HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաստակերտում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կապում են պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ

Համայնքային կամ միջհամայնքային ճանապարհների բարեկարգումը համայնքների զարգացման քառամյա ծրագրերում ամենից հաճախ հանդիպող խնդիրն է: Սակայն հետաքրքրականն այն է, որ խոսքը հիմնականում ճանապարհների տեխնիկական վիճակին է վերաբերում: Ծրագրերում չի կարեւորվում միջհամայնքային ճանապարհների նշագրումը, ինչպես, օրինակ Գորիսից Սիսիանի  Դաստակերտ տանող ճանապարհին հանդիպող  բնակավայրերի, խաչմերուկների, գլխավոր կամ երկրորդական ճանապարհների վրա ոչ միայն ուղղորդող նշաններ չկան, այլեւ բացակայում են բնակավայրերի անունները նշող վահանակները:

Պատկերը նույնն է նաեւ Դաստակերտ համայնքի 2009-2012թթ. զարգացման ծրագրում. այս դեպքում առավել կարեւորվել են թե' արոտավայրեր, թե' դեպի մայրուղի տանող ճանապարհների բարեկարգումը: Առաջին խնդիրը, համայնքի ղեկավար Նաիրի Ֆիլոսյանի տեղեկացմամբ` հիմնականում լուծվել է «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ի աջակցությամբ: Հիշյալ ընկերությունը 2008թ.-ից սկսած Դաստակերտ քաղաքից 3 կմ հեռու երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել եւ նախատեսում է տարեկան 2 մլն տոննա հանքաքար հզորությամբ բաց եղանակով հանքը շահագործման հանձնել 2015 թ.-ին:

Հանքի շահագործումը, դաստակերտցիների կարծիքով ընդամենը 315 բնակիչ ունեցող քաղաքային համայնքի համար փրկօղակ կարող է լինել: Համայնքային բազմաթիվ խնդիրների լուծումը հանքարդյունաբերության զարգացմամբ է պայմանավորում նաեւ քաղաքապետը: «Երբ կազմում էինք համայնքի զարգացման 2009-12թթ. քառամյա ծրագիրը, որոնողական աշխատանքներն արդեն սկսվել էին, ուստի մենք  պլանավորում էինք, որ հանքի շահագործումը հնարավորություն կտա լուծելու համայնքի սոցիալական  խնդիրները, կրճատել գործազրկությունը»,- ասում է Ն. Ֆիլոսյանը: Վերջինս հավելեց, որ չնայած հանքը դեռեւս չի շահագործվել, այնուամենայնիվ, Դաստակերտի հանքային դաշտում արդյունահանման եւ երկրաբանահետախուզական աշխատանքներ վարելու արտոնագիր ունեցող «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ն արդեն ներդրումներ կատարել է` նորոգել է դպրոցի ու բուժկետի տանիքները: Քաղաքապետարանն էլ հողերի վարձակալությունից ստացված 2 մլն 438.0000 դրամն ուղղել է համայնքային այլ խնդիրների լուծմանը, ինչպես, օրինակ, քաղաքն ապահովվել է գիշերային լուսավորությամբ:

Քաղաքապետի կարծիքով` անհիմն են այն խոսակցությունները, թե հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր է ենթադրում: «Համայնքը զուրկ է վարելահողերից, հողի ամսական հարկը կազմում է ընդամենը 4800 դրամ (այս առումով տարօրինակ է, որ համայնքի զարգացման ծրագրում որպես համայնքին վտանգ սպառնացող հանգամանք նշվել է, թե հարկերի եւ վարձավճարների գանձման դժվարությունները վտանգ են սպառնում համայնքի բյուջեի կատարման համար- հեղ.): Ոմանք ստիպված հարեւան Նժդեհ համայնքում վարելահող են վարձակալում: Բնականաբար, այս պայմաններում հանքարդյունաբերության զարգացումը շահեկան է»,- ասում է համայնքի ղեկավարը: Նրա խոսքով` Դաստակերտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար նաեւ հասարակական լսումներ են կազմակերպվել:

Նաիրի Ֆիլոսյանը Նիկոլայ Դանիելյանը

Լսումների ընթացքում, թե որքանով են օբյեկտիվ ներկայացվել բաց եղանակով հանքի շահագործման հետեւանքները դաստակերտցիների առողջության վրա, այլ քննարկման թեմա է: Հատկապես, երբ ոչ միայն համայնքի ղեկավարն է Դաստակերտի ապագան կապում պղնձամոլիբդենային հանքավայրի հետ, այլեւ համայնքի բնակիչների մեծ մասը: «Շախտյորները մարդիկ չե՞ն»,- ասում է 88թ.-ին Բաքվից գաղթած Նիկոլայ Դանիելյանը,- ժամանակին, որ մի գործի տեղ լիներ, երեխեքս կմնային մեզ հետ, Ռուսաստան չէին գնա:

«Գործի տեղ» Ղեւոնդյան Արամն ունի, էլեկտրիկ է աշխատում, բայց նա եւս շատերի նման անհամբեր սպասում է հանքի շահագործմանը: Ավելի լավ է 10 տարի մարդավարի ապրենք, քան 100 տարի` օրեր քարշ տալով: Փայտի 1 խմ-ը 18-20 հազար դրամով են վաճառում, մարդիկ ապրելու միջոց չունեն: Հանդերից չիչխան քաղել-ծախելով տուն կպահվի՞, տրանսպորտ  էլ չի աշխատում, որ շուկա հասնենք»,- ասում է նա: Միջհամայնքային տրանսպորտի խնդիրը կարեւորում է նաեւ համայնքի ղեկավարը, նշելով, որ այն քառամյա ծրագրի չլուծված խնդիրներից մեկն է: Վերջիններիս թվում է նաեւ բազմաբնակարան շենքերի տանիքների, մշակույթի տան նորոգումը: Ընդհանուր առմամբ, Դաստակերտի խնդիրների լուծման համար, ըստ համայնքի ղեկավարի, մոտ 70 մլն դրամ է անհրաժեշտ, որը 4 մլն 216 հազար դրամ բյուջե ունեցող համայնքը, հազիվ թե կարողանա հույսը սեփական ուժերի վրա դնել, մանավանդ, որ այն գրեթե ամբողջությամբ` 4.160 հազարը` ուղղորդվում է աշխատավարձի վճարմանը:

Համայնքային խնդիրների լուծման գործում տեղական իշխանությունը նաեւ այլ միջոցներ է ներդնում, մասնավորապես, «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի շրջանակներում վերանորոգվել է խմելու ջրի կարգավորիչ ջրամբարը:  «Որոշ խնդիրներ էլ լուծում ենք սեփական միջոցներով, անգամ առանց ներդրումների.  համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների համար օրական երկու ժամ  դպրոցի հարմարեցված մի սենյակում, մշակույթի տան տնօրենը պարապմունքներ է անցկացնում, երեխաների համար գրենական պիտույքներ, խաղալիքներ ձեռք ենք բերում բարերաների աջակցությամբ»,- պատմում է Ն. Ֆիլոսյանը, չմոռանալով մեկ անգամ եւս շեշտել, թե Դաստակերտի փողոցներում էլ գարուն կգա, միայն թե հանքը շուտ շահագործվի:

Այդ դեպքում տարօրինակ չէ՞ արդյոք, որ համայնքի զարգացման 2008-2012թթ. քառամյա ծրագրում որպես սպառնալիք նշվել է «Պոչամբարի հեռացումը»: Խոսքն  ըստ երեւույթին վերաբերում է 1951-1973թթ. Դաստակերտի պղնձամոլիբդենային գործարանի մնացուկներին, որն առաջացել է ստորգետնյա հանքից մոտ 3 մլն տ հանքաքարի արտահանումից հետո: Այդ դեպքում, ինչպե՞ս է վարվելու համայնքային իշխանությունը 2012-15թթ. քառամյա ծրագիրը մշակելիս, կարեւորվելո՞ւ է արդյոք համայնքի բնակչության էկոանվտանգությունը: 

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հանքային կլանի կողմից հսկվող/հովանավորվող կառավարության ՆՈՒՅՆ գործելաոճը չի՞ : Այնքան են մարդկանց սոված պահում,որ ՍՏԻՊՎԱԾ համաձայնում են իրենցից ընդհամենը 3 կմ հեռու գտնվող ԲԱՑ ու թունավոր հանքի շահագործմանը: Հանքային մաֆիան (ու սրանց անամոթ վասալները) հանքից միլիարդներ իրենց գրպանը կխցկեն, մի-երկու կոպեկ կշպրտեն համայնքին ու կդառնան «համայնք պահող»: Թքած ունեն Սյունիքի վրա էլ, Սյունիքի կործանվող բնաշխարհի վրա էլ: ՀԳ. Եթե էդ չար հանքը բացվի այդտեղ,մոռացեք էդ կողմերում տուրիզմ ու մաքուր ներդրումների շանս:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ուրեմն այս հանքին տրամադրվել է մի ամբողջ 37 քառ.կմ տարածք ու 15 տարի շահագործում : Այսինքն` ՕՏԱՐՆԵՐԻՆ/ «Գլոբալ մեթալզ»-ին պատկանղ այս հանքը լավ քամելու են ու ԹՌՆԵՆ իրենց մաքուր երկրները:Իսկ այդ ամբողջ աղտոտվածությունը/պոչամբարները թողնելու են «հիշատակ»:Ո՞ Վ Է ՄԱՔՐԵԼՈՒ այս ամենը: Այսինքն,պրոբլեմները նույնությամբ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ են 15 տարի հետո,տարբերությամբ,որ 15 տարի հետո տարածքը լնելու է ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ,ներդրման համար անպիտանի անապատային աղբավայր արդեն: Հանք շահագործելով ՈՉ ՄԻ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱՅԻՆ պրոբլեմ/խնդիր ՉՒ ԼՈՒԾՎՈՒՄ,որովհետև Ո՞Վ հանքի կողքին երկարաժամկետ մաքուր ներդնում կանի:Հանքը ոչ միայն ԹՈՒՆԱՎՈՐ է,այլ նաև ժամանակավոր: Իսկ պրոբլեմի ԼՈՒԾՈՒՄԸ երկարաժամկետ ՄԱՔՈՒՐ աշխատատեղերի ստեղծումն է:Դեռ չեմ խոսում երկրաշարժի նմանվող հանքային պայթյունների վնասը տներին/շենքերին ու հողային սողանքների վտանքը պայթյունների հետևանքով: ՀԳ. Էդ «Հյուսիս-հարավ» ճանապարհը Դաստակերտով չպիտի անցնի՞.ավելի լավ չէ՞ր լինի կենտրոնանալ այդ ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter