HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Զինվորի հոր ինքնազգացողությունը վատթարացել է

Վաղը նա չի մասնակցի որդու արտաշիրիմմանը

Դատավոր Յուրի Իսկոյանի օգնականը զանգահարել է Օհանջանյաններին և ասել, որ վաղը` հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 10-ին, նրանք գերեզմանից հանեն իրենց որդու` Տիգրանի դիակը ու սպասեն փորձագետների ժամանմանը:

Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում:Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի (ԴԲԳԳԿ) փորձագետ Վիգեն Ադամյանը եզրակացրել է, որ հանգուցյալի մահվան պատճառն օրգանիզմի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է:

Սակայն փորձագետը «չի նկատել» զինվորի մարմնին առկա բազմաթիվ վնասվածքները: Դրանց մասին փաստում են հերձումից առաջ Տիգրանի հարազատների կողմից արված դիակի լուսանկարները:

Ծնողները վստահ են, որ իրենց որդուն սպանել են, սակայն հարուցված քրեական գործը սպանության հետ որևէ առնչություն չունի:

Տիգրանի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել կապիտան Ռուստամ Ասատրյանին եւ ենթասպա Կարեն Թովմասյանին` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Յուրի Իսկոյանի նախագահությամբ, գործի քննությունը սկսվել է դեռ անցյալ տարվա ամռանը: Այս տարվա մարտի 30-ին Օհանջանյանների շահերի ներկայացուցիչներ Մոնիկա Մարգարյանը եւ Սեդա Սաֆարյանը դատարանին միջնորդել են նշանակել համալիր` կրկնակի դատաէլեկտրատեխնիկական եւ դատաբժշկական փորձաքննություն` կատարելով արտաշիրիմում:

Դատավորը միջնորդությունը բավարարել է մեկ ամիս անց: Սակայն Դատաբժշկական գիտագործական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը դատավորից գրությամբ խնդրել էր ԴԲԳԳԿ-ին, որպես առաջատար հիմնարկություն, արտաշիրիմմանը չընդգրկել, «քանի որ լրատվական միջոցներից հայտնի է, որ բազմիցս անվստահություն է հայտնվել ԴԲԳԳԿ-ի փորձագետներին, ինչպես նաև հնչել են զրպարտանքներ և ահաբեկումներ»:

«Հայաստանում միայն Շոթա Վարդանյանի դատաբժշկական կենտրոնն է կատարում արտաշիրիմում. ուրիշ ոչ մի հիմնարկ նման փորձաքննություն չի կատարում: Մենք մի քանի անգամ այս մասին դատավորին հայտնել ենք: Բայց նա դատավարությունն անընդհատ ձգձգում էր, իբր թե ման էր գալիս, թե ուրիշ ով կարող է արտաշիրիմում անել»,- ասում է զինվորի հայրը` Սուրեն Օհանջանյանը:

Դատարանը հունիսին 23-ին նշանակված նիստի ընթացքում ընդունել է նոր որոշում: Դրանով դատավոր Իսկոյանը փորձաքննության կատարումը, ի վերջո, հանձնարարել է ԴԲԳԳԿ-ին, սակայն բավարարել է մեղադրող Հարություն Հարությունյանի միջնորդությունը և արտաշիրիմմանը մասնակցելու թույլտվություն է տվել ոչ թե Օհանջանյանների միջնորդած անձին` ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Արգամ Հովսեփյանին, այլ դատախազի միջնորդած` դիմածնոտային, ընդհանուր վիրաբուժության և ստոմոտոլոգիայի մասնագետներին:

«Մենք դեմ ենք այդ մասնակիցներին: Արտաշիրիմում կատարելը մեր պահանջն է, քանի որ չենք վստահում Շոթա Վարդանյանի կենտրոնի տված եզրակացությանը: Հիմա փորձաքննությունը, ուզենք-չուզենք, նորից նա պետք է անցկացնի, բայց եթե մեր փորձագետները չեն մասնակցելու, էլ ի՞նչ իմաստ ունի արտաշիրիմումը»,- ասում է Ս. Օհանջանյանը:

Նա նշում է, որ նախապես գիտի, թե «դատախազի մարդկանց» ներկայությամբ անցկացված փորձաքննության արդյունքն ինչ է լինելու. «Կասեն` կներես. այս վիճակով մենք չենք կարող եզրակացություն կայացնել, դագաղը կփակեն ու նորից կդնեն տեղը: Բա ես ի՞նչ վիճակի կհասնեմ»:

Դատախազ Հ. Հարությունյանի միջնորդությանը թեև ամբաստանյալների պաշտպան Վազգեն Նիկոլյանը չի միացել, դատավոր Իսկոյանը որոշման մեջ գրել է հակառակը: Տիգրանի ծնողների խոսքերով` այս և բազմաթիվ այլ ապօրինություններ գործելու համար նրանք դատավորին ներկայացրել են ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն: Դատավորն այն  մերժել է:

Որդեկորույս ծնողները «ստեղծված անելանելի վիճակի» կապակցությամբ դատավոր Յուրի Իսկոյանի «ապօրինի գործողությունների» դեմ նախօրեին դիմում բողոքներ են հանձնել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, և մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Սակայն ոչ մի տեղից դեռևս որևէ արձագանք չի հնչել, այնինչ վաղը պետք է անցկացվի զինվորի դիակի փորձաքննությունը, որի համար Օհանջանյանները մեկ տարուց ավել է` պայքարում են:

Հ. Գ. Քիչ առաջ Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը տեղեկացրեց, որ ամուսնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխում են հիվանդանոց: Նա հույս հայտնեց, որ ապօրինությունների շղթան չի շարունակվի և ծնողների բացակայությամբ արտաշիրիմում չեն կատարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter