HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ո՞րն է հոր եւ որդու ինքնասպանության պատճառը, եւ ուր են տանում հետքերը

«Երբ Արտաշեսը քննիչի մոտից վերադարձավ խուց, ասաց՝ Տիկո, մի բան արա, որ իմ խափանման միջոցը չփոխեն: Ասում էր՝ դու չես պատկերացնում՝ քննիչը, դատախազն ու տուժողը մի ձեռք են, դրանք իմ գլուխն ուտելու են, դրանք ուզում են մեր տունը մեր ձեռքից վերցնեն. էս ինչ կրակը գցեցի հորս… Ուզում են, որ տուժողի հետ դեմ-դեմ լինենք… Ասացի՝ Արտաշ ջան, եթե քեզ նման բան են ասել, խաբել են. մի հատ տոմատ գողացողի խափանման միջոցը չեն փոխում, իսկ քո վրա այնպիսի հոդված է դրած՝ 56 միլիոն դրամի գողության մասին է խոսքը, որ եթե ուզես էլ, քեզ ոչ ոք չի ազատի: Մեկ էլ մի պահ (խցում բոլորն էլ տեսել են) բարձրացավ 2-րդ յառուսում պառկեց ու սկսեց ձայնով լացել: Բոյով-բուսաթով, հասուն տղա էր, բայց փոքր երեխու նման լաց էր լինում:

Մտածում էի՝ գժվել ա էս մարդը, արդեն չի հասկանում՝ ինչ ա ուզում, ինչ ա կատարվում, որովհետեւ անհնարին բան էր ասում՝ ո՞նց կազատեն: Բայց արի ու տես, հաջորդ օրը եկան, Արտաշին ասացին՝ պատրաստվիր, իջնում ես քննիչի մոտ: Գնաց ու էլ հետ չեկավ: Մի քանի օր հետո էլ հեռուստատեսությամբ տեսանք, որ Արտաշն ու իրա պապան կախվել են»,- պատմում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արտաշես Գալուստյանի խցակից Տիգրան Առաքելյանը:

Այս տարվա հունիսի 26-ի վաղ առավոտյան Էրեբունի համայնքում գտնվող իրենց կիսակառույց տան 3-րդ հարկում հայտնաբերվեցին հայր եւ որդի՝ 62 տարեկան Պետրոս Գալուստովի եւ 30-ամյա Արտաշես Գալուստյանի դիակները՝ մետաղյա ճոպանով կախված: Պետրոս Գալուստովի գոտկատեղից երկտող էին գտել՝ հասցեագրված վերջինիս դստերն ու կնոջը. «Ասիկ, Գայանե, մենք Արտաշի հետ հեռանում ենք, մեզ կներեք։ Աստված ձեզ պահապան»։

Արտաշես Գալուստյանը «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից կատարված խոշոր չափի՝ 56 մլն 400 հազար դրամի գողության գործով մեղադրյալներից մեկն էր: Հունիսի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչ Մուշեղ Ալեքսանյանը վերջինիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցաքննել է: Հաջորդ օրը Արտաշեսը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ 5 օր անց գրանցվել է ողբերգական իրադարձությունը (այս պատմությանը «Հետքը» մանրամասն անդրադարձել է Խեղվող ճակատագիր եւ 2 ինքնասպանություն. ոստիկանական նախաքննության «հմայքը» հոդվածում):

Հոր եւ որդու ինքնասպանությունից հետո Երեւան քաղաքի վարչության քննիչը այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ բացատրություններ վերցրել Արտաշեսի խցակիցներից: Տիգրան Առաքելյանի խոսքերով՝ ոստիկանությունն ինֆորմացիա էր ստացել, որ ազատ արձակվելու նախորդ օրը Արտաշեսը երակները կտրելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, ինչը կանխել են խցակիցները:

«Բայց այդ օրը նման բան չի եղել: Արտաշեսը ավելի վաղ՝ կարանտինում, երբ նրան նոր տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, այդ ժամանակ է երակները կտրել: Իսկ մեր խուց նրան բերեցին ազատ արձակվելուց 4-5 օր առաջ»,- ասում է Տիգրանը եւ նշում, որ Արտաշեսը հոգեպես ճնշված էր, շատ լարված եւ այդ 4-5 օրվա մեջ մի քանի անգամ բարձրաձայն արտասվել է, որովհետեւ ինչ-որ բանից տանջվում էր:

«Մենք միասին վերեւում՝ լուսամուտի մոտ, նստում էինք, եւ ես փորձում էի նրան հանգստացնել, համոզել, որ ոչ մի բանի մասին չմտածի ու չանհանգստանա,- հիշում է Տիգրանը:- Շատ բան չէր պատմում, ինչ էլ որ ասել է, ես 100 տոկոսով հավատում եմ: Նա այն վիճակում չէր, որ ինչ-որ բան խաբեր. ոչ իրար հետ դիմում էինք գրում, որ պատմածներն իր գործի համար լավ կամ վատ լինեին, ոչ էլ… Չգիտեմ: Ընդամենը պատմում էր, որ մի քիչ թեթեւանա, ու խնդրում էր, որ ասածները ոչ ոք չիմանա»:

ՔԿՀ այցելած Երեւանի վարչության քննիչին Տիգրան Առաքելյանն իրեն հայտնի ամեն ինչ մանրամասն պատմել է. «Քննիչի անունը կարծեմ Արթուր էր: Ասաց՝ «Տիգրան ջան, ես չեմ կարող քննիչի կամ դատախազի հարցաքննել, ես անպայման կզեկուցեմ, որ (գործը) փոխանցեն ՀՔԾ-ին, եւ արդեն ՀՔԾ-ն կփորձի այդ հարցերը ստուգել եւ գնահատել: Ասաց՝ սպասիր, տեսնենք, թե ինչ է լինում»: Արդեն մոտ 3 ամիս սպասում եմ, այլեւս ոչ ոք չի եկել, ընդհանրապես այս գործով չեն հետաքրքրվել»:

Քննիչին պատմածները փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով Տիգրանը հայտնել է նաեւ «Հետքին»:

«Հենց սկզբում, երբ Արտաշեսին բերման են ենթարկել ոստիկանության էրեբունու բաժին, տուժողները՝ 2, գուցե 3 հոգի, որ իրենք ընդամենը գումարի տերերն են (Արտաշը նույնիսկ տուժող ընկերության անունը չէր հիշում), մտել են ներս եւ օպերների ներկայությամբ իրեն ծեծել:

Բայց ամենասարսափելին դրանից հետո է եղել: Ես հիմա Արտաշի բառերով եմ պատմում՝ արդեն ոստիկանները իրենից խոստովանական ցուցմունք վերցնելու համար ռեզինե մահակի նման մոտ 40-45 սանտիմետրանոց արհեստական առնանդամով սկսել են ծեծել: Հետո սպառնացել են, որ եթե իրանց ուզած ցուցմունքները չտա, դրանով կբռնաբարեն, կնկարեն ու հետեւից կուղարկեն քրեակատարողական հիմնարկ: Ու հիմա, երբ հետադարձ հայացքով վերլուծում եմ, ուզում եմ հասկանալ Արտաշեսի հոգեվիճակն ու ապրումները, թե ինչից կարող էր այդպես խախտվել, մտածում եմ, որ այդ դրվագում ինքը ինչ-որ բան չէր ասում. էն, ինչը ներկայացնում էր որպես սպառնալիք, կարծում եմ՝ իրականում եղել էր»,- ասում է Տիգրան Առաքելյանը:

Ըստ նրա՝ Արտաշես Գալուստյանը անուններ չի նշել, գրեթե չի խոսել կոնկրետ հանցագործության, իր հետ մեղադրվող մյուս անձի կամ անձանց մասին, ավելին՝ այդ թեմայից փորձել է խույս տալ նաեւ Տիգրանը՝ հասկանալով, որ Արտաշեսի խոստովանական ցուցմունքները հնարավոր է՝ առնչվել են նաեւ տվյալ անձին կամ անձանց, ինչի մասին խոսելը կարող էր դառնալ հավելյալ ճնշվածության պատճառ:

«Դրա համար իրեն ասում էի՝ դու բոլորին մոռացիր,- հիշում է Տիգրանը:- Ինքը շատ վախեցած, սարսափած նկարագրում էր տուժողների հնարավորությունը, ոստիկանությունում իր հետ նրանց արածները եւ ասում էր՝ ես պատկերացնում եմ, թե հիմա դրսում հորս հետ դրանք ինչ են անում: Շատ մեծ վախ ուներ, որ տուժողների կողմից մեծ ճնշումներ կարող են լինել հոր նկատմամբ: Ասում էր՝ մեր քրտինքով աշխատող մարդիկ ենք, էս ինչ արեցի, էս ինչ կրակը գցեցի հորս… »:

Արդյոք Արտաշեսի խցակիցների, մասնավորապես՝ Տիգրան Առաքելյանի պատմածները ՀՔԾ-ին հայտնի՞ են: Եթե այո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, նյութեր նախապատրաստվե՞լ են, կամ քրեական գործ հարուցվե՞լ է: Եթե ոչ, ի՞նչ հիմքով, ի՞նչ է պարզել ՀՔԾ-ն: Պատասխանելով այս հարցադրումներին՝ Հատուկ քննչական ծառայությունը «Հետքին» գրել է.

«ՀՔԾ-ում ուսումնասիրվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող՝ Պետրոս Գալուստովի և Արտաշես Գալուստյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը և պարզվել, որ նյութերում հատուկ քննչական ծառայության քննիչներին ենթակա հանցագործությունների սուբյեկտների կատարած հանցագործության մասին վկայող ապացույցներ չկան, բացառությամբ վկաներ Երվանդ Եղիյանի և Տիգրան Առաքելյանի ցուցմունքների, ովքեր անուղղակի տեղեկություններ են հայտնել, թե ոստիկանության Էրեբունու բաժնի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներն Արտաշես Գալուստյանի նկատմամբ անօրինական գործողություններ են կատարել, որոնք, սակայն, կատարված հետագա քննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել են:

Ավելին՝ Արտաշես Գալուստյանին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող անձը (ըստ քրեական գործի նյութերի) հանդիսանում է Էդգար Կարաքեշիշյանը, ով հատուկ քննչական ծառայության ենթակա հանցագործության սուբյեկտ չէ: Ուստի քրեական գործը վերադարձվել է ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար»:

«Եթե իմ ասածներն իրենք ստուգել են, ու սուտ է դուրս եկել, ուրեմն պետք է ինձ համապատասխան մեղադրանք առաջադրեն: Իսկ եթե ոչ դա են անում, ոչ էլ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցում, ես վստահ պնդում եմ՝ քննիչները, էդ նախաքննությունով զբաղվողները ընդամենը հերթական անգամ իրենց գործընկերներին պահելու համար կոծկեցին այդ ողբերգությունը: Ինձ չհարցաքննելով՝ իրենք դա ապացուցեցին: Որովհետեւ ինձ, եթե նույնիսկ սխալ էի ասել, պարտադիր պետք է նորից հարցաքննեին»,- ասում է Տիգրան Առաքելյանը:

Հ.Գ. «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից կատարված գողության գործն արդեն դատարանում է, եւ ցուցմունք է տվել նաեւ տուժողը՝ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը: Պաշտպաններից մեկի՝ Արտաշես Գալուստյանին վերաբերող հարցին ի պատասխան՝ Մանուկյանն ասաց, որ Գալուստյանին նույնիսկ դեմքով չի ճանաչում:

Մեկնաբանություններ (8)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱՅՍՊԻՍԻ պատմություններից հետո ո՞վ կհավատա/կգնի «վատ թուրք,լավ հայ» գոռգոռոցները/պատմությունները: Հայի ամենամեծ թշնամին՝ հայը (փոքրատառով):
Varduhi
Տեսնես կգա՞ օրը, որ էս մարդկային տականքներն իրենց պատասխանը ստանան: Ճոռո-ճոռո խոսում են իրավական համակարգի փոփոխություններից, մինչդեռ մի ցուցմունքով բազմաթիվ անմեղ մարդիկ են կործանվում բերդերում, երբ 2 ականատեսների ցուցմունքները այս «ասունների» դեմ բավարար հիմք չկազմեցին: Բա դատեք է, բա մի քայլ ձեռնարկեք, թե՞ շները շան ոտք չեն տրորում...
Hay_Axchik (NeNe)
2. Վահե-2010 liovin hamamit em.... veracnel DAT u Datastan..... u tox amen mard inqn ir hamar voroshi ir handep gorcac mexavori het vonc varvi........... Petutyan makardakov voch mi dat chpiti lini. Ayn el qristoneutyun yndunac arajin petutyunum.
nan
hayastan@ sarqelu en tangaran bac erknqi tak,kam berda kam trichq mostic kamel lqum en
Բենիաքմին
Չեմ էլ կասկածում, որ հենց այդպես էլ եղել է: Մեր ոստիկաններն ու դատախազները ոչ մի սրբություն չունեն: ...ոստիկանները իրենից խոստովանական ցուցմունք վերցնելու համար ռեզինե մահակի նման մոտ 40-45 սանտիմետրանոց արհեստական առնանդամով սկսել են ծեծել: Հետո սպառնացել են, որ եթե իրանց ուզած ցուցմունքները չտա, դրանով կբռնաբարեն, կնկարեն ու հետեւից կուղարկեն քրեակատարողական հիմնարկ:
Վահե-2010
Պատկերացրեք, եթե գահնկեց անենք բոլոր քննիչներին, վերացնենք դատարանները ու դատախազությունը, մի խոսքով հրաժարվենք բոլոր պարազիտներից, և դրա փոխարեն յուրաքանչյուրին տանք հրազեն պաշտպանվելու նպատակով, ապա այդ դեպքում ավելի շատ կարգ ու կանոն կիշխի քանց այն ինչ ունենք: Այդ դեպքում էլ սպանություններ կլինեն, և ավելի շատ կսպանվեն մարդկային օրենքները խախտած պարազիտներ: Ահը այսպես կոչված կոլտի օրենքից ստահակներին կստիպի պահպանել մարդկային օրենքները:
Gohar
Ոնց եք այդ ձևով աշխատած գումարներով երեխա պահում,ախր աստված քթներիցտ կհանի....Ով մարդկային արդարություն, թող ես թքեմ ճակատին քո բաց......
hasmik
այս պատմությունը սովորական է այս պետության համար, սրանց համար մարդը , մարդու իրավունքները ոչինչ է, կարևորը բնակարանն է, որը մարդկանց սպանելով հափշտակեցին, անասունը սրանցից լավ է, անիծվեն քննիչը, դատախազը, տուժողը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter