HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հող մշակելը` բիզնես, բերքը ծառից` սուպերմարկետ

Գյուղացին իր բերքը պետք է վաճառի ոչ թե «ինչպես պահի տակ ստացվի», այլ «կանխամտածված»` ասում է «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի բիզնես կառավարման մասնագետ Տիգրան Մկրտչյանը: Ծրագիրն արդեն երրորդ տարին իրագործում է «Շեն» հասարակական կազմակերպությունը՝ շվեյցարական SDC (Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն) կազմակերպության աջակցությամբ: 

Տ. Մկրտչյանի գործն այս ծրագրում պտղաբուծության (թզի, նռան, արքայանարնջի) խթանումն է` գյուղացիներին բիզնես գիտելիքներ տալու միջոցով, նրանց համար հասանելի դարձնելով ֆինանսական կազմակերպությունների ծառայությունները: «Հազվադեպ գյուղացիներ կարող են նշել, թե ինչքան ծախս են արել այգու վրա, աղոտ պատկերացում ունեն իրենց արած ծախսերի, ինքարժեքի, համախառն եկամտի մասին, և այս դեպքում դժվար է հասկանալը՝ եկամուտ ունեցա՞ն նրանք, թե՞ ոչ: Մեր նպատակն է այնպես անել, որ գյուղացին հող մշակելուն վերաբերվի որպես բիզնես»,- ասում է նա:

Մեղրու տարածաշրջանի ֆերմերների համար ֆինանսական ծառայությունները հասանելի դարձնելու` ծրագրի մեթոդներից մեկը տարբեր շրջաններում ֆինանսական խորհրդատուներ պատրաստելն է: «Ամեն գյուղապետարանից մի աշխատող գալիս է, մասնակցում մեր դասընթացներին, որպեսզի ստանա տեղեկատվություն և տրամադրի գյուղացիներին: Այս խորհրդատվությունն անվճար է կազմակերպվում: Ֆինանսական խորհրդատուներն աշխատում են ամբողջ շրջանի համար»,- ասում է Տիգրանը: Խորհրդատուները մասնակցում են սեմինարներին տեղեկանալու համար, թե գյուղացուն որ ֆինանսական կազմակերպության ծառայությունները կարող են ձեռք տալ:

«Գյուղացին հաճախ չունի կանոնակարգված հարցեր, չգիտի՝ ինչ է ուզում: Որ ֆինանսական կազմակերպությունն այդ պահին եկավ, համոզեց, իր վարկը տրամադրում է, գնում, - նշում է Տիգրանը,- ֆերմերը չգիտի` վարկն իրեն ձեռք էր տալիս, թե ոչ, այդ պահին վերցնում է և վերջ: Մեր նպատակն է ֆինանսական ինստիտուտների մասին ստեղծել հավաքական ինֆորմացիա և տրամադրել գյուղացուն»:

Վարդանիձորը Սյունիքի աղքատ գյուղերից է, վարկի պահանջարկն էլ հետևաբար քիչ է, բայց նրանց ֆինանսական խորհրդատուն, Տիգրանի խոսքով, «ամենաակատիվ մասնակիցներից է»:

«Ես մասնակցել եմ ֆինանսական խորհրդատվության դասընթացին: Հիմնականում սովորել ենք` ինչպես վարկ վերցնել, ինչպես պլանավորել ծախսերը, հոսքերը, եկամուտը, տոկոսադրույքները», - ասում է Վարդանիձորի գյուղապետարանի հաշվապահ Զարինե Մելքումյանը:

Զարինեն ինքը վարկ չի վերցրել, որովհետև հողատարածք չունի ու այգեգործությամբ չի զաբղվում: «Գյուղապետը նախընտրեց, որ ես մասնակցեմ էդ դասընթացներին: Եթե գյուղացին գա ինձ հարցնի, ես իրենց կօգնեմ` ինչ վարկ վերցնեն, որ իրենց ձեռնտու լինի, ինչպես բիզնես պլան գրեն: Ես ինքս հող չունեմ, որ վարկ վերցնեմ, բայց էս մոտակա տարվա մեջ որոշել եմ կարալյոկի ծառեր մշակել»,- ասում է նա:

Մեղրու տարածաշրջանում մոտ 10 ֆերմերներ են ծրագրի կողմից ուղորդվել և վարկ վերցրել, բայց շատերի վրա  էլ անուղղակիորեն ազդել են ծրագրից օգտվող համագյուղացիները` ասում է Տիգրանը:

Ծրագրի շրջանակներում գյուղացիներին վարկ է տրամադրում «Անիվ» վարկային կազմակերպությունը: Վերջինս գրասենյակ է բացել Սիսիանում, իսկ ծրագրի արդյունքում իրենց  աշխատողներին ուղարկել է նաև Մեղրի: «Սա այն վարկային կազմակերպությունն է, որն ուղղակիորեն ծրագրի միջամտությամբ մտել է Մեղրի»,- ասում է Տիգրանը:

Վարկատու մյուս կազմակերպությունը «Ֆինկան» է: «Չի կարելի ասել, որ մեր ծրագիրը ուղորդել է գյուղացիներին օգտվել նրանց վարկերից, բայց մենք տրամադրել են ինֆորմացիա, մեծացրել ենք նրանց հետաքրքրվածությունը շրջանի նկատմամբ: Մենք ֆինանսական ինստիտուտներին տրամադրում ենք ինֆորմացիա թիրախային խմբերի մասին, թե Մեղրին ինչ պոտենցիալ ունի, իսկ իրենց ծառայությունների մասին ինֆորմացիան էլ տրամադրում ենք ֆերմերներին»,- ավելացնում է Տիգրանը:

«Ֆինկայի» վարկերից միայն այս տարի շուրջ մեկ տասնյակ վարկեր են տրվել Մեղրիի շրջանում` ասում է Տիգրանը: Վարկերը խմբակային են, իսկ խումբն էլ ընդգրկում է մոտ տասը անդամ, ստացվում է` գրեթե 30 հոգի վարկ է վերցրել: 

«Վարկերը վերցնելուց հետո, եթե եղանակի հետ ամեն ինչ լավ է, ցրտահարություններ չեն լինում, հիմնականում կարողանում են հասցնեն, փակեն»,- ասում է Մեղրիից Փառանձեմ Պետրոսյանը: Նա նույնպես մասնակցել է ֆինանսական խորհրդատվության դասընթացներին: «Բնակչությանը որոշ չափով օգնել են էդ ծրագրերը, դե հիմնականում սովորում ենք` բերքը տեղափոխելու ծախսերը արդյոք բավարարում են մեզ, թե ոչ, հաշվարկ անենք, նոր բերքը տեղափոխենք Երևան, որ հասկանանք՝ դա մեզ օգուտ կտա, թե չէ: Կոնկրետ մենք վարկ չենք վերցրել, բայց վերցնողներ կան: Էդ խորհրդատվություններին ես մասնակցել եմ, գիտելիքներս փոխանցել եմ ընտանիքիս անդամներին, հայրիկս է հիմնականում մշակում մեր հողը, ահագին տարբերություն կա: Ասենք բերքը մշակելու, ծառերի սրսկումների հետ կապված գիտելիքներ ենք ձեռք բերել: Շատերը չէին սրսկում, սպիտակեցնում, հիմա արդեն սկսել են այդպես մշակել»:

Ապրանքի պահանջարկի խթանման համար, ծրագրի շրջանակներում, աշխատանք է տարվում կապ հաստատել ֆերմերների և սուպերմարկետների միջև: «Այսօր արդեն ունենք օրինակ, որ Մեղրիի թուզը տեղական փաթեթավորմամբ առաքվում է սուպերմարկետներ: Սուպերմարկետում դա դրված վաճառվում է: Տուփի վրա գրված են արտադրողի կոնտակտները,-  ասում է Տիգրանը,- դա մի ֆերմերի հետ արվեց, մնացած ֆերմերները արդեն սկսեցին հետաքրքրվել, հիմա իրենք էլ են ուզում այդ ամենն իրականացնել»: Մեղրիի թուզը տեղական փաթեթավորմամբ Երևանի սուպերմարկետներ առաքող գործարարը Սիրանուշ Քառյանն է, նա անհատ ձեռնարկատեր է:

Տիգրան Մկրտչյանի խոսքով՝ գյուղացին այլընտրանք ունի, եթե միջնորդները ցածր գին են առաջարկում ապրանքի դիմաց: Այլընտրանքը չվաճառելն է: «Մենք փորձում ենք զարգացնել սառնարանային տնտեսությունը՝: Աշխատում ենք, որ գյուղացիներն իրենց բերքը դասավորեն արկղերում, ունենան սառնարան պահեստներ, կարողանան պահել իրենց ապրանքը ցանկացած ժամանակ վաճառելու համար: Հիմա իրենք չեն պահում իրենց գինը, որովհետև բերքը հավաքում են, բրգաձև լցնում են գետնին, այն սկսում է նեխել, փչանալ, վնասվել և ստիպված են լինում շատ էժան վաճառել»:

Եթե որևէ ֆերմեր ցանկանում է ունենալ սառնարանային տնտեսություն, ծրագրի կողմից կիսով չափ համաֆինանսավորվում է: Տիգրան խոսքով` Մեղրիում արդեն հինգ սառնարանային պահեստ կա: «Ծրագիրն ավարտվում է, բայց գյուղացիներն իրենց համայքնում կտեսնեն, որ դա իսկապես օգտակար է: Նոր տարին մոտենում է, բոլորը կտեսնեն, որ Նոր տարվա շեմին իրենց համագյուղացին բերքը վաճառեց երեք անգամ թանկ, քան իրենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter