HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սրանցից պրծում չկա

Ասում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի արդեն նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի (մականունը` Գազի Հովո) կինը` Պայծառ Ներսիսյանը` նկատի ունենալով Արտաշատի ոստիկանությանը: «Հետքն» արդեն ծանոթացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Հովհաննես Գազարյանի գերդաստանների միջև սկիզբ առած հակամարտության մանրամասներին, որին «խառնվել» է նաև ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ երբեմնի մտերիմներ Գազի Հովոյի և ԱԺ խոսնակի «ջրերը մի առվով սկսել են չհոսել» հատկապես Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի ընտրություններից հետո:

Հովիկ Աբրահամյանը պաշտպանել է այդ ընթացքում գործող համայնքապետ Սուրեն Դավթյանի, իսկ Հովհաննես Ղազարյանը` Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Բայց ընտրություններում հաղթել է ոչ թե հանրապետական Ս. Դավթյանը, այլ Գազի Հովոյի անկուսակցական «թեկնածուն» Ա. Հարությունյանը (ներկայիս համայնքապետն է):

Այնուհետև տարբեր պատճառներով երկու կողմերի միջև ծայր առած լարվածությունը ստացել է նորանոր դրսևորումներ` ժամանակ առ ժամանակ ուղեկցվելով կրակոցներով: Արդյունքում Հովհաննես Ղազարյանը, նրա երկու որդիները, եղբայրը, վարորդը և ընկերը մայիսի 20-ից գտնվում են հետախուզման մեջ:

Ոստիկանությունն էլ ժամանակ առ ժամանակ Գազի Հովոյի հարազատների բնակարանները ենթարկում է խուզարկությունների, իրականացնում «բերման ենթարկելու օպերացիաներ», փակում Գազի Հովոյին պատկանող գազալցակայանի ճանապարհը և խոչընդոտում նրա տաքսի ծառայության` «Էլեգանտի» աշխատանքներին:

«Մինչև այսօր չեն թողնում, որ մեր տաքսի ծառայության մեքենաները քաղաքի որևէ հատվածում կայանեն: Ասում են` գնացեք ձեր սերվիսի մոտ կանգնեք: Նույնիսկ վարորդները, ինչ-որ բան գնելու համար, չեն կարողանում խանութի մոտ կանգնել. արգելում են»,- բողոքում է Պայծառ Ներսիսյանը:

«Ասվածն իրականությանը չի համապատասխանում: Նշանակություն չունի, թե որ տաքսի ծառայության մեքենան է, եթե որևէ տաքսի կայանում է ոչ թույլատրելի վայրում ու խոչընդոտում երթևեկությանը, վարորդին խնդրում են կայանել համապատասխան, տաքսիների համար թույլատրելի վայրերում»,- պարզաբանում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մինչդեռ Պ. Ներսիսյանը նշում է, որ, օրինակ, երեկ, երբ ոստիկանները «քշել» են «Էլեգանտի» տաքսիներին, ճիշտ նույն պահին «չեն նկատել» հարևանությամբ կանգնած մեկ այլ տաքսի ծառայության` «Մարինկայի» ավտոմեքենաները:

«Ես նույնիսկ դա լուսանկարել եմ, թող ճիշտն ասեն: Շատ դեպքերում հասարակ ոստիկանները վարորդներին անկեղծ ասում են, որ ուղղակի հրաման են կատարում: Սա հատուկ մեր ընտանիքի դեմ ուղղված «միջոցառում» է, ուրիշ ոչ մի բան»,- ասում է Գազի Հովոյի կինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter