HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Կորած երեխաները հայտնվեցին Արաբկիրի քաղմասում, ու սկսվեց այդ ամբողջ Սոդոմ- Գոմորը»

Ասում է Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը: Վերջինիս երբեմնի տեղակալը` նախկին փոխտնօրեն Սմբատ Ուրումյանը, մեղադրվում է դպրոցի սաներից երկուսին թրաֆիքինգի ենթարկելու, երրորդին` բռնաբարելու համար:

«Հետքն» արդեն տեղեկացրել է, որ այս գործում որպես տուժող ներգրավված 3 երեխաներից` Իգոր, Արման եւ Լեռնիկ, միայն Լեռնիկն է շարունակում պնդել իր մեղադրական ցուցմունքները: Բայց ելնելով Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նրա հարցաքննության ժամանակ հնչած պատասխաններից` փաստաբան Էդուարդ Աղաջանյանը նշում է, թե դրանց «արժանահավատությունը խիստ կասկածելի է»:

«Երբ խորանում ես գործի հանգամանքների մեջ, Լեռնիկը տալիս է վերացական պատասխաններ: Օրինակ` նա այդպես էլ չկարողացավ հիշել, թե որքա՞ն գումար է հավաքել մուրացկանությամբ, դրա ո՞ր մասն է Իգորի, ո՞րը Նարեկի միջոցով փոխանցել Ուրումյանին, ե՞րբ է փոխտնօրենն իրենից գումար պահանջել: Կոնկրետ մանրամասների ժամանակ Լեռնիկն ասում է` չեմ հիշում, չգիտեմ, չեմ պատասխանում»,- նշում է Ս. Ուրումյանի շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ Նարեկը նախաքննության ժամանակ այդպես էլ չի հարցաքննվել: Հանրային պաշտպան Է. Աղաջանյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին խնդրել է նրան հրավիրել դատարան եւ իբրեւ վկա հարցաքննել:

«Ինձ ինչ-ինչ եղանակներով հաջողվել է պարզել Նարեկի գտնվելու վայրը, թե որտեղ է նա այժմ վարձով բնակվում: Դատարանը միջնորդությունս բավարարեց, եւ հիմա սպասում ենք, որ նրան կբերեն»,- ասում է փաստաբանը` հույս ունենալով, որ վերջինիս հարցաքննությունը գործում որոշակի պարզություն կմտցնի:

Իրենց մեղադրական ցուցմունքներից հրաժարվելով` մյուս տուժողները` Իգորը եւ Արմանը, դռնփակ դատաքննության ընթացքում շարունակել են պնդել, որ դրանք տվել են դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանի պարտադրմամբ: «Բայցի այդ, դպրոցի գիշերային դաստիարակ, տնօրենի ազգական Կարեն Հովհաննիսյանն ինձ ու Ջիվանին ծեծել է, որպեսզի Սմբատ Ուրումյանի դեմ սուտ ցուցմունք տանք»,- ասել է Արմանը: Այս ամենը նախաքննության ժամանակ հաստատել է նաեւ Ջիվանը, որը նույն դպրոցի սան է եւ գործում ներգրավված է որպես վկա:

«Կա մի կարեւոր հանգամանք. Արմանն ասում է, որ Ուրումյանի դեմ ցուցմունք տալու համար իրեն ծեծել են փայտերով, ժնջիլներով, որից առաջացել են կապտուկներ: Երեխան հստակ նշեց, որ դա եղել է մինչեւ փորձագետի մոտ գնալը` մի քանի օր առաջ: Բայց փորձագետը նրա մարմնի վրա որեւէ վնասվածք չի հայտնաբերել: Այստեղից հետեւում է, որ Արմանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ չեն կարող մարդու մարմնին առկա ժնջիլի հետքերը 6-7 օրում անհետանալ»,- ասում է մեղադրող Արթուր Ղամբարյանը:

«Փորձագետ Վիգեն Ադամյանն Արմանի մարմինը չի զննել եւ, ըստ երեւույթին, առանց զննելու գրել է, թե որեւէ վնասվածք չկա: Հետո` փորձաքննության մեջ նման հարց դրված չի եղել. տրվել է միայն բռնաբարության հետ կապված հարցադրումը»,- հակադարձում է փաստաբան Աղաջանյանը: Իսկ մեղադրող-դատախազը հավելում է, թե գործում կան «բազմաթիվ դրվագներ, որոնցով հիմնավորվում է, որ Արմանի նկատմամբ ուղղակի ճնշում գործադրելով` հարկադրել են տնօրեն Ծ. Գեւորգյանի դեմ սուտ ցուցմունքներ տալ»:

«Քրեական գործում մենք ունենք Արմանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, քանի որ նա հանցագործության սուբյեկտը չէ (նրա 14 տարին լրացած չի եղել): Հակառակ դեպքում, մենք կդատեինք նաեւ այդ երեխային` սուտ ցուցմունք տալու համար»,- մանրամասնում է դատախազ Ղամբարյանը:

Ինքը` Սմբատ Ուրումյանը, հերքելով բոլոր մեղադրանքները` նշել է, թե այս ողջ պատմությունն իր եւ դպրոցի տնօրենի լարված հարաբերությունների արդյունքն է: Ըստ նրա` Ծովինար Գեւորգյանն իրենից փոխտնօրեն նշանակելու դիմաց պահանջել է 3 ամսվա աշխատավարձը, եւ այն չստանալով` դիմել է նման վրեժխնդրության:

«Սա այն քանդված դպրոցն էր, որ ես 99 տոկոսով փոխել եմ: Եթե որեւէ մեկից կաշառք վերցնեի, դա միայն Ուրումյանը չպետք է լիներ: Բոլոր աշխատողներին` եւ նոր, եւ հին (որոնց հեռացրել եմ), հարցաքննել են: Բացի Ուրումյանից, որեւէ մեկը կաշառքի համար նույնիսկ չի ակնարկել»,- ասում է թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը:

Նա հիշում է, որ Ս. Ուրումյանին փոխտնօրեն նշանակելու շրջանում ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց. «Այսինքն` միանգամից ինձ մոտ ստացվեց անձնական պրոբլեմ, եւ ինչ-որ մի տեղ աշխատանքային առումով ուզում էի մեկի վրա հենվել: Ուրումյանը ցանկություն հայտնեց ինձ օգնելու: Չմերժեցի, որովհետեւ արտաքինով նա շատ ներկայանալի է, մյուս կողմից` ես չեմ թաքցնում` Կրթության եւ գիտության նախարարության որոշ աշխատողներ, հատուկ հանրակրթության բաժինը ինձ լավ ներկայացրեց նրան»:

Տնօրենի խոսքերով` մինչեւ հիմա ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել. «Ուրումյանը 3 նկատողություն է ստացել: Առաջինը կարգապահական խախտումների համար, որովհետեւ ոչ պատեհ ժամին իր սենյակում փակվել էր Արմանի մայրիկի հետ: Երկրորդ անգամ իբրեւ թե Լեւոնին փախած տեղից գտել էր եւ այն աստիճանի ծեծել, որ երեխան արյունլվա էր եղել:

Ես գիտեի, որ դա միջոց չէ, բայց, այնուամենայնիվ, մտածում էի` մարդը փորձում է դպրոցում կարգուկանոն հաստատել: Նորից շանս տվեցի նրան: Բայց 3-րդ անգամ հասկացա, որ նրա, այսպես ասած, հայրական ապտակը շատ թանկ է նստում իմ երեխաների առողջության վրա, եւ փորձեցինք հաշտ ու համերաշխ իրարից բաժանվել: Ուրումյանը դիմում գրեց ու գնաց: Երկու օր հետո կորած երեխաները հայտնվեցին Արաբկիրի քաղմասում, ու սկսվեց այդ ամբողջ Սոդոմ-Գոմորը»:

Ինչ վերաբերում է երեխաների կողմից իր դեմ տված ցուցմունքներին, Ծովինար Գեւորգյանն Արմանի դեպքում դա պայմանավորում է գործի ելքով վերջինիս մոր շահագրգռվածությամբ. «Արմանի մայրը մի քանի անգամ նրան լքել է, տեղափոխել մանկատնից մանկատուն եւ այսօր ինչ էլ ասի, Արմանը կկրկնի, միայն թե մոր հետ լինի: Իսկ նրա մայրը, ես ենթադրում եմ, որ Ուրումյանի հետ կուլիսների ետեւում հարաբերություններ է ունեցել: Որովհետեւ մեկ անգամ մայրն ինձ պատմեց, որ Ուրումյանը խոստացել է իր համար տուն դասավորել: Իսկ Իգորի հետ կապված պարզապես կարող եմ մեջբերել հենց Ուրումյանի խոսքերը: Մի առիթով նա ասաց, որ Իգորը դպրոցում կարող է ստեղծել ամենաանկայուն եւ վատ միջավայրը, նա կարող է մորը ծախել մեկ տուփ սիգարետով»:

Սմբատ Ուրումյանի մեղադրանքներին տնօրենը, իր խոսքերով, ըմբռնումով է մոտենում` մտածելով, որ «խեղդվողը փրփուրներից է բռնում»:

«Անկեղծ ասած` եթե մուրացկանության մասով մեղադրանքին ինչ-որ տեղ հավատամ, բռնաբարության մասով Ուրումյանից այդպիսի բան չեմ հավատում. նա իրեն շատ կոռեկտ էր պահում եւ երբեք չափի զգացողությունը չէր կորցնում: Գուցե ոչ սթափ վիճակում է այդ ամենը կատարվել: Բայց ես նրան նման վիճակում տեսել եմ 2-3 անգամ եւ չեմ կարող իմ ստեղծագործական մտքին զոռ տալ ու մտածել բաներ, որոնք չեմ տեսել»,- ասաց Ծովինար Գեւորգյանը:

Նա նույնիսկ չի բացառում, որ բռնաբարության մեղադրանքն ուղղակի մտացածին է. «Քանի որ նախարարության մանր-մունր չինովնիկներն այն օգտագործում են դպրոցը վարկաբեկելու եւ փակելու համար: Այդ երեւույթը թե հանրակրթական, թե հատուկ դպրոցներում տարածված է, ու թող ոչ ոք դա չհերքի: Ինչո՞ւ են կենտրոնացել հենց այդ երեւույթի վրա, որովհետեւ դպրոցի տարածքն ինչ-որ մեկին պետք է: Հնարավոր է, որ այդ երեւույթն օգտագործվի իմ դեմ»:

Մեղադրողն ու պաշտպանը խուսափում են գործի վերաբերյալ գնահատականներ տալուց ու եզրահանգումներ անելուց` նշելով, որ դա դատարանի գործն է: Գրեթե նույն բանն է ասում նաեւ տնօրեն Ծովինար Գեւորգյանը. «Ես ուղիղ կպատասխանեմ. եթե ինչ-որ բան սարքվել է, սարքվել է դրսում: Եթե ինչ-որ մի բան ճիշտ չի արվել, սխալը սկսվել է դրսում, որովհետեւ Ուրումյանի խնդիրն իմը չէ: Ես նրան, իր դիմումի համաձայն, ընդամենը ազատել եմ աշխատանքից` ոչ սթափ վիճակում երեխաներին ծեծելու համար: Դրանից ավել չեմ կարող մեղադրել, որովհետեւ դատավոր չեմ»:

Մինչ այս պահը, երեք տուժողներից բացի, դատարանում հարցաքննվել է միայն վկաներից մեկը: Հատուկ դպրոցի աշխատակիցը պարզապես վերապատմել է այն, ինչը, ըստ նրա, գործի հետ կապված լսել է տուժողներից: Դատաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter