HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Քեզ մի դուռ, մի լուսամուտ կնվիրեմ»

Սա Անաստասիա Դավթյանի խոստացած «նվերն» է ամուսնուն, ինչն այսօր իրականություն է դարձել: 26-ամյա Գարեգին Սարգսյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իբրեւ «նվեր» ստանալով բանտախցի երկաթե «դուռը» եւ ճաղավանդակներով «պատուհանը»:

2008 թ. մարտի 21-ի գիշերը հրդեհի ահազանգով դեպքի վայր հասած հրշեջները Երեւանի Բաղրամյան 21 շենքի նկուղային հարկի ներկառուցված բնակարանում հայտնաբերել են 53-ամյա գործարար Հրաչ Վարդանյանի դիակը՝ դեմքն արյունոտված, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապված, պարանոցին վարդագույն երեսսրբիչը ձիգ փաթաթած:

2007 թ. ամռանը Երեւանի սուպերմարկետներից մեկում իբրեւ վաճառողուհի աշխատող Անաստասիա Դավթյանը հենց աշխատավայրում պատահաբար ծանոթացել է իրենից 30 տարով մեծ Հրաչ Վարդանյանի հետ:

Վերջինս զբաղվել է տարբեր լուսային սարքերի մեծածախ առեւտրով: Անտեսելով տարիքային տարբերությունը՝ աղջիկը մտերմացել է գործարարի հետ, նրա հետ ժամադրվել տարբեր հասարակական վայրերում, հիմնականում «Կովկաս» պանդոկում, իսկ հետագայում, երբ նրանց միջեւ ձեւավորվել են ինտիմ հարաբերություններ, 23-ամյա Անաստասիան ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող Վարդանյանի հետ հանդիպել է Բաղրամյան 21 շենքի նկուղային հարկի բնակարանում:

2007 թ. հոկտեմբերին Բագրատաշեն գյուղից, աշխատանք գտնելու ակնկալիքով, Երեւան է տեղափոխվել Գարեգին Սարգսյանը ու ժամանակավորապես ապաստանել հոր ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի տանը:

Վերջինիս դուստրը՝ Անաստասիան, պահպանելով գործարարի հետ ունեցած կապերը, միաժամանակ փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել Գարեգինի հետ: Նրանք սկզբում բնակարան են վարձել Նուբարաշեն, այնուհետեւ Էրեբունի համայնքում, միասին դիմում են լրացրել Էրեբունու զագսի գրասենյակին հանձնելու եւ իրենց ամուսնությունը գրանցելու համար, իսկ 2008 թ. հունվարի 2-ին Գարեգինի հայրական տանը՝ Բագրատաշենում, հարազատներով տոնել են Անաստասիայի հղիության փաստը:

Սակայն մինչ այդ, ըստ հետագայում հարուցված քրեական գործի նյութերի, Գարեգինն արդեն իսկ իմացել է կնոջ արտամուսնական կապերի մասին՝ գաղտնի հետեւելով նրան ու լսելով վերջինիս հեռախոսային խոսակցությունները: Բայց կարճ ժամանակ անց հաշտվել է այդ մտքի հետ եւ մի կողմ թողնելով խանդի զգացումը՝ սկսել է հետաքրքրվել Հրաչ Վարդանյանի անձով:

«…Հաշվի առնելով, որ ոչ ինքը, ոչ էլ ամուսինը չեն աշխատել, իսկ իրենց ծնողները, ըստ էության, որեւէ ֆինանսական օգնություն չեն ցուցաբերել (նման հնարավորությունների բացակայության պատճառով), բացի դրանից, իրենք բնակվել են վարձով, ինչպես նաեւ կարիք է եղել հոգալու հղիության եւ առօրյա ծախսերը, Անաստասիան, Գարեգինի ստիպելով, պարբերաբար գնացել է Հրաչ Վարդանյանի հետ հանդիպումների եւ նրանից ամեն անգամ վերցրել 20 հազար դրամ: Ընդ որում՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Գարեգինը եւս գնացել է կնոջ հետ, սակայն հանդիպման բուն պրոցեսին հետեւել է որոշակի տարածությունից…

Իր հերթին Անաստասիան ամուսնուն ներկայացրել է, որ Հրաչ Վարդանյանն ունի մեծ կարողություն՝ բնակարաններ, մեքենաներ, խանութներ եւ այլն, միաժամանակ նշելով, որ ստիպված է հարաբերություններ պաշտպանում նրա հետ, քանի որ Վարդանյանը սպառնացել է, որ եթե փորձի կապերը խզել, ապա կվնասի թե´ իրեն, թե´ ամուսնուն…

Գարեգինը, հավատալով կնոջը, որ Հրաչ Վարդանյանն իր հնարավորություններով վտանգ է ներկայացնում իրենց ընտանիքի նորմալ կյանքին, կնոջը «զոհի» կարգավիճակից «փրկելու», ինչպես նաեւ գույքային շահ ստանալու նպատակով որոշել է կյանքից զրկել Հրաչ Վարդանյանին ու նրանից ավազակային հարձակմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գույք… »,- գրված է քրեական գործի նկարագրական մասում:

Ինքը՝ Գարեգին Սարգսյանը, ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ նախապես կնոջից ճշտելով, որ Բաղրամյան 21 բնակարանի մասին գործարարի հարազատներն ու մտերիմները տեղյակ չեն, վերջինս մոտը զենք չի պահում, չունի թիկնապահներ, իսկ բնակարանում ունի սեյֆ, 2008 թ. մարտի 21-ին կնոջը պատվիրել է զանգահարել Վարդանյանին ու նրա հետ հանդիպել հիշյալ բնակարանում:

Այնուհետեւ վերցնելով դանակ, իսկ կնոջ պայուսակում դնելով կպչուն ժապավեն՝ ժամը 19-ի սահմաններում տաքսիով հետեւել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դեպի Բաղրամյանի բնակարան ուղեւորվող գործարարին ու Անաստասիային:

Մտնելով տուն՝ կինը դուռը ներսից չի կողպել, եւ րոպեներ անց Գարեգինը հայտնվել է բնակարանում ու սկսել ձեռքերով, ոտքերով, ինչպես նաեւ դանակի գործադրմամբ հարվածել հյուրասենյակում գտնվող գործարարին, «սկոչով» կապել է նրա ձեռքերն ու ոտքերը՝ պահանջելով գումար եւ արժեքներ:

«Սկզբում վերցրի Հ. Վարդանյանի գրպանում եղած 80 հազար դրամը: Պահանջեցի սեյֆի բանալին, բայց այնտեղ արժեքավոր ոչինչ չկար: Նա տվեց Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակի բանալիները՝ ասելով, որ այնտեղ գտնվող «Նոութբուքի» մեջ կա 250 հազար դրամ եւ արժեքավոր այլ սարքավորումներ»,- քննիչին պատմել է Գարեգինը:

Նա մնացել է գործարարի մոտ՝ կնոջն ուղարկելով հիշյալ հասցեով: Անաստասիան միաժամանակ իր հետ վերցրել է Բաղրամյանի բնակարանում գտնվող տարբեր արժեքավոր իրեր՝ լուսային սարքավորումներ, գնացել է Մաշտոցի պողոտայում գտնվող բնակարան-գրասենյակը, վերցրել նշված համակարգիչն ու դրանում առկա գումարը, Վարդանյանի անձնագիրը, բանկային գրքույկները, ֆաքսիմիլային սարքը, եւ այդ ամենը տեղափոխել Արեշ թաղամասում իրենց վարձած բնակարան:

Գարեգինը պատմել է, որ երբ կինը հեռախոսով ասել է, թե ամեն ինչ արված է, ինքը սրբիչն ամուր փաթաթել է` ձեռքերը «սկոչով» աթոռից կապված Վարդանյանի պարանոցին, կրակայրիչով հրդեհել է ննջասենյակի մահճակալն ու հյուրասենյակի բազկաթոռը եւ գնացել տուն:

«Այս ցուցմունքները Գարեգինը տվել է բռնության ներքո: Նա բազմիցս հայտարարել է, որ իրեն նախաքննության ժամանակ ծեծել են, նույնիսկ այդ մասին նամակ է գրել գլխավոր դատախազին,- ասում է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը: – Դա հիմնավորվում է նաեւ նրանով, որ քննիչ Ավետիսյանը կասկածյալին հարցաքննելու հաջորդ օրը, իրեն ապահովագրելու համար, նորից է հարցաքննել Գարեգինին՝ հարցնելով՝ քո մարմնական վնասվածքները որտեղի՞ց են առաջացել: Գարեգինն էլ ասել է, թե դա ոստիկանության հետ կապ չունի, ինքը դրանք վաղուց է ստացել»:

Պաշտպանի խոսքերով՝ գաղտնիք չէ, որ նախաքննության ժամանակ անձից առաջին ցուցմունքները վերցնում են առանց պաշտպանի ներկայության եւ ծեծի ազդեցության տակ: Եվ դժվար չէ ենթադրել, թե ինչպես են ծեծում սպանության մեջ կասկածվողին. «Նա էլ չի կարողացել դիմադրել եւ ամեն ինչ վերցրել է իր վրա: Սա շատ մարդկային է»:

Անաստասիա Դավթյանը սկզբում՝ ամուսնու հետ առերեսման ժամանակ, ցուցմունք է տվել հօգուտ Գարեգինի՝ նշելով, որ նա երբեք իրեն չի ուղարկել Վարդանյանից գումար վերցնելու, ոչինչ չի իմացել նրա ունեցվածքի եւ գործարար լինելու մասին: Հետո նա հրաժարվել է երկրորդ առերեսումից ու պնդել առաջին ցուցմունքի հակառակը:

«Անաստասիա Դավթյանը մեկ ասել է, թե ամուսինն արգելում էր իրեն Վարդանյանին տեսնել, ձեռքից վերցնում էր բջջային հեռախոսը, դուռը փակում էր վրան, որպեսզի տանից դուրս չգար, ինքն էլ ստիպված Վարդանյանի հետ շփվել է պատուհանից, երբ վերջինս մեքենայով կանգնել է իրենց դռան տակ: Նշել է, թե հղիության ժամանակ Գարեգինը շատ ուշադիր էր իր նկատմամբ: Բայց մեկ էլ ասել է, որ հենց իրեն վատ է զգացել, Վարդանյանն է տարել բժշկի: Բա եթե հեռախոս չուներ, ինչպե՞ս էր զանգում Վարդանյանին, կամ եթե դուռը փակ էր, նա ո՞նց էր իրեն տանում բժշկի: Մի խոսքով` Անաստասիա Դավթյանն այնքան հակասական եւ ոչ արժանահավատ ցուցմունքներ է տվել, որ չգիտես՝ որին հավատաս»,- ասում է փաստաբան Անժելա Հոբոսյանը:

Ամուսիններին իրավապահները հայտնաբերել են Գարեգինի հայրական տանը՝ գործարարի սպանությունից 4 օր անց: Անաստասիան Բագրատաշենում հայտնվելը ներկայացրել է իբրեւ փախուստ:

Իսկ Գարեգինը նշել է, որ Բաղրամյանի բնակարանից դուրս գալուց հետո մոտ 1 ժամ մտամոլոր քայլել է անձրեւի տակ եւ հասել Արեշում վարձած իրենց բնակարան: Այստեղ տեսել է կնոջը եւ զարմացել, որ «այդքանից հետո» նա վերադարձել է տուն: Սակայն կինը խնդրել է խղճալ իրեն, հաշվի առնել 6 ամսվա հղիությունը ու բաժանվել քաղաքակիրթ ձեւով:

Ի վերջո, ինքը տեղի է տվել Անաստասիայի թախանձանքին, պայմանավորվել են, որ ոչ մեկին ոչինչ չեն ասի, միասին կգնան Բագրատաշեն, որտեղից կինն ինքնակամ կվերադառնա հոր տուն՝ բաժանման մասին պատմելով այն, ինչ ուզում է:

«Գարեգինն ասում է, որ գնացել էր Վարդանյանի մոտ պարզապես իր հարաբերությունները պարզելու, ասելու, որ հանգիստ թողնի իրենց: Նա ընդունում է, որ խփել է վերջինիս ճակատին, ու արյուն է հոսել: Ասում է, որ Վարդանյանը փորձել է հարձակվել իր վրա, բայց քանի որ ինքը ծառայել է «սպեցնազում», հատուկ մարտական հնարք է կիրառել՝ Վարդանյանին գցել գետնին, ու դանակը կպել է նրա ուսին»,- ասում է փաստաբան Հոբոսյանը:

Գարեգին Սարգսյանը դատարանում պատմել է, որ կպչուն ժապավենով կապել է միայն Վարդանյանի ձեռքերը, որպեսզի միմյանց հարվածներ չհասցնեն եւ կարողանան «մարդավարի» խոսել:

Զրույցի ընթացքում գործարարն առաջարկել է ծանոթանալ իր բջջային հեռախոսի ու «սեյֆի» պարունակությանը: Հեռախոսում եղել են Անաստասիայի կիսամերկ նկարները: Նմանատիպ ֆոտոներ եւ կնոջը պատկանող ներքնազգեստներ են եղել նաեւ «սեյֆում»:

Գարեգինը շեշտել է, որ գործարարի տնից վերցրած միակ իրը` բջջային հեռախոսը, ջարդել եւ գցել է ջրհորի փոսը, որտեղից էլ այն հետագայում հայտնաբերվել է: Նա պնդել է, որ կատարված հափշտակության հետ կապ չունի, չի փորձել բնակարանն այրել եւ Վարդանյանին սպանել:

Ավելին, երբ տնից դուրս է եկել, վերջինս բղավել է՝ «հեռու չես գնա»: Իր հերթին Անաստասիան դատարանում հայտարարել է, որ այն «սկոչը», որով կապված են եղել Հրաչ Վարդանյանի ոտքերը, իրենց գնածը չէր. «Մեր գնած «սկոչի» լայնությունը նեղ էր»:

«Տնից դուրս գալիս, Գարեգինի ասելով, տեսել է պոչ կապած, շեկ, երկար մազերով մի աղջկա, որն անակնկալի է եկել: Բայց նախաքննությունը չի հետաքրքրվել, թե ով կարող էր դա լինել՝ Բաղրամյան 21 շենքի բնակի՞չ, թե՞ երրորդ մեկը»,- նշում է հանրային պաշտպանը եւ շեշտում, որ Գարեգինը հանգիստ բնավորությամբ մարդ է, եւ հնարավոր չէ պատկերացնել, որ վերջինս ընդունակ է նման դաժան սպանության:

«Գարեգինը պրիմիտիվ անձնավորություն է. նման բժշկական եզրակացություն կա: Նա չէր կարող մանրամասն ամեն ինչ ծրագրել,- շարունակում է փաստաբանը:- Անաստասիան գիտեր, որ այդ տան տեղը ոչ ոք չի իմանում: Այսինքն, ամուսնու հետ գնալով այնտեղ՝ նա շատ լավ հասկանում էր, որ ինչ էլ կատարվեր, կիմանային միայն իրենք: Իսկ եթե ընդունենք, որ Գարեգինը ճիշտ է ասում, ուրեմն սպանությունը, որն ի սկզբանե ծրագրել էր Անաստասիան, կատարել է մի երրորդ անձ: Գուցե նրանք ուզել են սպանությունն իրագործել Գարեգինի ձեռքով, բայց չի ստացվել: Որովհետեւ ոչ մի ապացույց չկա իմ պաշտպանյալի դեմ, բացի ինքնախոստովանությունից եւ Անաստասիա Դավթյանի մեղադրող ցուցմունքից»:

Նախաքննության ընթացքում Հրաչ Վարդանյանի սպանությանը հանցակցելու մասը Անաստասիա Դավթյանին առաջադրված մեղադրանքից հանվել, եւ նրա վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել միայն «Ավազակություն» ու «Փաստաթղթեր հափշտակելը կամ վնասելը» մեղադրանքով:

«Սպանության կասկածանքով Անաստասիային բերել են, բայց հետո մեկ շաբաթով բաց են թողել: Չեմ կարող ասել, թե ինչ հիմքով, որովհետեւ քրեական գործով դա չի երեւում: Բայց նրա քույրը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ երբ Անաստասիային բաց էին թողել, նա եկավ տուն, հետը խոսելով՝ որոշ բաներ պարզեցի, թե ինչը ոնց է եղել»,- ասում է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը:

Նա մատնանշում է մի շատ կարեւոր հանգամանք, որն իրավապահներն անտեսել են: Տուժողի իրավահաջորդը հայտարարություն է տվել, որ դեպքի օրը Հրաչ Վարդանյանը վերցրել է 5 մլն կանխիկ դրամ` ինչ-որ գործարք կատարելու համար:

«Նախաքննական մարմինը հարցում է կատարել. ոչ մի գործարք չի եղել, իսկ այդ գումարը չկա: Անաստասիա Դավթյանն էլ ցուցմունքում նշել է, որ ճանապարհին ինչ-որ մեկը զանգահարել է Հրաչ Վարդանյանի բջջայինին, եւ պարտքի մասին խոսակցություն է եղել: Բայց նախաքննական մարմինը չի պարզել, թե Վարդանյանն ում հետ է խնդիրներ, պարտք ու պահանջ ունեցել: Այս հարցերը մնացել են բաց»,- ասում է Անժելա Հոբոսյանը եւ զարմանում, թե որտեղի՞ց «սուղ միջոցներ ունեցող» Անաստասիայի ծնողներին այնքան գումար, որ կարողացել են փաստաբանի ծառայությունների համար վճարել եւ նախաքննության ընթացքում, եւ առաջին ատյանի դատարանում, եւ վերաքննիչում:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարի օգոստոսին Անաստասիա Դավթյանին դատապարտել է 11 տարվա, իսկ Գարեգին Սարգսյանին՝ ցմահ ազատազրկման: Նոյեմբերին այս դատավճիռն անփոփոխ է թողել նաեւ վերաքննիչ դատարանը:

Հանրային պաշտպան Հոբոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք եւ հույս ունի, որ այս ատյանում արդարադատությունը կհաղթի:

«Գիտեք՝ բազմիցս ես էլ եմ Գարեգինին ասել, որ եթե իրականում ինքն է սպանել, կարող է անկեղծ խոստովանել, որ խանդի հողի վրա է արել, հոգեպես ընկճված վիճակում, եւ այդ դեպքում նրան կդատապարտեն ոչ թե ցմահ ազատազրկման, այլ ավելի մեղմ պատժի: Բայց նա միշտ պնդում է, որ եթե ինքն արած լիներ, կխոստովաներ եւ վստահ է, որ հանցագործությունն անպայման կբացահայտվի»,- ասում է փաստաբան Հոբոսյանը:

Դատարանում Գարեգին Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ժամանակին կինն իրեն խոստացել է նվիրել «մի դուռ, մի լուսամուտ», եւ միայն հիմա է հասկանում, թե ինչ է նկատի ունեցել կինը: Անաստասիան էլ նշել է, թե նման բան երբեւէ չի եղել: Սակայն հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանի միջնորդությամբ քրեական գործին կցվել է Անաստասիա Դավթյանի նամակը, որում վերջինս ամուսնուն հիշեցրել է իր տված խոստումը. «Քեզ մի դուռ, մի լուսամուտ կնվիրեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter