HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

5 գեղարքունիքցի պնդում է, որ ենթարկվել է աշխատանքային թրաֆիկինգի

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 5 բնակիչներ դիմում են գրել նախագահ Սերժ Սարգսյանին` բողոքելով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Սուրեն Մեժլումյանից: Նրանք «կասկածներ ունեն», որ քննիչը, լինելով «կաշառված», իրենց` «թրաֆիքինգի ենթարկվածների» գործին «ճիշտ ընթացք չի տալիս»:

«Քննիչը 7 ամիս շարունակ մեզ քննեց, թե ֆինանսապես (մարզից Երեւան գնալ-գալու ճանապարհածախսը), թե հոգեպես տանջեց, հետո էլ ասում է` գնացեք ուրիշ տեղ բողոքեք, ես ձեզ չեմ կարող օգնել»,- գրել են դիմումատուները:
Պատմում է 41-ամյա Նվերը. «2007 թ. Վոլոդյա Մելոյանն ինձ ու Մհերին առաջարկեց մեկնել Ռուսաստանի Ալթայի երկրամաս` իր մոտ աշխատելու: Գնացինք, շինարարության վրա աշխատեցինք, բայց 1 ամիս 10 օրվա աշխատավարձ մեզ պարտք մնաց` ամենքիս 700-ական դոլար: Հաջորդ տարի նորից եկավ եւ առաջարկեց արդեն ամսական 1000 դոլարով կրկին մեկնել աշխատելու, խոստացավ, որ նախորդ տարվա պարտքն էլ կվճարի: Բոլոր ծախսերը` գնալ-գալու փողը, ուտել-խմելը, քնել-զարթնելը, ամեն ինչ իր վրա էր»:
«Համաձայնվեցինք ու 2008 թ. ապրիլին գնացինք` 14 հոգով: Սնունդն էդքան էլ նորմալ չէր, բայց դե, ոչինչ, հարմարվել էինք ու մեր ընտանիքների խաթեր դիմացել»,- շարունակում է 48-ամյա Մհերը:

«Եղբորս ջահել տղաներն էլ էին մեր հետ: Նրանց 2-ին ու Էդգարին ընենց ծեծեց, որ եղբորս տղաները փախան ուրիշ տեղ աշխատելու եւ մինչեւ հիմա չեն եկել. Ռուսաստանում են,- հավելում է 59-ամյա Սարգիսը:- Հենց սկզբից Վոլոդյան բոլորիս անձնագրերը հավաքեց, իբր գրանցելու համար, ու պահեց իր մոտ: Իսկ առանց դակումենտ ո՞ւր պետք է գնայինք: Հետո, աչքներս էդ 3 ջահելի ծեծից վախեցել էր»:

«Հետքը» զրուցեց նաեւ Վոլոդյա Մելոյանի կողմից ծեծի ենթարկված Էդգարի հետ: Սակայն վերջինս հրաժարվեց մանրամասները պատմելուց: Միայն նշեց, որ Վ. Մելոյանի մոտ աշխատել է հոր հետ, վերջինս նրանց ընդհանրապես գումար, նույնիսկ վերադարձի տոմս չի տվել եւ, ընդահուր առմամբ, իրենց պարտք է մնացել 11 հազար ԱՄՆ դոլար: «Ի՞նչ պատմեմ, մեկ ա, ոչ մի բան չի փոխվելու: Եթե ինչ-որ բան փոխվելու լիներ, էս 7 ամսվա ընթացքում կփոխվեր»,- ասաց Էդգարը:

Բողոք ներկայացրած անձինք պատմում են, որ արտագնա աշխատանքի ընթացքում Մելոյանն առաջին անգամ յուրաքանչյուրի ընտանիքին 1000-ական, երկրորդ անգամ` 700-ական դոլար է ուղարկել, մեկ էլ ընթացիկ ծախսերի համար ամենքին «քիչ-միչ ռուբլի է տվել»:

«Հենց ասում էինք` ոչ տուն ես փող ուղարկում, ոչ էլ մեզ ես տալիս, ասում էր` սեզոնի վերջում կտամ: Բայց 6 ամիս 10 օր հետո մեզ տարավ ավտոկայան, ինքնաթիռի տոմսերը տվեց ու անկոպեկ ուղարկեց տուն: Մենակ Նվերին էր 10 հազար ռուբլի տվել, էն էլ օդանավակայանում ամբողջովին շտրաֆ մուծեցինք. ամենքիս 2100 ռուբլի տուգանեցին գրանցում չունենալու համար»,- ավելացնում է Հակոբը: Բողոքավորների ասելով` Վոլոդյա Մելոյանը, միասին վերցրած, իրենց պարտք է 25 հազար 200 ԱՄՆ դոլար. մեկին` 3200, մյուսին` 4300 եւ այլն:
«Անձամբ ինձ ասաց, որ կգա Հայաստան ու պարտքերը «ռասչոտ» կանի: Եկել եմ, 4 ամիս հետո Վոլոդյան վերադարձավ տղային ամուսնացնելու: Գնացի մոտը, բա` քեզ 3200 դոլար չեմ տալու, անորակ ես աշխատել: Բայց Ռուսաստանում ինքը մեզնից որեւէ մեկին չի ասել, թե վատ ես աշխատում կամ արածդ գործը բռակ է: Ինչո՞ւ է եկել Հայաստան ու նոր հիշել: Կամ եթե մեր գործը բռակ էր, թող տուն գումար ընդհանրապես չուղարկեր»,- տարակուսում է Նվերը:

Վերջինիս պատմելով` ստիպված դիմել են ոստիկանություն, սակայն Գեղարքունիքի մարզի ոստիկանապետն ասել է, թե ոչինչ չեն կարող անել, քանի որ Վոլոդյա Մելոյանը ՌԴ քաղաքացի է:

«Դիմեցինք Երեւան` 6-րդ վարչություն: Անմիջապես Վոլոդյային ու նրա տղաներին ձերբակալեցին: Հետո գործը փոխանցեցին Քննչական գլխավոր վարչություն: Այստեղ մեզ նորից քննեցին ու բերին հասցրին էս օրվան»,- ասում է Սարգիսը:
Վ. Մելոյանը կալանավորվել է, իսկ նրա որդիների` Սիմակի եւ Սեւակի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «Ստորագրություն չհեռանալու մասին» որոշումը: Ավելի ուշ Վոլոդյան, առողջական խնդիրների պատճառով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», այնուհետեւ ստորագրությամբ ազատ արձակվել:

«Վոլոդյայի տղեն նորից գնաց Ռուսաստան, ընդեղ ինչ-որ մարդկանց գտավ, նույնիսկ իրանց ծանոթին, որ մեր կամ մեր արած գործի հետ ոչ մի կապ չի ունեցել, դարձրին օբյեկտի տեր ու վկայություններ են հավաքել, թե իբր մեր գործը թերություններով է եղել: Բայց էդ վկաներին մենք նույնիսկ չենք էլ ճանաչում, եսիմ ովքե՞ր են: Դրանց ցուցմունքով բռնել գործը կարճել են»,- ասում է Նվերը:

Ինքը` Վ. Մելոյանը, ցուցմունք է տվել, որ ՌԴ Ալթայի մարզում հիմնել է «Սիբիր» ՍՊԸ-ն, որն իրականացրել է շինարարական աշխատանքներ: 2008-ի գարնանը հիշյալ 14 անձանց տեղափոխել է ՌԴ` խոստանալով որակյալ, նորմալ աշխատելու դեպքում արհեստավորներին ամսական վճարել 800-ական, իսկ բանվորներին` 400-ական ԱՄՆ դոլար աշխատավարձ:

Սակայն աշխատանքի ընթացքում պարզվել է, որ նրանց մեծ մասն արհեստավարժ չէ, ինչի պատճառով աշխատանքներն անորակ են կատարվել, եւ ինքը չի կարողացել պայմանագրով նախատեսված ժամկետներում պատվերներն ավարտել եւ ստանալ պայմանավորված գումարը: Նա նշել է, որ աշխատողներից յուրաքանչյուրին վճարել է կատարած աշխատանքին համարժեք:

«Մենք Գլխավոր դատախազության միջոցով քննչական հարցում ենք ուղարկել ՌԴ իրավապահներին: Ընդ որում` խնդրել ենք հարցաքննել այն անձանց, որոնց ոչ թե Վոլոդյա Մելոյանը, այլ հենց տուժողներն են մատնանշել: Հիմնականում հենվել ենք այն օբյեկտների տերերի ցուցմունքների վրա, որտեղ իրականացվել են շինաշխատանքներ. այսինչ գյուղի պոլիկլինիկայի տնօրեն, այնինչ համայնքի խանութի սեփականատեր… Բոլորը պնդել են նույն բանը. այդ մարդիկ (տուժողները) նորմալ չեն աշխատել»,- պարզաբանում է քննիչ Սուրեն Մեժլումյանը:

Ըստ նրա` ռուս իրավապահները հարցաքննել են նաեւ այն հանձնաժողովի անդամներին ու նախագահին, որը չի ընդունել տուժողների կատարած աշխատանքները` անորակ լինելու պատճառով: «Ավելին` ցուցմունք են տվել մարդիկ, որոնց Մելոյանը վարձել է տուժողների աշխատանքների թերությունները շտկելու համար: Այդ արհեստավորները վկայել են, որ Մելոյանը կրկնակի ծախս է արել. իրենց գումար է տվել, նորից շինանյութ է գնել: Նման պայմաններում բնական է, որ գործատուն, թեկուզ եւ 1000 դոլար աշխատավարձ խոստացած լիներ, պետք է չվճարեր»,- ասում է Ս. Մեժլումյանը:

Ինչ վերաբերում է Վ. Մելոյանի ծանոթի ցուցմունքներին, ապա, ըստ քննիչի, այն քրեական գործը կարճելու որոշման մեջ ներառված չէ: «Մի օր զանգեցինք քննիչին, ասացինք` գնում ենք ուրիշ տեղ բողոքենք: Բա` ըտենց բան չանեք, համբերեք` 50-50-ով մոտակա օրերին կլինի: Այսինքն` Վոլոդյայից մեր փողի կեսը պիտի վերցնեին ու տային մեզ: Բայց էդ էլ չարեցին»,- բողոքում է Հայկը:

«Ես ո՞նց կարող էի նման բան ասել. բացարձակ սուտ է: Ինձ որ միշտ հարցնում էին` վերջն ի՞նչ է լինելու, ասում էի` ապացույցների գնահատման հարց է` 50-50: Այսինքն` մի կողմից իրենց, մյուս կողմից` երկրորդ կողմի ապացույցներն են: Մենք չենք կարող միակողմանիորեն առաջնորդվել եւ որոշ մարդկանց ցուցմունքները հիմք ընդունել, մյուսներինը` ոչ,- ասում է քննիչ Մեժլումյանը:- Հետո` նույն բրիգադում աշխատած մարդիկ կան (14-ից 6-ը), որ ասում են` ամեն ինչ նորմալ է եղել, թե սնունդը, թե պայմանները, ինչքան գումար որ պայմանավորվել են, այդքան էլ ստացել են: Մյուսն էլ ասում է, որ Վոլոդյան գումարի մի մասը տվել է, մյուս մասն էլ խոստացել է, որ կվճարի, քանի որ աշխատանքների համար դեռ գումար չի ստացել: Իսկ դա քննությամբ հաստատվել է»:

Քննիչի պարզաբանմամբ` «բողոքավորներին» սուտ մատնության համար մեղադրանք չեն առաջադրել, քանի որ վերջիններիս ընկալմամբ իրենք, իրոք, ենթարկվել են աշխատանքային թրաֆիքինգի, «ինչն իրականում այդպես չէ: Դրա համար էլ գործը կարճվել է ապացույցների անբավարարության հիմքով»:
Իսկ ահա ծեծի մասով Վոլոդյա Մելոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է, սակայն ԱԺ հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն` քրեական հետապնդումը դադարեցվել է: «Իրենք ասում են, որ սննդի վերաբերյալ բողոքելու պատճառով է Վոլոդյան ծեծել այդ տղաներին: Բայց գործով հիմնավորվել է, որ իրականում ծեծը եղել է կենցաղային հողի վրա»,- նշում է քննիչը:

«Ամեն ինչ արեցին, որ Վոլոդյային չպատժեն: Մեզ պետք չի, որ իրան դատեն, թող մեր փողը վերցնեն. չենք կարում տունը պահենք,- ասում է Սարգիսը:- Անընդհատ կբողոքեմ, ամեն տեղ նամակներ կգրեմ: Ոչ մի բանից չեմ վախենում. ինձ հատուկ այս բանի համար կվնասեմ»:

«Ուղղակի պետք է բնակչության շրջանում աշխատանք տարվի, որ արտագնա աշխատանքի մեկնողները պարտադիր կնքեն աշխատանքային պայմանագիր: Նման դեպքում այսպիսի պրոբլեմներ չեն լինի»,- եզրափակում է քննիչ Սուրեն Մեժլումյանը:

Հ. Գ. Գործով տուժողների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter