HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թրաֆիքի՞նգ, բռնաբարությու՞ն, թե՞ կաշառակերություն…

Նախաքննությունն առաջ է քաշել թրաֆիքինգի եւ բռնաբարության վարկածը

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ընթանում է Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի նախկին փոխտնօրեն Սմբատ Ուրումյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել դպրոցի սաներից երկուսին թրաֆիքինգի ենթարկելու, երրորդին` բռնաբարելու համար: Ս. Ուրումյանի պաշտպան (հանրային պաշտպան) էդուարդ Աղաջանյանը դեռ նախաքննության ժամանակ միջնորդել է քրեական գործը կարճել` հանցակազմի բացակայության հիմքով:

Նա գտնում է, որ շուրջ 7 ամիս տեւած նախաքննությունը «կատարվել է թերի, ապացույցների ձեռքբերման սուբյեկտիվ, մեղադրող հակումով, վկաների եւ տուժողների հակասական եւ իրարամերժ ցուցմունքներում տեղ գտած կասկածելի հանգամանքներն ի վնաս մեղադրյալի գնահատելով»:

Ըստ քրեական գործի` 2004 թվականից Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցում որպես պատմության ուսուցիչ, իսկ 2008-ի սեպտեմբերից իբրեւ փոխտնօրեն աշխատող Ս. Ուրումյանն ավելի քան մեկ տարի, պարբերաբար ծեծի ենթարկելով եւ բռնություն գործադրելով, անչափահասներ Իգորին եւ Լեռնիկին պարտադրել է զբաղվել մուրացկանությամբ մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Բարեկամություն» եւ այլ կայարաններում, ինչպես նաեւ Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցներում, Կիեւյան ու Բաղրամյան խաչմերուկներում:

Լեռնիկը պատմել է, որ մի քանի անգամ դպրոցից փախչելու համար Ս. Ուրումյանն իրեն ծեծել է: Դրանից հետո դպրոցի մեկ այլ սանից` Նարեկից իմացել է, որ ծեծի պատճառն իրականում այլ է: Շատ չանցած` Ուրումյանն անձամբ պահանջել է մուրած փողերը հանձնել իրեն` սպառնալով հակառակ դեպքում ավելի ուժեղ ծեծել եւ արգելել տուն գնալ:

«Վախենալով` ստիպված ենթարկվել եմ եւ մուրացկանությամբ օրական վաստակած 10-50 հազար դրամը Իգորի եւ Նարեկի միջոցով հանձնել Ուրումյանին, որովհետեւ նա ինձ չէր վստահում: Ընդհանուր առմամբ, 2007 թ. նոյեմբերից մինչեւ 2008 թ. նոյեմբերն Ուրումյանին փոխանցել եմ 250 հազար դրամ»,- ասել է Լեռնիկը:

Իգորն իր հերթին նշել է, որ Սմբատ Ուրումյանի պահանջով 2007 թ. սկզբից մինչեւ 2008-ի նոյեմբեր, ծեծի ու սպառնալիքների ճնշման տակ, զբաղվել է մուրացկանությամբ ու վերջինիս հանձնել ընդհանուր առմամբ 400 հազար դրամ:

Ուշագրավն այն է, որ որպես տուժող` Իգորը ներգրավված է եղել մեկ այլ գործում, որտեղ մեղադրվողը Գարիկ Հովհաննիսյանն էր: Ստացվում է, որ համաձայն երկու տարբեր քրեական գործերի` Իգորը միեւնույն ժամանակաշրջանում միմյանց հետ որեւէ կապ չունեցող 2 տարբեր անձանց պարտադրանքով զբաղվել է մուրացկանությամբ, որի ընթացքում Գարիկին օրական տվել է 10-15, իսկ Սմբատին` 3-20 հազար դրամ:

«Դա ուղղակի հնարավոր չէ,- ասում է պաշտպան Աղաջանյանը:- Մյուս կողմից` Լեռնիկը ցուցմունքում նշել է, թե իբր մուրացկանությամբ հավաքած գումարն առձեռն չի տվել Ուրումյանին, այլ փոխանցել է Իգորի եւ գործում որեւէ կարգավիճակ չունեցող, դպրոցի նախկին սան Նարեկի միջոցով: Բայց Նարեկը նախաքննության ամբողջ ընթացքում այդպես էլ չի հարցաքննվել, իսկ Իգորը հետագայում կտրականապես հերքել է այս ամենը»:

Արդեն նախաքննության վերջում Իգորը հրաժարվել է իր մեղադրող ցուցմունքներից` նշելով, որ Ս. Ուրումյանի թելադրանքով կամ պարտադրանքով երբեք մուրացկանությամբ չի զբաղվել, իսկ Լեռնիկն իրեն երբեւէ գումար չի տվել:

Անչափահաս Լեռնիկը քննիչին նաեւ ասել է, թե 2008 թ. հուլիսին դպրոցի չգործող կաթսայատան մոտով անցնելիս ձայներ է լսել եւ մոտենալով դռան փոխարեն մնացած բացվածքին` տեսել է, թե ինչպես է Սմբատ Ուրումյանը բռնաբարում նույն դպրոցի աշակերտ, 14 տարին չլրացած Արմանին: «Արմանը բղավում էր` ցավում է, բաց թող, բայց Ուրումյանը բաց չէր թողնում, ասում էր` ձենդ կտրիր, էս ի~նչ լավ ա…»,- պատմել է Լեռնիկը:

«Ուրումյանին սկզբում ձերբակալել էին «Անչափահասներին մուրացկանության դրդելու» մեղադրանքով: Բայց 3 օր անց նրան արդեն մեղադրանք առաջադրվեց թրաֆիքինգի հոդվածով: Իսկ բռնաբարության մասով չմեղադրեցին, քանի որ նույնիսկ Լեռնիկի հետ առերես հարցաքննության ժամանակ Արմանը մինչեւ վերջ պնդեց, որ նման բան չի եղել, Լեռնիկն էլ ընդունեց, որ դա իրեն թվացել է»,- ասում է հանրային պաշտպանը:

Նա հիշում է, որ առաջին ատյանի դատարանը Սմբատ Ուրումյանի կալանքի սանկցիան քննելիս մերժել է քննիչի միջնորդությունը, սակայն օրեր անց` 2008 թ. դեկտեմբերի 22-ին, վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը եւ նախկին փոխտնօրենին վերցրել կալանքի:

«Նույնիսկ այդ ծանր մեղադրանքով` թրաֆիքինգով, նախաքննության ներկայացրած հիմքերն այնքան թույլ էին, որ առաջին ատյանը քննիչին մերժեց: Բայց նույն փաստական հանգամանքների հիման վրա վերաքննիչը հանգեց տրամաբանական հակառակ եզրակացության, ինչն ուղղակի պայմանավորված էր զուտ դատախազին չմերժելու դրդումով»,- վստահեցնում է փաստաբան Է. Աղաջանյանը:

Մեղադրանքի ծավալը, այնուամենայնիվ, փոխվել է

Գործը սկզբում քննվել է ոստիկանության Էրեբունու բաժնում, այնուհետեւ տեղափոխվել Գլխավոր քննչական վարչություն: Հենց այստեղ էլ` քննիչ Նաիրի Ղալումյանի մոտ, հերթական հարցաքննության ժամանակ Արմանը նշել է, թե իրականում Ս. Ուրումյանն իրեն բռնաբարել է: «Մեզ համար անսպասելի առաջադրվեց նոր մեղադրանք` «Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ»:

«Անմիջապես միջնորդեցինք առերես հարցաքննել Ուրումյանին եւ Արմանին: Սակայն նախաքննության կողմից միջնորդությունը մերժվեց: Ասում էին` դուք ձեր հարցերը տվեք, մենք ներկայացնենք Արմանին, կպատասխանի, նորից հարցեր կտաք ու նույն մեխանիզմով կպատասխանի: Հարցնում եմ` անչափահասի անվտանգության հետ կապված անհանգստանալու հիմքեր ունե՞ք, ասում են` ոչ: Բայց, միեւնույն է, ուղղակի առերես հարցաքննություն այդպես էլ չանցկացրին»,- պատմում է Էդուարդ Աղաջանյանը:

Փաստաբանի խոսքերով` բռնաբարության մասով առաջադրված մեղադրանքը պարզապես անհեթեթություն է, «մանավանդ, որ փորձագետը երեխայի մարմնի համապատասխան շրջանում որեւէ վնասվածք չի հայտնաբերել»: «Էլ ինչի՞ մասին է խոսքը»,- զարմանում է պաշտպանը:

«Փորձագետը հետազոտությունն իրականացնելիս եզրակացության մեջ ընդամենը գրել է, որ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ինչը չի բացառում սեռական ակտի առկայությունը,- ասում է գործով մեղադրող Արթուր Ղամբարյանը: – Երեխան շատ հստակ նկարագրել է բռնաբարության մեխանիզմ: Եվ ես, որպես դատախազ, այս ոլորտում փորձ ունեցող մարդ, համոզված եմ, որ նման կոնկրետության աստիճանով երեխաները չեն կարողանում սուտ ասել: Բացի այդ, ունենք ականատես վկա, ունենք դեպքեր, երբ նա այդ մասին պատմել է այլ անձանց: Սա այն գործը չէ, երբ ողջ մեղադրանքը հիմնված է միայն տուժողի ցուցմունքների վրա»:

Պաշտպան Աղաջանյանն իր հերթին նշում է, որ, հաշվի առնելով ամբաստանյալի եւ տուժողի կառուցվածքը, հնարավոր չէ Արմանի նկարագրած մեխանիզմով բռնաբարություն կատարել. «Ես չեմ ուզում խորանալ մանրամասնությունների մեջ, բայց դա անհնար է զուտ ֆիզիկապես»:

Դատախազ Ղամբարյանը հիշում է, որ դեռ նախաքննության ժամանակ Ուրումյանից դիմում է ստացել, ըստ որի` վերջինս չէր կարող որեւէ մեկին բռնաբարել, քանի որ սեռաունակության հետ կապված խնդիրներ ունի: «Միանգամից քննիչին ցուցում տվեցի նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Եզրակացությունը միանշանակ էր. Ուրումյանի մոտ, ըստ էության, սեռաունակության հետ կապված որեւէ խնդիր գոյություն չունի»,- ասում է մեղադրող-դատախազը:

«Սմբատ Ուրումյանը համաձայն չէ այդ եզրակացության հետ, եւ ես միջնորդել էի նշանակել կրկնակի փորձաքննություն, ինչը քննիչի կողմից մերժվել է,- մանրամասնում է փաստաբան Է. Աղաջանյանը:- Բանն այն է, որ այդ եզրակացությունը տված փորձագետի մոտ Ուրումյանը իմպոտենցիայի դեմ 3-4 տարի բուժվել է, սակայն որեւէ դրական արդյունքի չի հասել»:

Նախաքննության վերջում Արմանը կրկին հարցաքննվել է եւ դարձյալ պնդել իր սկզբնական ցուցմունքները` Սմբատ Ուրումյանն իրեն չի բռնաբարել: Ինչպես պարտադրաբար մուրացկանությամբ զբաղվելու մասով Իգորը, այնպես էլ այս մասով Արմանը նշել է, թե Ուրումյանի դեմ մեղադրող ցուցմունքներ է տվել թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանի դրդմամբ:

«Ցուցմունք տալուց առաջ ինձ վրա ճնշում են գործադրել ոստիկանության աշխատակից Հայկը եւ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը: Դպրոցի տնօրենը զգուշացրեց, որ եթե Լեռնիկի մեղադրող ցուցմունքները չհաստատեմ, կդատվեմ»,- ասել է Իգորը` նշելով, որ իր հարցաքննությունների ժամանակ օրինական ներկայացուցչի փոխարեն մասնակցել է տնօրեն Ծ. Գեւորգյանը, ումից էլ կաշկանդված` ինքը փոխտնօրեն Ուրումյանի դեմ ցուցմունք է տվել:

«Տնօրեն Ծովինար Գեւորգյանն ինձ 10 հազար դրամ է տվել, որպեսզի ասեմ, թե դպրոցի կաթսայատան տարածքում Ս. Ուրումյանն ինձ բռնաբարել է: Բացի այդ, դպրոցի գիշերային դաստիարակ, տնօրենի ազգական Կարեն Հովհաննիսյանն ինձ ու Ջիվանին ծեծել է, որպեսզի Սմբատ Ուրումյանի դեմ սուտ ցուցմունք տանք»,- ասել է Արմանը:

Այս ամենը հաստատել է նաեւ Ջիվանը, որը նույն դպրոցի սան է եւ գործում ներգրավված է որպես վկա: Ինքը` Սմբատ Ուրումյանը, ի սկզբանե հերքել է բոլոր մեղադրանքները` նշելով, թե դրանք «ծնվել են» դպրոցի տնօրեն Ծ. Գեւորգյանի ազդեցության եւ ճնշման տակ: Քանի որ վերջինս փոխտնօրեն նշանակելու համար իրենից պահանջել է 3 ամսվա աշխատավարձը, եւ դա չստանալով` վրեժը լուծել է նման ձեւով:

Թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանի մեկնաբանություններին եւ գործի մյուս մանրամասներին ծանոթացեք «Հետքի» հաջորդ համարում:

Հ. Գ. Հոդվածում բոլոր անչափահասների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter