HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

1,4 կգ «ափիոն»` անձնակա՞ն օգտագործման համար

Արամ Հովակիմյանը եւ Հրայր Հովսեփյանն անցյալ տարի օգոստոսի 11-ին հեռուստաեթերի «աստղերն» էին: Հայաստանի գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվականները ցուցադրում էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տրամադրած տեսանյութը` «թմրանյութի մաքսանենգ ներկրմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեության կասեցման» մասին:

Խմբի անդամները` Արամը եւ Հրայրը, ձերբակալվել էին թմրանյութի խոշոր խմբաքանակը ստանալու պահին:

«Պարզվել է, որ հանցավոր խմբի կազմում ներգրավված են Թուրքիայի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ, որոնք գործուն քայլեր են ձեռնարկել Թուրքիայից Հայաստան թմրանյութի ներկրման մշտական ուղի կազմակերպելու նպատակով»,- ընթերցում էին հաղորդավարները, իսկ կադրերում պատկերվում էր, թե ինչպես են իրավապահները տուրիստական ավտոբուսով Թուրքիայից Երեւան տեղափոխված խոհանոցային վառարանի հարմարեցված գաղտնարանից դուրս բերում մոտ 1,5 կգ «ափիոն» տեսակի թմրանյութը:

ԱԱԾ քննիչ Վ. Կոթոլյանի որոշմամբ` ձերբակալվելուց 4 օր անց թերի բարձրագույն կրթությամբ Արամին եւ չորսամյա կրթություն ունեցող Հրայրին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով», որը պատժվում է ազատազրկմամբ` 7-15 տարի ժամկետով:

Մոտ մեկ ամիս անց քննիչը փոփոխել է մեղադրանքը 266 հոդվածի 3-րդ մասով` մեղադրանքից դուրս թողնելով խիստ պատիժ սահմանող 3-րդ մասի 2-րդ կետը` «առանձնապես խոշոր չափերով» ձեւակերպումը:

Իսկ 13 օր անց` հոկտեմբերի 8-ին, Արամ Հովակիմյանի եւ Հրայր Հովսեփյանի վերաբեյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, բայց արդեն նոր մեղադրանքով ուղարկվել է դատարան` ՔՕ 268-րդ հոդվածի 3-րդ մասով («առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` առանց իրացնելու նպատակի»), որը նախատեսում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով:

Գործով վկա Ս. Մ.-ն դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ իբրեւ գործավար աշխատում է տուրիստական գործունեությամբ զբաղվող «Ֆազնար» ՍՊԸ-ում:

Ընկերության ազգությամբ թուրք վարորդներից մեկը, ում իրենք անվանում են «Բուլո», բերել է գործարանային փաթեթավորմամբ խոհանոցային վառարան եւ ասել, որ զանգահարեն դրա վրա գրված հեռախոսահամարով, որպեսզի «գան վառարանը տանեն»: Իրենք զանգահարել են, սակայն հեռախոսազանգին պատասխանող չի եղել:

«Երկու շաբաթ հետո զանգահարեց եւ մոտ կես ժամ անց մեր գլխավոր գրասենյակ եկավ Արամը եւ ասաց, որ վառարանն իրենն է: Ասաց, որ մեկնում է Ռուսաստան, դրա համար էլ Ց.-ին հանձնարարեցի, որ հետը գնա ավտոկայանում գտնվող մեր մյուս գրասենյակ»,- պատմել է Ս. Մ.-ն:

Ընկերության աշխատակցուհի Ց. Հ.-ն էլ հավելել է, որ Արամի հետ տաքսիով գնացել են հիշյալ գրասենյակ, վառարանը տվել է նրան եւ նույն մեքենայով եկել են Մաշտոցի պողոտայում գտնվող «ՍԱՍ» խանութի մոտ, որտեղ Արամը մեքենայից իջել է, իսկ ինքը շարունակել է ճանապարհը մինչեւ ընկերության գլխավոր գրասենյակ:

«Արամին մինչ այդ երբեւէ չեմ տեսել, նրա հետ ծանոթ չեմ եղել: Ավտոկայարանից մինչեւ «ՍԱՍ» խանութի մոտ նա անընդհատ խոսում էր հեռախոսով: Չեմ կարող ասել, թե ում հետ, որովհետեւ անուն չէր տալիս: Բայց հիշում եմ, որ անընդհատ ասում էր, թե ինչ է անում եւ այդ պահին որտեղ ենք հասել»,- պատմել է «Ֆազնար»-ի աշխատակցուհին:

«Ես «ՍԱՍ»-ի մոտ տեսա, որ քաղաքացիական հագուստով մի քանի հոգի հարձակվեցին Հրայրի վրա եւ նրան պառկեցրին գետնին: Դրանից էլ վախեցա ու փախա»,- նախաքննության ժամանակ ասել է Արամ Հովակիմյանը:

Սակայն րոպեներ անց վերջինս հայտնաբերվել է խանութի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկի մուտքում:

Նրանից քիչ հեռու` «երկրորդ-երրորդ հարկի աստիճանավանդակի աջ անկյունում` կոմունիկացիոն խողովակի տակ», իրավապահները գտել են միանգամյա օգտագործման 2 միլիգրամանոց օգտագործված ներարկիչ` ներարկիչի եւ ասեղի հատվածում թմրանյութի հետքերով:

Ինչպես վառարանից հայտնաբերված 1367.22 գրամ ընդհանուր քաշով «ափիոնը», այնպես էլ հիշյալ ներարկիչն իր ասեղով ճանաչվել են որպես իրեղեն ապացույցներ ու կցվել քրեական գործին: Մյուս կողմից` փորձագետը Արամից վերցված մեզի փորձանմուշում թմրամիջոցներ չի հայտնաբերել:

Վերջինս դատավարության սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել, որ Ղազախստանի Աստանա քաղաքում ծանոթացել է ոմն Համլետի հետ, իսկ ավելի ուշ նրան հանդիպել է նաեւ Մոսկվայում:

«Հաջորդ օրը վերադարձա Հայաստան: Համլետը խնդրել էր, որ այստեղ տուրիստական գործակալությունից վերցնեի «գրիլի» երկու հատ մեծ վառարան եւ փոխանցեի Հրայրին: Ասում էր` Հրայրը քաղաքում չի լինելու,- պատմել է Արամը` շեշտելով, որ մինչ այդ Հրայրին չի ճանաչել:- Համաձայնվեցի, որովհետեւ Համլետը խոստացել էր աշխատանքի հարցում ինձ օգնել: Բայց տեղյակ չէի, որ դրա մեջ թմրանյութ կա»:

Ըստ Արամի ցուցմունքների` երբ գրասենյակում տեսել է, որ 2 մեծ վառարանների փոխարեն ուղարկվածը փոքրիկ միկրոալիքային վառարան է, սկսել է որոշ բաների մասին կասկածել, սակայն, այնուամենայնիվ, վերցրել է այն ու տեղափոխել պայմանավորված վայր` «ՍԱՍ» խանութի մոտ:

«Ես մեղավոր եմ անփութության համար, քանի որ լինելով ոստիկանության նախկին աշխատակից` պետք է կանխատեսեի արարքիս վտանգավոր հետեւանքները»,- ասել է Արամ Հովակիմյանը: Արդեն դատավարության ավարտին նա լիովին ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հրայր Հովսեփյանը դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել է, իսկ նախաքննության ժամանակ ասել է, թե Արամին չի ճանաչում, նրա հետ խոսել է միայն հեռախոսով եւ տեղյակ չէ` վերջինս իմացե՞լ է վառարանում առկա թմրանյութի մասին, թե՞ ոչ:

Սակայն դատարանն ապացուցված է համարել, որ նրանք երկուսն էլ շատ լավ իմացել են դրա մասին, ավելին` բռնվելու նախորդ օրը հանդիպել են Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում եւ պայմանավորվել վառարանի փոխանցման շուրջ:

Հրայրի ցուցմունքներն իր «գործընկերոջ» ասածներից էապես չեն տարբերվել, բացառությամբ նրա, որ վերջինս հայտնել է, թե «ափիոնը» թիֆլիսցի Համլետից «ձեռք է բերել զուտ իր օգտագործման համար, իրացման նպատակ չի ունեցել, համոզված է, որ այլեւս թմրամիջոց չի օգտագործի, քանի որ գիտակցել է դրա վատ ազդեցությունը»:

Անձնական օգտագործման համար նախատեսված մոտ 1,4 կգ «ափիոնի» վարկածին հավատացել են ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ գլխավոր դատախազությունն ու դատարանը: Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե «այս փուլում ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, քանի որ կան օպերատիվ տվյալներ, որոնք գտնվում են իրացման փուլում»:

Դատախազն ի նկատի ունի քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթից անջատված ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Թմրամիջոցների մաքսանենգությունը») հարուցված մասը:

Դատավոր Վազգեն Ռշտունին անցյալ տարվա դեկտեմբերին երկու ամբաստանյալներին էլ դատապարտել է առաջադրված հոդվածի նվազագույն պատժաչափով` 2-ական տարվա ազատազրկման:

Երկուսի դեպքում էլ, որպես պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, դատարանը հաշվի է առել նախկինում դատվածություն չունենալը, անչափահաս երեխաներ ունենալը, դրականորեն բնութագրվելը, իսկ Ա. Հովակիմյանի պարագայում` նաեւ Արցախյան գոյամարտին մասնակցելը, ինչը հիմնավորվել է Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության նախագահի տված բնութագրով:

Նա 15 տարեկանից մասնակցել է ռազմական գործողություններին, եղել է գնդացրորդ: Արամ Հովակիմյանն արդեն ազատության մեջ է. նա բանտում անցկացրել է 14 ամիս: Իսկ 28-ամյա Հրայր Հովսեփյանը դեռեւս «Նուբարաշենի» գաղութում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter