HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատախազը պահանջում է կավատին ազատազրկել 13 տարով

«Մարիետայի գնալու հաջորդ օրը Նառան ինձ տարավ խանութ ու բաց շորեր գնեց: Ասաց` Մարիետը քեզ 1000 դոլարով վաճառել է ինձ, պատրաստվիր, այսօր դուրս ես գալու գործի` մարմնավաճառության, պիտի փողերս հետ բերես»,- ասում է 26-ամյա Սուսաննան ու պատմում Դուբայում հայտնվելու մանրամասները:

«2006 թ. ապրիլի կեսերի գնացի Էջմիածին` քրոջս տեսության: Նույն շենքում ապրում էր իմ ծանոթն Լուսինեն: Գնացել էի նրա խանութ, այնտեղ էր նաեւ Մարիետան: Լուսինեն մեզ ծանոթացրեց, հետո հաճախորդներ եկան, ինքն ընկավ առեւտրով, ես ու Մարիետը մնացինք իրար հետ: Հագածս շորերից երեւում էր, որ վատ վիճակում եմ ապրում: Ասացի, որ աշխատանք չունեմ, ամուսնալուծված եմ, երեխայիս մենակ եմ պահում: Հարցրեց` չեգս ուզի Դուբայ գնալ, այնտեղ կարող ես ամսական 400-500 դոլարով երեխա պահել, տուն մաքրել, ու հենց լեզուն սովորես, արդեն օբյեկտներում, սրճարանում մատուցող կաշխատես եւ ավելի շատ գումար կստանաս: Լուսինեն կողքից ասում էր` արխային գնա, համարս գիտես, եթե հանկարծ պրոբլեմ լինի, կզանգես»,-պատմում է Սուսաննան:

Նա փոքր երեխային թողել է մորաքրոջ մոտ ու Մարիետա Մուրադյանի միջոցներով մայիսի 3-ին մեկնել Մոսկվա: Այնտեղ, ըստ նրա, իրեն դիմավորել եւ ինչ-որ վարձով տուն է տարել Մ. Մուրադյանի բարեկամը` Սամվել անունով մի տղարամարդ: «Մի 2 շաբաթ հետո Մարիետան եկավ, ասաց` քո հրավերքն ուշանում է, ես կգնամ ու քեզ կկանչեմ: Գնաց ու 4 օր հետո ինձ կանչեց»,- շարունակում է Սուսաննան:

Շարժայի օդանավակայանում նրան դիմավորել են Մարիետան ու Քրիստինե անունով մի կին, ում, ինչպես Սուսաննան է ասում, տարիներ առաջ Արամաբական Միացյալ Էմիրություններ է տարել Մարիետան:

«Գնացինք Քրիստինեի տուն, մի քիչ հետո եկավ Նառան, Մարիետն անձնագիրս վերցրեց ու տվեց նրան` իբր վիզա հանելու համար, որ քաղաքում հանգիստ ման գայի: Մեկ շաբաթ հետո Մարիետն ասաց` գնում եմ Հայաստան, երեխայիս բանակի հարցերը լուծեմ, նորից կգամ: Դու մնա, Նառան քեզ գործի կտեղավորի»,- հիշում է Սուսաննան: Արաբի հետ ընտանիք կազմած Նառան նրան սկզբում ստիպել է ,մարմնավաճառության դուրս գալ, Քրիստինեի հետ, այնուհետեւ տարել է «նույն գործով զբաղվող Մարիամի տուն»:

«Մարիամիկն ինձ օգնեց ու հաճախորդներից մեկի հետ փախա: Բայց հետո եկավ ու ինձ հետ տարավ. Նառան նրան նեղացրել էր: Էդ օրը Նառան եկավ, ինձ ծեծեց ու տարավ իր տուն: Նա պակիստանցի տաքսիստ էր վարձել, սա ամեն օր ինձ տանում էր Սեն Ջորջ հյուրանոց, մի հատ կին դիմավորում էր ու կլիենտի հետ ուղարկում: Մի օր ասացի, որ ավելի լավ է ինձ վստահի, ես մենակ դուրս կգամ գործի ու իզուր տեղն էդ կնոջը կլիենտ ճարելու համար փող չտանք: Երեք ամիս կլիներ, որ Նառայի տանն էի, լեզուն արդեն գիտեի: Համաձայնվեց, ու սկսեցի մենակ գործի գնալ»,- պատմում է Սուսաննան եւ նշում, որ Նառան իրեն օրական տվել է 100 դրահմ (մոտ 30 դոլար)` ճանապարհածախսի համար, իսկ մարմնավաճառությամբ վաստակած ամբողջ գումարը վերցրել:

«Մեկ շաբաթից նորից փախա` արաբ ոստիկան Ահմեդի հետ: Նա մի օր ինձ ճանապարհին բռնել էր, ծանոթացել էինք ու ասել էր` պրոբլեմ ունենաս, կասես:

Նառային կանչեցին ոստիկանություն, բայց ինքն ամեն ինչ ատկազ արեց, ասում էր` ես իրան չեմ ճանաչում»,-ասում է Սուսանան: Նրա խոսքերով` կավատ Նառան սկզբում իրեն ասել էր, «եթե ուզում ես Հայաստան գնալ, վրեդ ծախսած 8000 դոլարս կտաս, գումարած դրան` 10 000 դոլար էլ անձնագրիդ համար, կթողեմ կգնաս»: Բայց հետո, երբ արաբ ոստիկանն ու վերջինիս հարուստ հայրը բանակցությունների մեջ են մտել Նառայի հետ, նա անձնագիրը վերադարձնելու համար արդեն պահանջել է 50 հազար դոլար:

«Ես չթողեցի, որ այդ գումարը տան: Գնացի ոստիկանություն, ուղարկեցին դեսպանատուն: Հարցում արեցին Հայաստան, մի 2 շաբաթից պատասխանն եկավ ու ինձ ճանապարհեցին Հայաստան»,- հիշում է 7 ամիս Էմիրություններում անցկացրած Սուսաննան: Նա Մարիետա Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործով 3 տուժողներից մեկն է:

Մ. Մուրադյանը հետախուզման մեջ էր հայտի կավատ Անուշ Մարտիրոսյանի գործով: Վերջինիս դատավճռում արձանագրված է, որ նա Գայանե Ղալթախչյանի, Մարիետա Մուրադյանի եւ այլոց հետ «նախնական համաձայնությամբ միավորվելով, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի անդամներն ունեցել են հստակ դերաբաշխում. նրանցից ոմանք, գտնվելով Հայաստանում, հավաքագրել են աղջիկներին եւ ճանապարհել Մոսկվա` հստակ իմանալով, որ այնտեղ գտնվող խմբի անդամները կիրականացնեն նրանց տեղափոխումը Դուբայ քաղաք: Հանցավոր խմբի մյուս անդամներն արդեն Դուբայում դիմավորել են աղջիկներին եւ ներգրավել սեռական շահագործման մեջ: Ընդ որում` հանցավոր խմբի յուրաքանչյուր անդամն աղջիկների շահագործումից առաջացած շահույթներից ստացել է իր բաժինը` հանցագործությանն իր ներգրավվածությանը համապատասխան»:

Մարիետա Մուրադյանին իրավապահները հայտնաբերել են այս տարվա մայիսին: Այժմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանում լսվում է նրա գործը: Մյուս երկու տուժողները` Միլենան եւ Անին, որպես տուժող, անցել են նաեւ այս տարվա ապրիլին 13 տարվա ազատազրկման դատապարտված կավատ Անուշի գործով: Միլենան դատարանում պատմեց, որ Մարիետա Մուրադյանը Դուբայում Անուշի հրահանգով հսկողություն է իրականացրել իր նկատմամբ, «կինետների հետ գնի բազար է արել ու իրեն ճանապարհել»:

«Նույնիկ մի անգամ նա ավտոմեքենայով եկել ու կանգնել էր այն հյուրանոցի դռան մոտ, որտեղ ես հաճախորդի հետ սենյակ էի վարձել: Որովհետեւ այդ կլիենտի հետ ես չէի ուզում գնալ, ինձ զոռով ուղարկեցին, դրա համար էլ վախենում էին, որ կփախչեմ»,- պատմում է Միլենան: Ըստ նրա` այդ օրն ինքը վիճել է Մարիետի հետ եւ վերջինս Անուշին ասել է` «առ, Միլենային տալիս եմ քեզ, ես դրա հետ էլ գործ չունեմ, ինչ ուզում ես, արա»:

Միլենայի խոսքերով` դրանից մի քանի օր հետո Մ. Մուրադյանը մեկնել է Քուվեյթ, եւ ինքն այլեւս նրանից որեւէ լուր չի ունեցել: Բայցի այդ, նա շեշտում է, որ Մարիետան ժամանակ առ ժամանակ զբաղվել է մարմնավաճառությամբ եւ հանցավոր խմբում ունեցել է ոչ թե ղեկավար դիրք, այլ պարզապես արտոնյալ կարգավիճակ: Դատարանում տված ցուցմունքներով երրորդ տուժողը` Անին հաստատեց, որ Մարիետան իրականում եղել է Դուբայի հայ կավատներից մեկը ու նրա հովանու ներքո ստիպողաբար մարմնավաճառությամբ են զբաղվել նույնիսկ անչափահաս հայ աղջիկներ:

Մարիետա Մուրադյանն ընդունում է իրեն առաջադրված երկու մեղադրանքներից մեկը, այն, որ «սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ Հայաստանում կանանց հավաքագրել, ու փոխադրել է Դուբայ», սակայն չի ընդունում, որ նշված արարքները կատարել է կազմակերպված հանցավոր խմբի կազմում: «Ըստ փաստական հանգամանքների` պաշտպանյալիս գործողություններն իրականում չեն համապատասխանում Քր. օր.-ի 132 պրիմ հոդվածի հատկանիշներին, քանի որ նա հանցավոր խմբի կազմում չի գործել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մարիետայի պաշտպան Կարեն Մանուչարյանը:

Մինչդեռ մեղադրող-դատախազ Արմեն Մարուխյանը մեղադրական ճառում հայտարարեց, որ գործում եղած ապացույցների վերլուծությունը միանշանակ թույլ է տալիս ասել, որ Մուրադյանին առաջադրված մեղադրանքն ամբողջովին հիմնավորվել է: Նա դատավոր Գագիկ Պողոսյանին միջնորդեց առաջադրված մեղադրանքներով ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Բայց քանի որ Մ. Մուրադյանն ունի կավատության համար նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մաս (ավելի քան 11 ամիս), միջնորդեց վերջնական պատիժ սահմանել 13 տարվա ազատազրկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter