HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հրայր Թովմասյան, եթե ուզում եք հավատանք Ձեզ, դուրս եկեք բարեփոխումների «օրորոցից»

Ամանորից մի քանի օր առաջ բանտից զանգեց Գագիկը եւ ասաց, որ ուզում է մատը կտրել եւ ուղարկել Եվրադատարան: Ես ասացի` էշություն է մտածածդ, բացի այդ էլ՝ մատդ Եվրադատարան չի հասնի: Ասացի՝ մատ կտրելու մասին մոռացիր: Նա ասաց՝ լավ:

Գագիկը մատը չի կտրել առ այսօր, բայց նման բաներ նրա մտքով հաճախ են անցնում: Նա փնտրում է իր նկատմամբ կայացված անարդար դատավճռի դեմ բողոք արտահայտելու ձեւեր: Հետո մի պահ պատկերացրի եվրադատավորների դեմքերը, երբ ծրարից հանեն ստեփանավանցի Գագիկի մատը:

Գագիկն իսկապես «դժվար դատապարտյալ» է: Դժվար է, որովհետեւ նրա գլխին սարքել են ու չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Նրան սկզբում մեղադրանք են առաջադրել խոշոր չափերով գողություն կատարելու համար, այնուհետեւ մեղադրանքը փոխվել է, եւ Գագիկ Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել խմբակային գողության համար:

Պատկերացնու՞մ եք՝ դատարանը ապացուցված է համարել, որ հանցավոր խումբը հանցագործություն է կատարել, բայց պատիժը կրում է միայն Գագիկը: Ընդ որում, խմբի մասին միայն Գագիկն է պատմել: Նա իր ցուցմունքներում նշել է այն մարդկանց անունները, ովքեր իր նկատմամբ ճնշումներ են գործադրել, հալածել են եւ պարտադրել գողություն կատարել: Գագիկն այդ ամենի մասին ժամանակին տեղեկացրել էր ոստիկանությանը:

Երբ արդարադատության վերջին երեք նախարարները խոսում էին բարեփոխումների մասին, ես լուրջ չէի վերաբերվում նրանց ասածներին: Այդ բարեփոխումներն արդեն տասը տարի է՝ ընթացքի մեջ են, բայց արդյունքում դատավորներն անկախ չեն դարձել, հակառակը՝ ավելի վերահսկելի եւ ավելի կոռումպացված են:

Նրանց դրամական եւ այլ կարողությունները երկրաչափական պրոգրեսիայով աճում են, նրանք ձեռք են բերում հարյուր հազարավոր դոլար արժողությամբ առանձնատներ, թանկարժեք ավտոմեքենաներ: Սակայն թե ինչպե՞ս են ձեռք բերել, որտեղի՞ց նրանց այդ միջոցները, ոչ մեկին չի անհանգստացնում: Մինչդեռ նախեւառաջ այստեղից պետք է սկսել բարեփոխումները:

Ես համոզված եմ՝ այսօր էլ բարեփոխումների կարիք չկա. ընդամենը պետք է վերցնել մի քանի դատավճիռ, գնալ դրանց հետքերով եւ բացահայտել ամբողջ շղթան: Պարզել, թե ինչպես է կայացվել կոնկրետ դատավճիռը: Վերջերս գրեցինք փողերի լվացման գործարքը կանխելու մի փորձի մասին: Երկու դատավորներ կայացրել են իրար հակասող վճիռներ: Գործի նյութերում ոչինչ չի փոխվել, որեւէ թուղթ չի ավելացել:

Եթե Հատուկ քննչական ծառայությունը կարողանա դատավոր Կուբանյանից պարզել այն պաշտոնյաների անունները, որոնց զանգով վճիռ է կայացրել, ազատազրկման վայրում կհայտնվեն դատավորը, նախարարը, բանկի ներկայացուցիչը: Դրանից հետո որեւէ դատավոր զանգով որոշում չի կայացնի, համոզված եմ: Բարեփոխում ասելով՝ ես հասկանում եմ հենց նման գործությունները:

Նախարար Թովմասյանը բարեփոխում ասելով հասկանում է օրենքների փոփոխությունները: Բայց մի՞թե Հայաստանում օրենքի խնդիր կա: Հաշվեք, թե Վենետիկի հանձնաժողովը որքան փող է աշխատել Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին կարծիք հայտնելիս կամ եզրակացություն տալիս: Որքան էլ տարօրինակ է՝ ամեն անգամ դրական եզրակացություն է տալիս: Բայց մի՞թե դրա արդյունքում Հայաստանում ընտրությունները նորմալ են ընթանում:

Պարոն նախարար, ահա բարեփոխումներ կատարելու երկու օրինակ՝ Գագիկ Կարապետյանի նկատմամբ կայացված դատավճիռը եւ «Նաիրիտ գործարանի» դեմ դատավոր Արա Կուբանյանի կայացրած վճիռը: Ուզու՞մ եք հավատանք Ձեզ, զբաղվեք այս վճիռները կայացրած դատավորներով, պատժեք նրանց, եւ դրանից հետո որեւէ դատավորի մտքով էլ չի անցնի փողով կամ զանգով որոշում կայացնել: Այնպես որ, ժամանակն է դուրս գալ բարեփոխումերի «օրորոցից» եւ քայլեր անել:

Մեկնաբանություններ (3)

ընթերցող
Յա՜, ձենդ չի լսվե Հրայր!
hasmik
հարգելի Էդիկ Բազդասարյան, ինչու միայն այդ երկու գործերը, եղբորս հետ կապված քննիչ, դատաղազ, դատավոր եռյակը կեղծելով հարկման հիմք հանդիսացող հաշվեկշիռները, պետությունից հարկերը թաքցնելու նպատակով եղբորս կալանավորել են, դատական համակարգը ակտիվ մասնակցում է հարկերի թաքցմանը, անմեղ մարդկանց բանտը նետելով
karen
Պարոն Թովմասյան, ինձ թվում է և Ձեզ և իրավապահ մարմիններին պետք է հետաքրքրի թէ ինչու է պարոն Կուբանյանը Նաիրիտի գործը վարույթ ընդունել առանց պարսկական կողմից 98 միլիոն պետական տուրքը մուծելու և այսօրվա դրությանբ պետությունը նրա պատճառով կրել է 98 միլիոն դրամի վնաս, քանի որ այս գործարքի համար ստեղծված պարսկական ընկերությունը այդ գումարը չի կարող վճարել: Ինչ բացատրություն կտաս պարոն Թովմասյան պետությանը Կուբանյանի հասցրած վնասի մասին, ով է վերականգնելու 98 միլիոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter