HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հրազդանի քաղաքապետարանը անապահով ընտանիքի մասին «հոգացել է» ուրիշի սեփականությամբ

Սվետայենց տանը նկարահանում անել չէր լինում: Մրսում էի, ձեռքս դողում էր, ու չէի կարողանում տեսախցիկը անշարժ պահել: Այդ օրը սառել էին տան խմելու ջրի խողովակները: Սվետան գազի բալոնին միացրած կրակով տաքացնում էր խողովակները, բայց չգիտեր, թե որ հատվածն է սառել: Միջանցքից սկսած տաքացնում էր ու գազի բալոնով ներսուդուրս անում… Նա երկու օրը մեկ գազի բալոնը լիցքավորում է, որ սառած խողովակները կրակով տաքացնի:

27-ամյա Սվետլանա Հարությունյանը արդեն երրորդ տարին է ապրում Հրազդանի «Շինտրեստի» հանրակացարանի 303 սենյակում:  Բնակարանն իր սեփականությունը չէ: Ասում է, որ ամբողջ հանրակացարանից  միայն մի քանի հոգի չեն կարողանում սեփականաշնորհել բնակարանները, ովքեր «ծանոթ ու փող» չունեն: Նրանցից մեկն էլ ինքն է: Բայց ինքը շատ է ուզում սեփականշնորհել, որպեսզի կարողանա գազաֆիկացումից օգտվել:  «Շենքում գազ կա, ով սեկփականացրել է, գազ ա քաշել, բայց ես չեմ կարողանում, տան գրքույկն է պետք»,- ասաց Սվետան:

Տունն ունի ննջասենյակ, հյուրասենյակ և խոհանոց: Սվետան երկու երեխաների հետ ապրում է ննջասենյակում, որը տաքացնում է էլեկտրական փոքրիկ վառարանով: «Ամսական 28000 նպաստ ենք ստանում, 15000-ը տալիս ենք հոսանքի փող»,-ասում է Սվետան: Հյուրասենյակում կահույք կա, բայց այնտեղ չեն ապրում. չեն կարողանում տաքացնել: Խոհանոցն էլ չեն օգտագործում: Խոհանոցի ջրի ծորակը սառել էր ու չէր աշխատում: Տունը տաք պահելու համար Սվետան ապակիների կտորներով փորձել է պատուհան սարքել, բայց ասում է՝ լավ չի ստացվել,  «արանքից ուժեղ փչում է»:

Սվետայի երեխաները Հանրակացարանի 303 սենյակը

Իր խոսքով` դիմել է Հրազդանի քաղաքապետարան՝ բնակարանի սեփականշնորհման հարցով, ասել է նաև, որ գազաֆիկացնելու համար է դիմում, բայց ոչինչ չի ձեռնարկվել: «Ասում են, գնա, հանգիստ նստի ու ոչ մի բան չեն անում»,-պատմում է Սվետան: Նա երեք տարի առաջ բաժանվել է ամուսնուց ու մենակ է մեծացնում երկու երեխաներին՝ 6-ամյա Միշային ու 4-ամյա Արմինեին: Ընտանիքի եկամուտը նախկին ամուսնու ամսական  ալիմետն է`10 հազար դրամ, և երեխաների նպաստը` 28 հազար դրամ:  Ամուսինը ապրում է նույն շենքում՝ առանձին սենյակում, բայց երեխաներով չի հետաքրքրվում: Սկեսուրն էլ է նույն հանրակացարանում ապրում, այցելում է Սվետային, և երեխաներին պահում է, երբ Սվետան աշխատելու է գնում:

Հրազդանի քաղաքապետարանի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ Շոթա Խաչատրյանի հետ զրույցից պարզվեց, որ Սվետայի բնակարանը՝ հանրակացարանի 303 սենյակը, սեփականատեր ունի, և, հետևաբար, դրանում «որևէ բան փոփոխել» հնարավոր չէ, այդ թվում` գազաֆիկացնել: Սվետան ապօրինի է ապրում այդ բնակարանում` նշեց Շոթա Խաչատրանը և ավելացրեց, որ սեփականատերը կարող է մի օր հայտնվել:  

Սվետան մանրամասնում է սենյակը ստանալու իր պատմությունը և նշում է, որ ինքը չի իմացել, որ այն սեփականատեր ունի. «Ամուսնացած ժամանակ վարձով էինք ապրում: Բաժանվելուց հետո տուն չունեի: Տեսա, որ հանրակացարանում էս տունը լրիվ քանդված է, դուռ չունի, մտածեցի ոչ մեկին պետք չի: Ու էդ սենյակը խնդրեցի տրամադրել ինձ. մտածեցի հեշտ կտան, որովհետև լրիվ քանդված էր»: Իր խոսքով՝ այդ մասին խնդրել է քաղաքապետարանի` բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի աշխատակից Մանվել Միքայելյանին, վերջինս էլ իրեն ասել է՝ «Գնա, նստի»: Սվետան նորոգել է սենյակը, դուռ է տեղադրել, պայմաններ է ստեղծել ապրելու համար, իսկ հիմա ստացվում է, որ կարող են գալ, իրեն տնից հանել: «Եթե սեփականտեր ուներ, բա ո՞նց ինձ տվեցին էդ սենյակը»,- հարցնում է Սվետան: Պատմում է, որ բնակարանի սեփականշնորհման հարցով դիմում է գրել կառավարություն: Հետո իրեն քաղաքապետարանից կանչել են ու ասել. «Ինչ ես գրել, գնա, հանգիստ ապրի էլի»: Շ. Խաչատրյանն ասաց, որ այդ նամակի պատասխանում տեղեկացվում է, որ սենյակը սեփականտեր ունի, կա նաև սեփականտիրոջ անուն-ազգանունը: Իսկ Սվետան ավելացնում է, որ իրեն այդ մասին ոչինչ չեն ասել:

Շոթա Խաչատրյանն ուրիշի սեփականությամբ անապահով ընտանիքի մասին «հոգալու» քաղաքապետարանի քայլը հիմնավորում է այսպես. «Ի՞նչ անեինք, դրսում թողնեի՞նք»: Չնայած «մարդկային» հիմնավորմանը` ուրիշի սեփականությունը Սվետային տրամադրելը ոչ միայն նշանակում է կատարել օրինախախտություն, այլև ոչինչ չձեռնարկել նրան օգնելու համար, նաև նկատի ունենալ, որ նա կարող է կանգնել փաստի առջև, ինչպես այսօր: Հանգիստ ավելացնում են, որ, իհարկե, Սվետան չի կարող գազաֆիկացնել և իրավունք չունի որևէ փոփոխություն կատարել բնակարանում:

Շենքի բնակիչներից մեկը պատմեց, որ Սվետայի բնակարանի սեփականտերը մահացել է, բայց ունի ժառանգներ,  ովքեր այսքան ժամանակ չեն երևացել, տունն էլ լրիվ քանդված է եղել, երբ Սվետան սկսել է այնտեղ ապրել:

Սվետան պատմեց, որ իր աշխատանքը հիմնականում խանութում բանվորություն անելն է. ալյուրի և ցեմենտի պարկեր է բարձրացնում շենքեր: Այդ աշխատանքով ձեռք բերված գումարով է այսքան տարիների ընթացքում կարգի բերել հանարակացարանի` ուրիշի սեփականություն հանդիսացող իր սենյակը:

Մեկնաբանություններ (1)

liana
u inchqan nmanatip yntaniqner kan hayastanum vortex mardik zrkvats en tarrakan kencaxayin paymanneric isk mer hay manukner@ MANKUTYUNIC....araj hayastan depi sev jhandam@...............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter