HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւհատ Գրիգորյան

Հրազդանի կիրճ. լրագրողական հետաքննության մեկ տարին

«Հրազդանի կիրճում մենք այսօր կոսմետիկ, այսպես ասած, իրավիճակը փրկելու գործողություններ ենք անում: Եթե ասեմ` բավարարված եմ, եւ սրանով փրկեցինք Հրազդանի կիրճը, եւ եթե հետեւողական մինչեւ վերջ տանենք, ամբողջությամբ կիրճի հետ կապված խնդիրները կլուծենք, ապա դա ինքնախաբեություն կլինի: Բոլորիս էլ դա պարզ է:»,- Հրազդանի կիրճի բնապահպանական վիճակին նվիրված վերջին խորհրդակցության ավարտին հնչած Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի այս մտքին Հետաքննող լրագրողների ընկերակցության (ՀԼԸ) կողմից հավելում եմ. «Ինչը եւ պահանջվում էր ապացուցել»:

Վերջերս մասնավոր զրույցում մի պատասխանատու պաշտոնյա խոստովանեց, որ լրագրողների` որեւէ հարցում հետեւողական լինելը իրենց զգոն է պահում, չի թողնում, որ այդ հարցի նկատմամբ իրենց ուշադրությունը թուլանա կամ ձեւական բնույթ կրի: Մեր զրուցակիցը հատկապես նկատի ուներ Հրազդանի կիրճի բնապահպանական աղետալի վիճակի հարցում Հետաքննող լրագրողների ընկերակցության համառ ուշադրությունն ու հետեւողականությունը: Հայցում ենք հարգելի պաշտոնյայի ներողամտությունը (խոստանում ենք նրա ինքնությունն անգամ դատարանում թաքցնել, քանի որ այս զրույցի բովանդակությունը հրապարակելու նրա թույլտվությունը չունենք) եւ որպես ավետիս մեր գործընկերներին հայտնում եմ Հրազդանի կիրճի մասին հրապարակումների արձագանքների մասին: Թեւ դրանք խնամքով թաքցվում են, բայց մեր արած բուն բացահայտումներից զատ, մենք պարզեցինք, որ մամուլի հրապարակումներին իշխանությունների ուշադրություն չդարձնելն իրականում խաբկանք է: Հարգելի կոլեգաներ, իրականում մեզ կարդում են, ընդ որում հատկապես վերեւներում` շատ ուշադիր եւ ոչ միայն բամբասանքների ակնկալիքով: Համենայն դեպս Հրազդանի կիրճի մասին հրապարակումներից որոշ ժամանակ անց պատկան գերատեսչություններից գոնե մեկում հայտնվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մակագրությամբ` հոդվածում արծարծված հարցերն ուսումնասիրելու եւ համապատասխան աշխատանքներ կատարելու հանձնարարաական: Իհարկե ճիշտ չի լինի ասել, որ առանց լրագրողների նրանք այդ հարցի կարեւորությունը գլխի չէին ընկել, բայց` երբ դրան կանդրադառնային եւ կանդրադառնային թե ոչ մոտիկ ապագայում` դժվար է ասել, քանի որ անզեն աչքով էլ նկատելի է. Հրազդանի կիրճը տարբեր գերատեսչությունների կողմից երբեք այսքան հետեւողական ուշադրության չէր արժանացել, որքան վերջին մեկ տարում : Թող պատահականություն դիտվի, բայց` ճիշտ այնքան, որքան տեւում է ՀԼԸ «Հրազդանի կիրճի բնապահպանական վիճակի լրագրողական հետաքննություն» ծրագիրը:

Մեզ հետ եւ առանց մեզ

Այս ծրագրի առաջին հոդվածի քննարկումներին քաղաքապետարանը չհրավիրեց հոդվածի հեղինակին, թեեւ այնտեղ վերջինի հասցեին մեղադրանքներ հնչել են: Դա չէ էականը, այլ այն, որ հետագա հոդվածների եւ ֆիլմերի քննարկումներին հեղինակներն արդեն տեղյակ էին պահվում, հավանաբար այն պատճառով, որ արդեն ակնհայտ էր. թաքուն քննարկումներից հետո էլ լրագրողական հետաքննությունը շարունակվում է: «Ձեռնարկությունները Հրազդան գետը վերածել են մաքրման կայանի» հոդվածի քննարկումներին քաղաքապետարանում, հեղինակ Սառա Պետրոսյանի հավաստմամբ, հոդվածը լրացվել է նոր փաստերով այն գործարանների մասին, որոնք գետը աղտոտում են արտանետումներով, բայց դուրս են մնացել լրագրողների տեսադաշտից: Բնականաբար ոչ բոլոր պաշտոնյաներն են համարժեք արձագանքում մեր որոշ ահազանգերին: «Ես չեմ կարողանում հասկանալ Հրազդանի կիրճի շուրջ բարձրացված աղմուկը: Այնտեղ որեւէ լուրջ բան չի կառուցվել: Մի քանի օբյեկտներ էկոլոգիային չեն կարող վնասել»,- կիրճի շինություններին վերաբերող` մեկ ուրիշ լրագրողի ցանկացած հարցին այսպես էր պատասխանել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Սա` այն դեպքում, երբ կիրճի միայն կենտրոնական հատվածում գործող 15 օբյեկտներից ոչ մեկը տարվա սկզբին չուներ սահմանային թույլատրելի արտահոսքերի նախագծերը(այսօր համապատասխան նորմատիվային փաստաթղթեր ունի 8-ը) եւ չէր անցել բնապահպանական փորձաքննությունը( այսօր 7-ն արդեն անցել են, եւս 4-ը ընթացքի մեջ են), աղբահանության պայմանագիր ուներ 15-ից միայն 4-ը (այսօր` 14-ը), կեղտաջրերի կուտակման հոր` 12-ը (այսօր` 14-ը): Այս տեղեկությունները հրապարակվեցին ս.թ. սեպտեմբերի 28-ին կայացած վերոնշյալ խորհրդակցության ժամանակ` որպես քաղաքապետի ավելի վաղ տրված հանձնարարականների հաշվետվություն: Ինչպես անցյալ անգամ, այդ օրն էլ Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնի տնօրեն Խաժակ Կարայանը հրաժարվեց մեզ հայտնել որեւէ սուբյեկտի անուն:

Ի դեպ, այս խորհրդակցությունը բաց էր բոլոր առումներով. այն անցկացվեց ոչ միայն լրագրողների ներկայությամբ, այլեւ հենց Հրազդանի կիրճում, ճիշտ է, բնապահպանական առումով դրա ամենաբարենպաստ հատվածի մի սրճարանում: Աչք շոյող այդ վայրում քննարկվեցին «Հրազդանի գետի կիրճի երեւանյան հատվածի բնապահպանական վիճակի բարելավման միջոցառումներ» ծրագրով նախատեսված այն քայլերը, որոնք արդեն արվել էին եւ որոնց համար քաղաքապետ Ռ.Նազարյանը վերապահումով շնորհակալություն հայտնեց կատարողներին` դրանց ոչ բավարար լինելու եւ որ ամենակարեւորն է` կոսմետիկ բնույթի համար: Բնապահպանական տեսանկյունից էկոլոգներն անիմաստ են համարում Հրազդանի կիրճում ցանկացած միջոցառում, քանի դեռ այնտեղ կառուցված չէ կոլեկտորը:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը հայտնեց, որ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն կառավարություն կոլեկտորի վերակառուցման ծրագիր է ներկայացրել: Պրն Կոսեմյանը դրա հնարավոր արժեքը գնահատեց տասնյակ միլիոնների հասնող թվով` իհարկե դոլարով: Երբեմնի կառուցված 3 կմ-ոց հատվածը եղանակ չի փոխում.«Կոլեկտորի կառուցումը զրոյից պետք է սկսել. այն խառը տարիներին որոշակի բացթողումներ են տեղի ունեցել, ասենք, կոլեկտորի վրա շենք է կառուցվել. անթույլատրելի է»,- ասում է Խ. Կարայանը: Երեւի առանձին հետաքննության նյութ է այն, թե դրանցից քանիսն են գլխավոր ճարտարապետի ասած «էկոլոգիային չվնասող»-ները:

Ամենահաճախ հանդիպող օրինաչափությունն այս հետաքննության ընթացքում ապօրինի օբյեկտների անարգել շինարարությունն ու դրանց հետագա ոչ պակաս անարգել օրինականացումն էր: Թեւ երբեմն արգելք ստեղծելու եւ օրինականություն հաստատելու իմիտացիաներ էլ եղան: Ինչպես օրինակ«Մոթելի» հարեւան կիսակառույց նավի ապօրինության կապակցությամբ քաղաքապետ Նազարյանի վրդովմունքը, որը տեւեց, մինչեւ առաջին ատյանի դատարանը օրինական ճանաչեց այն: Հետո ժամկետները լրացան, եւ այդպես էլ ոչ ոք չբողոքարկեց այդ վճիռը: Այս հետաքննությամբ հրապարակված ամենատագնապահարույց փաստը կիրճում կամ դրա հարեւանությամբ տեղակայված արտադրական ձեռնարկություններում մաքրման կայանների բացակայությունն է: Այս մասին հրապարակումներին եւ ֆիլմերին գործարաններից ոչ հերքման, ոչ էլ պարզաբանման ցանկություն հայտնող չի եղել: Փոխարենը որոշների պատասխանատուները դրանից առաջ դժվարությամբ էին հաշտվել այն մտքի հետ, որ պետք է պատասխանեն լրագրողների հարցերին: Այդ առումով, հետաքննության ընթացքում լրագրողների առջեւ խոչընդոտներ հարուցելու դեպք կարելի է դիտարկել այն, որ քաղաքապետարանից մեզ տրվում էին ընտրովի տեղեկություններ: Մեզ այդպես էլ չհաջողվեց այնտեղից ստանալ Հրազդանի կիրճում աչքի ընկնող օբյեկտների տերերի անունները, չնայած բազմաթիվ հարցումներին: Ուրեմն այստեղ հաստատ հետաքրքիր նյութ կա` հուշում է քաղաքապետարանի «ցրողական» վերաբերմունքը:

Նոր կառույց, հին թերահավատություն

Այս հետաքննության սկիզբը համընկավ «Հրազդանի կիրճ» ՓԲԸ-ի ստեղծմանը, որով հիմնադիր Երեւանի 4 համայնքները ստանձնում էին կիրճի վերահսկողությունը, շահագործումը եւ այլն: Այսօր ստեղծվում են օրենսդրական հիմքեր այս ՓԲԸ-ն լուծարելու: «Այն խնդիրները, որ մենք ի սկզբանե դնում էինք այդ կառույցի առաջ, բավարար չեն: Հարկավոր է, որ այն ավելի շատ խնդիրներ կարողանա իրականացնել եւ լուծել: Կանոնադրական իմաստով այդ կառույցն այսօր չի բավարարում մեզ»,- պատճառաբանում է քաղաքապետը: Օրվա պահանջներին հարմարվելու ճկունությունը լավ բան է, բայց կարելի՞ է չէ սա դիտարկել նաեւ իբրեւ կիրճի կառավարման արդյունավետ ձեւի դեռեւս չավարտված փնտրտուք: Քաղաքապետը հավաստիացրեց, որ նոր կառույց ստեղծելը չի նշանակի նախկինը լրիվ քանդել. «Նախկինի բազայի վրա մենք շարունակական, իրավահաջորդային սկզբունքով կշարունակենք մեր աշխատանքները: Նոր կառույցին կանոնադրական իմաստով լրացուցիչ իրավունքներ կտանք, կբարձրացնենք պատասխանատվությունը, որպեսզի այն կարողանա լիարժեք գործել»: Նոր կառույցը «Հրազդանի կիրճ» հիմնադրամն է լինելու, որը նաեւ Հրազդանի կիրճի հատուկ կարգավիճակի ֆինանսական երաշխիքը կդառնա: Հաստատ ուզում ենք, որ այս նոր կառույցը գործի, սակայն մեր թերահավատության պատճառն այլ է. այսօր լուծարման ենթակա ՓԲԸ-ին դրա ստեղծման ժամանակ վերագրում էին Հրազդանի փրկիչը դերը:

Հրազդանի կիրճով մտահոգվածներից այս ընթացքում գրեթե չլսեցինք այնտեղի պատմամշակութային հուշարձանների մասին: Եղե՞լ է արդյոք (եթե եղել է, ապա որ գերատեսչությունում) այդ մասին ՀԼԸ-ի հրապարակման քննարկումը, մեզ անհայտ մնաց: Ինչպես որ շատ պատասխանատուների անհայտ մնաց պատմամշակութային այն հարուստ շերտը, որը որոշ մասնագետների օգնությամբ նորից կամ առաջին անգամ «բացեց» ընկերակցությունը: Իսկ Հրազդանը, պարզվում է, ոչ միայն Երեւանի միակ բնական գոտին է:« Հրազդան» հնդեվրոպական անունը, հեղինակի բնորոշմամբ, «մեր ծագման եւ տեղաբնիկ լինելու ստույգ ապացույցն» է: Էլ չենք ասում Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մարդաբանական գտածոյի` 70 հազար տարվա հնության մարդկային գանգի, բազմաթիվ քարայր-կացարանների եւ ընդհանրապես յուրաքանչյուր ժամանակաշրջանին բնորոշ պատմական կամ մշակութային վավերագրերի մասին: Իսկ դրանք ոչ միայն լրագրողական, այլ առաջին հերթին հնագիտական մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն: Ինչպես եւ ողջ Հրազդանի կիրճը` որպես դեռեւս ամբողջական պատմամշակութային եւ էկոհամակարգ: Մենք ամբողջությամբ համաձայն ենք Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնի տնօրեն Խաժակ Կարայանի այն ձեւակերպման հետ, թե « բնությունը ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ վարձակալել մեր սերունդներից»:

Հրազդանի կիրճի լրագրողական հետաքննության մեկ տարին լրանալու եւ ծրագրի ավարտի կապակցությամբ ՀԼԸ-ն հայտարարում է, «Հետաքննությունը շարունակվում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter