HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փախուստը բանտից դառնում է սովորույթ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Իսկ նրա վերադասը` Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը ոչ ինքն է պաշտոնից հրաժարվել, ոչ էլ արդարադատության նախարարն է պատրաստվում նրան պաշտոնանկ անել: Այս մասին «Հետքին» ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը:

Վերջին 8 ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներից դեռեւս «անվերադարձ» փախուստի են դիմել 3 դատապարտյալներ:
Այս տարվա ապրիլի 1-ին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (ԿԳԲ-ի պադվալից) փախուստի դիմեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի դեմ մահափորձ իրականացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Արշակ Աղաբաբյանը: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ ՔԿՀ-ի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը մեղադրվեց «լիազորությունների սահմանն անցնելու» մեջ:

Երկրորդ փախուսը գրանցվեց օրեր առաջ` նոյեմբերի 27-ին, այս անգամ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչով էլ պայմանավորված է հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի հրաժարականը: Բացի այդ, նախորդ օրը նույն հիմնարկի հետ կապված մամուլում հրապարակվել էր աղմկահարույց մի լուսանկար:
Լուսանկարում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում սուրճի սեղանի շուրջ նստած էին «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներ Դերենիկ Բեջանյանը եւ Էդիկ Գրիգորյանը, «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին եւ «Ազատամտություն» թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը:

Ինչպես են տարբեր խցերում պահվող դատապարտյալները հայտնվել միեւնույն խցում: Հենց այս հարցին պատասխան տալու համար էլ արդարադատության նախարարը նշանակել է ծառայողական քննություն, ինչը, սակայն, դեռեւս արդյունք չի տվել: Փոխարենն արդեն հայտնի են «Նուբարաշենի» գաղութում գրանցված փախուստի մեղավորները: Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել քրեակատարողական հիմնարկի անվտանգության երեք աշխատակցի` Վանիկ Հարությունյանին, Արա Աթաբեկյանին եւ Աղասի Սմբատյանին: Նրանք մեղադրվում են «Պաշտոնեական անփութության» համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»:
«Ծանր հետեւանքն» այն է, որ նոյեմբերի 27-ին «Նուբարաշենից» փախել են ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը: Նրանք տեղահան են արել գաղութի զբոսահրապարակի տանիքի ճաղավանդակը` պարանի միջոցով անցնելով ահազանգման համակարգի ու արտաքին քողարկող պատի վրայով:

Մհեր Ենոքյան-Սողոմոն Քոչարյան զույգը 5 տարի առաջ` 2004 թ. դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, փախել էր նաեւ «Գորիս» քրեակատարողական հիմնարկից, բայց մոտ մեկ ամիս անց իրավապահները նրանց հայտնաբերել էին ու տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այն ժամանակ բանտախցում փախուստից հետո ՔԿՀ-ի տեսուչները գործիքներ էին գտել, իսկ Մհերի ու Սողոմոնի տեղը` մանեկեններ:

Ավելի ուշ դատարանում Ենոքյանն ու Քոչարյանը պատմել էին, որ զբոսանքի ժամանակ փոքր երկաթի կտոր էին գտել եւ 10 օր շարունակ աշխատելով խցում` պատը քանդելով փախուստի ճանապարհ բացել: Նրանք հայտարարել էին, որ թեեւ բռնվել են, սակայն փախուստի փորձը հաջողված են համարում, քանի որ երբեք չեն ընդունել իրենց մեղսագրվող արարքը, ուստի, դիմելով փախուստի, ուշադրություն են հրավիրել իրենց գործերի վերանայման վրա:

Դատարանը 2005-ի հունիսին այս երկու ցմահ դատապարտյալներին ազատազրկել էր եւս 7 տարով, ինչը նշանակում է, որ եթե երբեւէ նրանց գործը վերանայվի, հաշվի կառնվի նաեւ փախուստի համար տրված պատժամիջոցը:
«Իմ կատարած փախուստով փորձել եմ ապացուցել, որ ցմահ դատապարտյալը վայրենի չէ եւ կարող է իր տեղն ունենալ առողջ հասարակության մեջ: Փախուստից հետո իմ ազատության մեջ գտնվելու 36 օրերի ընթացքում որեւէ քաղաքացի չի տուժել, որեւէ վնաս չեմ հասցրել անգամ ինձ մահապատժի դատապարտած դատավորին, քննիչներին, որոնք ծեծի ու սպառնալիքների միջոցով ինձնից ցուցմունք են կորզել՚,- հայտարարել էր Սողոմոնը:

1966 թ. ծնված Սողոմոն Քոչարյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին նա դատապարտվել է մահապատժի` 1995 թ. Երեւան-Կապան մայրուղու վրա Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու սպանելու, վերջինիս մեքենային եւ գույքին տիրանալու համար: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներման հրամանագրով Սողոմոնը, մահապատժի դատապարտված 42 բանտարկյալների հետ, «արժանացել» է ցմահ ազատազրկման:

Նույն կերպ` մահապատիժը ցմահ ազատազրկմամբ է փոխարինվել նաեւ Մհեր Ենոքյանի դեպքում: ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի կոլեգիան բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին` 20-ամյա Մհերին, 1996 թ. կատարած սպանության համար դատապարտել էր մահապատժի:

Մհերը բժիշկների ընտանիքից է, նախկինում դատված չի եղել, բնութագրվել է դրական: Ըստ հաստատված դատավճռի` Մհեր Ենոքյանը դասընկերոջը` իր դասախոս Աղաջանովի որդուն` Իոսիֆին, տարել է մյուս ընկերոջ` Արամենց բարձրահարկ շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարան, «ռազվադնոյ կլյուչով» հարվածներ է հասցրել գլխին, ապա բռնել է նրա ոտքերը ու կարգադրել Արամին, որ դանակով հարվածի վերջինիս պարանոցին: Այնուհետեւ նրանք դիակը դրել են մեծ պայուսակի մեջ, փորձել տնից հանել, սակայն մտափոխվել են, կատարվածի մասին պատմել իրենց ծնողներին ու ներկայացել ոստիկանություն:

Բայց դատարանն ապացուցված է համարել, որ Մհերը նախապես ծրագրել է առեւանգել ու սպանել «մեծահարուստ» դասախոսի որդուն, իսկ հետո դիակը ստանալու համար ծնողներից պահանջել փրկագին` 20 հազար ԱՄՆ դոլար: Այս վարկածը բացառապես հիմնված է Մհերի հանցակից ընկերոջ` 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի ցուցմունքների վրա: Դեռ տարիներ առաջ մամուլն այս գործով առաջ է քաշել անպատասխան մնացած մի շարք հարցեր:

Մասնավորապես` ինչու է նման «կանխամտածված» սպանությունը կատարվել Արամ Հարությունյանի բնակարանում, երբ տանը եղել է նաեւ վերջինիս անչափահաս քույրը, որին քննիչը չի հարցաքննել:
Ինչու պետք է որպես զոհ ընտրվեր դասախոսի որդին, որն առանձնապես մեծահարուստ չէր: Եթե հանցագործության դրդապատճառը գումարն էր, ինչու դիակի վրայից չէին հանվել ոսկե մեծ խաչը, շղթան, գրպանի փողերը: Որտեղ է պայուսակը, որի մեջ տեղափոխել են դիակը: Ինչու պետք է սպանությունից հետո այդ մասին տղաները հայտնեին իրենց հարազատներին եւ ինչու չեն զանգել սպանվածի հորը` փրկագինը պահանջելու: Ինչով են բացատրվում Ենոքյանի ձեռքերի վնասվածքները (փորձել է դանակը խլել): Եվ, վերջապես, ինչու է դատարանը մեղադրյալներից մեկի (Արամի) ցուցմունքները համարել արժանահավատ, մյուսինը (Մհերինը)` ոչ:

Ինքը` Մհեր Ենոքյանը, պատմել է, որ վեճ է ծագել Արամի եւ Իոսիֆի միջեւ, լավ մարզված Իոսիֆը սեղանից վերցրել է դանակը ու փորձել հարվածել Արամին: Սակայն ինքը նրանց անջատելու համար ձեռքն ընկած «կլյուչով» հարվածել է նրա մեջքին, առաջացել է քաշքշուկ, ապա Արամն անցել է հարձակման` հարվածել նախ «կլյուչով», հետո` դանակով: Ինքը փորձել է օգնություն ցույց տալ ընկերոջը, նույնիսկ արհեստական շնչառություն է տվել (մատների վրա մնացել է ատամների հետքը), սակայն վերջինս մահացել է: Մհերը հայտարարել է, որ ինքը չի սպանել ընկերոջը, բայց մեղավոր է, քանի որ չի կարողացել կանխել այդ ամենը: Ենոքյանի հարազատները տարիներ շարունակ դիմել են տարբեր ատյաններ` խնդրելով վերանայել գործը եւ կատարել կրկնակի քննություն, սակայն արդյունքի չեն հասել:

«Երբ սպանությունից հետո ոճրագործի հետ (նկատի է ունեցել Արամ Հարությունյանին) ներկայացել եմ ոստիկանություն, դատարանն իմ ինքնակամ հանձնվելը հաշվի չի առել: Այդ պատճառով էլ փախուստից հետո մտքովս չի անցել, որ եթե հանձնվեմ ոստիկանությանը, իմ գործը կվերանայեն ու արդարացի վճիռ կկայացնեն»,- 2004-ի փախուստից հետո հայտարարել է Մհերը:

Հ. Գ. Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» փոխանցեցին, որ առայժմ տեղեկություններ չունեն, թե որտեղ են գտնվում Ենոքյանն ու Քոչարյանը: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter