HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հանցավոր խմբերի պարագլուխներ են մասնակցել կեղծ քարտերով բանկոմատներից փող հանելուն

Այս տարվա ապրիլի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանի նկատմամբ կիրառել է բացառիկ մոտեցում` «Կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն» կատարելու համար նրան դատապարտելով ընդամենը 2 տարվա ազատազրկման, ընդ որում` առանց գույքի բռնագրավման:

Մինչդեռ վերջինիս առաջադրված մեղադրանքի համար ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է նվազագույնը 4 տարվա ազատազրկում:

Դատավոր Գագիկ Ավետիսյանն ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել: Փոխարենը, որպես հանցանքը մեղմացնող հանգամանք, դիտարկել է այն, որ վերջինս անկեղծորեն զղջում է կատարվածի համար, աջակցել է հանցագործության բացահայտմանը եւ, որ ամենակարեւորն է, նախկինում ոչնչով արատավորված, մասնավորապես` դատված չի եղել:

Սակայն, քրեական գործում առկա է ԱԱԾ-ի Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ս. Մելքոնյանին հասցեագրված Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) տեղեկանքը, ըստ որի` Ռումինիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` նույն Օլիվեր Մարիանին «հանդիսանում է հանցավոր խմբի պարագլուխ, հայտնի է կեղծ վճարման քարտերի օգտագործմամբ Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսրայելում, Մարոկկոյում եւ Ֆրանսիայում: Նա ձեռք է բերել խոշոր չափի գումարներ, որոնցով գնել է շինություններ, թանկարժեք ավտոմեքենաներ եւ բացել է բանկային հաշիվներ»:

Իսկ Մեծ Բրիտանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից հայտնել են, որ «Օլիվերն անցնում է իրենց երկրի ոստիկանության քրեական հաշվառումներով եւ դատապարտվել է երկու անգամ` խարդախություն կատարելու համար»:

Դժվար է հավատալ, որ Ինտերպոլի պես միջազգային կառույցը կարող է չստուգված ինֆորմացիա տրամադրել: Սակայն թե նախաքննությունն իրականացրած մարմինը` ԱԱԾ-ի քննչական վարչությունը, թե դատարանը պարզապես անուշադրության են մատնել Ինտերպոլի տեղեկատվությունը: Թե ինչու, կարելի է միայն ենթադրություններ անել:

«Ես ինֆորմացիա ունեմ, որ Օլիվերին մոտ ապագայում ազատ կարձակեն` պայմանականով, քանի որ 1 տարուց ավելի է` նստած է»,- ասում է Օլիվերի գործով Հայաստանում դատապարտված մեկ այլ ռումինացու` Կոռնել Կոնստանտին Ստենգաչուի փաստաբան Անժելա Հոբոսյանը (հանրային պաշտպան):

Նա գտնում է, որ Օլիվերի նկատմամբ ցուցաբերված «մեղմ մոտեցումըե պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ վերջինս, համագործակցելով իրավապահների հետ, տվել է Կոռնելին մեղադրող, նրան որպես հանցավոր խմբի ղեկավար ներկայացնող ցուցմունքներ, այն դեպքում, երբ «ամեն ինչ պտտվում է հենց իր` Օլիվերի շուրջ»:

Հիշյալ հանցավոր խմբի հայաստանյան գործունեության որոշ մանրամասների «Հետք» շաբաթաթերթն իր հատուկ թողարկման 1-ին համարում (Հունիսի 1-7, 2009) արդեն անդրադարձել է (Խումբը կեղծ կրեդիտ քարտերով բանկոմատներից փող է հանել, ինչից հետո ձերբակալվել եւ պատժվել է):

Հիշեցնենք, որ 2008 թ. օգոստոսի 27-ին ԱԱԾ-ն ձերբակալեց Ռումինիայի 3 եւ Լատվիայի 1 քաղաքացու: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` «միջազգային հանցավոր խումբն օգոստոս ամսվա ընթացքում «ՎՏԲ», «Անելիք», «Յունի» եւ «Կոնվերս» բանկերի Երեւան քաղաքում եւ մի շարք մարզկենտրոններում տեղակայված բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով իրականացրել էր գումարի կանխիկացման գործարքներ` ավելի քան 80 մլն դրամի չափով»:

Խմբի ձերբակալված 4 անդամների` ռումինացիներ Օլիվեր Մարիանի, Դանիել Ֆլորին Ֆեռեռուի, Կոնստանտին Օրեստի Հաջիի եւ լատվիացի Մարգարիտա Յանի Սպրուդզանեի հյուրանոցային համարներում զննությամբ հայտնաբերվել էին 160 բանկային կեղծ պլաստիկ քարտեր, ինչպես նաեւ դեռեւս չծախսված մեծ քանակի արտարժույթ եւ դրամ: Պարզվել էր, որ խումբը գործարքները կատարել էր` օգտագործելով հանրահայտ բրիտանական «Բարկլայս» բանկի հաճախորդների բանկային հաշվեհամարները:

Նախաքննական մարմինը Կոնստանտին-Մարգարիտա եւ Օլիվեր-Դանիել զույգերի գործերը դատարան է ուղարկել առանձին-առանձին: Նրանք բոլորն էլ դատարանից խնդրել են կիրառել արագացված դատաքննություն` լիովին ընդունելով առաջադրված մեղադրանքը:

2009 թ. փետրվարի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Կ. Ղազարյանի նախագահությամբ, «Հանցագործության մասին չհայտնելու» համար Մարգարիտա Սպրուդզանեի նկատմամբ պատիժ է սահմանել` 300 հազար դրամ տուգանք, վերջինիս ազատ արձակելով հենց դատարանի դահլիճից: Նույն դատավորը Կոնստանտին Հաջիին «Կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողության» համար դատապարտել է 4 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման:

Մոտ երկու ամիս անց դատավոր Գագիկ Ավետիսյանն Օլիվերին, ինչպես նշեցինք, դատապարտել է 2, իսկ Դանիել Ֆեռեռուին, որ մեղադրվել է նաեւ «Մի խումբ անձանց կողմից հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու» համար, 6 տարվա ազատազրկման` ամբողջ գույքի բռնագրավումով:

Կոնստանտինը եւ Դանիելը դատավճիռների դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք: Այս տարվա մայիսի 22-ին վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, Կոնստանտինի նկատմամբ պատիժ է նշանակել 2 տարվա կալանք` պայմանականորեն չկիրառելով այն եւ ամբաստանյալին ազատ արձակելով դատարանի դահլիճից: Իսկ Դանիելի դատավճիռը հունիսի 16-ին Վերաքննիչը թողել է անփոփոխ:

«Նախաքննական մարմինը սպասել է, մինչեւ այս 4 անձանց նկատմամբ կայացված դատավճիռները ստացել են օրինական ուժ, նոր միայն իմ պաշտպանյալի` Կոռնել Ստենգաչուի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան` այդ դատավճիռները դնելով մեղադրանքի հիմքում: Հակառակ դեպքում, ըստ էության, գործն այլ ընթացք կունենար»,- ասում է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը:

Պաշտպանը մանրամասնում է, որ անցյալ տարվա օգոստոսի 29-ին` Դանիելի եւ Օլիվերի ձերբակալությունից 2 օր անց, Կոռնելն ինքնակամ, Ռումինիայի դեսպանատան մեքենայով ներկայացել է նախաքննական մարմնին եւ խոստովանել, որ բանկային կեղծ քարտերով Գորիսում եւ Երեւանում բանկոմատներից գումար է գողացել, իսկ Սեւանում տեղակայված բանկոմատից գումար կորզելու փորձը հաջողությամբ չի պսակվել: «Ասել է, որ դրա համար պատրաստ է պատասխանատվություն կրել եւ վերականգնել վնասը, ինչքան որ ինքը գողացել է` մոտ 600 հազար դրամ: Սակայն Օլիվերը եւ Դանիելն ասել են, թե իրենց եւ խմբի մյուս անդամների (այդ թվում` նրանց, ովքեր Հայաստանն արդեն լքել են) գործողությունները ղեկավարել է Կոռնելը»,- ասում է Ա. Հոբոսյանը:

Այս ամենով հանդերձ` հիշյալ երկու անձանց եւ Կոռնելի միջեւ առերեսումներ չեն կատարվել: «Ընդհանրապես Կոռնելի հետ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: Նա դատարանում պատմեց, որ ԱԱԾ ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանն իրեն կանչել է, զրուցել են, հետո քննիչն ասել է` դու գրիր, որ հրաժարվում ես ցուցմունք տալուց, ես քեզ 1-2 շաբաթից կհարցաքննեմ: Գրել է, բայց չի հարցաքննել: Կոռնելը նույնիսկ դիմել է Ռումինիայի դեսպանատուն, այստեղից ՀՀ արտգործնախարարությանը խնդրել են, որ քննչական մարմիններին միջնորդեն իրենց քաղաքացուն հարցաքննել: Սակայն սա էլ օգուտ չի տվել»,- նշում է պաշտպանը:

Կոռնելի գործը քննվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Թե Օլիվերը, թե Դանիելը դատաքննության ընթացքում հրաժարվել են Կոռնելի դեմ տված նախաքննական ցուցմունքներից:

«Օլիվերն ասաց, որ մեղադրող ցուցմունքներ է տվել, որպեսզի հեշտացնի իր նախաքննությունը, իսկ Դանիելը նույնիսկ նշեց, որ այդ քայլին դիմել է Օլիվերի ճնշմամբ, քանի որ նրանք մեկուսարանի նույն` թիվ 11 խցում են եղել, եւ Օլիվերն ասել է, որ եթե Կոռնելի դեմ ցուցմունք չտաս, աչքերդ (դանակով) կհանեմ»,- պատմում է փաստաբանը: Ըստ նրա` այս ամենի վրա ոչ դատախազ Հովսեփ Սարգսյանը, ոչ էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բացարձակ ուշադրություն չեն դարձրել:

«Դանիել Ֆեռեռուն նաեւ ասաց, որ Ադի Իոան Բլագային իրավապահները բռնել են, հետո փողով բաց են թողել: Իսկ Բլագան Հայաստանից հեռացել է օգոստոսի 25-ին, եւ ամենից շատ փողն (շատ մեծ գումար) ինքն է բանկային համակարգով փոխանցել արտերկիր: Բայց սրանով եւս դատարանը չհետաքրքրվեց»,- հիշում է Անժելա Հոբոսյանը:

Դատավոր Մարտիրոսյանը եզրակացրել է, որ Դանիելի եւ Օլիվերի` դատարանում տված եւ նախաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պատճառը քրեական պատասխանատվությունից եւ պատժից խուսափելու հարցում Կոռնել Ստենգաչուին օգնելն է: Հոկտեմբերի 12-ին դատարանը Կոռնելի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 12 տարի ժամկետով, ամբողջ գույքի բռնագրավմամբ, որը, սակայն, չպետք է գերազանցի 64 միլիոն 142 հազար դրամը: Դատավորը միաժամանակ որոշել է Կ. Ստենգաչուից հօգուտ «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան», «Արցախբանկ», «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկերի բռնագանձել, ընդհանուր առմամբ, 25 մլն 457 հազար դրամ: «Եթե պետք է հիմք ընդունվեն միայն նախաքննական ցուցմունքները, էլ ինչո՞ւ են գործը դատարան ուղարկում»,- տարակուսում է պաշտպան Անժելա Հոբոսյանը եւ շեշտում, որ դատավճիռն անպայման բողոքարկելու են:

Հ. Գ. Ըստ Ռումինիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի ուղարկած տեղեկանքի` Կոռնել Ստենգաչուն եւս հանցավոր խմբի պարագլուխ է եւ մասնագիտացած է նույնանման հանցագործություններ կատարելու մեջ:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter