HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գեներալ Բաղմանյանը «վրաերթի է ենթարկում» Վահան գյուղը

Գեներալ Հայկազ Բաղմանյանը տարիներ շարունակ հայտնվել է տարբեր սկանդալային պատմությունների մեջ: Մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, բայց դրանցից հետո ոչինչ տեղի չի ունեցել, գեներալի գործերն ավելի են լավացել, բիզնեսը` ծաղկել:

Բանակի հրամանատարի «Ջիպը» գրեթե ամեն օր կարելի է տեսնել Երեւանի տարբեր սրճարանների, ռեստորանների մերձակայքում, փողոցներում, սեփական բենզալցակայանի մոտ: Այս ամենին զուգահեռ նա հասցնում է ղեկավարել ՀՀ զինված ուժերի Բանակային կորպուսներից մեկը: Ստորեւ ներկայացնում ենք Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի 275 բնակիչների ստորագրությամբ «Հետքի» խմբագրությանը հասցեագրված նամակից մի հատված.

«1992-1994 թվականների ռազմական գործողությունների ժամանակ վահանցիները արհամարհել են վտանգն ու զրկանքները, հերոսաբար եւ սրբորեն պաշտպանել Հայրենիքի սահմանները: Այդ ծանր տարիներին ոչ մի վահանցի չի լքել իր հայրենի գյուղը, դպրոցն անգամ չի դադարեցրել իր ուսումնական պարապմունքները: Վահանի սահմանահատվածում թշնամին ոչ մի քայլ առաջխաղացում չի ունեցել: Վահանցիներն ամբողջ գյուղով են մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը: Տասնյոթ վահանցիներ զոհվել են այս հերոսամարտում, մի քանի տասնյակ մարդիկ` վիրավորվել, դարձել են հաշմանդամներ:

Մեր նախկին Կրասնոսելսկի տարածաշրջանում տեղակայված են 2-րդ բանակային կորպուսի երկու զորամասեր: Կայազորի հրամանատար, գեներալ Բաղմանյանի այցելությունը մեր տարածաշրջան պարտադիր ուղեկցվում է մի քանի «ՋԻՊ»-երի շքախմբով, տասնյակ թիկնապահներով` սարսափ տարածելով բնակչության շրջանում: Նրա կամակատարները հաճախակի են ընդհարվում տարածքի բնակչության հետ: Արհամարհում, նսեմացնում, ոտնահարում են ժողովրդի ինքնասիրությունը եւ արժանապատվությունը:

Օգոստոսի 30-ը վահանցիների համար սգո օր է: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի գյուղում նշվում էր 1992 թվականի օգոստոսի 30-ին զոհված չորս երիտասարդ վահանցիների հիշատակի օրը: Գեներալ Բաղմանյանի շքախումբն այդ օրը երեկոյան, ժամը 20.30-ի սահմաններում, զորամասից վերադառնալու ժամանակ Վահան-Ճամբարակ ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում միտումնավոր ձեւով, իրենց հզոր մեքենաների լույսերով կուրացնում են դիմացից եկող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որը, որպեսզի ձորը չգլորվի, ստիպված կանգնում է: Այդ ժամանակ «ՋԻՊ»-երից մեկը հետնամասով հարվածում է կանգնած մեքենային` ձորը գլորելու նպատակով: Մեքենայից իջած վահանցի երիտասարդները հարցնում են, թե ինչու խփեցին մեքենային: Թիկնազորի տղաները սկսում են փողոցային, լկտի արտահայտություններով հայհոյել, ծեծի ենթարկել տղաներին: Այդ պահին դեպքի վայրին է մոտենում վահանցիների մեկ ուրիշ մեքենա: Միջադեպը նկատելով` նրանք փորձում են տեղեկանալ, թե ինչու են ծեծում տղաներին: Պատասխանը լինում է այն, որ թիկնապահները հրազենի տարբեր տեսակներով կրակահերթ են բացում տղաների վրա: Բարեբախտաբար, մութը եւ տեղանքը նպաստում են, որ տղաները կարողանան փախչել: Կրակոցներից տագնապահար եղած մոտակայքի բնակիչները խուճապի մեջ են ընկնում:

Կատաղած թիկնապահները սկսում են ջարդել վահանցիների մեքենաները: Ինքնաձիգների կրակահերթերից երջանիկ պատահականությամբ զոհեր չեն լինում, ինչը կարող էր եւ լինել: Տուժած երիտասարդների մեջ է եղել նաեւ մեր շրջանից առաջինը զոհված Գրիգոր Ճաղարյանի տղան` Գոռը: Գրիգորը զոհվեց 1990 թվականի հոկտեմբերի 18-ին` թուրքի գնդակից, իսկ տղան կարող էր զոհվել հայոց բանակի գեներալի գնդակից:

Գեներալ Բաղմանյանի հրամանով երկու երիտասարդների տանում են մոտակա զորամաս եւ հրամանատարի աշխատասենյակում գազանաբար դաժան ծեծի են ենթարկում: Կատարվածի հետեւանքով երեք վահանցիներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվում են Ճամբարակի հիվանդանոց»:

Այս բովանդակությամբ նամակ վահանցիները հանձնել են նաեւ ՀՀ վարչապետին` հույս ունենալով, որ Ս. Սարգսյանը կատարվածին կտա «արժանի գնահատական, եւ մեղավորները կստանան համարժեք պատիժ, որպեսզի հետագայում բացառվեն նման անհանդուրժելի դեպքերը: Մեր խնդրանքը բոլոր վահանցիների կողմից է»: Վահանցիների այս նամակն արդեն կառավարությունում է, գեներալ Հայկազ Բաղմանյանն այժմ նույնպես Երեւանում է: Նամակը կարդալուց հետո վարչապետը երեւի կկանչի Բաղմանայնին: Բայց ի՞նչ պետք է փոխվի դրանից, համոզված եղեք` ոչինչ: Հանուն գեներալի կարելի է նույնիսկ արտաքսել այդ նամակի տակ ստորագրած 275 վահանցիներին: Ի՞նչ արժեն նրանք այս երկրի համար: Այդ գյուղն իր կարողությամբ Հայկազ Բաղմանյանի մեքենաների արժեքը չունի նույնիսկ: Այնպես որ, հետ վերցրեք Ձեր նամակը, վահանցինե՛ր, քանի դեռ այլ դժբախտություններ Ձեր գյուղի գլխին չի բերել գեներալ Բաղմանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter