HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Պզտիկներուն քով. սիրիահայերի դպրոցը

Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում Դանիելային հարցրի` որ առարկան է շատ սիրում, ասաց` «պայուսակ», «մատիտ», «ներկերի գիրք», հետո ուղղեցի հարցս, պատասխանեց՝ անգլերենը: Այս դպրոցում է տեղակայված սիրահայերի համար բացված «Կիլիկեան վարժարանը»: Երկրորդ դասարանի աշակերտները  քննություն էին հանձնում «Կրոնի պատմություն» առարկայից: Դպրոցի փոխտնօրեն Նորա Փիլիպպոսեանը, ով համակարգում է հենց վարժարանի աշխատանքները, չէր ուզում, որ մտնեի դասարան. «Պզտիկ էրեխեն պիտի կաշկանդվի և եթե ինչ-որ հարց չգիտնա, պիտի ասի որովհետև մարդ կար մեր քով»: Բայց եղավ հակառակը: Երեխաները ավելի ոգևորվեցին, մանավանդ երբ տեսախցիկ տեսան. ով ինչ հայերեն ոտանավոր ու երգ գիտեր` հիշեց: Կողքիս փոքրիկն էլ ուզում էր` իր անուն-ազգանունը գրատախտակի վրա գրել, որ նկարեի: Հետո տեսա, որ բոլորն են իրենց անունները գրում են, կանգնում են մի կողմ, կանչում ընկերներին: Հերթը հասավ Նազարեդին: Գրեց. «Նազո», կետ դրեց, շարունակեց «Նազարեդ», հետո ժպիտով ուշադիր նայեց` իբրև թե բոլորից տարբեր բան է արել:

Դպրոցի տնօրեն Արուսյակ Բարսեղյանն ասում է, որ սիրիահայ դպրոցականները շատ ակտիվ են. «Սկզբում չէին հարմարվում: Օրինակ` մեր երեխաները սովոր են դասի ժամանակ ուղիղ նստել, չխոսել: Իրենց մոտ էդպես չէ, իրենք պետք է խոսեն, անպայման քայլեն, շարժվեն դասարանում»:

Դպրոցի բակում իրար հետ խաղացող ընկերուհիները` Սոնան, Ռոզալիան ու Նարօտը, Հալեպից են: Ասացին, որ Հայաստանում են դարձել «լավ ընկերներ», իսկ Հալեպում տարբեր դպրոցներում էին սովորում ու իրար չէին ճանաչում: Պատմեցին, որ հայասատանցի ընկերներ քիչ ունեն. դժվար են շփվում նրանց հետ: «Իրենք ռուսերեն գիտեն,- ասում է Սոնա Գարատանայեանը, - հիմա լավ է, սկզբում մեզ վրա ծիծաղում էին: Իրենք ասում էին մեզ` ասեք «պոկա», մենք դա արաբերեն ենք ասում»:

«Սկզբում սիրիահայ երեխաները իրար հետ արաբերենով էին շփվում, մեր երեխաներին էլ թվում էր` էդպես են անում, որ իրենք չհասկանան,- պատմում է տնօրենը,- բայց  երկու օր առաջ դասամիջոց էր, միջանցքում նկատեցի, որ իրար հետ շփվում են արդեն հայերենով: Ամենակարևորը, հիմա հասկանում են, որ բոլորը հայ են, կապ չունի Սիրիայում են, թե Հայաստանում: Եվ պիտի իրար հետ հայավարի հանդիպեն, խոսեն, իմ ու քո չկա»:

 Սիրիահայ ու հայաստանցի աշակերտերը դաս են անում նույն դպրոցի տարբեր մասնաշենքերում, և իրար հետ  այնքան էլ չեն շփվում: Ա. Բարսեղյանն ասում է, որ իրենք հատուկ այնպիսի միջոցառումներ են կազմակերպում, որ հաղորդակցությունը կայանա:

 «Մեր ֆիզկուլտուրայի դահլիճը լավ պայմաններ ունի, կարողանում ենք կազմակերպել, օրինակ, բասկետբոլի, ֆուտբոլի մրցումներ,  թիմերով մասնակցում են. և խաղում են, և շփվում», - ասում է տնօրենը:

«Կիլիկեան վարժարանում» սովորում է 307 աշակերտ, Ն. Փիլիպպոսեանի խոսքով՝ աշակերտներ կան Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներից: Դասասենյակները կահավորված են: Դպրոցի լաբորատորիաներից օգտվում են և սիրիահայ, և հայաստանցի երեխաները:  Հունվարի 1-ից սիրիահայ երեխաները հրամանագրվել են որպես Նար-դոսի անվան դպրոցի աշակերտներ:

Սիրիահայ երեխաները, տնօրենի խոսքով, ուշադրության կենտրոնում են, «վերաբերմունքը հրաշալի է», որևէ բանի կարիք չունենան, բայց նկատելի է, որ  անկախ ամեն ինչից ուզում են վերադառնալ Սիրիա: «Հիմնականում ընտանիքներով են տեղափոխվել, բայց շատերը չգիտեին, որ այդպիսի ընթացք կլինի, ամենաանհրաժեշտ իրերն են իրենց հետ վերցրել: Փաստաղթերն են հիմնականում կիսատ: Կան ուսուցիչներ, որ անձը հաստատող փաստաթուղթ ունեն և վերջ, մնացածը այնտեղ է»,- ասում է Ա. Բարսեղյանը: Մի քանի սիրիահայ ուսուցիչներ, որոնց ամուսինները այստեղ հաջող աշխատանք են գտել, ուզում են ապրել Հայաստանում ու հավանաբար չեն վերադառնա Սիրիա` ասում է տնօրենը:

«Կիլիկեան վարժարանում» դասերը կազմակերպվում են նույն ծրագրով, որ գործել է Սիրիայում: Արևմտահայերենով անցնում են միայն «Հայոց լեզու» առարկան, որ ներառում է քերականությունն ու գրականությունը: «Օրինակ` նրանք իրենց «Ընկերային ուսմունք»  առարկայի շրջանակներում անցնում են աշխարհագրություն և պատմություն արաբերենով, ուսուցիչները անկախ դասավանդվող առարկայից պետք է տիրապետեն արաբերենին: Հայերենը կլսեք միայն իրենց հայերենի և գրականության ժամին»,- նշում է տնօրենը:

Դպրոցի միջանցքներում արևմտահայերենը լսվում է նաև դասամիջոցներին, բայց այն ժամանակ,  երբ տարրական դասարանի սիրիահայ երեխաներն են իրար հետ շփվում: Բարձր դասարանցիները հիմնականում արաբերենով էին հաղորդակցվում:   

Սիրիահայ աշակերտները դպրոց են գալիս ավտոբուսներով, որ տրամադրել է Երևանի քաղաքապետարանը. այդ պատճառով հաճախումների հետ կապված խնդիրներ, այդ թվում` ուշացումներ չեն լինում` ասում է տնօրենը:

Սիրիական կրթական ծրագրով` դպրոցում հիմա քննաշրջան է, որ տևում է մոտ երկու շաբաթ: Երեխաները դասերը ավարտում են ավելի շուտ, քան սովորական դասի օրերին` ժամը 11-ին: Բայց չէին շտապում տուն: Դպրոցի բակում մի քիչ ձյուն կար. ձնագնդիկ խաղալու համար այնքան էլ հարմար չէր, բայց սիրիահայ դպրոցականները խաղում էին: Ասացին` Սիրիայում այդքան ձյուն չկար:

Մեկնաբանություններ (5)

Francoua Francis
I was there. In that class. Good old times.
GB
It is time for Amerasian of the world to be united under one flag!!
raffi
even with the slim chance of any of these kids ever returning to syria (which they shouldn't, since they have already fulfilled the dream of their grandparents: repatriation) why the hell are they still following the Syrian educational system? other than the fact that it isn't even a good system to begin with, it will certainly not be in place in a future Syria anyway. I'm happy we now have a western armenian school in Armenia, but they should follow the Armenian system, which would be more beneficial, since they live in Armenia.
Zohrab
Let the children teach us grown ups how to be with each other
Mher
It's great that Principal Barseghyan is trying to promote activities that will increase contact between the two groups. What actually is needed is for him to explain to the local pupils why the Syrian-Armenian kids wound up in Syria in the first place. Many have no inkling of the depth and breath of 1915! It's not their fault though...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter