HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աղքատության ընտանեկան նպաստը միայն աղքատների՞ համար է

Ծանոթուհիս, տկն. Ծաղիկը հաշմանդամ որդի ունի եւ իբրեւ անապահով ընտանիք վերջին տասը տարիներին մշտապես աղքատության նպաստ է ստացել` 8000 դրամ: Տկն. Ծաղիկն ասում է, որ 8000 դրամը մեծ օգնություն էր, դրանով մի պարկ ալյուր էր գնում, որն իր ընտանիքին բավականացնում էր մեկ ամիս: Նրա ասելով, 10 տարի ընտանիքն ապրել է որդուն տրվող նաստով` իբրեւ հաշմանդամի, սակայն այդ գումարով երբեք չի հաջողվել դպրոցահասակ որդուն մի զույգ կոշիկ գնել:

2002 թ.-ին նրա ընտանիքը նույնպես չի ընդգրկվել ՀՀ կառավարության կողմից հատկացվող աղքատության ընտանեկան նպաստների ցուցակում: Նա ասում է, որ չնայած հաշմանդամ որդին հնարավորինս օգնում է ամուսնուն` սարերից բանջարեղեն ու փայտ են բերում վաճառում, սակայն, միեւնույնն է, խանութին մշտապես 10-15 հազար դրամ պարտք ունի, հիմնականում ալյուրի դիմաց, որը չի կարողանում մարել: Նա մշտապես դժգոհում է, որ իր նկատմամբ անարդարացի որոշում են կայացրել` զրկելով նպաստից, անտեսվել է որդու հաշմանդամության փաստը եւ իր ընտանիքը հայտնվել է դժվարին վիճակում: Իրեն չի հաջողվում ընտանիքների կարիքավորությունն ուսումնասիրող սոցիալական ծառայության աշխատակցին իր տուն հրավիրել` մերժում է: Փոխարենը, նրա ասելով, նպաստ են ստանում անհամեմատ ավելի ապահովվածները: Այնքան էլ վստահ չէ, թե ովքեր են նրանք, քանի որ նպաստառուների ցուցակը չի հրապարակվում, բայց նշում է իր իմացած անուններն ու թվարկում նրանց ինչքը:

Սոցիալական ծառայությունների վարչության պետ Սոնա Հարությունյանն այնքան էլ համամիտ չէ քաղաքացիների նման բնորոշումների հետ` «յուրաքանչյուրին թվում է, թե ամենաանապահովն ինքն է»: Այնուամենայնիվ դժգոհություններն անբնական չի համարում: Հայտնեց, որ 1999թ., երբ հանրապետությունում պաշտոնապես աղքատ էր հայտարարված բնակչության 54%-ը, ՀՀ կառավարությունը նպաստների համակարգին հատկացրել էր 21 մլդ դրամ, եւ 280 հազար ընտանիք նպաստ էր ստանում: 2002թ., երբ աղքատների թիվն ավելի է մեծացել եւ հանրապետությունում պաշտոնապես աղքատ է հայտարարված բնակչության 55%-ը` կառավարությունը նպաստների համակարգին հատկացրել է 12,5 մլդ դրամ եւ ներկայումս նպաստ են ստանում 156 հազար ընտանիք: Աղքատության ընտանեկան նպաստի ցուցակում չընդգրկված 124 հազար ընտանիքները պոտենցիալ բողոքարկողներ են:

Վարչության պետը կառավարության այս քաղաքականությանը` նպաստներին տրամադրվող գումարը կիսով կրճատելուն, իր բացատրությունը չունի, բայց ասում է, որ վիճակը փորձում են մեղմել այլ ճանապարհով: Եվս 15 հազար ընտանիք միանվագ օգնություն է ստանում, որը նշանակում է նրանց 3 ամիս անընդմեջ 4000 դրամ է տրվում: Բացի այդ, աղքատությունը մեղմելու հարցում իրենց աջակցում են միջազգային կազմակերպությունները:

Տիկ. Հարությունյանը հայտնեց, որ նպաստների համակարգն այս տարի բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, եւ ներկայիս գործող տարբերակը լավագույնն է, քանի որ առավելությունը տրվել է անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: Ամենացածր նպաստի չափը ընտանիքին` 4000 դրամ է, իսկ եթե ընտանիքում երեխա կա, դրան ավելանում է եւս 1500 դրամ յուրաքանչյուր երեխային: Համաձայն է, որ 1500 դրամը չնչին գումար է մեկ շնչի հաշվով: Հատկապես, երբ ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքացիների 86 %-ը նպաստի գումարը ծախսում է սննդի վրա եւ 14 %-ը էներգիայի վարձ է վճարում: Նա նույնպես գտնում է, որ եթե աղքատների թիվը պակասի` մյուսներին տրվող նպաստի չափը կարող է ավելանալ: Սակայն կրճատումներն, ըստ նրա, պետք է տեղի ունենա տնտեսական զարգացման ճանապարհով, ոչ թե արհեստականորեն` նրանց ցուցակներից դուրս մղելու հաշվին:

Նա համաձայն չէ այն տեսակետներին, որ նպաստառուների ցուցակում հայտնվել են նաեւ ոչ աղքատներ: Վարչության պետը վստահեցրեց, որ իրենք ապահովել են հասարակական վերահսկողությունը: Նպաստառուների մարտից-մայիս ամիսների ցուցակները փակցվել են բոլոր համայնքների տեսանելի վայրերում եւ քաղաքացիներից բողոքներ չունեն, թե որեւէ մեկին անարդարացի են ընդգրկել նպաստների ցուցակում:

Սակայն, նույն նախարարության սոցիալական ծառայությունների նպաստների բաժնի պետ Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ սոցապ նախարարի այս հրահանգը, որ պետք է գործեր ներքին պայմանավորվածությամբ, գոնե գյուղական վայրերում չի իրականացվել: Պատճառը նրանց ասելով այն է, որ դեռեւս որոշված չի, թե ցուցակները փակցնելու պատասխանատվությունն ում վրա պետք է դրվի, քանի որ մտավախություն ունեին, որ հնարավոր է մի քանի ամսից չկարողանան իրականացնել:

Վերջինս հայտնեց, որ բնակչությունն այնքան էլ պատրաստակամ չի իրենց օգնելու հարցում, բայց որոշակի թվով դժգոհություններ եղել են, որ տվյալ ընտանիքն իրականում թաքցնում է իր եկամուտները: «Նման դեպքերում նախարարության մոնիտորինգի հանձնաժողովը ուսումնասիրում է եւ իրականությունը պարզելով ճշտում է կատարում», հայտնեց բաժնի պետը: Մի քանի գյուղեր մեր կատարած այցերը նույնպես ցույց տվեցին, որ ո՜չ գյուղապետարաններում, ո՜չ փոստերում ցուցակները փակցնելու մասին տեղեկություն չունեին: Ուստի չշտապենք ասելու, որ հասարակական վերահսկողությունն ապահովված է եւ բնակչությունը ցուցակներում չի հայտնաբերել ապահովվածների:

Իհարկե, համակարգն ուսումնասիրողները միանշանակ ընդունում են, որ ամենաանապահով ընտանիքների մասնաբաժինն ավելի մեծ է նպաստառուների թվում: Այնուամենայնիվ, տեղական եւ միջազգային կազմակերպությունները ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել են, որ աղքատների համար այս ծառայությունը պակաս մատչելի է: Ըստ ՀԲ-ի հետազոտության տվյալների հարցվողների 39,8%-ը գտնում է, որ կաշառակերությունը լայն տարածում ունի սոցիալական նպաստների համակարգում, առկա են կոռուպցիայի դրսեւորումներ: ՀՀ սոցապ փոխնախարար Աշոտ Եսայանը հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը նվիրված խորհրդաժողովում սոցիալական համակարգում կոռուպցիայի ի հայտ գալու մի քանի պատճառներ նշեց` տեղեկատվության անմատչելիությունը, ավանդույթը, ամեն գնով նպատակին հասնելը, կադրային հովանավորչությունը, անպատժելիությունը, ցածր աշխատավարձը:

«Կոռուպցիա բառի հետ համաձայն չեմ, միգուցե` չարաշահում: Այո, չարաշահումներ լինում են: Սխալները կարող են լինել ոչ հավաստի տվյալներով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կամ` եթե տեսուչը սխալ ինֆորմացիա է մուտքագրել` թյուրիմացաբար կամ դիտավորությամբ»,- ասում է Սոնա Հարությունյանը: Ավելացրեց, որ բազմաթիվ ստուգումներ են կատարվում, ակտեր են կազմվում: Եղել են դեպքեր, երբ նախարարության մոնիտորինգի վարչությունը ստուգել եւ սխալներ է արձանագրել, օր.` Մալաթիայի, Շենգավիթի տարածքներում եւ գումարը գանձել է քաղաքացուց, իսկ եթե տեսուչի մեղքով է եղել անճշտությունը` տեսուչից: Վերջիններս ազատվել են աշխատանքից:

Տիկ. Հարությունյանն ընդունում է, որ սոցիալական ծառայությունները չարաշահումներից զերծ չեն մնում, քանի որ տեսուչները ցածր են վարձատրվում` 15 հազար դրամ, գործուղումներ չեն ստանում, ֆիզիկապես պաշտպանված չեն: Վարչության պետը օրինակ բերեց Ճամաբարակ գյուղում տեղի ունեցած մի դեպք, երբ նպաստից զրկված քաղաքացին փայտով կոտրել էր տեսուչի թեւը: Իհարկե, կարելի է համաձայնել վարչության պետի «չարաշահում» բնութագրման հետ, եթե խոսքը վերաբերեր այն դեպքին, երբ ինչպես նպաստառուներից ոմանք են խոստովանում` տեսուչին են թողնում մեկ, երբեմն երկու ամսվա նպաստը: Բայց, եթե խոսքն այն մասին է, որ վերջերս ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում, օրինակ Էջմիածնի տարածքային սոցծառայությունում 3,5 մլն դրամի յուրացում է արձանագրվել, արդեն չարաշահում չես անվանի:

Ինչ վերաբերում է քաղաքացիների տեղեկացվածությանը, նախարարությունում վստահեցնում են, որ կա բնակչության մի որոշ զանգված, որը լավագույնս տիրապետում է բողոքարկման, նպաստի ցուցակում ընդգրկվելու մեխանիզմին եւ այլն: Նույնիսկ մի քանի դատական գործեր են եղել, որոնց արդյունքում երբեմն քաղաքացիները վերականգնվել են նպաստների համակարգում: Տեղեկացանք, որ այս տարի մինչեւ հունիս 20-ը նախարարությունը ստացել է 3427 դիմում եւ բոլորի պահանջն էլ նույնն է` խնդրում են վերականգնել նպաստների համակարգում:

Նախարարության ընդունարանի ղեկավար Արտաշես Ավետիսյանը հայտնեց, որ քաղաքացիների ընդունելություն ունեն շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին եւ օրական մոտ 50 մարդ են ընդունում, որոնց գերակշռող մեծամասնությունը դիմում է դրամական օգնություն ստանալու համար եւ դժգոհում նպաստների համակարգից դուրս մնալուց: Ամեն չորեքշաբթի քաղաքացիներին ընդունում են նախարարը կամ փոխնախարարը: Նախարարության աշխատակիցներին զարմացնում է այն, որ բնակչությունը առնվազն երեք օղակ բաց թողնելով` սպասարկող տեսուչ, տնօրեն, քաղաքապետարան, միանգամից նախարարին է դիմում: Դա բացատրում են ոչ միայն նրանց չիմացությամբ, այլեւ ստորին օղակների նկատմամբ անվստահությամբ:

ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովից հայտնեցին, որ հանձնաժողովին հասցեագրած նամակների 30%-ը բաժին է ընկնում սոցիալական հարցերին: Դրանց 2%-ի համար հանձնաժողովը հսկողական նամակ է ուղարկում նախարարություն: Նախարարությունում ասում են, որ հսկողական կամ սովորական նամակի միջեւ ոչ մի տարբերություն չկա, երկու դպքում էլ իրենք ստուգում են համակարգչային տվյալները:

Մեր հանրապետությունում սոցիալական համակարգի բարեփոխումներ իրականացնող PADCO կազմակերպության տվյալների համաձայն, ընտանիքների 95%-ը լավատեղյակ է աղքատության ընտանեկան նպաստների ծրագրից: Սակայն, ընդամենը 21% է տեղյակ բողոքարկման կարգի մասին: Հատկապես գյուղական վայրերում բնակվող ընտանիքները նշել են, որ ԱՆԸ-ի համար դիմելու կարգի եւ դրա ստացման իրավունքի վերաբերյալ տեղեկատվությունն ահասանելի է, ոչ ճշգրիտ, հնացած կամ սխալ: Աղքատության ընտանեկան նպաստների համար դիմելու հետ կապված խնդիրներ են նշել ոչ թափանցիկությունը, տեղեկատվության ստացման հետ կապված դժվարությունները, գրանցման ընթացքում թույլ տրվող սխալները, տեսուչների կոպիտ եւ անհարիր վերաբերմունքը, կաշառակերությունը: Քչերը գիտեն, թե ուր կարող են դիմել ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար: Նպաստի ստացման իրավունքի վերաբերյալ իրազեկության բացակայության պատճառով շատ ընտանիքներ մերժվում են:

Բոլորի ասածն էլ ի վերջո բերում է նրան, որ բնակչության իմացած դժգոհության արտահայտման միակ քաղաքակիրթ տարբերակը դիմում-բողոքներն են, որպեսզի ընդգրկվեն նպաստների համակարգում: Նրանք, որոնք տեղյակ չեն , որ սոցիալական ծառայության աշխատակցի գործողությունները վերադասին բողոքարկելու իրավունք ունեն, դժգության արտահայտման ձեւ են համարում նաեւ տեսուչի թեւը կոտրելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter