HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջությունը Գորիսի զարգացման հիմնական հեռանկարային ուղղություններից է

Գորիս քաղաքի նախորդ` 2008-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում, եթե զբոսաշրջությունը համայնքի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն էր դիտվում, ապա այժմ, երբ քաղաքապետարանը մշակում է 2013-16թթ. քառամյա ծրագիրը, զբոսաշրջությունն արդեն իսկ համայնքի զարգացման իրական խթան է համարվում եւ դրա բավարար պայմանների ապահովվմանը պիտի ուղղված լինեն առաջիկա տարիներին նախատեսվող գործողությունները:

Այս մասին նշվեց նաեւ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության եւ Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված Գորիս քաղաքի քառամյա զարգացման ծրագրի հանրային քննարկման ընթացքում, որը կազմակերպիչները կարեւորում էին նաեւ այն առումով, թե բնակչությունն ինչպես է պատկերացնում քաղաքի զարգացումը, ինչ կենսական խնդիրներ կան, որոնց լուծումը ցանկանում են տեսնել մոտ ապագայում:

Քննարկումը եւս հաստատեց այն մտահոգությունները, որոնք կապված են, մասնավորապես՝ զբոսաշրջային կենտրոնի հավակնություն ունեցող քաղաքի բարեկարգման, գիշերային լուսավորության, ներհամայնքային ճանապարհների վերանորոգման, մայթերի երթեւեկելիության, զբոսաշրջային ենթակառուցվածքների, սպասարկման ոլորտի զարգացման ապահովման հետ:

Այս ցանկում առանձնապես կարեւորվում է քաղաքի բնապահպանական ռիսկերի կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ոչ բավարար մակարդակը: Խոսքը հիմնականում վերաբերում է քաղաքի երկայնքով հոսող Վարարակն գետին, որը շարունակում է աղտոտվել կենցաղային աղբով: Բացի այդ, գետն է լցվում քաղաքի եւ նրան հարակից Ակներ ու Վերիշեն գյուղերի կոյուղին՝ վտանգ ստեղծելով բնակչության համար, քանի որ ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակներով:

Խնդրի լուծման միակ միջոցը, մասնագետների խոսքով, կոյուղու գլխավոր կոլեկտրի կառուցումն է եւ այն, որպես համայնքային կարեւորություն ունեցող խնդիր, քննարկվում է տարիներ շարունակ: Տեղական իշխանության ներկայացուցիչները հարցի լուծումը պայմանավորում են ֆինանսական միջոցների սղությամբ, ինչը, սակայն, չի կարող արդարացում լինել զբոսաշրջային հեռանկար ունեցող քաղաքի համար:

Նույնքան կարեւոր խնդիր է կենցաղային աղբից Վարարակն գետի մաքրումը, որն, ըստ էության, միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում. համայնքի, մասնավորապես՝ Գետափնյա թաղամասի բնակչությունը նույնպես պետք է հրաժարվի կենցաղային աղբը գետը լցնելուց:

Ըստ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի, որքան էլ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են տարվում, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են աղտոտել գետը, իսկ վարչական տուգանքներ, ըստ քաղաքապետի, քիչ են կիրառվում, քանի որ փոքր համայնքում դժվար է այդ եղանակով հարցին լուծում տալ:

Վարարակնը աղբից զերծ պահելը եւ, առհասարակ, քաղաքի աղբահանության կազմակերպումը, ինչպես նաեւ այդ գործում բնակչության մասնակցությունն ապահովելու համար տեղական հասարակական կազմակերպություններից մեկը առաջարկություն էր ներկայացրել` նոր տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելով («Ուշահիդի» առցանց գործիքը), ստեղծել քարտեզ, որը կնպաստի Գորիս քաղաքի աղբահանության բարելավմանը, այդ գործում հասարակության վերահսկողության ապահովմանը, մասնակցությանը:

Քարտեզը հնարավորություն կընձեռեր վերահսկել, թե քաղաքի որ տարածքում է աղբը լցվում չնախատեսված վայրերում: Սակայն նախագծի իրականացման համար բավարար միջոցներ, այդպես էլ չգտնվեցին:

Վարարակն գետը կոյուղաջրերից ու կենցաղային աղբից զերծ պահելուց բացի, Գորիսի համար կարեւոր խնդիր է նաեւ դիահերձարան ունենալը: Երկու տարի առաջ հիմնովին վերակառուցվել է Գորիսի առողջապահական կենտրոնը, համալրվել բժշկական նոր սարքավորումներով, սակայն ամենատարրական պայմաններ չապահովող դիահերձարանի դիահերձուքը շարունակվում էր թաղվել Գորիս գյուղ բնակելի թաղամասից 100-150 մ հեռավորության վրա, իսկ հետո՝ արդեն նորակառույց հիվանդանոցի բակում:

Խնդրի լուծման համար վերջապես հողահատկացում է կատարվել, որտեղ Համաշխարհային բանկի միջոցներով սեպտեմբերից սկսվել են դիահերձարանի կառուցման աշխատանքները: Կառուցող շինարար Գարեգին Փարսյանի խոսքով՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով դիահերձարանի շենքի համար նախատեսված է 65 մլն դրամ, սակայն շենքի նախատեսված ծավալները կրճատվել են:

«Նախագծով դիամշակման համար երկու մասնաշենք էր նախատեսվում, սակայն կկառուցվի մեկը, խնայված միջոցները կուղղվեն 300 մ երկարությամբ կոյուղագծի կառուցմանը»,- ասում է Գ. Փարսյանը:

Այն փաստը, որ Գորիս քաղաքի հեռանկարն ուղղակիորեն կապված է զբոսաշրջության զարգացման հետ, վկայում է և այն, որ ՀՀ կառավարությունը 2011 թ. հունիսի 10-ին որոշում է ընդունել Գորիս քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին, հաստատել է Գորիս քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները:

Որոշման մեջ նշվում է նաեւ, որ «բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով, ավանդույթներով և արդեն իսկ զարգացող ենթակառուցվածքներով Գորիս քաղաքը լուրջ հեռանկար ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ու դերն ունենալու»:

Դրա համար կառավարությունը կարեւորում է «մշակութային հուշարձանների հանդեպ հատուկ վերաբերմունքի ձևավորումը, «Հին Գորիս» արգելոցի ստեղծումը, ինչպես նաև առանձին կառույցների`տուն-թանգարանների, հուշատուն-արվեստի կենտրոնների հիմնումը և առկա գործող թանգարանների ու մշակութային օջախների գործունեության համապատասխան միջազգային որակի ապահովումը:

Այս խնդիրները, բնականաբար, անհրաժեշտ է, որ ընդգրկվեն 2013-16թթ. Գորիս քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում: Դրան զուգահեռ անհրաժեշտ է նաեւ, որ նշված նախաձեռնությունների իրականացման համար համապատասխան ֆինանսական ռեսուրսներ նախատեսվեն համայնքային բյուջեում:

Գորիսում զբոսաշրջության զարգացման, տեղական զբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվության տարածման գործում կարեւոր դրակատարություն կարող են ունենալ տեղական լրատվամիջոցները, զբոսաշրջային գրասենյակները` որոնք կարող են ոչ միայն տեղեկատվական բուկլետներ, քարտեզ-ուղեցույցներ հրատարակել, այլեւ ներկայացնել գորիսյան սովորույթները, ավանդույթները:

Զբոսաշրջության զարգացման համար (որն ուղղակիորեն կարող է նպաստել նաեւ զբաղվածության խնդրի լուծմանը) կարեւոր է նաեւ սպասարկման որակի բարելավումը, այդ գործում տեղական կադրերի ներգրավումը: Այս առումով շահեկան կլիներ, եթե քաղաքում գտնվող բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական կրթօջախները նոր մասնագիտություններ ընդգրկեն, քանի որ ճարտարագետներ, մանկավաժներ պատրաստող Գորիսի պետական համալսարանի շրջանավարտների զգալի մասը շարունակում է համալրել գործազուրկների բանակը կամ աշխատանք գտնելու համար վերապատրաստվում են, օրինակ՝ «Տաթեւեր» ճոպանուղում աշխատանքի անցնելու համար:

Զբոսաշրջության զարգացման համար Գորիս քաղաքի ինքնատիպ ու գրավիչ ճարտարապետական տեսքից բացի, կարեւոր է, որ քաղաքի զարգացման ծրագրում նախատեսվեն նաեւ այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն զբոսաշրջրիկների ժամանցի կազմակերպումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է մշակութային կյանքի աշխուժացմանը, կինոդահլիճների, սպորտհրապարակների, խաղադաշտերի կառուցմանը: Այս առումով, ի դեպ, քաղաքում դեռեւս անելիքներ շատ կան. չկան լողավազաններ, մասնագիտացված սպորտային սրահներ եւ այլն:

Եթե մատնանշվում է, որ Գորիսի հեռանկարն ուղղակիորեն կապված է զբոսաշրջության հետ, նշանակում է՝ համայնքի զարգացման հիմնական փաստաթուղթը` քառամյա ծրագիրը, եւս պիտի նպատակաուղղվի դրա համար բավարար պայմանների ապահովմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter