HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գոմ-дом», սա ինչ կյանք է»

Գորայքցի Վահեն հաստատ է որոշել` ոստիկան է դառնալու: «Մեր աթարը գողանում են. ոստիկան դառնամ, որ գողին բռնեմ»,- վճռական տոնով ասում է փոքրիկը: «Աթարի դեզը հաշված էր, երեսուն հատ էր, առավոտ տեսանք, որ իրեքը չկա: Հորս ասում եմ` Խորենը կըլի տարած, չի հավատում, դրա համար ոստիկան պիտի դառնամ, որ գողին իմ ձեռով բռնեմ»,- շարունակում է Վահեն և մեծավարի պատմում, թե հերն ամեն օրվա վառելիքի համար աթարի հինգ կտոր է առանձնացնում, էդքան պիտի վառեն: Վահեի խոսքով մեկ-մեկ «պրոմըխ» են տալիս, շատ են վառում:

Ծովի մակերևույթից 2111 մ բարձրության վրա գտնվող Սյունիքի մարզի Գորայք գյուղում, որտեղ տարվա 6-7 ամիսը վառարան են վառում, հրաշք են համարում, եթե աշնանը հաջողվում է հատիկ լոբին չորացնել: Անգամ լուսանկարում են, եկողներին ցույց տալիս:

«Մեր հիմնական վառելիքն աթարն ա, մարդիկ կան` ռեզին էլ են վառում, ճիշտ ա՝ ծուխը շատ ա, բայց խորանարդ մետրը 20-25 հազար դրամով ոչ ոք հնարավորություն չունի տունը փայտով ջեռուցել»,- ասում է Արթուր Սարգսյանը: Չնայած դրան, նրա կարծիքով՝ Գորայքում մարդիկ ավելի լավ են ապրում, քան հարևան գյուղերում:

«Տուն կա` 20-25 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ա պահում, կաթը հիմնականում հանձնում ենք «Աշտարակ կաթի» Գորայքի մասնաճյուղին, նաև կողքի գյուղերից են հավաքում, միսն էլ եզդիներին ենք վաճառում կիլոգրամը 1600-2000 դրամով»,- շարունակում է Արթուրը:

Նրա խոսքով` մարդկանց մեծ մասն սպասում է, որ իր ընտանիքի խնդիրներն  ուրիշները պիտի լուծեն: «Անհրապույր կյանք է գյուղում, պարզից էլ պարզ է, բայց աշխատում ենք, օրվա հացն էլ ենք ստեղծում, մի բան էլ ավելի»,- ասում է տղան:

Նրան համամիտ չէ Փառանձեմը, ում պատկերացմամբ «մարդը չպիտի ապրի միայն ուտելու համար»: «Գոմ-дом», սա ինչ կյանք է, ես և ամուսինս կյանքում ամեն ինչից մեզ զրկել ենք, որ մեր երեք երեխաները բարձրագույն կրթություն ստանան: Տարեկան 1,2 մլն դրամ ուսման վարձ ենք վճարում պետական բուհերին, տղաներս գիշերային ժամերին աշխատում են, դիմանում ենք, որ նրանք էլ ստիպված չլինեն մեզ նման անասուն պահել, գան գյուղ ի՞նչ անեն»,- վրդովմունքը չի թաքցնում Փառանձեմը:

Նա ասում է, որ Գորայքի միակ լուսավոր կետը գյուղի դպրոցն է: Դպրոցի տնօրեն  Մարտուն Թադևոսյանի աշխատանքի շնորհիվ ամեն տարի 7-8 շրջանավարտ ընդունվում է պետական բուհեր, բայց, դժբախտաբար, քչերն են գյուղ վերադառնում:

Նրանցից մեկը Արտուշ Աղաջանյանն է, ով քիմիկոսի մասնագիտություն ստանալուց հետո ծառայել է Ազգային բանակում, զորացրվել և սպասում է, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որը երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի հանքավայրում, իրեն աշխատանքի  կրնդունի:

Առհասարակ, Գորայքում «Գեոթիմ» ընկերության մասին խոսում են գրեթե ամենուր. համայնքային ամենատարբեր խնդիրների լուծման հեղինակը «Գեոթիմն» է, որը պարտավորվել է երկարաժամկետ դրական ազդեցություն թողնել տարածաշրջանի վրա և միջոցներ ներդնել գյուղական ենթակառույցների, կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման ու զբաղվածության ոլորտներում և  նախատեսում էր, որ մինչև 2013թ. գյուղում 500 աշխատատեղ կապահովի:

Առայժմ մոտ 40 մարդ է աշխատում ընկերությունում, բայց խոստացել են, որ Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման դեպքում աշխատանքով կապահովվի 500-ից ավելի մարդ ինչպես Գորայքից, այնպես էլ հարևան համայնքներից: Ասում են` կան մարդիկ, ովքեր հանքավայրում աշխատելու հեռանկարով անգամ հրաժարվել են անասուն պահելուց, հող մշակելուց։

 «Գեոթիմի» աջակցության հետ ոչ միայն հույսեր են կապում. Գորայքում իրական ներդրումների մասին է պատմում համայնքային իշխանության աշխատակազմի հաշվապահ Յուրիկ Գյուլամբարյանը: Նա նշում է, որ այսօր համայնքային շատ խնդիրներ լուծվում են այս ընկերության ֆինանսական աջակցության շնորհիվ: «Գեոթիմի» տեղական բյուջե վճարվող ամսական հարկը կազմում է 2 մլն 600 հազար դրամ, որը կրկնակի ավելի է պետական դոտացիայից:

«Բնակչությունից հողի հարկը դժվարությամբ ենք հավաքում, մարդիկ կտրուկ հրաժարվում են վճարել, անգամ նրանք, ովքեր վճարունակ են: Բայց բյուջեի եկամտային մուտքերի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում համայնքային նշանակության տարբեր խնդիրներ լուծել կամ, օրինակ, դպրոցի նորոգման համար անհրաժեշտ 6,1 մլն դրամի ներդրում կատարել»,- ասում է Յուրիկը:

Նույն ներդրումների միջոցով Գորայքում հիմնանորոգված գրադարանը վերածվել է ուսուցման կենտրոնի: Բացի գրադարանից՝ շենքում տեղակայված են շախմատի, համակարգիչների, ընթերցանության և ժողովների սենյակներ, ինչպես նաև գյուղի փոստային ծառայությունը:

«Գեոթիմի» աջակցությունից բացի՝ տեղացիները կարևորում են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի    շրջանակներում հիմնադրված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվը, որում ընդգրկվել է գյուղի 88 անասնապահ: Դրա համար գյուղի վարչական տարածքի արոտավայրերը վարձակալությամբ հանձնվել են կոոպերատիվին, կառուցվել են խմոցներ, տրամադրվել է գյուղտեխնիկա:

Մանուկ Մովսիսյանը ևս կոոպերատիվի անդամ է, ասում է՝ որպեսզի մարդիկ համատեղ գործունեություն ծավալելու արդյունքները տեսնեն, ժամանակ է պետք:

Գորայքի համայնքային նշված խնդիրների մի մասն ընդգրկված է եղել համայնքի 2009-12թթ. զարգացման քառամյա ծրագրում. խոսքը հիմնականում վերաբերում է մշակույթի տան, գրադարանի վերանորոգմանը: Մշակույթի տան տնօրեն Արտակ Աղաջանյանը պատմում է, որ վթարային վիճակում գտնվող շենքը հատկացվել է «Գեոթիմ» ընկերությանը, որը մասնակի նորոգելով վերածվել է լաբորատորիայի: Գյուղի նախկին խանութներից մեկը ծրագրվում է առաջիկայում նորոգել ու տրամադրել երիտասարդությանը` ժամանցը կազմակերպելու համար:

Լուծվել է նաև աղբահանության խնդիրը:

Անցած տարիների ծրագրից նոր քառամյա կտեղափոխվի խմելու, ոռոգման խնդրի կարգավորումը: Ուշագրավ է, որ Գորայքի 2009-12թթ. քառամյա ծրագրում այս և այլ խնդիրների մասին ոչ միայն նշումներ են կատարվել, այլև յուրաքանչյուր խնդրի հիմնավորումներ են ներկայացվել, նպատակ, ինչպես նաև լուծման համար անհրաժեշտ բյուջե:

Համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Մարիետա Գրիգորյանի խոսքով` առաջիկա տարիների զարգացման վերջնական ծրագիր դեռևս չի մշակվել, բայց ինչպես նախորդ, այնպես էլ նոր ծրագիրը կազմվելու է՝ հաշվի առնելով ոչ միայն սեփական ռեսուրսները, այլև այն հնարավոր ներդրումները, որոնք կատարում են այլ կազմակերպություններ:

«Կազմակերպություններ կան (նաև մամուլում են ասում այդ մասին), որոնք աղմուկ են բարձրացնում Ամուլսարի հանքավայրի վտանգավորության մասին: Մենք չենք բացառում, հնարավոր է և՝ անվնաս չի, մանավանդ որ մի քանի անգամ ժողովներ, հանդիպումներ են կազմակերպվել բնակիչների հետ՝ պարզելու անգամ, թե որ հատվածից են հիմնականում բնակիչներն ավելուկ կամ դեղաբույսեր հավաքում: Ի՞նչ կարող ենք անել, եթե սեփական միջոցներով, տեղական բյուջեով ոչ միայն քառամյա ծրագրում ընդգրկված, այլև ամենատարրական խնդիրը չենք կարող լուծել: Մարդիկ հանքի հույսով են մնում գյուղում. էդ էլ չլինի, ջահելները չեն մնա»,- ասում է Մարիետան:

Մեկնաբանություններ (7)

Gayane
Zarmanali e, vor 20-25 hat anasun pahor gyuracin achk@ tnkel e, te hankum banvor ashkhatem.
Կարեն
Իսկ ինչու ոչ: Մարդիկ բարձր վարձատրվող աշխատանք են ուզում, հանքարդյունաբերությունը ամենուր այդ հնարավրությունը տալիս է: Եվ ով ասաց, որ չի կարելի համատեղել գյուղատնտեսությունը հանքարդյունաբերության հետ: Ավստրալիան լավագույն օրինակներից է, թե՛ գյուղատնտեսական թե հանքարդյունաբերական աշխարհի առաջատար երկրներից է: Ճիշտ մոտեցման դեպքում ամեն ինչ հնարավոր է, այդ թվում՝ բնապահպանական բարձր վերահոսկողությունը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կարեն (4) - Ավստրալիայի տարածքը 7.68 մլն քառ. կմ է,Հայաստանինը` 29.713 քառ. կմ ,իսկ Սյունիքինը` 4506 քառ. կմ: Սրանով ամեն ինչ ասված է: 4506 քառ. կմ տարածքում հանքարդյունաբերություն և գյուղատնտեսություն/տուրիզմ համատեղ ՉԻ ԿԱՐՈՂ լինել,ինչքան էլ որ հանքային կլանը փորձի համոզել հակառակը:
Կարեն
Վարազ, դրանով ոչինչ իրականում ասված չէ: Հենց որովհետև Հայաստանի տարածքը փոքր է, հանքերն էլ մեծ չեն, ի տարբերույթւոն Ավստրալիայի, որտեղ գործում են չափսերով և քանակով տասնյակ անգամներ Հայաստանի հանքարդյունաբերության ծավալները գերազանցող արդյունաբերություն: Եթե ուզում եք ասել, որ Ավստրալիայում կամ այլուր, այդ թվում Կանադայում, Չիլիում կամ Ագենտինայում հանքերը միայն անապատներում են, դարձյալ սխալվում եք: Բազմաթիվ հանքեր կան նույնիսկ ԱՄՆ ում անմիջապես բնակավայրերին հարող տարածքներում, որոնք կառավարվում են այնպես, որ շրջակա համայնքների բնակիչները որևէ կերպ չեն զգում դրա գոյությունը տասնյակ տարիներ: Այնպես որ խնդիրը ռացոնալ դաշտում քննարկելն է և ռացոնալ պահանջներ առաջ քաշելը: Ոչ Ավստալիան, ոչ Կանադան, ոչ էլ այլ առաջատար հանքարդյունաբերական երկրներ չեն հրաժարվել հանքարդյունաբերությունունից հանուն գյուղատնտեսության կամ տուրիզմի, այլ հաջողությամբ համատեղել են արդյունաբերության ամենատարբեր ճյուղերը: Եթե խնդիրը ռացիոնալ լուծումներ գտնելն է իհարկե: Իսկ եթե խնդիրը Ամստերդամում նստած Հայաստանը էկոտուրիզմի միջոցով պահելու տեսլականներ մշակելն է, անշուշտ համոզելու խնդիր չկա: Աշխարհում ոչ մի երկրի միայն տուրիզմով չի գոյատևում, առավել ևս եթե չունի ոչ ծով ոչ մեծամասշտաբ տուրիզմի համար անհրաժեշտ այլ պայմաններ: Նույնիսկ Իսպանիայում կան հանքեր, այդ թվում՝ Կանարյան կղզիներում, տուրիաստական ամենահայտննի ուղղություններից մեկում նավթ են արդյունահանում: Խնդիրը ոչ թե շահագործել-չշահագործելու, այլ ինչպես շահագործելու մեջ է: Եթե իհարկե կոնստրուկտիվ մոտեցման խնդիր կա: Եթե ոչ՝ անշուշտ համոզելու կարիք չկա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կարեն(6) - Մոտ 2200 քառ.կմ տարածք ունեցող հարավային Սյունիքում ամենամեծ 3 հանքային ձեռնարկություններն արդեն միասին արտադրում են տասնյակ միլիոնավոր տոննա հանքաքար: Չհաշված Սյունիքում այսօր գործող մնացած 42 հանքային ձեռնարկությունները: Նորից կրկնեմ վերևի կոմենտումս գրածը. Միջազգային նորմերով բաց հանքը (ուղիղ գծով) պիտի առնվազն 20 կմ հեռու լինի որևէ բնակավայրից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ համով երեխա է. 30 տարեկանի զրույց է անում ))): Հոդվածի սկիզբը բավականին հետաքրքիր է,բաց հետո դառնում է տխուր,երբ սկսում ես կարդալ «Գեոթիմի» Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման մասին: Սյունիքում/Հայաստանում ամենուրեք նույն դիլեման/պատմությունն է. աղքատության ՀԱՍՑՎԱԾ մարդկանց /համայնքների հանքային կարճաժամկետ ՓՈՔՐ եկամուտներն ընդդեմ մասնավոր հանքերի ՄԵԾ եկամուտների ու հայրենի հողի երկարաժամկետ աղտոտվածության: Ամուլսարի ոսկու հանքը շրջապատված է Հայաստանի ամենայուրահատուկ ու մաքուր մի շրջանով. սկսած Հերհերի արգելոցից/Կեչուտի ջրամբարից (Վայոց ձոր) մինչև Սպանդարյանի ջրամբարը (Սյունիքի մարզ): Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործումը ԼՈՒՐՋ վտանգ է լինելու ոչ միայն այս գեղեցիկ ջրամբարային տարածաշրջանի,այլ նաև Ջերմուկ քաղաքի համար: Միջազգային նորմերով բաց հանքը (ուղիղ գծով) պիտի առնվազն 20 կմ հեռու լինի որևէ բնակավայրից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքի իսկական հոգին հասկանալու 2 հատված կա. մեկը՝ երբ Զանգեզուրի դարպասներից ներս ես մտնում ու այդ առաջին մոտ 15-20 կմ.-ով անցնում ես ու երկու կողմում այդ բաց,ուղիղ,բարձր հարթավայրային տարածությունն ես տեսնում; մյուս հատվածը Կապան-Քաջարան ճանապարհն է: Իմիջիայլոց, Գորայք-Ծղուկ-Սառնակունք-Սպանդարյան հատվածը հոյակապ ներդրումային/ամառն ապրելու շրջան է. բավականին հեռանկարային. գումարած,որ մարդիկ պարզ ու մեղմ են: Ես այս ամառ (եթե ամեն ինչ գնա ինպես պլանավորված) այցելելու եմ այս գյուղերը. տեսնելու: ՀԳ. ես նախանձում եմ այդ «Գոմ-дом» կյանքին. իդիլլական այդ լռության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter