HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Սյունիքի բոլոր կանայք կարող են աշխատանք ունենալ

«Տանը վեց հոգի ենք: Սկեսուրս, սկեսրայրս, ամուսնուս տատիկն ու պապիկը: Բոլորը մեծեր են: Ամուսնացել եմ, չգիտեմ` օրս ինչպես անցկացնեմ»,- ծիծաղելով պատմում է Սաթենիկ Սաթունցը: Նա Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնում» հելունով և թելերով խաղալիք օձ էր գործում:  Այս տարվա խորհրդանիշն է՝ ասաց ու շարունակեց արագ աշխատեցնել հելունը:

Կենտրոնը մարզի կանանց աշխատանքով ապահովելու իր ծրագիրն ունի` «Ձեռքի աշխատանքների ակումբը», որն արդեն երրորդ տարին է գործում:  Այն, ինչ գյուղերում կանայք անում են ձեռքի հետ և ազատ ժամերին, հկ-ն փորձել է դարձնել պարբերական աշխատանք և փող աշխատելու միջոց: Օրինակ` գործել ոչ թե գուլպա, այլ հուշանվեր խաղալիք` նախատեսված վաճառքի համար: «Ինչո՞վ են զբաղվում գյուղի կանայք այս սեզոնին երեկոները: Սովորաբար ինչ-որ բան գործում են` բլուզ, գուլպա… Բայց երբ պետք է գործել ապրանք ինչ-որ տեղ վաճառքի հանելու համար և իրացման խնդիրն էլ լուծված է, հավեսով նստում, անում են, գումարն էլ վաստակում են»,- ասում է Նունե Աղաթելյանը` «Ձեռքի աշխատանքների ակումբի» համակարգողը:

Գուլպայի փոխարեն խաղալիք գործելը հանում է կանանց գործազուրկի  կարգավիճակից, բայց դարձնում է  ավելի  պատասխանատու: Պետք է խաղալիքը ժամանակին գործել. պատվիրատուները հիմնականում արտասահմանից են և պահանջում են չուշացնել պատվերը:

«Ձեռքի աշխատանքների ակումբի» կայացման գործում կենտրոնին աջակցել է «Վորլդ վիժն» հկ-ն և Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը:

Իրացման հարցերով զբաղվում է հենց Թիմ Սթրեյթը: «Նա շատ լավ մարքեթոլոգ է և գիտի, թե ինչի կարիք կա: Ձեռքի աշխատանքներով շատերն են զբաղվում, բայց թե ինչով կարելի է զարմացնել գնորդներին, սա գիտի Թիմ Սթրեյթը»,- ասում է Նունե Աղաթելյանը: Հյուպատոսն իր կապերի, ծանոթությունների շրջանակն օգտագործելում է պատվիրատուներ գտնելու համար, բայց դրանից առաջ կենտրոնի աշխատակիցներին խորհուրդ է տվել ձեռքի աշխատանքների ոլորտում վերցնել կոնկրետ ուղղություն՝ հուշանվեր խաղալիքներ, և դրանք գործել միանման, որպեսզի առևտուրը լինի մեծածախ: «Թիմ Սթրեյթը Հայաստանի ամբողջ տարածքից մոտ 500 գործազուրկ կանանց է ներգրավվել իր նախաձեռնած ծրագրերում»,- ասում է Նունեն: 

«Ճիշտն ասած հելունով մինչև էս ոչ մի բան չէի գործել: Հարսս  սովորեցրեց:  Սկսնակ էի, հետո պատվերներ ստացանք, եկամուտ ունեցանք… Եթե ինձ չծանրաբեռնեմ, օրական երկու կենդանի կգործեմ: Երեք-չորս կենդանի գործելու համար, պետք է անքուն գիշերներ անցկացնեմ»,- ասում է գորիսեցի Արևիկ Աղաջանյանը և ավելացնում, որ  գիշերներն էլ է գործում:

Ծրագրին մասնակցող կանանցից մի քանիսը Հալիձոր և Շինուհայր գյուղերից են, համապատասխանաբար ութ և յոթ հոգի: Նրանք կենտրոն չեն  այցելում, պատվիրված խաղալիքները  գործում են տանը և  ուղարկում : «Երբեմն նաև խորհրդտավություն ստանալու համար գալիս են, ճանապարհածախսը մենք ենք հոգում»,- ասում է Նունեն:

Մեկ խաղալիքի ինքնարժեքը մոտ 1020 դրամ է: Ենթադրվում է, որ այն գործելու աշխատաժամանակը 2-2,5 ժամ է, մեկժամյա աշխատանքը 440 դրամ է գնահատվում: Աշխատաժամանակին՝ մոտ 900 դրամ, գումարվում է թելերի գումարը և ստացվում է խաղալիքի ինքնարժեքը՝ մոտ 1000 դրամ: Կենտրոնը, սակայն, պատվիրատուներին ապրանքը վաճառում է 1500 դրամով, որպեսզի հոգա անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը. խաղալիքը տեղ հասցնելու ճանապարհածախս, փաթեթավորման, նաև թելերի շրջանառու ֆոնդի գումար և այլն: Նունե Աղաթելյանն ասում է, որ ռեսուրս կենտրոնը այս բիզնեսից եկամուտ չունի, նպատակը կանանց աշխատանքով ապահովելն է:

Կանայք մեկ խաղալիքց ստանում են մոտ 1000 դրամ: Օրական 2,5-3  խաղալիք  գործելով՝  ամսական ստանում են  մոտ 60 հազար դրամ աշխատավարձ՝ ներառյալ թելերի գումարը: Նունեն նշում է, որ կենտրոնը թելեր չունի, կանայք իրենք են գնում մի կնոջից, ով համեմատաբար էժան գնով է բերում Թուրքիայից: Ինչ վերաբերում է սկսնակ գործողներին, նրանց թելեր տրամադրում է կենտրոնը իր շրջանառու ֆոնդից, մինչև կանայք սկսեն եկամուտ ունենալ և կարողնանան իրենք իրենց ապահովել թելերով:

Խաղալիք կենդանիները մեկը մյուսից չեն տարբերվում, կարծես ոչ թե ձեռքի աշխատանք լինեն, այլ գործարանի արտադրանք. ապրանքը հիմանականում գնում են վերավաճառողները, իսկ առևտուրը մեծածախ է: «Պատվիրատուն պահանջում է միանման աշխատանքներ, որովհետև հանձնում են խանութներին: Ինտերնետային կայքերում խաղալիքները դրված են որպես ապրանք, պետք է պահանջները բավարարել, որպեսզի պատվիրատուն տեսնի այն ապրանքը, որ  պատվիրել է ինտերնետով»,- ասում է Նունե Աղաթելյանը:

Նայում ենք պատվիրատուների անունների ու նրանց պատվերների քանակի ցուցակը. Նորվեգիայից՝ 465 խաղալիք,  Երևանի խանութներից՝ 445, Սան Ֆրանցիսկոյից՝ 48: Եթե կանայք ուզենան, կարող են բոլորն էլ աշխատանք ունենալ՝ ասում է Նունեն: Որովհետև, նրա խոսքով, մեկ հոգին, որքան էլ ուզենա, օրական երեք խաղալիքից ավել չի կարող գործել: Իրացման հարցում որևէ խոչընդոտ չկա, Թիմ Սթրեյթն օգնում է, որ պատվերներն օրեցօր շատանան՝ ասում է Նունեն: Ստացվում  է, որ Սյունքի բոլոր կանայք կարող են աշխատանք ունենալ, եթե ուզեն:

Ավելացնում է, որ եկող տարում  աշխատողները հավանաբար կաշխատեն ոչ թե ծառայողական, այլ աշխատանքային պայմանագրով: Առայժմ կենտրոնն ունի 45 կին աշխատող, որոնցից 23-ի աշխատանքները դեռ շուկայական չեն:

Կենտրոն այցելության օրը կանանց տրված պատվերների վերջնաժամկետն էր: Նելլի Աղաջանյանն ասաց, որ մատները ցավում են` այնքան է գործել նախորդ օրը: Երևում էր, որ կանանց քունը տանում է և միայն աշխատանքի հնարավորությունն է աշխուժացնում հոգնած ձեռքերը, որ սեղանին հերթով շարեն անհրաժեշտ քանակով, միանման խաղալիքները:

 

 

 

 

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, ներկայացնելով հանքարդյունահանման էկոլոգիական ռիսկերն ու վերջինիս հետևանքները, նշեց, որ վերջին տաս տարիներին կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ վիճակը հանրապետությունում անվերահսկելի է և մտահոգող։.....................«Այսօր արդեն հանքարդյունահանումը լուրջ ռիսկեր է ենթադրում մասնավորապես հետագա սերնդի համար և պետք է ճիշտ գնահատել ռիսկերը հետագա անդառնալի հետևանքները կանխելու համար։ Այս ամենը թույլ օրենսդրական դաշտի և պետական վերահսկողության բացակայության հետևանք է»,- նշեց Արմեն Սաղաթելյանը։ 2007-ին ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ Կապանը էկոլոգիական լրջագույն խնդիրներ ունի: էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի փոխանցմամբՙ հետազոտության նպատակն էր գնահատել Կապանի էկոլոգիական իրավիճակը, ռիսկային գործոնները բնակչութայն համար: Գնահատել հանքալեռնային արդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: «Հետազոտությամբ պարզվեց, որ հիմնական ռիսկի գործոնը սննդային շղթաներն են: Գյուղմթերքների մեջ թափանցել են ծանր մետաղներ: Հանքային ջրերը խառնվել են ոռոգման ցանցին, դրանով ջրվել են ողջ Սյունիքի մարզի հողերն, ու մարզում չկա գյուղմթերք` միրգ, բանջարեղեն, կանաչի, որը թունավորված չլինի», ասաց Սաղաթելյանը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վարունգ, դդում, կաղամբ, պղպեղ, խնձոր, տանձ, լոբի, սմբուկ եւ էլի մի քանի տասնյակ գյուղմթերքներ պարունակում են խիստ տոքսիկ տարրեր` կադմիում, մկնդեղ, սնդիկ: Ծանր մետաղների բացասական ազդեցությունը միանգամից չի նկատվում: Սաղաթելյանը համոզված է, երկու սերունդ հետո Սյունիքում առողջ երեխա չի ծնվի: Սակայն հնարավոր չէ սյունեցուն արգելել բանջարեղեն չվաճառել, կամ չուտել: «Իսկ ինչո՞վ սնվեմ», առաջանում է շատ տրամաբանական հարց, որի պատասխանը կարող է տալ միայն պետությունը, փորձելով նվազեցնել հանքերի շահագործման վնասները:......................... ԵԱՀԿ ֆինանսավորմամբ իրականացված հետազոտության արդյունքները կենտրոնի տնօրենը տրամադրել է Կապանի քաղաքապետին, սակայն որեւէ փոփոխություն այդպես էլ տեղի չի ունեցել: «Քաղաքապետարանը շահագրգռված չէ, եւ մեկ տարի անց հետազոտությունը կիսատ մնաց», ասաց Սաղաթելյանը:........................... ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետ Լիլիթ Սահակյանը, ներկայացնելով «ՀՀ գյուղմթերքների ծանր մետաղներով աղտոտման ռիսկի գնահատում» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքները, նշեց, որ հանրապետության տարբեր շրջաններում հողագրունտի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել , որ հանքարդյունահանման հետևանքներն այսօր արդեն անթույլատրելի են և անվերահսկելի։ Հետազոտված 7 ծանր մետաղներից (պղինձ, ցինկ, կապար, նիկել, արսեն (մկնդեղ), սնդիկ, կադմիում) 6-ը հայտնաբերվել են հողերի բոլոր նմուշներում»,- տեղեկացրեց Լիլիթ Սահակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter