիս և մեքենայի տեսախցիկի հասցեին, ապա տակը կմնար օգտատերերի մի հոծ բանակ, ով կարծում էր, որ քաղաքացիական հասարակությունը կարող է բացառապես տեսախցիկների օգնությամբ առնվազն Ճանապարհային ոստիկանությանը հասցնել եվրոպական մակարդակի:

Այսպիսով, փոխանցելով տեսանյութը մեկնաբանած մարդկանց կարծիքը` կոչ եմ անում բոլորին ոստիկանի կողմից որևէ խախտում տեսնելու դեպքում տեսանկարել դա և ապա գցել Youtube: Համոզված եղեք` ոստիկանին կպատժեն, իսկ դուք հայրենիքին օգուտ կտաք:

Հ.Գ. Խոսքը, անշուշտ, հիմնականում փողոցում տեղի ունեցող և անցորդների կողմից նկատվող խախտումների մասին է, սակայն վերոնշյալը կիրառելի է նաև ցանկացած այլ դեպքում (ցանկացած համակարգի պաշտոնյայի պարագայում), երբ խախտումը ֆիզիկապես կարելի է արձանագրել տեսախցիկի միջոցով:

Մեկնաբանություններ (4)

Արթուր
Հարգելի Դանիել, միանում եմ Ձեր առաջարկին և կիսում Ձեր կարծիքը` բացառությամբ մեկ-երկու հարցի. ոստիկանները տվյալ արարքի համար շատ խստորեն չեն պատժվել, խստորեն պատժված կլինեին, եթե ոչ միայն պաշտոնից, այլև համակարգից հեռացված լինեին, իսկ կադրերի ռեզերվում գրանցվելը, ինչպես արդեն նշել եմ, նշանակում է, որ որոշ ժամանակ անց ոստիկանության համակարգում կարող են մեկ այլ պաշտոն ստանալ: Ընթերցողներին առաջարկել եք մի պահ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Ձեր և ՃՈ տեսուչների միջև օրեր առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպը նկարահանված չլիներ… Եվ եզրակացրել եք. ‹‹Տեսարանը բավականին միարժեք է` աղմուկ չէր բարձրանա, օրինախախտ ոստիկաններն էլ կշարունակեին ծառայել››: Այո, օրինախախտ ոստիկանները կշարունակեին ծառայել, բայց ընդամենն այդքա՞նը… Ձեր կողմից իրենց ՃՈ կանոնների խախտման մեղադրանք ներկայացնելուց և մեքենան կանգնեցնելու պահանջից հետո բռնություն չէի՞ն կիրառի Ձեր նկատմամբ ու մի բան էլ Ձեզ մեղադրի ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու, նրա օրինական պահանջին չենթարկվելու մեջ, առնվազն բերման չէի՞ն ենթարկի ‹‹դաստիարակչական›› նկատառումներով… Այս անգամ էլ աղմուկ կբարձրանար, բայց արդեն բոլորովին այլ առումով:
Ed
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=r0igxk5RnVk#!
HXA
Parapes mnacel? urish zbaxvelu ban chka?
Վահե-2010
Վլադիմիր Գասպարյանը ուզեց և անմիջապես օրինախախտները հեռացվեցին ..., ուրեմն եթե նախագահն ուզի կաշառակերությունն էլ կվերանա: Եթե միայն ուզի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter