HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Եթե մեր դեմ հրահրված տեռորը չդադարի, ստիպված դեսպանատներից ապաստան ենք խնդրելու»,- ասում է Հովհաննես Ղազարյանի կինը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի արդեն նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի (մականունը` Գազի Հովո) գերդաստանների միջեւ սկիզբ առած հակամարտությունը, որ ժամանակ առ ժամանակ ուղեկցվել է կրակոցներով, թեւակոխել է նոր փուլ:

«Ոստիկանության աշխատակիցները, երբ մտքներով անցնի, օրվա որ ժամը լինի, առանց փաստաթղթի (վերջին անգամ մի հատ դատարկ բլանկ, սպիտակ թուղթ էին բերել) գալիս են տունը խուզարկելու: Հիմա էլ ասում են` միլպետի (Վահան Մամիկոնյան – հեղ.) հրամանն ենք կատարում. 3 օր ժամանակ է տրված, եթե գոնե մի հատ հետախուզվող չհանձնեք, միլպետին գործից կհանեն,- ասում է Հովհաննես Ղազարյանի կինը` Պայծառ Ներսիսյանը:- Ես որտեղի՞ց իմանամ, թե նրանք ուր են: Ողղակի, եթե արդար պետությունում ապրեինք, ու մեր հետախուզվող անդամներն իմանային, որ գան, կարդարացվեն, կգային: Բայց սաղի վրա 5 տարի են դրել»:

Պայծառ Ներսիսյանի ամուսինը` Հովհաննես Ղազարյանը, նրա երկու որդիները եւ եղբայրը` Կարեն, Վիլեն, Մկրտիչ Ղազարյանները, վարորդը` Աշոտ Սարգսյանը եւ ընկերը` Արայիկ Գաբրիելյանը, մայիսի 20-ից գտնվում են հետախուզման մեջ, ինչպես տիկին Պայծառն է ասում` Հովիկ Աբրահամյանի որդու թիկնապահների հետ վեճի բռնվելու պատճառով: Իրականում այդ «վեճը» եղել է Հովհաննես Ղազարյանի` դրանից մի քանի օր առաջ իր տան վրա կատարված հրազենային հարձակման պատասխանը:

Գազի Հովոն եւ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ժամանակին եղել են մտերիմներ: Պայծառ Ներսիսյանի պատմելով` բանսարկու մարդկանց տարած-բերած ասեկոսեների պատճառով նրանց հարաբերությունները վատացել են: Դրանք ավելի են սրվել հատկապես Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ:

Հովիկ Աբրահամյանը պաշտպանել է այդ ընթացքում գործող համայնքապետ Սուրեն Դավթյանի թեկնածությունը, իսկ Հովհաննես Ղազարյանը` Արմեն Հարությունյանի: Արդյունքում հաղթել է Գազի Հովոյի «թեկնածու» Ա. Հարությունյանը (ներկայիս համայնքապետն է):

Հովհաննես Ղազարյանի բարեկամներից մեկը, խնդրելով չհրապարակել իր անունը, պատմում է, որ այս տարվա ապրիլի 4-ին Հովիկ Աբրահամյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդին` Հովհաննեսը, Արտաշատի հրապարակում մոտեցել է Գազի Հովոյին պատկանող «Էլեգանտ» տաքսի ծառայության վարորդին ու պահանջել տարածքից հեռանալ: «Նա քաշքշել է վարորդին, անպատվել ու սկսել հայհոյել ոչ միայն վարորդին, այլեւ նրա շեֆերին»:

Քիչ հետո դեպքի վայր է ժամանել Վիլենը (Գազի Հովոյի որդին) եւ Ջոնիկի որդու` Հովհաննեսի հետ ունեցած վիճաբանության արդյունքում, ըստ Ղազարյանների բարեկամի, վախեցնելու համար գազային ատրճանակից կրակել օդ: Ավելի ուշ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը մամուլի միջոցով հայտնել էր, թե իր եղբորորդիները «մեքենայով անցնելիս են եղել Արտաշատով, եւ նրանց մեքենայի հետեւից հնչել են կրակոցներ, մեքենան վնասվել է, սկսվել է վեճ, որից հետո իր եղբորորդու կողմնակիցները հրկիզել են «Էլեգանտի» մեքենաները»:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` ապրիլի 4-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Արման Աթանեսյանը, Հայկ Գուլաբյանը, Գեղամ Հակոբյանը, Արման Ղազարյանը եւ ոմն Ռոբերտ «Էլեգանտ» տաքսի ծառայության երկու վարորդներից, առանց բռնություն գործադրելու, վերցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները եւ տեղափոխելով Նուբարաշեն-Լանջազատ ճանապարհի 5-րդ կմ հատվածում գտնվող ձորը` կոտրել են մեքենաների ապակիները, այնուհետեւ այրել դրանք:

Իսկ ոստիկանության երկրորդ հաղորդագրությունը տեղեկացնում էր, որ նույն օրը` ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ անձը ինքնաձիգ հրազենից անկանոն կրակահերթ է արձակել Արթուր Ղազարյանի (Գազի Հովոյի որդին է) տան վրա, ինչի հետեւանքով վնասվել են պատերը, պատուհանների ապակիները եւ մուտքի դուռը: Մամուլը ժամանակին գրել է, որ իրականում ոստիկանությունը հիշյալ հաղորդագրություններն այնպես է ներկայացրել, որպեսզի ընթերցողի համար պարզ չլինի, որ դրանք միմյանց հետ կապ ունեցող, երկու դեպքում էլ Գազի Հովոյի դեմ ուղղված հանցագործություններ են: Այդ պատճառով էլ հաղորդագրություններում խախտվել է դեպքերի ժամանակագրությունը: Իրականում, ըստ մամուլի հրապարակումների, Հովիկ Աբրահամյանի որդու եւ եղբոր տղայի թիկնապահները սկզբում հրկիզել են մեքենաները ու դրանով չբավարարվելով` այնուհետեւ կրակել են Արթուրի տան վրա:

«Իմ որդին, իմ եղբոր որդին Դուբայում են գտնվում, այստեղ չեն: Ուղղակի լրագրողները փորձում են ինչ-որ ձեւ տալ, որպեսզի ավելի հետաքրքիր լինի: Մարդկանց մեջ ինչ-որ ծեծկռտուք է եղել, ոստիկանությունը զբաղվում է, եւ մեղավորները կպատժվեն»,- թերթերից մեկի հարցին ի պատասխան` հայտարարել էր ԱԺ նախագահը:

Սակայն ոստիկանության համար Գազի Հովոյի որդու տան վրա արձակած կրակոցների հեղինակ(ներ)ն այդպես էլ որպես «անհայտ անձ» մնաց: Իսկ մեքենաների հրկիզումների համար ձերբակալվեցին միայն Արման Աթանեսյանը եւ Գեղամ Հակոբյանը: Ավելին, խուզարկությամբ առաջինի բնակարանից հայտնաբերվել էր «Բայկալ» տիպի օդամղիչ ատրճանակ, իսկ Գ. Հակոբյանի բնակարանից` «9 մմ տ/չ 8 փամփուշտ, 1 սվին-դանակ, 1 զրահաբաճկոն եւ 1 հակագազ», բայց վերջիններս անազատության մեջ մնացին ընդամենը մի քանի օր:

Այդ իրադարձություններից 2 շաբաթ անց հիշյալ անձինք դարձյալ հայտնվեցին ոստիկանության հաղորդագրությունում, բայց արդեն տուժողի կարգավիճակում: Ըստ այդմ` «մայիսի 20-ին` 11.30-ի սահմաններում, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի տնօրեն, 1959 թ. ծնված Հովհաննես Ղազարյանը եւ նրա եղբայրը` 1973 թ. ծնված Մկրտիչ Ղազարյանը, մի քանի անձանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 10 րոպե հայհոյել ու ծեծի են ենթարկել Ա. Ավագյանին, Հայկ Գուլաբյանին, Արման Ղազարյանին, Գեղամ Հակոբյանին, Ռ. Սարգսյանին (ըստ երեւույթին, մեքենաները հրկիզողներից «ոմն Ռոբերտն է») եւ Արման Աթանեսյանին, այնուհետեւ դիմել են փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»:

«Նրանք մեքենայով դատարանի մոտով անցնելիս են եղել, այդ անձինք` Հովիկ Աբրահամյանի որդու թիկնապահները, սկսել են ռեպլիկներ արձակել ու հայհոյանքներ տեղալ նրանց հասցեին: Վիճաբանություն ու քաշքշուք է սկսվել, եւ Հովհաննես Ղազարյանը գուցե մեկին ապտակել է»,- մանրամասնում է վերջինիս բարեկամը:

«Խուլիգանության հոդված են դրել, բայց ի՞նչ է, միակողմանի խուլիգանություն է լինու՞մ: Ինչո՞ւ նրանցից ոչ մեկին չեն մեղադրում, թե՞ այդ վիճաբանության ժամանակ նրանք չեն հայհոյել կամ չեն քաշքշել,- տարակուսում է պայծառ Ներսիսյանը:- Այդ ժամանակ փոքր որդիս` Արթուրը, Հայաստանում չէր, 3 ամիս առաջ է եկել: Սկզբում նրան մի քանի անգամ նորմալ կանչել են ոստիկանություն, եւ նա հլու-հնազանդ գնացել է: Բայց մի քանի օր առաջ շատ կոպիտ ձեով կտրել են նրա ճանապարհն ու տարել ոստիկանություն, իսկ հաջորդ օրը նույն ձեւով տարել են ու ժամեր շարունակ պահել ճաղավանդակների ետեւում, ոնց որ հանցագործի: Բայց ինչի՞ համար, ինքն ի՞նչ գիտի նրանց (հետախուզվողների) տեղը, ասել են` մինչեւ չգան, քեզ բաց չենք թողնելու»:

Պայծառ Ներսիսյանը պատմում է, որ ոստիկանները, մեքենաների բեռնախցիկները ստուգելու պատրվակով, ավելի քան մեկ շաբաթ է` փակել են նաեւ իրենց ընտանիքին պատկանող գազալցակայանի միակ ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որպեսզի նույնիսկ իրենց տաքսի ծառայության մեքենաները գազ լիցքավորեն: «Սկզբում մեր տաքսիները տարել էին ոստիկանության վարչության հրապարակ ու էդ ձեւով չէին թողնում, որ սերվիսն աշխատեր: Հիմա էլ վարորդներին արգելում են քաղաքում որեւէ տեղ մեքենա կայանել, ասում են` քշի գնա: Ամբողջ օրը տաքսիների ետեւից ընկած են, ոչ էլ տաքսի սերվիսն է աշխատում: Ամեն ինչ անում են, որ մեզ սնանկացնեն, ունեզրկեն, էդ ա իրենց նպատակը»,- ասում է տիկին Պայծառը:

Վերջինիս պատմելով` ԱԺ նախագահի որդին եւ եղբոր տղան` Արգամը եւ Հովհաննեսը, քաղաքով մեկ բացահայտ գլխագին են խոստանում իր որդու` Արթուրի համար. «Հսկայական գումարի մասին է խոսքը (կես միլիոն դոլար): Որտեղի՞ց նրանց այդքան գումար, եթե Հովիկ Աբրահամյանը չգիտի այդ ամենի մասին: Եթե չգիտի ու չի կարողանում կառավարել իր տղաներին, ինչպե՞ս է ղեկավարում ամբողջ Ազգային ժողովը»,- ասում է Պ. Ներսիսյանը եւ զարմանում, թե ինչպես են Հանրապետության նախագահն ու կառավարությունը հանդուրժում «այս տեռորն» այն դեպքում, երբ Հովհաննես Ղազարյանը տարիներ շարունակ աշխատել է նրանց համար, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ ամեն ինչ արել է, որպեսզի ընտրվի Սերժ Սարգսյանը:

«Սկզբում, ճիշտն ասած, մտածում էի` թող ոչ ոք չխառնվի, վերջապես Հայաստանում ենք ապրում` մի մարզում, երեւի ինչ-որ մի ձեւով կխաղաղվի, կանցնի-կգնա: Բայց տեսնում ենք, որ ոչ մի բան հնարավոր չէ. ամբողջ օրը միլիցիոներները մեր հոգին ուտում են, չհաշված այն, որ բոլոր նրանք, ովքեր մեզ բարեւ են տալիս, դարձյալ ենթարկվում են բնակարանային խուզարկությունների ու հայտնվում ոստիկանությունում: Հիմա բոլորին բողոք եմ գրել` գլխավոր դատախազին, նախագահին, ՄԱԿ-ի գրասենյակին, Եվրախորհրդին: Եթե մեր դեմ հրահրված այս տեռորը չդադարի, ստիպված դեսպանատներից ապաստան ենք խնդրելու»,- ասում է Պայծառ Ներսիսյանը:

Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter