HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի կիրճ, բայց ոչ` աղբավայր

Երեւանը պաշտոնապես մեկ աղբավայր ունի` Նուբարաշենինը: Սակայն գործնականում դրանք երկուսն են: Որքան էլ անհեթեթ է, դեռ խորհրդային տարիներից աղբավայրի է վերածվում նաեւ Հրազդանի կիրճը: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը չի չափազանցնում, թե Հրազդանի կիրճը, եթե լիներ աշխարհի քաղաքակիրթ ցանկացած երկրում, հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ կստանար: Կիրճը դրան արժանի է թե իր հնագիտական նշանակությամբ, թե բուսական եւ կենդանական աշխարհներով, որոնք ամբողջությամբ դեռ ոչնչացված չեն: Անցյալ դարի առաջին երկու տասնամյակում կիրճում ծիրանի, ընկույզի, խաղողի եւ այլ արժեքավոր ծառատեսակների այգիներ են եղել: Այսօր դրանց մասին խոսում ենք որպես անցյալի իրողությունների, եւ բացառված չէ, որ տասնամյակներ հետո «Հրազդանի կիրճ»-ի փոխարեն, ասենք «Ձորի աղբանոց», եթե, իհարկե, բնության եւ կիրճի հանդեպ շարունակվի մարդկանց նույն անշրջահայաց եւ անհոգի վերաբերմունքը: Թվում է, Երեւանի քաղաքապետարանը եւ տեղական (համայնքային) իշխանությունները վերջապես սկսեցին մտահոգվել կիրճում ստեղծված տագնապալի վիճակով: Մոտ 6 ամիս առաջ ստեղծվեց միջհամայնքային մի հաստատություն` «Հրազդանի կիրճ» ՓԲ ընկերությունը: Վերջինիս հիմնադիրները Կենտրոնի, Աջափնյակի, Դավիթաշենի, Արաբկիրի թաղապետարաններն են, իսկ Երեւանի քաղաքապետն իրականացնում է հսկողական գործառույթ: Վերոհիշյալ ընկերության տնօրեն Ժիրայր Խաչատրյանը դժվարանում է ասել, թե կիրճում աղբի մոտավորապես ինչ զանգված կա, սակայն տեղեկացնում է, որ իրենց կոպիտ հաշվարկով, որին նաեւ մասնագետներ են մասնակցել, աղբի հեռացման համար անհրաժեշտ է 45 մլն դրամ:

- Հիմնական աղտոտվածությունը (մոտ 90%-ը),- ասաց Ժ. Խաչատրյանը,-Արաբկիր համայնքի վարչական տարածքում է, ժողովրդական լեզվով ասած` «Կորեայի ձորում», «Մալականի այգում» եւ դրան հարակից տարածքում: Կենտրոն համայնքի տարածքում էլ զգալի քանակության աղբ կար, բայց 2002 թ. մարտից մինչեւ ապրիլի 14-ը, քաղաքապետարանի եւ համայնքի նախաձեռնությամբ, հաջողվեց մոտ 20 բեռնատար աղբ տեղափոխել, մի քանի մեքենա էլ մեծ քարերից, որոնք գահավիժել էին ներքեւ: Ըստ վերը նշված ընկերության տնօրենի, եթե Հրազդանի կիրճի` Կենտրոն համայնքում գտնվող հատվածում հիմա աղբ լինի, ապա կարող է չնչին քանակության լինել` մի տոպրակ աղբ, մի սիգարետի տուփ: Պրն Խաչատրյանի հավաստիացմամբ, ինքն այնտեղ վերջերս մոտ 12 աղբարկղ է դրել, դրանից բացի, կիրճի այդ հատվածում գտնվող տնտեսվարող սուբյեկտներն էլ թույլ չեն տալիս, որ դրսից աղբ բերեն, թափեն: «Հաղթանակ» կամրջից մինչեւ «Կիեւյան» կամուրջ հատվածում լինելով, համոզվեցինք, որ աղբը թեեւ պրն Խաչատրյանի ներկայացրածի նման չնչին չէ, բայց, այնուամենայնիվ, ընկերության տնօրենի ասածում կա ճշմարտություն. այստեղի աղբն անհամեմատելի է «Կորեայի ձորում» կուտակվածի հետ: Այս տխրահռչակ վայրում դեռ խորհրդային տարիներին թափված սնդիկային լամպերի մնացորդները մինչեւ այժմ պահպանվում են: Դժվար է ասել, թե լամպերի գործարանը ժամանակին ինչո՞ւ է այդ թունավոր աղբը նշված վայրում լցրել, բայց կասկածից դուրս է, որ առավել թունավոր նյութերից մեկը հանդիսացող սնդիկն անցած տարիների ընթացքում արդեն հողի մեջ է անցել: Հայաստան աշխարհի քարտեզում հողի այդ կտորը գուցե թե արդեն անդառնալիորեն փչացած-կորած է, քանի որ, ըստ մասնագետների, սնդիկը բնության մեջ կայուն է, չի քայքայվում:

Կիրճի աղտոտումը շարունակվում է նաեւ այժմ: Սակայն «Հրազդանի կիրճ» ՓԲԸ-ն իր գոյությունից ի վեր` մինչեւ այսօր, չի արձանագրել, ֆիքսել կիրճում աղբ թափողի որեւէ անուն, հասցե: Ըստ Ժ. Խաչատրյանի, ստուգայցը հարցի լուծում չէ, մի քանի օր աղբ չեն բերի, հետո նորից կբերեն, անընդհատ, 24 ժամ չես կարող ստուգայց անել: 24 ժամ ստուգայց կատարելու կարիք չկա էլ: Մեր կարծիքով, բավական է, որ ստուգայցերը 1-2-ը չլինեն, հետեւողականություն հանդես բերվի: Եվ ամենակարեւորը` եթե կիրճում աղբ թափողները ստուգայցի ընթացքում չնկարահանվեն, չցուցադրվեն հեռուստատեսությամբ ու չպախարակվեն, տասնյակ ստուգայցերն էլ զգալի օգուտ չեն տա: Այնուամենայնիվ, առավել ճիշտ քայլը կիրճի աղտոտումը կանխելն է, Հրազդանի կիրճ ելումուտ անող բեռնատարների ճանապարհը փակելը:

«Հրազդանի կիրճ» ՓԲԸ-ի տնօրենը Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մոտ 10 օր առաջ ներկայացրել է հետեւյալ զեկուցագիրը. «Հրազդանի կիրճի Կորեայի ձորի հատվածում վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նշված տարածքում շարունակվում է անօրինական ձեւով կենցաղային եւ շինարարական աղբի տեղափոխումն ու բնական գոտում տեղադրումը: Աղբ տեղափոխող մեքենաների մի մասը հավանաբար պատկանում է Արաբկիր համայնքի սանմաքրման ձեռնարկությանը: «Հրազդանի կիրճ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում էր կիրճ իջնող ճանապարհին տեղադրել հսկողական կետ եւ արգելակ, բայց պարզվեց, որ կիրճ տանող ճանապարհն ունի 3-4 մուտքեր, որոնց հսկողությունը ներկայում հնարավոր չէ իրականացնել ընկերության ուժերով: Աղբի տեղափոխումը Կորեայի ձոր կանխելու նպատակով, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Արաբկիրի թաղապետին եւ ՆԳ քաղաքային վարչությանը` նշված տարածքում խիստ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ»:

Անցյալի փորձից եւ այլ օրինակներից (փողոցային առեւտրի վերացում եւ այլն) ելնելով, գրեթե վստահ ենք, որ նույնիսկ քաղաքապետի հանձնարարականի դեպքում, իրականում վերահսկողություն չի սահմանվելու, կիրճում էլի աղբ են լցնելու:

Ավելի քան 1 ամիս առաջ նկարահանված հեռուստաֆիլմում նույն Ժ. Խաչատրյանը հավաստիացնում է, թե մոտակա օրերին կիրճում տեղադրելու են հսկողական կետեր: Այդ խոստումը, ըստ նրա, չկատարվեց ֆինանսական պատճառով: Մյուս համայնքները չեն շտապում գումարների փոխանցումներ կամ իրենց պարտավորությունները կատարել, իսկ միայն Աջափնյակ համայնքից ստացված 150,000 դրամը բավարար չէ 3-4 հսկողական կետ եւ ուղեփակոց տեղադրելու, նույնքան էլ հսկիչի աշխատավարձ վճարելու համար: Իր գոյության օրվանից մինչեւ մեր զրույցի պահը (27.06.2002) ընկերությունը կիրճի բարեկարգման, կանաչապատման եւ աղբահանության նպատակով ստացել էր ընդամենը 300,000 դրամ: Միաժամանակ պարզվեց, որ ընկերությունը չունի մեկ ուղեփակոցի եւ հսկիչ կետի տեղադրման համար անհրաժեշտ գումարի հաշվարկ: Ի դեպ, ուղեփակոցը կարելի է փոքր գումարներով էլ պատրաստել, քաղաքապետարանի ենթակայության ներքո այնքան տրամվայի ռելսեր հանվեց, որ ավելի քան 1000 ուղեփակոցի կհերիքի: Ժ. Խաչատրյանն էլ հավաստիացրեց, որ ուղեփակոցի տեղադրումը թանկ չէ, պարզապես գումար չունեն այնտեղ հաստիք պահելու համար: Միաժամանակ նշեց, որ իրենց մոտ նվազագույն աշխատավարձի չափը 15-20 հազար դրամ է, իսկ իր տեղակալը մոտ 50,000 դրամ է ստացել: Ուրեմն մոտ 350 հազար դրամ է անհրաժեշտ մեկ հսկիչին կլոր տարին վարձատրելու համար, իսկ երկու հսկիչի համար` դրա կրկնապատիկը: Իսկ ինչո՞ւ երկու, չէ՞ որ պրն Խաչատրյանը զեկուցագրում նշել է 3-4 կետի անհրաժեշտության մասին: Սակայն հենց նրանից տեղեկացանք, որ Արաբկիրի տարածքում մի ճանապարհի վրա ուղեփակոց դնելով, կարելի է կիրճ տանող մնացած երեք ուղին էլ փակել: Իսկ ո՞րն է եղել կամ ո՞րն է այդպես վարվելու «դժվարությունը»... «Բայց դա մեր (ընկերությանը տրված կիրճի.-Ծ.Հ.) տարածքում չի գտնվում, Արաբկիրի վարչական տարածքում է»,- բացատրեց Ժ. Խաչատրյանը:

Այսինքն` «Հրազդանի կիրճ» ՓԲԸ-ն այնտեղ ինքնուրույն հսկիչ կետ տեղադրելու իրավասություն չունի, դրա համար թաղապետարանի համաձայնությունը կամ թույլտվությունը պետք է լինի: Նկատենք` այն նույն թաղապետարանի, որը ՓԲԸ-ի հիմնադիր է հանդիսանում: Չգիտես ինչու, քաղաքապետին ներկայացված զեկուցագրում այս մասին չի նշված: Զավեշտական չէ՞ նշված իրողությունը...

Քաղաքապետարանում կա՞ն կամ գոնե հիմա պատրաստվո՞ւմ են ծրագրեր` կիրճից աղբի հիմնական զանգվածը հանելու, գուցե մի մասն էլ հողով ծածկելու վերաբերյալ: Ցավոք, ոչ: Ընդամենը եղել է վարչապետի հանձնարարականը, որի մեջ, ըստ պրն Խաչատրյանի, նաեւ աղբի խնդրի վերաբերյալ է նշված: Հանձնարարականի կապակցությամբ, 2-3 ամիս առաջ քաղաքապետարանում (նաեւ` Ժ. Խաչատրյանի մասնակցությամբ) քննարկումներ են եղել: Գործնականում դեռեւս որեւէ աշխատանք չի կատարված: Վերոհիշյալ համայնքների թաղապետերից յուրաքանչյուրը ՓԲԸ-ի հիմնադրումից հետո վերջինիս ղեկավարին խոստացել է 2002 թ. համար 5-10 մլն դրամ փոխանցել, սակայն այդ խոստումն առ այսօր էլ մնում է խոստում: Իսկ տարին արդեն կիսվել է: Հուսանք, որ նրանք այս մասին չեն մոռանա եւ չեն դրդի մեզ խորությամբ ուսումնասիրել եւ վերլուծել նշված համայնքների եկամուտներն ու ծախսերը: 

Աղբը, մանավանդ ամռանը, խորթ, օտարոտի եւ անտանելի մասնիկ է գեղատեսիլ Հրազդանի կիրճում, իսկ կիրճը կենդանի մի մարմին է, տեսնել է պետք միայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter