HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ՊԵԿ-ում «լրիվ ոնց որ խառնում են սաղ»

Ամեն ինչի կարելի է դիմել. ոչ միայն օրենսդրությանը, այլեւ սեփական որոշումներին հակասող քայլերի, միայն թե գումար պոկեն եւ բյուջեն լցնեն: Սա, ըստ երեւույթին, ՊԵԿ-ի գործունեությունն է, ընդ որում՝ «պոկելու» գործընթացը հիմնականում ուղղված է հասարակ քաղաքացիներին:

ԱՄՆ-ում գործող «Umcor» կազմակերպության հանձնարարությամբ ամռանը բարեգործական նպատակներով մոտ 191 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական տարբեր պարագաներ եւ սարքավորումներ են ներկրվել Հայաստան՝ «ԱՄՆ միավորված մեթոդիստների կոմիտե» ՀԿ-ի հայկական գրասենյակի անվամբ: Արարատյան տարածաշրջանի մաքսատանը հունիսի 14-ին մաքսային միջնորդական գործունեությամբ զբաղվող «Մորիկ» ՍՊԸ-ի աշխատակիցը՝ Լիլիթ Այվազյանը, հայտարարագրել է բեռը՝ ծագման երկրի վերաբերյալ նշելով սխալ տվյալներ:

«Ինձ «ԱՄՆ միավորված մեթոդիստների կոմիտե» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Հակոբյանն էր ասել, որ բեռի ծագման երկիրը ԱՄՆ է: Ես հայտարարագրում այդպես էլ նշեցի, բայց հետո Հակոբյան Արմենն ասաց՝ գիտես, բեռում կան նաեւ չինական, կանադական եւ գերմանական արտադրության ապրանքներ»,- հիշում է Լիլիթը:

Ավելի ուշ ՊԵԿ-ի հետաքննության վարչությունում Հակոբյանն իր բացատրությունում նշել է, որ բեռի ծագման երկրների մասին տեղյակ է եղել, բայց քանի որ ապրանքների մեծ մասն ԱՄՆ արտադրության են, հարցին կարեւորություն չի տվել եւ Լիլիթին սկզբում ասել է միայն ԱՄՆ-ի մասին:

Փաստաբան Տիգրան Եգորյանը մանրամասնում է. «Մի շարք պայմանագրերով եւ ներպետական օրենքներով՝ բարեգործական նպատակներով Հայաստան ներկրված բեռներն ազատված են մաքսային եւ այլ հարկման ռեժիմներից, այսինքն՝ դրանք մաքսազերծման ենթակա չեն: Մյուս կողմից՝ ամեն երկիր ունի իր ինդեքսավորումը, ասենք՝ չինական ապրանքի մաքսազերծման գինը 1 դոլար է (պայմանական թիվ եմ նշում. կոնկրետ գնից տեղյակ չեմ), ամերիկյանը՝ 2 դոլար: Հետեւաբար, եթե նույնիսկ ներկրված բեռը մաքսազերծման ենթակա լիներ, հայտարարագրի սխալը չէր կարող իրավական հետեւանք առաջացնել, որովհետեւ ծագման երկիրը սխալ նշելու պատճառով սուբյեկտն ավելի մեծ մաքսավճար էր մուծելու պետությանը»:

Այնուամենայնիվ, հենց նույն օրը (հունիսի 14-ին) Լիլիթ Այվազյանը ՊԵԿ-ին տեղյակ է պահել հայտարարագրում տեղ գտած սխալմունքի մասին եւ վերահայտարարագրման հնարավորություն խնդրել: Իսկ ՀՀ մաքսային օրենսգրքի (ՄՕ) 203-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքները չհայտարարագրելը կամ դրանց սխալ հայտարարագրելը, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում, ենթակա է տուգանքի՝ չհայտարարագրված կամ սխալ հայտարարագրված ապրանքի մաքսային արժեքի չափով:

Կատարվածի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, եւ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ-ի հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու: Արդյունքում որոշվել է, որ ոչ միայն հանցակազմ, այլեւ որեւէ մեկին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք չկա, քանի որ բացակայում է իրավախախտման դեպքը:

Գործը կարճվել է: Օգոստոսի 15-ին՝ երկու ամիս անց, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աֆրիկյանը բավարարել է ՊԵԿ հետաքննության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանի միջնորդությունը եւ թույլատրել անվավեր ճանաչել ոչ ճիշտ հայտարարագիրը, ու բեռը վերահայտարարագրել ծագման երկրի վերաբերյալ ճշգրտված տվյալներով:

Նորից հայտարարագրելուց հետո բարեգործական նպատակներով ներկրված բեռը որոշ ժամանակով մաքսատնից նույնիսկ դուրս է եկել: Սակայն այս ամենից մոտ 2 ամիս անց Լիլիթ Այվազյանը վարչական դատարանից ծանուցում է ստացել, ըստ որի՝ դատավոր Կարեն Ավետիսյանը վարույթ է ընդունել ՊԵԿ-ի հայցը, որով վերջինս պահանջում է իրենից բռնագանձել մոտ 20 մլն դրամ:

Պարզվում է՝ գործը կարճելուց հետո ՊԵԿ-ի հետաքննության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը, ի հեճուկս իր իսկ նախկին որոշման, Լիլիթ Այվազյանին 19 մլն 816 հազար 526 դրամով տուգանել է: Կիրառվել է ՄՕ 203-րդ հոդվածը, եւ նշանակված տուգանքը ներկրված բարեգործական բեռի այն մասի արժեքն է, որի ծագման երկիրը ԱՄՆ-ն չէ: Ընդ որում, ՊԵԿ-ի հայցապահանջի համաձայն՝ Լիլիթը տեղյակ է պահվել տուգանված լինելու մասին, բայց մինչ օրս որեւէ վճարում չի կատարել:

Լիլիթ Այվազյանը Տիգրան Եգորյանը

«Ես արձակուրդից վերադարձել եմ եւ 1-1,5 ամիս հետո ստացել ՊԵԿ-ի հայցադիմումի պատճենը: Ուրիշ ոչ մի փաստաթուղթ, ՊԵԿ-ից որեւէ ծանուցում չեմ ստացել»,- վստահեցնում է Լիլիթ Այվազյանը:

Փաստաբան Տիգրան Եգորյանը պարզաբանում է, որ ՊԵԿ-ը ՄՕ 203-րդ հոդվածը չի կարող հայտարարագրի հետ կապված ցանկացած խախտման դեպքում կիրառել: Որովհետեւ դեռ 2010թ. հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) 920 որոշմամբ սահմանվել է՝ եթե հայտարարագրում տեղ գտած անճշտությունը դիտավորության արդյունք չէ եւ այդ սխալմունքը հայտարարատուին հնարավորություն չի տալիս խուսափել օրենքով սահմանված պետական տուրքերից, հարկերից եւ այլ վճարումներից, ապա վերջինիս տուգանել ՊԵԿ-ը չի կարող:

Հետաքննության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը ՍԴ այս որոշման գոյությունն անտեսել է միայն երկրորդ որոշման պարագայում, մինչդեռ սկզբում՝ գործը կարճելիս, Ներսիսյանը հղում է արել նաեւ ՍԴ 920 որոշմանը:

«Ամենաաբսուրդայինը նաեւ այն է, որ ՍԴ-ն նույն որոշմամբ ՊԵԿ-ին ասել է՝ չի կարող տուգանք նշանակվել այն անձի նկատմամբ, ով հանդես է գալիս լիազորագրով եւ գույքի տիրապետման իրավունք չունի: Այսինքն՝ ցանկացած դեպքում Լիլիթ Այվազյանի նկատմամբ տուգանք չէր կարող նշանակվել, որովհետեւ նա գույքի՝ բեռի տերը, տեղափոխողը չէ»,- շարունակում է փաստաբան Եգորյանը:

Ըստ նրա, հաշվի առնելով այս ամենը՝ դատարանը պետք է մերժեր ՊԵԿ-ի հայցապահանջը վարույթ ընդունել, առավել եւս, որ ՊԵԿ-ը դատարանին որեւէ ապացույց չի ներկայացրել, որ Լիլիթի Այվազյանին տուգանքի մասին տեղյակ է պահել: Իսկ այդ մասին չիմանալով՝ Այվազյանը զրկվել է ՊԵԿ-ի որոշումը բողոքարկելու հնարավորությունից:

«Բացի դրանից՝ խախտումն արձանագրելու պահից 2 ամիս անց տուգանելու որոշում չի կարող կայացվել: Նման որոշումն իրավաչափ չէ: Սակայն դատարանը, գործը վարույթ ընդունելով, հաշվի չի առել նաեւ այս հանգամանքը»,- հավելում է փաստաբանը:

Փոխարենը դատավոր Կարեն Ավետիսյանը բավարարել է ՊԵԿ-ի միջնորդությունը եւ արգելանք դրել Լիլիթ Այվազյանի գույքի եւ հաշվեհամարների վրա:

«Տեսեք՝ եթե Լիլիթը հայտարարագիրն անվավեր ճանաչելու հայտ չներկայացներ, ոչ ոք չէր էլ իմանա դրանում տեղ գտած անճշտության մասին: Այսինքն՝ մարդու պարտաճանաչությունը, բարեխղճությունը ՊԵԿ-ի ձեռքում աշխատում է ի դեմ քաղաքացու: Սա է ամբողջ զավեշտը»,- ասում է փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Հետքը» ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռ անցյալ շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով պատասխանել, թե այս գործի շրջանակներում որքանո՞վ են իրավաչափ ՊԵԿ-ի գործողությունները, ինչո՞ւ է անտեսվել ՍԴ 920 որոշումը, եւ ինչպե՞ս է ստացվել, որ նույն հիմքերով մեկ գործը կարճվել է, մեկ էլ նշանակվել տուգանք՝ չնայած իրավախախտում չէր հայտնաբերվել:

ՊԵԿ-ը դեռեւս լռում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter