HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Արդշինինվեստբանկ». վարկառուն հայտնվել է դատարանում

«Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» («ՀՏԻ ԳՀԻ») ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը վերջին տարիներին կիսով չափ կրճատվել է՝ հասելով 30-ի: ՓԲԸ-ի տնօրինությամբ գործող բիզնես կենտրոնում այսօր գործունեություն են ծավալում ավելի քան 5 տասնյակ IT ոլորտի ընկերություն՝ մոտ 600 աշխատողներով: Նրանցից շատերը եւս, «ՀՏԻ ԳՀԻ»-ի տնօրենի խոսքերով՝ «Արդշինինվեստբանկի» թալանի արդյունքում կհամալրեն գործազուրկների բանակը:

2010 թ. «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ն «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից 3 տարով 2,8 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է վերցրել՝ բանկում գրավադրելով գիտահետազոտական ինստիտուտին պատկանող Երեւանի Աբելյան 6/1 հասցեում գտնվող 1.695 հա մակերեսով հողամասը եւ 13.200 քմ մակերեսով շենքը: Այն ժամանակ «Տիգրիս» ընկերությունը նշյալ գույքը գնահատել էր 2,8 միլիարդ ՀՀ դրամ՝ տվյալ պահի փոխարժեքով ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար:

Մոտ 1 մլն ԱՄՆ դոլար «ՀՏԻ ԳՀԻ»-ն արդեն իսկ վերադարձրել է «Արդշինինվեստբանկին», բայց վերջինս հայտարարել է, որ ընկերությունն իրեն դեռ 3,3 մլն ԱՄՆ դոլար պարտք է, եւ արտադատական կարգով բռնագանձում տարածելով՝ «Արդշինինվեստբանկը» գրավադրված ամբողջ գույքի նկատմամբ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջոցով գրանցել է իր սեփականության իրավունքը:

Գագիկ Կարապետյանի խոսքերով՝ 1998-99 թվականներից «Արդշինինվեստբանկի» հետ համագործակցում է, եղել է բարեխիղճ վարկառու եւ այս ընթացքում 8 վարկ է վերցրել ու ժամանակին կատարել բոլոր պարտավորությունները:

«ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մեծ մասը (60,95%) պատկանում է «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին, որը 2009 թ. Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվել է սնանկ: Իսկ արդեն հաջորդ տարի նույն դատարանի որոշմամբ հաստատվել է ընկերության առողջացման ծրագիրը, որի համար հիմք է հանդեսացել նաեւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի պատրաստակամությունը՝ ընկերությանը տրամադրել 2,5 միլիոն ԱՄՆ դոլար վարկ` տարեկան 15% տոկոսադրույքով:

«Հետո «Արդշինինվեստբանկը» կտրականապես հրաժարվեց 15%-ով վարկ տրամադրել: Ասացին՝ մեր խորհուրդը որոշել է տրամադրել 2,8 մլն ԱՄՆ դոլարի վարկ 17%-ով: Ստիպված վերցրի, որովհետեւ սնանկացումից դուրս գալու միակ միջոցն էր»,- հիշում է Գագիկ Կարապետյանը:

16 ամիս «ՀՏԻ ԳՀԻ»-ն բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները՝ «Արդշինինվեստբանկին» վճարելով մոտ 960 հազար ԱՄՆ դոլար, որից 300 հազարը՝ մայր գումարից:

«Այդ պահին ժամկետանց պարտավորություններ չունեի: Գնացի բանկ, ասացի՝ դժվարանում եմ, շնչելու ժամանակ տվեք: Բա՝ հարց չկա, 6 ամիս ոչ մի գումար չես մուծի, բայց այդ 6 ամսվա փողը կավելացնենք մայր գումարին,- պատմում է Գագիկ Կարապետյանը,- վարկս 2,5-ից նորից դարձավ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ սկսեցին տոկոսներ հաշվել նաեւ ավելացված գումարի վրա: Ու ստիպեցին համաձայնագիր ստորագրել, որ տոկոսադրույքը ոչ թե 17%, այլ 20% է, հակառակ դեպքում սպառնում էին գրավադրված գույքս բռնագանձել եւ ընկերությունը սնանկացնել»:

Ի սկզբանե «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ հավանություն էր տրվել 15% տոկոսադրույքով վարկային միջոցների ներգրավմանը: Սրա մասին տեղյակ է եղել նաեւ «Արդշինինվեստբանկ»-ը: Ժողովի որոշման անտեսումը, ըստ Կարապետյանի, ինքնին հիմք է իր եւ բանկի միջեւ կնքված պայմանագրերը չեղյալ համարելու համար:

«Բանկն ուղղակի անելանելի վիճակ էր ստեղծել: Վարկը ես ԱՄՆ դոլարով էի փակում, իսկ եթե հաշվի ենք առնում այս ժամանակահատվածի ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ապա իրական տոկոսադրույքը ոչ թե 20% է, այլ մոտենում է 30%-ին: Ակնհայտ է, որ նման տոկոսադրույքներն անհաղթահարելի են ցանկացած բիզնեսի համար»,- ասում է Կարապետյանը:

«ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ն դատարան է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի, իսկ «ՀՏԻ ԳՀԻ»-ն՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ: Բավարարելով միջնորդությունը՝ դատարանն արգելանք է դրել այժմ իբրեւ գրավ բանկի սեփականությանն անցած անշարժ գույքի վրա: Սակայն նույնիսկ այս պահին արգելանքի տակ գտնվող գույքն «Արդշինինվեստբանկ»-ը փորձում է վաճառել: Ավելին, «Արդշինինվեստբանկ»-ն այսքանից հետո 7,6 հազար ԱՄՆ դոլարի չափով դեռ գրավոր պահանջներ է ներկայացնում «ՀՏԻ ԳՀԻ»-ին և այդ պատճառաբանությամբ պատրաստվում է վերջինիս սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան:

«Ընդ որում, դատարան դիմելու համար վճարման ենթակա 500.000 ՀՀ դրամ պետտուրքի գումարն ինքնագլուխ գանձում է «ՀՏԻ ԳՀԻ»-ի իր մոտ ունեցած բանակային հաշվից: Ի՞նչ իրավունքով, ո՞վ է թույլ տվել ընկերության հաշվից գումար տանել»,- ասում է Գագիկ Կարապետյանը եւ նշում, որ բանկի այսօրինակ գործունեությամբ պետք է զբաղվի ոչ միայն ՀՀ կենտրոնական բանկը, այլեւ իրավապահ մարմինները:

«ՀՏԻ ԳՀԻ»-ի կողմից գրված նամակներին, փաստորեն, բանկը չի պատասխանում, որպեսզի չբացահատվեն իրական պատկերը: Իսկ սնանկացնելու ուղին կարող է հանգեցնել փաստերի յուրովի ներկայացմանը և «Արդշինինվեստբանկ»-ի սեփականության իրավունքը գրանցված գույքերի շուկայական արժեքի և չկատարված վարկային պարտավորությունների տարբերության չափով գումարի չվճարմանը, որը կազմում է առնվազը 1,7 միլիարդ ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից գույքի գնահատման արդյունքները: Արդյունքում, կոպիտ հաշվարկով՝ տալով 2,8 մլն ԱՄՆ դոլար, բանկը 25 ամսվա ընթացքում «ձեռք է գցում» 8,5 մլն ԱՄՆ դոլարին՝ չհաշված գործող շահութաբեր բիզնես կենտրոնի գործունեությունը, որի պահանջը երկու ամիս է՝ «Արդշինինվեստբանկը» համառորեն ներկայացնում է: Եվ չնայած դատարանի արգելանքին՝ բանկն անտանելի իրավիճակ է ստեղծում IT ոլորտում կայացած բիզնես կենտրոնի համար»,- ասում է Գագիկ Կարապետյանը:

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին: Վերջինս, սակայն, բարձրացված հարցերին կոնկրետ չի պատասխանել: Գրիգորյանի՝ «Հետքին» ուղղված գրությունը ներկայացնում ենք ստորեւ.

« ...Տվյալ հաճախորդի (Գագիկ Կարապետյանի) կողմից Ձեզ տրամադրած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. նշված ընկերությունը («ՀՏԻ ԳՀԻ») նպատակ է հետապնդում խուսափելու Բանկի հանդեպ պարտավորությունների կատարումից, փորձելով հարցին արհեստականորեն հնչեղություն հաղորդել` իր սեփական ակնհայտ անպարկեշտությունը կոծկելու նպատակով:

Չենք կարծում, որ տվյալ հաճախորդի այս ակնհայտ սադրիչ նամակը պետք է արժանանա, կամ կարժանանա հեղինակավոր լրատվամիջոցի և/կամ լրագրողի ուշադրությանը և/կամ լուսաբանմանը, թեև դրա լուսաբանման հեռանկարից անհանգիստ չենք: Խնդիրը շատ պարզ է` հաճախորդը ունեցել է ժամկետանց վարկային պարտավորություններ, որոնք պետք է մարվեին ամբողջությամբ: Ըստ էության, նույնիսկ վեճ չկա, սա սովորական ֆինանսական անպարկեշտության դրսևորում է, իսկ ներկայումս արդեն զուտ մարդկային անպարկեշտության:

Անպարտաճանաչ վարկառուների կողմից նման վարքագծի դրսևորումը մեզ համար նորություն չէ, թեև տվյալ հաճախորդը առանձնանում է իր ոճով և հիմնազուրկ փաստարկներով:

Նշենք նաև, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն միշտ պատրաստակամ է ընդառաջել բարեխիղճ և ազնիվ հաճախորդներին և մշտապես մտնում է հաճախորդի դրության մեջ: Տվյալ հաճախորդի դեպքում վիճակը շտկելու և հաճախորդին օգնելու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի կողմից դրսևորած ցանկացած փորձ օգտագործվել է ի վնաս բանկի»:  

Մեկնաբանություններ (2)

Վահագն
Հաշվի առնելով <Արդշինինվեստ բանկ>-ի վերաանվանափոխումը (Արդշինբանկ), վստահ կարելի է ասել, որ նրա տակ եղել են շատ մե՜ծ, կուտակված ք..քեր: Իսկ թե՞ ինչպես ավարտվեց այս պատմությունը, իսկապես շատ հուզիչ է: Որպես սփոյլ ասեմ: <ՀՏԻ ԳՀԻ>ն հաղթեց:
Անդրանիկ
Այս հոդվածը կարդալուց միայն կկիսեմ Մհեր Գրիգորյանի մեկնաբանությունը անպարտաճանաչ վարկառուների վերաբերյալ, որ վարկ վերցնելիս վերջիններս պատրաստ են ամեն փաստաթղթի տակ ստորագրել, ամեն խոստում տալ, ցույց տալ իրենց պարկեշտ և ոչ մեկ այդ պահին նրանց զենքի ուժով չի ստիպում դա անել: Բայց հենց առաջին մարման օրվանից շատերն ունենում են պրոբլեմներ ու սկսում են վարկաբեկել տվյալ վարկային կառույցին՝ մոռանալով իրենց անբարեխիղճ պահվածքն ու առերես խոսակցությունները: Ծանոթ իրավիճակ է գումար վերցնելուց հեշտ է, իսկ պարտք վերադարձնելն այնքան էլ ցանկալի չէ, կարելի է փորձել, մեկ էլ տեսար ստացվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter