HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամշյանն էլ գա, տոլմա էփող չեմ

Հաստատ որոշել եմ. էս տարի տոլմա չեմ եփելու. նախագահական ընտրությունն էլ բոյկոտվի, միեւնույն է, տոլմա  էփող չկա: Անցած նոր տարուն  մինչ  Նանոն վարսավիրանոց էր գնացել, Մանոն մանիկյուր անելու, Սիրունն անհամբեր սպասում էր որ անպայման Սիլվայի խանութի շորերից առնի, ես իմ արածով հիացած, գոհ-գոհ  184 հատ տոլմա փաթաթեցի: Էդ ընթացքում ով զանգում էր, հարցնում, թե ինչով եմ զբաղված, իբր անտարբեր  տոնով պատասխանում էի. «Հեչ, տելեվիզոր եմ նայում»: Այ մարդ, աչքով տալուց չէի վախում է, ասում էի  հանկարծ  չիմանան ու ինձնից ավել փաթաթեն. դրան հաստատ չէի դիմանա: Ավելի լավ է թխվածքս դուխովկում  վառվեր, խաշլամեն անալի լիներ, խորովածի միսը բրազիլական, բայց մեկն ինձանից ավել տոլմա փաթաթե~ր. Էլ մարդամեջ չէի ելնի: Բայց էս անգամ կամքի մեծ ուժ եմ դրսեւորել ու հաստատակամ որոշում կայացրել. տատս էլ ելնի տեղից, տոլմա փաթաթող չկա:

Որ Վիշապի տարուն էինք դիմավորում, կասկած չկար, որ մի քանի կիլո մսից տոլմա պիտի եփեմ: Տանն էլ չեփեցի. ձյուն-ձմեռ տարա հասցրի օղի թորելու օջախի վրա դրի, որ հանկարծ տոլմի հոտը տուն չլցվի. հինգ րոպեն մեկ գնացի-եկա, գնացի-եկա, որ ամեն ինչը տեղը-տեղը լիներ. անգամ Գրաֆին ու Մարգուշին չխղճացի, որ լեզուները կախած երազկոտ աչքերով կաթսայիցս աչք չէին կտրում: Էսպես հանդիսավոր տուն հասցրի, բռնակից էլ կարմիր բանտիկ կապեցի ու հայելու առաջ ինձնով հիացա. ափսոս էն ժամանակ ֆեյսբուքում գրանցված չէի, թե չէ դրուզյեքիս հետ պադելից կլինեի: Կարող է սրա համար են ասում, որ սոց ցանցերը նպաստում են մարդկանց  ինքնագնահատականի բարձրացմանը. էսքանը հեչ է~, կարեւորը  մեր տուն էկողների գնահատականն է. այ հենց սրա համար էլ որոշել եմ նմուշի համար էլ ա, մի հատ էլ չեմ փաթաթելու: Բայց ինչի՞ էփեմ, ո՞ւմ համար, էփեմ, որ էլի սիրտս գա ու բերանովս դուրս գա՞: Մեռնեի էդ օրը չտեսնեի:

Ամենաառաջինը  Լալոն էկավ մեր տուն. ձեռի բանբաներկան հանդիսավոր դրեց սենյակի` հենց  էդ նպատակի համար դրված սեղանին ու տեղ զբաղեցրեց սեղանի շուրջ. մինչ նա մի էրկու հատ զեյթուն լցրեց բուռը ու սկսեց հատիկ հատիկ սեմուշկի նման չրթել. ես սկուտեղը ձեռքիս ներս մտա ու... «Նհենց տոլմա եմ եփել, որ, էլ դու սուս»: Ասի ու դիտմամբ հետաձգում, որ այն ցած դնեմ. թող հետաքրքրությունները շիկանան: Վերջը թեւս էլ պահարան չէր անում, դանդաղ, նազ ու տուզով դրեցի սեղանի կենտրոնում ու էնքան էի տարված ակնկալվող հաճոյախոսությունների  հեռանկարով, որ բանի տեղ էլ չդրի, թե  յուղը թափվեց Լալոյի մարդու կլեչատվի պիջակի վրա: Դրի սեղանին ու ցուցադրաբար անձեռոցիկը փռեցի ծնկներիս ու նստեցի ուղիղ Լալոյի դիմաց` աչք չկտրելով նրա դեմքից:

Այ, հենց էստեղ էր, որ քիչ մնաց  ճնշումս լուսին հասներ, մթագնած ուղեղս մի կերպ ընկալեց Լալոյի փնթփնթոցը. «Ի~~, թփով ա՞: Ես, քալամով եմ սիրում, չէ’, վիզս էլ կտրեն, ես բերանս չեմ դնի»:

Էն վիճակում էի, որ չնկատեցի ոնց տուն մտան Լիլոն ու կեսուրը: Աչքս ընկավ միայն, որ նպատակային սեղանի վրա մի հատ կոֆե ու դերբի է ավելացել, մի կերպ հավաքեցի վերջին ուժերս ու տեղիցս վեր կացա: «Էս տոլմի հոտ ա գալիս, Սոսո, կարող ա՞ տոլմա ես եփել»: Ես ասես կենդանացա տոլմայի մասին լսելով: Ու քանի որ մինչ այդ արդեն սեղանից թաքուն վերցրել էի տոլմի բլուդը, ուրախացած տեղը դրի ու ոգևորվեցի` 4 հատ դնելով  հյուրիս ափսեում: Սա էլ, դեռ պատառաքաղը նոր էր մոտեցրել, հանկարծ օձը կծածի պես վեր թռավ. «Տնաշեն, ասա էլի, որ ոչխարի միս էլ ես խառնել, հո իմ թշնամին չես, չգիտես, որ ես ոչխարի միս չեմ ուտում»: Ասեց ու ափսեի եղածը դատարկեց կիսուրի ամանի մեջ:

Չհասցրի էլ արդարանամ, որ ոչխարի մսով էլ համով է, հանկարծ լսվեց Լիլոյի կիսուրի ծղրտոցը. «Վայ~, տար, աղջի, մեջը սոխ կա, էսքան տարի տղուս կնիկն ես, չգիտես, որ ես սոխ չեմ ուտում, որ դու իմ լավն ուզես, իմ առաջ սոխով տոլմա չես դնի, լավն ա, կտանես մորդ կտաս»- վրա տվեց  ու տալերկի պարունակությունը լցրեց էդ ընթացքում հատուկ նպատակի համար դրված սեղանի վրա անձեռոցիկ- պրոպկով օղու շիշ ավելացրած երրորդ հարկի հարեւանիս` Նոնոյի ափսեն: Սա երեւի սկզբում գլխի չընկավ, որովհետեւ չարազի վազից հատիկ-հատիկ նուշ ջոկելով էր զբաղված: Ու, երբ համոզվեց, որ արդեն չամիչին է հասնում, շրջվեց ու նոր միայն նկատեց ափսեում դրված տոլման:  Ես թեթևացած շունչ քաշեցի, որովհետև տեսա, թե նա ոնց վերցրեց լավաշն ու նվաղած հայացքով սկսեցի հետեւել նրան: Մինչ նա կուլ կտար առաջին պատառը, ես էլ մեխանիկորեն բերանս բացուխուփ արի: Բախտ բաժանողի մերը տերը թաղեմ. Նոնոն  տեղից վեր թռավ ու վազեց բալկոն. քանի չէր վերադարձել, ես դեռ կենդանի էի, բայց, որ ներս չմտավ ու գոռա~ց.  «Գրագետ կնիկ ես, մինչեւ հիմա չգիտես, որ տոլմի մսի հետ սոխն էլ պիտի աղայիր, ոչ թե կտրտեիր»:

Վերջին ուժերս հավաքելով սկսեցի բացատրել, որ միսն աղացած եմ առել, որ էլեկտրական մասաղաց առնելու համար վարկ պիտի վերցնեի, բայց  էդպես էլ բանկում երաշխավորվող չգտնվեց, դրա համար սոխը կտրտել եմ: Նոնոյի զամշի սապոկների կտկտոցն արդեն պադեզդից էր լսվում: Հուսահատ տեղիցս վեր կացա, որ դուռը փակեմ նրա հետեւից, շեմքում տեսա տալիս տեգոր տղու քավորին ու նրա կնոջը: Միայն թե նրանց գալով էն նպատակի համար դրված սեղանին ոչինչ չավելացավ` եկել էին Վալոդենց տուն, տանը մարդ չէր եղել, ասել էին գնանք տեսնենք  հաջողացրել ենք  բուդ առնել:

«Բուդ չէ,  որովհետեւ տելեվիզորն ասեց հոգեւոր սնունդ է պետք, ձեզ մի տանջեք բդեղենով, ազգային ավանդույթները վերականգնեք, ես էլ տոլմա եմ թփել, էն էլ ինչ տոլմա~…թղթով ճառ ասողի պես շարեցի ես ու մոռացած նախկին վիրավորանքս, գդալով խրելով  արդեն սառած յուղի մեջ, փոսից  էրկու տոլմա հանեցի ու էնքան էի շփոթվվել, չգիտեի սկզբից որ մեկին հյուրասիրեմ: Բայց .. էղել ա՞, որ երազս չկատարվի, տեսել էի, թե ավտոյով ձորն եմ ընկնում. ձեռս մնաց օդում, երբ լսեցի քավոր ձայնը. «Տոլմի մենակ սերկեւիլն եմ սիրում, ինձ երկու սերկեւիլի կտոր դիր, տոլմա չեմ սիրում,,: Աջքերիս առաջ եկավ Սամոյի խանութի սերկեւիլը` հատը  2000դրամ, ասի կիսեք, չկիսեցին, դե բա ես որ դրան 2000 տայի, բա   բրինձ ոնց առնեի տոլմի մեջ գցելու համար: Վախտ էի գտել խնայողության համար: Մսի պատճառով մազերիս ներկ չառա, պիտի 3 կիլո 860 գրամ առնեի, բայց սերկեւիլով էփեի ու սենց չխայտառակվեի: Արեւն ապրի Վալոդին, վերջապես եկան ու տարան իրենց հյուրերին: Բայց դրանից չխաղաղվեցի. Վախենում էի պատկերացնել, թե ոնց են քավորը, Նանոն, Նոնոն, Լիլոն, սրա կեսուրն աշխարհքով մեկ անում, որ տոլմա եփել չգիտեմ: Լավ ա, գոնե էրեխեքս Ռուսաստան են,  էս խայտառակությունը չտեսան:

Չգիտեմ ինչքան ժամանակ էի մտքերով ընկել, դուռը ծեծեցին: Հարեւան Սիրոն էր. «Մի քանի բան էլ դու դիր էս սետկայում, էն անտուն Արտոյի համար ուտելիք ենք հավաքում, մենակ տոլմա չլինի, ես դրել եմ, դե գիտես էլի, որ ինձ նման տոլմա էփող չկա»: Չիմացա էլ՝ ինչ վերցրի սառնարանից, խոհանոցից, էն նպատակի համար դրված սեղանից: Գլխիկոր հետեւեցի Սիրոյին: Տեսա բակում անտեր-անտիրական կանգնած Գրաֆ շանը. «Ոնց էլ չլինի, սա կհավանի». Հույսի մի շող պատեց դեմքիս ու քայլերս ավելի վստահ դարձան: Նույնքան վստահ, որ էլ տոլմա չեմ եփի, շատ էլ թե ավանդական ճաշ է, շատ էլ թե նոր տարի է, ինչ պիտի լինի, որ, շատ-շատ Շամշյանը գա ռեպորտաժ պատրաստի դեպքի վայրից:

Մեկնաբանություններ (3)

Հասմիկ
Շատ հավեսով հոդված էր:
Գոհար
Տարիներ առաջ կարդացած լինեի այս հոյաշշմեցուցիչ   հոդվածը, կասեի.«Օրհնվի այն գրիչը, որով գրում եք Սուսաննա ջաաան...» Մեր օրերում  պետք է օրհնել այն ստեղնաշարը, որի միջոցով, Ձեր կողմից, ստեղծվում են դրական լիցքեր հաղորդող նմանատիպ հոդվածներ))))))))))))
Արարատ
Ամեն դեպքում մի քանի հատ էփի, մեկ էլ տեսար եկա: Գիտես, ես սիրում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter