HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում, ՃՈ-ն չի շտապում, մարդիկ էլ կարող են սոված մնալ

Ուղիղ երկու տարի է, ինչ Հայաստանում գործում է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը` ԱՊՊԱ-ն: Դրա ուժի մեջ մտնելուց առաջ եղան բազմաթիվ քննարկումներ, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը, նույնիսկ, Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Արմավիրում ավտոարշավներ կազմակերպեց ԱՊՊԱ-ի դեմ` պնդելով, որ դրա գին/փոխհատուցում հարաբերակցությունը թալանչիական է:

Թեև եղան բազմաթիվ բողոքներ առ այն, որ փոխհատուցումը իրական վնասից քիչ է, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, երկու տարվա փորձը ցույց տվեց, որ տուժողների մեքենաների վերանորոգումն իրականացվում է, հիվանդանոցային ֆորմալ ծախսերն էլ հոգում են:

Բայց եկեք հասկանանք, որ վթարների հետևանքով մարդիկ ունենում են ոչ միայն ավտոմեքենայի վերանորոգման և բուժման ծախսեր, այլև, այսպես կոչված, չստացված եկամուտներ: Այսինքն, եթե, օրինակ, մարդ մի ամիս պառկել է հիվանդանոցում (կորցրել է աշխատունակությունը) և չի ստացել աշխատավարձ/եկամուտ, ապա իր այդ չստացված եկամուտը փոխհատուցվում է միայն, եթե մարդը գրանցված աշխատող է և տեղեկանք ունի այդ մասին:

Չստացված եկամուտը չի փոխհատուցվում

Սակայն եթե քաղաքացին տաքսի է վարում կամ մեքենայով այլ կերպ գումար է վաստակում, և իր մեքենան այլ անձի մեղավորությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով որոշ ժամանակահատված հնարավոր չի եղել օգտագործել, ապա այդ ժամանակահատվածում քաղաքացու չստացված եկամուտը/աշխատավարձը ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում:

Գիտեք, եթե Հայաստանում այդ ժամանակահատվածը լիներ առավելագույնը մի քանի օր, ապա միգուցե և դա մեծ խնդիրներ չհարուցեր: Բայց երբեմն մարդ ստիպված է լինում ամիսներ սպասել, որ իր մեքենան հանեն ՃՈ տուգանային հրապարակից, ապա շաբաթներ սպասել, որ արտերկրից գան անհրաժեշտ պահեստամասերը և ապա ևս 1-2 շաբաթ սպասել, որ մեքենան վերանորոգեն: Արդյունքում կարող է  ստացվել, որ վթարի մեջ մեղավորություն չունեցող անձը ընդհուպ մինչև կես տարի մնում է առանց ավտոմեքենայի:

Փաստորեն, եթե մարդու եկամուտը կախված է բացառապես մեքենայից (տաքսու վարորդների, առաքիչների և այլն), ապա վթարի մեջ ընկնելու պարագայում մարդ կարող է ընդհուպ մինչև կես տարի մնալ առանց եկամուտի աղբյուրի… Ու թեև «ավտոքաղաքացիական պատասխանատվություն» տերմինը ենթադրում է նաև վթարի հետևանքով չստացված եկամուտի փոխհատուցում, Հայաստանում այդ փոխհատուցումը մնում է վթարում մեղավորի վրա: Այսինքն՝ վթարի հետևանքով եկամուտ չստացած անձը պիտի մեղավորի դեմ դիմի դատարան և նրանից պահանջի իր մեքենայի հետ կապված չստացված եկամուտի փոխհատուցում, ինչը, համաձայնվեք, մեծ գլխացավանք է, որից ազատելու անվան տակ էին իշխանությունները ներմուծում ԱՊՊԱ-ն:

Բացի այդ, երբեմն մեքենային հասցված վնասը տասնյակ անգամներ քիչ է չստացված եկամուտից: Օրինակ, կարող մեքենայի վրա մի փոքր քերծվածք է եղել, բայց այն 2 ամիս կանգնում է ՃՈ տուգանային հրապարակում: Եթե այն տաքսի է, դրա վարորդը երկու ամիս անգործ է նստում և ունենում է, ասենք, 400 հազար դրամի չստացված եկամուտ, որը իրեն չի փոխհատուցվում:

Լուծումը տրիվիալ է

Իսկ խնդրի լուծումը պարզ է. ավտոապահովագրողների բյուրոն որոշում պիտի կայացնի, ըստ որի՝ տուժող-վարորդներին կտրվի համապատասխան փոխհատուցումը, իսկ ճանապարհային ոստիկանությունը պետք է զգալիորեն (շուրջ 10 անգամ) պակասեցնի վթարի հետևանքով մեքենաների փորձաքննության տևողությունը (դրանով իսկ մոտեցնի այն քաղաքակիրթ երկրներում այդ գործընթացի տևողությանը):

Տաքսիները

Վերջին տարիներին տաքսիստների վրա պետությունը բավականին ծանր բեռ է դրել: Դեղին համարները, գազի գնաճը, հարկերը և երթևեկությունը վերահսկող տեսախցիկների տուգանքները բավականին ծանր սոցիալական դրության մեջ են դրել թե անհատ, թե «սերվիսներում» աշխատող տաքսիստներին:

Եթե հաշվի առնենք, որ ԱՊՊԱ-ի վերոնշյալ թերությունից հիմնական տուժողները հենց տաքսիստներն են, ապա կհասկանանք, որ այդ մարդիկ ոչ միայն հազիվ ծայրը ծայրին են հասցնում և, ամբողջ օրը ճանապարհներին լինելով, բավականին քիչ են վաստակում, այլև ապահովագրված չեն ցանկացած պահին այլ անձի մեղավորությամբ վթարի պատճառով մի քանի ամսով անգործ մնալուց:

Մեկնաբանություններ (2)

gurg
lutum@ ayn e vor vostikanutyun@ chpetq e gort unena xpvat qertvat avtomeqenayi het.Varordakan vkayakani het uyn pes
GAGO
u mi ban el karox eq avelacnel !!! orinak yete im meqenan arji 10000$ im meqenain harvacum en u patjarum en vnas ( asenq 300.000 drami ) yes karoxanum em im meqenan sarqel et gumarov ! heto im meqenan caxeluc arnox@ tesnum e vor vtarvac u veranoroqvac e meqenan el hastat chen ta 10000$ u minimum 500$ el etex :ngnuma im meqenayi arjeq@ !! xi ba et el chi hamarvum inz patjarvac vnas?????? ??? sxal em asum ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter