HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գայանե Մելքոնյանը դատվում է 4-րդ անգամ` նմանատիպ արարքի համար

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Թուրքիայում իրականացված թրաֆիքինգի հերթական գործը: Ամբաստանյալի աթոռին հայտնված 4 անձանցից մեկը դարձյալ Գայանե Մելքոնյանն է. նա արդեն դատվում է 4-րդ անգամ` նմանատիպ արարքի համար:

Գայանեն առաջին անգամ դատապարտվել է 2007 թ. հունվարին. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` ,Երկու կամ ավելի անձանց շահագործման նպատակով հավաքագրելուե (Քր. օր.-ի 132 հոդված) եւ «Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու» (Քր. օր.-ի 261 հոդված) համար: Նույն թվականի օգոստոսին, այնուհետեւ 2008 թ. հոկտեմբերին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ քրեական դատարանների կողմից նա դարձյալ դատվել է ՔՕ 132-րդ հոդվածի հատկանիշներով: Ընդհանուր առմամբ, նրա նկատմամբ սահմանվել է 7,5 տարվա ազատազրկում:

«Մեր օրենսգիրքն արգելում է նույն արարքի համար մարդուն մի քանի անգամ դատապարտել, բայց այսօր քննչիների անգործության հետեւանքով տեղի է ունենում հակառակը: Նախաքննական մարմինը փոխանակ բացահայտի, թե ով է իրական տուժողը կամ մեղադրյալը, քննության ընթացքում վկաներին դարձնում է տուժող, տուժողին` մեղադրյալ, մեղադրյալին` վկա, եւ այսպես անընդհատ ձգվող շղթայի մեջ հարուցվում են նորանոր քրեական գործեր»,- ասում է Գայանեի շահերի պաշտպան (հանրային պաշտպան) Աննա Ջուվանովան:

Արդեն չորրորդ անգամ նույն` ՔՕ 132-րդ հոդվածով Գայանե Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թ. մայիսին: Այժմ գործն քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ: Սույն քրեական պատմության առանցքը պտտվում է հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանի շուրջ (տարիներ շարունակ նրա «հովանու» ներքո հայ աղջիկները Թուրքիայում ենթարկվել են սեռական շահագործման): Սակայն վերջինս ամբաստանյալների շարքում չէ. նրա նկատմամբ դեռ 2003 թ. հայտարարվել է հետախուզում:

Գործը դատարան է մտել 7 տուժողով եւ 4 մեղադրյալով` Ալեքսան Կիրակոսյան (Գոհարի հարազատ եղբայրն է), Ագապի Ասոյան (ավելի շատ հայտնի է Ռուզաննա անունով), Հասմիկ Քարամյան եւ Գայանե Մելքոնյան:

Ըստ նախաքննական մարմնի` տուժողներից երկուսը` Նարեն եւ Լարիսան, Թուքիայում հայտնվել են Գայանեի «ջանքերով»: Նարեն դատարանում պատմեց, որ 2004 թ. հունվարին Գայանե Մելքոնյանն այցելել է իր բնակարան եւ առաջարկել շաբաթական 200 ԱՄՆ դոլար աշխատավարձով 1 տարի ժամկետով մեկնել Թուրքիա` հավաքարար աշխատելու: «Այդ ժամանակ ես 2 հատ չափահաս երեխա էի պահում, աշխատում էի մատուցողուհի, ամուսնալուծված էի: Գայանեն գիտեր, որ նեղ վիճակում էի, լավ պայմաններ առաջարկեց, դրա համար էլ համաձայնվեցի,- դատարանում մանրամասնում էր Նարեն: – Չեմ հիշում` Գայանեի հետ ոնց եմ ծանոթացել: Մեր փոխհարաբերությունը եղել է այն, որ ինքն իմ հարեւանիս աղջկան` Լարիսային, ուղարկել էր Դուբայ: Էդպես եմ իմացել եմ, որ, ասենք, իրա անունը Գայան է»:

Ըստ Նարեի` այնուհետեւ իրենք գնացել են իր այն հարեւանի տուն, որի աղջկան Գայանեն ժամանակին ուղարկել է Դուբայ: Այստեղ Գայանեն «հարեւանի աղջիկ Լարիսային» առաջարկել է նույն պայմաններով մեկնել Թուրքիա, բայց արդեն որպես վարսահարդար աշխատելու:

«Ասում էր` ոչ մի գործ չունեք ճանապարհածախսի հետ. ամեն ինչ արվել է: Դուք մենակ կգնաք, ընդեղ ձեզ կդիմավորեն»,- հիշում է Նարեն: Նրա պատմելով` մի քանի օր անց ինքն ու Լարիսան ավտոբուսով մեկնել են Տրապիզոն: «Տրապիզոնում ճանապարհի կեսին կանգնեցինք, ու մեզ դիմավորեց Ռուզանը: Նա մեզ տարավ Գոհարենց կաֆե: Ըտեղ շատ աղջիկներ կային: Երկու օր հետո Ռուզանն ինձ տարավ իրենց տուն: Անձնագիրս վերցրեց, թե քեզ խաբել են, ուղարկել են մարմնավաճառության»,- շարունակում է Նարեն:

«Գայանե Մելքոնյանը Լարիսայի տեղափոխման հետ ընդհանրապես կապ չի ունեցել, եւ Լարիսան Թուրքիա մեկնելու առաջարկի մասին հենց Նարեից է իմացել,- վստահեցնում է փաստաբան Ջուվանովան,- իսկ Նարեին Գայանեն չէր կարող խաբելով Հայաստանից ուղարկել, որովհետեւ նա ամբողջ կյանքն անցկացրել է այլ երկրներում` զբաղվելով նմանատիպ գործունեությամբ: Նարեն նույնիսկ թուրք սիրեկան է ունեցել»:

«Մինչեւ էդ ես Թուրքիա եմ գնացել առեւտուր անելու ու այնտեղ էլ ծանոթացել ընկերոջս հետ: Ինքը խանութ, կաֆե, ռեստորան ուներ: Անմարդ կին եմ, ծանոթացել եմ ու կյանքս էդ ժամանակ կապել իրա հետ,- պարզաբանում է Նարեն: – Ռուզանն ինձ փակի տակ էր պահում, ասում էր` վրեդ 300 դոլար ենք ծախսել, մինչեւ չտաս, չես գնա: Ստիպում էր, որ մարմնավաճառություն անեի, բայց եթե մարդը չուզենա, թեկուզ աշխարհի ծերը լինի, իրա մարմինը կյանքում չի ծախի: Ես զանգեցի ընկերոջս, ինքը 300 դոլար ուղարկեց, տվեցի Ռուզանենց, անձնագիրս վերցրի եւ գնացի Կարս»:

Նարեի խոսքերով, իրեն բաց են թողել` հաշվի առնելով նաեւ իր տարիքը. «Ընդեղ ավելի ջահելներ կային` 15-17 տարեկան աղջիկներ: Լարիսան էլ էր ջահել, դրա համար նրան պահեցին»: Լարիսան դատարանում դեռեւս չի հարցաքննվել: Ըստ մեղադրական եզրակացության նկարագրական մասի` «Ագապի Ասոյանն ու Գոհար Կիրակոսյանը Թուրքիայում Լարիսային ստանալուց հետո վերցրել են նրա անձնագիրը, ապա Գոհարի ազգությամբ թուրք ամուսնու` ոմն Ալիի հետ, թուրքերին վաճառելու սպառնալիքով, 2004 թ. հունվար-հուլիս ամիսներին Լարիսային ներգրավել են պոռնկության մեջ եւ ամբողջությամբ տիրացել վերջինիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին: Իսկ 2004 թ. հուլիսին 6 ամիս ժամանակով Լարիսային 2000 ԱՄՆ դոլարով վաճառել են Էրզրում քաղաքում բնակվող ոմն Ֆերմանի, որի կողմից մինչեւ 2005 թ. հունվար սեռական շահագործման ենթարկվելուց հետո` Լարիսան Թուրքիայի իշխանությունների կողմից բռնվել եւ արտաքսվել է երկրից»:

«Ամբողջ հարցը նրանում է, որ Գայանե Մելքոնյանի դեմ հարուցված նախորդ քրեական գործում ճիշտ նույն մարդիկ` Նարեն եւ Լարիսան, ներգրավված են եղել որպես վկա, եւ այսօրվա գործի հիմքում հիմնականում դրված են նախորդի նախաքննական ցուցմունքները,- ասում է պաշտպան Աննա Ջուվանովան: – Այն ժամանակ Նարեն եւ Լարիսան իբրեւ վկա չեն դատակոչվել. հարցաքննվել են միայն նախաքննության ժամանակ: Եվ իմ պաշտպանյալը բազմիցս փորձել է նրանց դատարան հրավիրել, բայց դատավորը նրա խնդրանքներն ու միջնորդություններն անտեսել է»:

«Հետքը» ժամանակին անդրադարձել է նաեւ Գայանե Մելքոնյանի քրեական անցյալին: Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում 4 ամիս տեւած դատաքննության ընթացքում որպես տուժող հարցաքննվել է նաեւ Լարիսան (Տես` «Հետք» կայքէջի 2007 թ. փետրվարի 5-ի թողարկումը` Կավատը դատապարտվեց 5 տարի ազատազրկման): Վերջինս պատմել է, որ իր հարեւանուհի Գայանե Մելքոնյանի ծանոթների միջոցով, վարսահարդար աշխատելու պայմանով, մեկնել է Տրապիզոն, որտեղ իրեն դիմավորել է իջեւանցի Գոհար Կիրակոսյանը:

«Գոհարն ասաց, թե այստեղ վարսավիրի մասնագիտությամբ լավ գումար չես աշխատի, եւ ճանապարհածախսի համար տված պարտքը շուտ մարելու համար պետք է մարմնավաճառությամբ զբաղվեմ: Ես հրաժարվեցի, բայց անձնագիրս ձեռքիցս վերցրեցին ու ճնշելով փողոց հանեցին: Մոտ 6 ամիս աշխատեցի, բայց գումարն ամբողջովին Գոհարին էի տալիս: Միայն մի անգամ 100 ԱՄՆ դոլար է տուն ուղարկել: Հետո մայիս, թե հունիս ամիսն էր, ինչքան գիտեմ, 2.000 դոլարով ինձ վաճառեց Ֆերման անունով մի կավատի»,- պատմել է Լարիսան եւ վերջում հայտարարել, թե կոնկրետ Գայանե Մելքոնյանի հանդեպ ոչ մի պահանջ չունի, քանի որ վերջինս իրեն խաբեությամբ չի ուղարկել եւ ոչ էլ այլ աշխատանք է խոստացել:

Հանրային պաշտպան Աննա Ջուվանովան չի բացառում, որ Գայանեին նույն գործով կրկնակի մեղադրելը պայմանավորված է «մեղադրյալներ» չգտնելու հանգամանքով. «Քանի որ նրանք (իրավապահները) չեն կարողանում նոր մարդկանց գտնել եւ թրաֆիքինգով մեղադրել, փորձում են արդեն իսկ դատապարտված անձնանց նորից մեղադրանք առաջադրել:

Ես չգիտեմ ` դա պատվե՞ր է, թե՝ ինչ, կամ նրանք որտե՞ղ են այդ հաշվետվությունները տալիս, համենայնդեպս, նման մտավախություն կա, որ գոնե եղած մարդկանցով նրանք փորձելու են իրենց գործերի քանակն ապահովել»:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter