HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդները լքում են հեռավոր գյուղերը

Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Գուդեմնիս, Կուրիս, Վահրավար գյուղերում: Մեղրու տարածաշրջանի Գուդեմնիս գյուղի տարրական դպրոցը փակվել է 90-ականների սկզբին: Շուտով լուծարվել է նաեւ հարեւան Վահրավար գյուղի ութամյա դպրոցը, որտեղ սովորում էին նաեւ մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գուդեմնիս համայնքի դպրոցականները:

Կարճ ժամանակում այդ երեք գյուղերի 100-ից ավելի դպրոցահասակ երեխաների ծնողները ստիպված նրանց տեղափոխեցին Ագարակ:

«Սկզբում հարեւան գյուղի դպրոցում առանձին դասարան բացեցին, եւ իմ երկու, նաեւ մեր գյուղի նրանց հասակակից երեխաների հետ ինքս էի պարապում, ձգտում, որ գոնե տարրական կրթություն ստանան: Հետո, քանի որ այդ հավաքական դասարանը ոնց որ ինքնավար պետություն լիներ ընդհանուր դպրոցում, փակվեց, իմ երեխաներին տեղափոխեցի Ագարակ: Դպրոցականների մի մասն այդպես էլ կիսատ թողեց ուսումը, մյուսների ծնողները, միայն դպրոցի պատճառով, ընդմիշտ հեռացան գյուղից»,- պատմում է Գուդեմնիս համայնքի ղեկավարի կինը՝ Ալվարդը:

«Գյուղը որ դպրոց չունեցավ,- նկատում է Վահրավար համայնքի ղեկավար Սարգիս Առաքելյանը,- էդ գյուղից ձեռք քաշի: Գյուղերը վերացնելու ամենակարճ ճանապարհը դպրոցը փակելն է: Հատկապես երիտասարդների մի մասին պատճառ է պետք, որ գյուղից հեռանան: Եվ մեջտեղ են բերում դպրոցը, թողնում հարյուրավոր հեկտարներով դաշտերը, այգիները, բնավորվում քաղաքում»:

«Առանց այն էլ Մեղրու, հատկապես Ագարակի կոմբինատին հարակից համայնքներում, հողի երեսին նայող չկա: Կոմբինատի ավտոբուսն օրական երկու անգամ մարդկանց անվճար տեղափոխում է աշխատանքի, բացի այդ ուղիղ գծով ընդամենը 2 կմ է մինչեւ Ագարակ, մարդիկ ինչու՞ պիտի չարչարվեն, պարտքով մի կերպ սերմացու, վառելիք առնեն, հող մշակեն, հետո էլ կրակն ընկնեն բերքի ձեռքին: Դրա փոխարեն աշխատում են կոմբինատում, հանքում, ամսական մինչեւ 100-120 հազար դրամ աշխատավարձ ստանում»,- իրենց գյուղի ծերանալու պատճառն այսպես է մեկնաբանում Կուրիսի գյուղապետ Սաշիկ Գրիգորյանը: Նրա կարծիքով` իրենց գյուղը եւս ապագա չունի, եւ դժվար է առաջարկել այն ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր է կանխել գյուղի վերացումը:

«Գյուղում անգամ ավերակները սեփականատերեր ունեն,- շարունակում է նա,- բայց տիրություն անող չկա: Ոնց որ անթաղ գերեզմանատուն լինի: Ուր նայում ես, կողպեք է: Հաց թխող էլ չկա, երկու օրը մեկ քաղաքից հացի ավտոմեքենան գալիս է, մարդիկ մի քանի օրվա պաշար են առնում: Գյուղի նախկին խանութն իր նպատակին չի ծառայում, որոշել ենք նորոգել, մշակույթի տուն դարձնել, որ երիտասարդները լիովին չկտրվեն գյուղից»,- շարունակում է գյուղապետը:

Գյուղում անգամ անասնապահությամբ չեն զբաղվում, տասնյակ հեկտարներով խոտհարքի կողքին մեխանիզմ չկա, իսկ տարեցները ձեռքով այն հազիվ թե կարողանան հավաքել:

«Քաղաքացու կյանքով ենք ապրում, բայց ոչ ասֆալտի վրա: Խմելու ջուր էլ չունենք: GTZ-ի աջակցությամբ ջրամբար ենք կառուցել գյուղում, բայց այնքան ջուր չկա, որ շահագործման հանձնվի,- զրույցին խառնվում է տարեց մի մարդ, որը ձեռքին երկու շիշ ջուր էր տանում:- Սա իմ մի օրվա պաշարն է, հազիվ եմ օգտագործում, ո՛չ ճաշ եփող ունեմ, ո՛չ էլ լվացք անող, քանի ամիս կլինի` ջրիկ ճաշ չեմ կերել: Ապրում ենք, էլի, քաղաք գնացող ջահելներին խնդրում ենք, ձկան պահածո, երշիկ-մերշիկ են բերում, ստամոքսներիս խաբում ենք»:

Գուդեմնիսի գյուղապետարանի պատից կախված է գյուղացիների՝ այգիները ջրելու հերթի ցուցակը.

«Դրան մի նայեք,- ասում է գյուղապետը,- միեւնույն է ջրող չկա: Քաջարանի կոմբինատը ներդրում է կատարել, ուզում ենք խմելու ջրի բաժանարար կառուցել, բայց չգիտենք, թե ով պիտի օգտագործի: Ընդամենը 15 կմ է գյուղը հեռու Մեղրուց, միեւնույն է, երիտասարդներին գյուղում պահող ոչ մի միջոց չունենք»:

«Խորհրդային տարիներին,- շարունակում է Գուդեմնիսի համայնքային իշխանության ղեկավար Արտուշ Գրիգորյանը,- մի քանի հոգով կազմակերպում էին մեր գյուղի այգիների, դաշտերի մշակությունը, առատ բերք էին ստանում, որովհետեւ մարդկանց հույսը հողն էր, հիմա էդ նույն հողերն ասես օձ են դարձել, մարդիկ փախչում են: Հնարավոր է, որ նրանց մի մասը խուսափում է հողի հետ աշխատելու դժվարությունից, մյուսներն էլ նախընտրում են կանխիկ, ամսեամիս գումար ստանալ, բայց, իրատես լինելով, պիտի նշեմ, որ պայմաններ չկան երիտասարդների` գյուղում մնալու համար: Իսկ համայնքի ղեկավարը ոչ մի միջոց չունի նրանց գյուղում պահելու: Գյուղից 37 ընտանիք մասնակցել է հողի սեփականաշնորհմանը, 57 հեկտար հող սեփականատեր ունի, բայց ոչ մեկը չի մշակում, ձեռքով ո՞վ վար ու ցանք կանի, էս ո՞ր թիվն է: Չես էլ կարող մեղադրել, գոնե մեկ անուն տեխնիկա չկա, որ հերթով օգտագործեն: Ուրիշ գյուղից էլ ոչ մեկը չի համաձայնում իր մեքենայով այստեղ հասնել, որովհետեւ ճանապարհն անբարեկարգ է, բարձած ձիավորը հազիվ է անցնում»:

Ինչպես եւ այլ փոքր համայնքներում, Գուդեմնիսում եւս համոզված են, որ պետությունը պետք է արտոնություններ սահմանի այն մարդկանց համար, ովքեր ցանկություն կունենան հեռավոր ու դատարկվող գյուղերում ֆերմերային տնտեսություններ ստեղծել: Ցածր տոկոսադրույքներով նպատակային վարկային միջոցներով, թերեւս, նրանք կարողանան զարգացնել իրենց տնտեսություններն այնպես, որ նաեւ համագյուղացիներին օգնեն:

Եթե Գուդեմնիսում չեն հիշում, թե վերջին անգամ երբ է գյուղում երեխա ծնվել, հարեւան Վահրավարը լցվել է հովեկ երեխաների աշխույժ աղմուկով: Մայրաքաղաքի ամռան տապից փախած՝ նրանք հանգրվանել են իրենց նախնիների գյուղում, ու ինքնաշեն ջրամբարը նրանց համար աշխարհի ամենահաճելի տեղն է: Նրանց են միացել նաեւ այն երեխաները, ովքեր դպրոց չլինելու պատճառով տարիներ առաջ լքել են այս գյուղը:

«Մեր գյուղում հիմա 15 երեխա կա, ովքեր դպրոցի պատճառով տեղափոխվել են: Երբ 1993 թվականին գյուղի դպրոցը փակվեց, մի քանի տարի ես նրանց իմ ավտոմեքենայով տանում էի Մեղրի, բայց ծնողները հետո ստիպված էին լքել գյուղը: Իսկ եթե գյուղում դպրոց չկա, էդ գյուղից ձեռք քաշիր,- ասում է Վահրավարի գյուղապետ Սարգիս Առաքելյանը:- Պետությունն էլ է մեզնից ձեռք քաշել: Բոլորս ուրախացանք Իրան-Հայաստան գազամուղի համար, բայց ոչ մեկը չհարցրեց, թե հնարավոր է արդյոք, որ դրանից այս տարածաշրջանի գյուղերը տուժեն: Հարյուրավոր կիլոմետրերով գազատարն անցնում է մեր համայնքների տարածքով: Մեր գյուղին խոտհարքների զբաղեցման համար «Հայռուսգազարդը» միանվագ 5 միլիոն դրամ փոխհատուցում է հատկացրել, բայց դրա կողքին վնասված ջրատարի վերանորոգման մասին ոչ մեկը չի մտածում: Այսինքն` ոնց որ թե մեր գյուղի խնդիրները, որոնք առանց այն էլ շատ-շատ են, ոչ մեկին չեն հետաքրքրում, ամենքն իրենց մասին են մտածում: Այս պայմաններում դեռ զարմանում են, որ համայնքի հողերի միայն 30 տոկոսն է մշակվում: Մի քանի տարի հետո 100 տոկոսն է անմշակ մնալու, քանի որ հեռավոր գյուղերից երիտասարդները հեռանում են»:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter