HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Բազմաթիվ խախտումներ 1-ին ընտրատարածքում

Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-ին 1-ին ընտրատարածքում տեղի են ունենալու ԱԺ մեծամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություն: Պատգամավորական ազատված տեղի համար մրցավազքի մեջ են մտել չորս թեկնածուներ, որոնցից հիմնական ֆավորիտներն են ՀՀԿ-ից առաջադրված` Երևանի քաղաքապետի ազգական Ռոբերտ Սարգսյանը և «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված Ստյոպա Սաֆարյանը:

Այն ժամանակ, երբ Ստյոպա Սաֆարյանը անցկացնում է բակային հանդիպումներ և համարյա ամեն օր հանդիպում լրագրողների հետ (հարցազրույցներ, ասուլիսներ, և այլն), ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը համարյա չի երևում մամուլի հրապարակումներում, ինչպես նաև Ավանի և Նոր-Նորքի բակերում:

Սակայն, ի տարբերություն ընտրողների և լրագրողների հետ շփումների, նախընտրական շտաբերի և 6 քառակուսի մետրից մեծ պաստառների (բիլբորդների) քանակով Ստյոպա Սաֆարյանը էականորեն զիջում է Ռոբերտ Սարգսյանին:

Ստյոպա Սաֆարյանը ունի ընդամենը մեկ շտաբ և չունի ոչ մի բիլբորդ-պաստառ: Փոխարենը Ռոբերտ Սարգսյանը, համաձայն կատարված ուսումնասիրությունների, ունի 50 նախնտրական շտաբ և 12 բիլբորդ-պաստառ:

Խախտումներ

1. Ընտրական Օրոնսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ ասում է` տվյալ ընտրատարածքում թեկնածուի շտաբերի քանակը չի կարող գերազանցել ընտրատարածքի ընտրական տեղամասերի քանակը (այս դեպքում` 35):

Հանրապետական թեկնածուն ունի 50 շտաբ, ինչը հայտնաբարել են «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստները:

Տեսանյութում` Ռոբերտ Սարգսյանի 50 շտաբերի նկարները

2. Ընտրական Օրենսգրքի նույն հոդվածը ենթադրում է, որ թեկնածուի շտաբը չի կարող տեղակայվել նույն շենքում/շինությունում, որում տեղամասային ընտրական հանձնաժողով է գտնվում: Այս դրույթը կրկին խախտվել է Ռոբերտ Սարգսյանի կողմից:

Տեսանյութում` Ռոբերտ Սարգսյանի շտաբը` թիվ 1/11 տեղամասի հետ նույն շենքում (Ավան, Դուրյան 38 հասցեում)

3. ՀՀԿ թեկնածուի նախնտրական շտաբերի վրայի ցուցատախտակների վրա գրված է, որ դրանց տպաքանակը 35 հատ է այն դեպքում, երբ մենք արդեն տեսանք 50 այդպիսի պաստառ:

 

4. Ռոբերտ Սարգսյանի նախընտրական թռուցիկների վրա գրված է, որ դրանց տպաքանակը 5000 է, սակայն գրված չէ տպագրության պատվերի համարը (դա պարտադիր է), ինչի հետևանքով անհնար է դառնում վերահսկել, թե քանի անգամ է թեկնածուն 5000-անոց տպաքանակով թռուցիկ պատվիրել:

5. Իշխանության թեկնածուի նախնտրական պաստառները փակցված են բազմաթիվ բազմաբնակարանային շենքերի վերելակներում, ինչը հակասում է Ընտրական Օրենսգրքին (այդ պաստառները պետք  է փակցվեն միայն ՏԻՄ հաստատած տեղերում):

6. Ռոբերտ Սարգսյանի նախընտրական հիմնադրամը կազմում է շուրջ 2,7 միլիոն դրամ: Եթե նույնիսկ վերացականորեն պատկերացնենք, որ բոլոր 50 շտաբերում աշխատող մարդիկ կամավորներ են և չեն վարձատրվում, և որ միջինում յուրաքանչուր շտաբի վարձակալության համար թեկնածուն վճարել է 75 հազար դրամ (համոզված եմ` իրականում գինը մի քանի անգամ ավել է), ապա կստացվի, որ բոլոր շտաբերի վարձակալության գումարը կազմում է 3.75 միլիոն դրամ, ինչը արդեն շուրջ մեկ միլիոն դրամով ավել է, քան կազմում է նախնտրական հիմնադրամը:

Եթե այդ ծախսերին գումարենք 12 բիլբորդ-պաստառները, որոնք, ըստ գործող շուկայական գնի, չէին կարող լինել ավելի էժան, քան 200 հազար դրամ յուրաքանչուրը (գումարային` 2,4 միլիոն), ապա կստացվի, որ շտաբերի վարձակալության և բիլբորդ-պաստառների համար թեկնածուն ծախսել է առնվազն 6,15 միլիոն դրամ:

Այսինքն, այսպիսի պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հաշվի չառնելով շտաբերի կահավորումը, դրանց աշխատողների վարձատրությունը և ծախսերի (հեռախոս, բենզին, ընդմիջում և այլն) փոխհատուցումը, շտաբերի ցուցատախտակների տպումը, անհայտ (առնվազն 5000) քանակությամբ թռուցիկների տպումը, վերելակների մեջ փակցված պաստառների տպումը և մի շարք այլ ծախսեր, ՀՀԿ-ական թեկնածուն արդեն ծախսել է ավելի քան 6 միլիոն դրամ` բիլբորդ-պաստառների և նախնտրական շտաբերի վարձակալության վրա, ինչը 3,3 միլիոնով գերազանցում է իր հայտարարագրած գումարը:

Հուսանք, որ Կենտրոնական Ընտրական Հանձանժողովը աչք չի փակի այս փաստերի վրա և ընտրապայքարը կվերադարձնի օրինական դաշտ:

Մեկնաբանություններ (1)

VARDAN
ԵՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ...ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՍ ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter