HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

7 տարի դատարաններում

Տարեց կինը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները

Սոցիալական ծանր պայմաններում ապրող Էմմա Կարապետյանը 18 տարի է` ոստիկանության հետ «կռիվ է տալիս»: Վերջին 7 տարում այդ հակամարտությունը շրջում է դատական ատյաններում: Բայց այդպել էլ որեւէ բան չի փոխվում. տարեց կինը նույնիսկ չի կարողանում ստանալ տարիներով չվճարված իր աշխատավարձը:

Ներքին գործերի նախարարության ՕՎԻՐ-ի ավագ տեսուչ Էմմա Կարապետյանը 1991թ. զբաղեցրած պաշտոնից ազատվել է՝ «քաղաքացիների դիմում-բողոքների պատճառով»: Անբասիր ծառայության համար խրախուսանքներ եւ պարգեւներ ստացած Է. Կարապետյանի խոսքերով՝ իրականում նման բողոքներ չեն եղել, իսկ եթե լինեին էլ, դրանք կարող էին հիմք դառնալ ոչ թե աշխատանքից հեռացման, այլ նկատողության կամ խիստ նկատողության համար:

Ժամանակին դատախազությունը Կարապետյանի աշխատանքից ազատումը համարել է անօրինական, եւ ՆԳ նախարարությունը գրավոր պարտավորվել է վերջինիս ապահովել հավասարազոր պաշտոնով: Սակայն 7 տարի, որպես պահեստային աշխատող, նա մնացել է կադրերի վարչության տրամադրության տակ: Ի վերջո, 1998 թ. Տիկին Էմման նշանակվել է աշխատանքի` Արմավիրի հրշեջ մասում, բայց, ինչպես նա է ասում, ո´չ իր կարծիքն են հաշվի առել, ո´չ էլ առաջարկվող պաշտոնն է համազոր եղել նախկինին:

Նույն թվականին նա վերջնականապես համակարգից հեռացվել է ու 3 տարվա դիմում-բողոքներից հետո, ի վերջո, ստացել հեռացման հրամանը: 2002 թ. Է. Կարապետյանը դիմել է դատարան` պահանջելով իրեն աշխատանքի վերականգնել ՆԳ համակարգում եւ փոխհատուցել հարկադիր պարապուրդի հասցրած նյութական ու բարոյական վնասը:

«Ես 7 տարի գտնվել եմ կադրերի տրամադրության տակ եւ, օրենքի համաձայն, այդ ընթացքում պետք է ստանայի աշխատավարձ՝ նախկին աշխատավարձի միջինի չափով»,- մանրամասնում է Օվիրի նախկին տեսուչը:

Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է: Դատավճիռն անփոփոխ են թողել նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները: Ընդ որում` Վերաքննիչ դատարանը 2003 թ. բողոքը քննել է դատավոր Աստղիկ Խառատյանի նախագահությամբ:

Մոտ 1 տարի առաջ Էմմա Կարապետյանը կրկին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` խնդրելով վերանայել գործը նոր երեւան եկած հանգամանքներով:

«Բանն այն է, որ ոստիկանությունն ինձ աշխատանքից հեռացնելու հրամանը հիմնավորել է «ՆԳՆ շարքային եւ հրամանատարական կազմի ծառայության մասին» կանոնադրության 1-ին գլխի 5-րդ հոդվածով, որտեղ ՆԳ մարմիններում աշխատող շարքային եւ կրտսեր անձնակազմի կանանց համար սահմանային տարիքը համարվում է 45-ը: Բայց իմ նկատմամբ պետք է կիրառվեր 8-րդ եւ 9-րդ հոդվածը, քանի որ ես ոչ թե շարքային եմ, այլ կապիտան: Իսկ այս դեպքում թոշակի անցնելու սահմանային տարիքը համարվում է 50 տարեկանը»,- պարզաբանում է տիկին Էմման:

Այս «փոքրիկ թվաբանության» պատճառով տիկին Էմման ստանում է ընդամենը 20 հազար դրամ թոշակ: Մինչդեռ այն մի քանի հազարով ավելի պետք է լիներ, ինչն օրվա հացի խնդիր լուծող կնոջ համար ունի էական նշանակություն:

Նոր հանգամանքներով ներկայացրած նրա հայցի քննությունն արդեն այս տարի ընդդատության կարգով փոխանցվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

«Գործը քննող 3 դատավորների կազմում էր նաեւ Աստղիկ Խառատյանը, նույն անձը, ով 2003-ին, կատարելով ոստիկանության պատվերը, իմ նկատմամբ կիրառել էր «շարքայինի» օրենքը: Ես բացարկ հայտնեցի նրան` նշելով, որ ինքն այն ժամանակ կատարել է ապօրինություն, եւ իրավունք չունի կրկնակի անգամ գործը քննել: Նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանը պահանջեց, որ տեքստից հանեմ այդ հատվածը: Նա ուղղակի բղավում էր, սպառնում, որ կենթարկվեմ քրեական պատասխանատվության»,- հիշում է Էմմա Կարապետյանը:

Ռուսախոս կինը պատմում է, որ, այնուամենայնիվ, շարունակել է ընթերցել դատարանի կազմին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն Աստղիկ Խառատյանի թելադրանքով` նիստը նախագահող դատավոր Չիլինգարյանը թարգմանչին արգելել է միջնորդությունը թարգմանել:

«Հաջորդ նիստին` սեպտեմբերի 29-ին, դատարանին նորից բացարկ հայտնեցի` նախորդ նիստի ժամանակ ինձ ահաբելելու ու մտքերս ազատ արտահայտելու հնարավորությունից զրկելու համար: Դատարանը պարզապես թույլ չէր չվել, որ միջնորդությունս հայերենով հնչի, իսկ Հայաստանում, ըստ օրենքի, դատական լեզուն հայերենն է,- ասում է Էմմա Կարապետյանը: – Միջնորդությունս էլի մերժեցին` ասելով, որ նույն հիմքով եմ ներկայացրել, ինչ-որ նախորդը: Բայց նախորդ միջնորդությունս Աստղիկ Խառատյանի անօրինականությունների մասով էր, այս մեկը` դատարանի կողմից ինձ ահաբելեկու»:

Ըստ Է. Կարապետյանի` ինքը զարմացած հարցրել է, թե ինչ կապ կա այդ երկու միջնորդությունների միջև, ինչին ի պատասխան` դատավոր Կ. Չիլինգարյանը հայտարարել է, թե ինքը խոչընդոտում է դատավարությանը ու նրան հեռացրել է նիստերի դահլիճից:

«Մի քանի օր անց` հոկտեմբերի 5-ին, դատարանը նիստ է նշանակել ու որոշում կայացրել իմ հայցը մերժել: Բայց այդ նիստի մասին ես տեղյակ չեմ եղել, ինձ ծանուցագիր չեն ուղարկել, և ուղղակի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է, որ իմ բացակայությամբ որոշում են կայացրել»,- ասում է հացվորը:

Էմմա Կարապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, բայց նշում է, թե էլ հույս չունի, որ «ոստիկանության դեմ հնարավոր է օրենքով պայքարել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter