HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տպագիր մամուլը` ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում - 2

սկիզբը

Ա. Աբրահամյան. «Ճգնաժամը մեր թերթի վրա բացասական ազդեցություն չի թողել»

Այս տարի նվազել է «Առավոտ» օրաթերթի տպաքանակը, բայց գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը դժվարանում է միանշանակ ասել, որ դա ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով է: «Ենթադրում եմ, որ որոշ պետական հիմնարկներ, անսալով վարչապետի` «գոտիները ձգելու» կոչին, փողերը տնտեսում են թերթերի բաժանորդագրությունների հաշվին»,- ասում է Ա. Աբրահամյանը եւ նշում, որ հստակ չգիտի` տպաքանակի նվազումը սրանո՞վ, թե՞ «Առավոտի» վաճառքի գնի թանկացմամբ է պայմանավորված («Առավոտի» տպաքանակը 2007 թ. եղել է 4000, 2008 թ.` 4500-6000, 2009 թ.` 2800-3200): Անցյալ տարվանից թերթի էջերը կրկնապատկվել են` 16 էջ, ինչի պատճառով էլ «Առավոտի» գինը 100-ից դարձել է 150 դրամ: Խմբագրակազմը, բնականաբար, ընդլայնվել է` համալրվելով 8 լրագրողով:

Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որքան էլ տարօրինակ թվա, աճել է թերթի գովազդների քանակը, ընդ որում` «Առավոտում» գովազդի գինը 10-15 տոկոսով բարձրացել է: «Բացատրություն չունեմ, բայց ամսական միջինը մոտ 1 մլն դրամով ավելի գովազդ ենք ունենում»,- ասում է Ա. Աբրահամյանը: Թերթի եկամուտներում գովազդից ստացվող մասնաբաժինն ամսական կազմում է մոտ 4 միլիոն դրամ:

«Չորրորդ իշխանություն»

Ֆինանսատնտեսական ճգնաժամը, լրագրող Մհեր Ղալեչյանի վստահեցմամբ, «Չորրորդ իշխանության» գործունեության վրա որեւէ կերպ չի ազդել: Օրաթերթի տպաքանակը 2006 թ. համեմատ 2000 օրինակով ավելացել է` հասնելով 5500-ի, իսկ աշխատակիցների թիվն այս տարիներին 7-ից դարձել է 11: Ղալեչյանը «ՉԻ» անցկացրած «գիտափորձի» օրինակով հիմնավորեց, որ մեր երկրում թերթերում գովազդներ պատվիրելը քաղաքական հարց է: Նա պատմեց, թե ինչպես են անցկացրել «գիտափորձը»: Հայաստանում հայտնի երկու-երեք ընկերություններ 2009 թ. հոկտեմբերին որոշել են «Չորրորդ իշխանությունում» գովազդ տեղադրել: Պայմանավորվել են գնի եւ ժամկետների շուրջ, վճարել գումարը: Բայց երկու օր չանցած` զանգահարել են խմբագրություն եւ առանց գումարը հետ պահանջելու խնդրել իրենց գովազդները թերթում չտպագրել: Դրանից հետո խմբագրությունը որոշել է անցկացնել «գիտափորձը»` թերթի վերջին էջում տպագրելով Միխայիլ Բաղդասարովի «Արմավիա» եւ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունների գովազդները: Երկու օր հետո Միխայիլ Բաղդասարովը թերթերից մեկում պարզաբանում է, որ ինքն այդ գովազդների հետ կապ չունի, իսկ մյուս օրը նույն թերթի էջերում նմանատիպ «պարզաբանմամբ» հանդես է գալիս արդեն Բարսեղ Բեգլարյանը: Ընդ որում` վերջինս, ի տարբերություն Բաղդասարովի, պահանջում է, որ իր ընկերության գովազդը «ՉԻ»-ն այլեւս չտպագրի, ինչից էլ թերթը ենթադրել էր, որ իշխանությունները Բեգլարյանին «ավելի շատ էին նեղել»: «Գործնականում ապացուցվեց, որ Հայաստանի խոշոր բիզնեսը լիակատար կախվածության մեջ է քաղաքական իշխանություններից, ավելին` քաղաքական համակարգի անբաժանելի մասն է»,- «ՉԻ» թիվ 884 համարում եզրակացրել էր հոդվածագիրը:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Պետական բյուջեից ֆինանսավորվող «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, ըստ էության, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Նա անընդհատ խոստանում էր զանգահարել եւ պայմանավորվել հանդիպման շուրջ ու չնայած մեր բազմաթիվ հիշեցումներին` այդպես էլ չէր զանգահարում: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ նա միայն նշեց, որ «ՀՀ»-ի եկամուտների 35-40 տոկոսը գոյանում է գովազդից, 1/3-ական մասերն էլ` թերթի վաճառքից եւ պետբյուջեի ֆինանսավորումից: Սակայն այս տարի ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով գովազդների եւ հայտարարությունների քանակը կրկնակի կրճատվել է: «Մյուս մասերով ճգնաժամը չի ազդել»,- եզրափակեց Տիգրան Ֆարմանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter