HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալիձորի զարգացման մասին խոսելը վաղ է, քանի դեռ կենցաղային ամենատարրական պայմաններ չեն ապահովվել

«Ճոպանուղին հըսավ մինչեւ մեր շենը, համա բնական գազը վայ թա հալա ճընհապա ալ չի ինգալ, էրկու ամսում իրեք բալոն գազ եմ լցնում, ամեն մինը 8000 դրամ, տըրա կեսն ալ տամ եմ Կուրուսան պիրում»,- ասում է հալիձորցի Քերոբ Բախշյանն ու զայրութը չզսպելով ավելացնում,- «Հայլուրի»  ըսածավ՝  ճոպանուղին  մեր շենը դրախտ ա շինալ, վեր գազ չկա, դրախտս վերն ա»:

Այն, որ աշխարհի ամենաերկար անկանգառ «Տաթեւեր» ճոպանուղու հարեւանությամբ գտնվող Հալիձոր գյուղը դեռեւս գազիֆիկացված չէ, զարմացնում, միաժամանակ անհանգստացնում է շատ հալիձորցիների, մանավանդ, որ կապույտ վառելիքը հարեւան Շինուհայր գյուղ վաղուց է հասել: «Ծեռքդ մեկնես, կըհըսնի մինչեւ Շնհեր, մտքներին տինեն, գյուղը գազ կքաշեն»,- համոզված են գյուղում: Համայնքի գազիֆիկացման խնդիրը կարեւորել են նաեւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության իրականացրած հարցմանը մասնակից հալիձորցիները:

Խնդիրն ընդգրկվել էր նաեւ համայնքի 2008-2012 թթ. զարգացման ծրագրում, առաջնահերթության առումով տեղ կգտնի նաեւ համայնքի առաջիկա  ծրագրում: Սակայն  չկան երաշխիքներ, որ 6 մլն 311 հազար դրամ համայնքային բյուջեով այն կարող է լուծվել: Այս դեպքում, ըստ էության, իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե զբոսաշրջության զարգացումը լավագույն պայմաններ է ստեղծում ճոպանուղուն հարակից գյուղերի զարգացման համար: Ինչպես Հալիձորում են ասում՝ քանի դեռ կենցաղային ամենատարրական պայմաններ չեն ապահովվել, որոնց թվում է նաեւ գազիֆիկացումը, զարգացման մասին խոսելը վաղ է: «Փայտի գինն օրական բարձրանում է, շալակով անտառից ցախ կրելով կարա՞ս տանդ տուրիստ պահես, որ մի օգուտ էլ ունենաս»,- ասում է հալիձորցի Սամվել Մախասյանը:

Իսկապես, թվում է, թե Հալիձորի զարգացման համար լավ հնարավորություններ են ստեղծվել, մասնավորապես, ճոպանուղու շահագործումը, միջազգային կազմակերպությունների` «Քաունթերփարթ Ինթերնեշնլ»-ի, «Վորլդ Վիժն»-ի աջակցությունը տեղական տարբեր խնդիրների լուծման համար. գյուղում  աղբարկղեր, իսկ համայնքապետարանի հարեւանությամբ գտնվող հրապարակում` կարուսելներ են տեղադրվել: Համայնքային սեփականություն հանդիսացող  կառույցներից մեկում հիմնադրվել է բիզնես կենտրոն, որտեղ երիտասարդները մասնակցում են տարբեր սեմինարների, քննարկումների: Նախատեսվում է  առաջիկայում գյուղում տեղադրել 24 լուսատու, որով մասնակիորեն կլուծվի գիշերային լուսավորության խնդիրը: 

Հալիձորցի Ալեքսան Սահակյանի կարծիքով, սակայն, գիշերային լուսավորության խնդրի լուծման առումով խտրականություն է դրվում գյուղի թաղամասերի միջեւ, ինչը, սակայն, ըստ «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» Սյունիքի համակարգող Լուսինե Շեգունցի,  կապված է միայն տեխնիկական խնդիրների հետ, եւ եթե համայնքային խնդիրների բացահայտման նպատակով հիմնադրված համայնքային ակտիվ խումբը առաջարկություն ներկայացնի, հնարավոր է, որ հետագայում նոր առաջարկ մշակվի` լուսավորվածության շրջանակն  ընդլայնելու համար:          

«Այս ամեն, ընդհանուր առմամբ, գոհացնող նախաձեռնություններ են, մանավանդ այն առումով, որ տեղական հնարավորությունները սահմանափակ են, որպեսզի գյուղի մարդկանց կյանքում էական շրջադարձ կատարվի»,- ասում է համայնքային իշխանության հաշվապահ Մարատ Գերասիմյանը: Նրա համար տարօրինակ է, որ ոչ ոք չի խոսում այն մասին, որ «Տաթեւեր» ճոպանուղին մոտ 20 հա հողի վարձակալության դիմաց տեղական բյուջեին տարեկան վճարում է ընդամենը 42 հազար 500 դրամ. այդ գումարի մեջ են մտնում նաեւ ճոպանուղու սպասասրահի եւ հարեւանությամբ կառուցված սրճարանի վարձավճարը: Մարատի խոսքով՝ տեղական բյուջեն եւս հողի հարկի հավաքագրման առումով խնդիրներ ունի. հողի հարկի  մի քանի միլիոն դրամի հասնող ապառքի հնարավոր կրճատման հետ նա հույսեր չի կապում, բայց նշում է, որ ընթացիկ հարկերը, վճարում են, քանի որ  իրենք էլ են հետամուտ  լինում:

Հալիձորցիների կարծիքով գազիֆիկացմանը զուգահեռ համայնքի համար հրատապ լուծման է սպասում նաեւ ոռոգման խնդիրը, ինչպես նաեւ դպրոցի շենքի, մշակույթի տան վերանորոգումը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգմումը, գյուղմթերքների ընդունման կետի հիմնադրումն ու վերանորոգումը:

Կընդգրկվե՞ն, արդյոք, այս խնդիրները Հալիձորի 2013-16 թթ. քառամյա զարգացման ծրագրում, որքանով դրանք կկարեւորի համայնքային իշխանությունը, դեռեւս հստակ չէ, բայց պարզ է այն, որ դրանց լուծումը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման, դրանով նաեւ բնակչության սոցիալական խնդիրների լուծման գործում:

Թերեւս այդ դեպքում հալիձորցիները վերջապես հնարավորություն կունենան վճարելու խմելու ջրի պարտքերը, քանի որ գյուղում մատների վրա կարելի է հաշվել այն ընտանիքներին, որոնց դեմ «Հայջրմուղկոյուղին» տասնյակ դատական հայցեր չի հարուցել: Ջրմուղի հսկիչ Սուրիկ Ավետյանի խոսքով՝ ամսվա ընթացքում գյուղում մոտ 200 տոննա ջուր է ծախսվում, վճարումները, չնայած դժվարությամբ, բայց հիմնականում կատարում են, իսկ նախկինում ունեցած պարտքերի համար հարուցված դատական հայցերը սերնդե-սերունդ փոխանցվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter