HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեկնածուն

Սումբաթն արթնացավ հեռախոսի «դժգոհ» զանգից: Ալարկոտ շարժումներով տեղից վեր կացավ, ձեռքն ուղղեց դեպի աթոռի վրա դրված բջջայինը: «Ալո»,- ասաց ու մտածեց, որ մինչև պատասխանը լսելը կարող է մի քիչ էլ աչքը կպցնել: Դրա համար, հեռախոսը դանդաղ սահեցնելով անթրաշ դեմքի վրայով, փորձեց դիրքը հարմարեցնել:

Լսափողից այն կողմից լսվեց առավոտ կանուխ կարմիր շրթներկ քսած մի աղջկա ձայն. «Հարյուր հազար ներողություն, որ այս ժամին հանդգնել եմ անհանգստացնել: «Խակերի միության» պաշտոնաթերթից եմ զանգահարում: Ես բնակչության կոմունալ կենցաղային բարոյահոգեբանական հարցերի բաժնի գլխավոր խմբագիրն եմ եւ հոգաչափ շնորհակալ կլինեմ, եթե որպես նախագահի թեկնածու, հատուկ մեր թերթի համար հայ ժողովրդին ուղղված ամանորյա խոսք գրեք: Որպես երկրի ապագա ղեկավար՝ նախատեսում ենք այն տպագրել առաջնորդողի սյունակում»:

Շարունակությունը Սումբաթը չլսեց: Ո՞նց կարող էր մոռանալ, որ ինքը նախագահի թեկնածու է ու այսքան քնել: Դեռ անցյալ շաբաթ կնոջն ու տղային մի քանի ամսով ուղարկեց Գյումուշլու գյուղ` քենու տուն, որ չխանգարեն իրեն մտածել: Նրանց մնալուց օգուտ չկա. մեկ է, կինն ինչ լսել էր, որ ինքը նախագահի թեկնածու է առաջադրվելու, ամեն առիթով սպառնում էր, որ միունույն է, չի քվեարկի նրա օգտին, մինչեւ «տիգրովկա սապոկ» չառնի իր համար:

Անտեղի տեղն էլ տղայի «պամպերսների» համար փող պիտի ծախսեր: Իսկ փո՜ղ, փո՜ղ հիմա իրեն շատ է պետք: Ճամփելուց էլ չզլացավ, թեկնածուավարի կնոջ ճակատը համբուրեց ու Սեթո պապի անունով երդվեց, որ կվերադառնան արդեն ընտրված նախագահի շարասյան ուղեկցությամբ: Գյումուշլույում ապահով է, էնտեղ մարդիկ տեղյակ չեն, որ ընտրություններով կարան նախագահ ընտրեն:

Չէ, ինքն էդքան ժլատ չէ, որ մի «տիգրովկի» կամ էրկու կապ տակաշորի ճար չկարողանա անել, պարզապես ճիշտն էն կլինի, որ ընտրողներին իր օրինակով խնայողության կոչ անի: Թե չէ էս ժողովուրդը ո’չ իր լավի, ո’չ էլ վատի մասին չի մտածում: Հացն էլ թանկացավ, բայց ոչ մեկը հետևություն չարեց. փոխանակ ամբախ-զամբախ խոսելու ալյուրի, հացի քաշի, գնի մասին, մի հատ իրենց հարց չեն տալիս՝ այ մարդ, բա ես ի՞նչ եմ անում թանկությունը հաղթահարելու համար:

Էս երկրում գոնե մեկը մտածե՞ց, որ դրան դիմագրավելու, ոտներն իրենց վերմակի չափով մեկնելու համար կարելի ա չէ՞ նախկին երեքի փոխարեն օրական էրկու հաց առնել: Թողնես, օրերով հարյուրավոր սայթեր մտնեն, ինչ ա թե էրկու «քոմենթ» գրեն սրա-նրա ասածի վրա:

Որ փողի գինն իմանային, դասեր կքաղեին ծխախոտի թանկացումից. Սումբաթի ուղեղը միանգամից պայծառացավ: Իսկ եթե ինքը կոչ անի ծխողներին, որ թողնեն ծխելը: Շատ փորձեց մտքի մեջ մի քանի թիվ բազմապատկել, որ տեսնի, թե դրանով մարդկանց սոցիալական վիճակը որքանով կբարելավվի, չստացվեց: Սկսեց քրքրել գրապահարանի դարակները: Գուցե մի տետր գտնի, որ վերջին էջում բազմապատկման աղյուսակ ունենա:

Լարվածությունից սրտի զարկերն արագացան: Էն, որ մի բլոկ չծխած պապիրոսի օգուտն անհայտ կմնա, ջհանդամը, բա ո՞նց պիտի հաշվի իր օգտին տված ձայները: Սա արդեն ոչ մեկին վստահել չի կարող. պարզ չէ՞, որ չուզողներ կլինեն, իր քվեները տակով կանեն:

Զայրացած ամենավերեւի դարակի գրքերը թափեց գետնին. Չկար ու չկար: Ձեռքը մեկնեց դեպի դատարկ անկյունը, եւ հույսի մի նշույլ շողաց դեմքին. Տետր էր: Չէր նայում հայտնաբերված գանձի կողմը: Փորձեց մատները սահեցնելով գուշակել` աղյուսակո՞վ է, թե՞ չէ: Հուզմունքից նստեց գետնին դարսած գրքերի վրա, մի կերպ լուրջ դեմք ընդունեց ու շրջեց տետրը: Եթե էդ պահին զանգեին ու ասեին, թե կինդ քեզ դավաճանել է, հազիվ էդքան խաբված զգար իրեն, 14 կողմ էլ կբաշխեր մյուս թեկնածուներին, մենակ էդ դաժանությունը չտեսներ. աղյուսակն… անգլերենով էր:

Սումբաթը, առանց խնայելու անգամ ինքն իրեն, յոթ հարկանի հայհոյեց տղային, որովհետեւ նրա ծննդյան առթիվ նվեր էին ստացել Ամերիկաներից: Ո՜նց էին էն ժամանակ ուրախացել, որ տանը անգլերենով գիր ունեին: Սումբաթի զայրութը չպակասեց անգամ էն մտքից, երբ հիշեց, որ հենց իր խորհրդով է կինը պահել տետրը, որ տղայի ամուսնության օրը նվիրեն նրան:

«Ասա, ո՞ր մի ասածս ես բանի տեղ դնում, որ սա լսել ես… »,- կնոջ հասցեին մի քանի «քաղցր» բառ քրթմնջաց ու զգաց, որ կոկորդը չորացել է: Ջրի ծորակը բացեց, բայց մինչ բաժակ կգտներ, նորից փակեց: Հիշեց խնայողության միջոցով ապահով ապրելու իր գյուտի մասին ու ինքն իրեն սաստեց. «Ես կարող եմ հաղթահարել ծարավը. դա ինձ չի պետք, մի ամբողջ ժողովրդի մասին է խոսքը»:

Ծարավը հաղթահարելու համար բացեց պատուհանը. մաքուր օդը կօգներ: Չսխալվեց: Վերեւի հարկի պատշգամբից սառույց էր կախված:

«Իզուր չեն ասում՝ Աստված մի դուռ փակում, մյուսն է բացում»,- ուրախացավ Սումբաթը, բայց հենց ձեռքը մեկնեց, որ սառույցի մի կտոր պոկի, նկատեց, որ այն կպած է հարեւանի լվացքի պարանից կախված սփռոցից: Առաջին միտքը, որ անցավ նրա գլխով, էն էր, թե ինչ առիթով են էդքան մեծ սփռոցն օգտագործել: Նրա աչքի առաջ միանգամից շարվեցին հացն ու պանիրը, կանաչին... Երշիկ էլ կլինեն դրած. անքաշ ապրող մարդիկ են դրանք:

Վստահ քայլերով Սուբաթը քայլեց դեպի դուռը: Կգնա, կհանդիպի էդ մարդկանց ու կպարզի, թե ինչո՞ւ չեն մտածում էս երկրի մասին, ինչո՞ւ են ամիսը մի անգամ էդքան մեծ սփռոց լվանում: Մինչ կոշիկները կհագներ, որոշեց, որ մի բաժակ էլ ջուր կխմի հարեւանի տանը: Ջուրը սկզբում կխնդրի, քանի դեռ նրանք չեն ծանոթացել խնայողության իր ծրագրին:

Դուրս գալուց առաջ անջատեց միջանցքի լույսը եւ այ քեզ հրաշք՝ ո՜նց էր մոռացել հոսանքի մասին: Մութ ու ցուրտ տարիները հերիք չէին, որ սովորեին մթով տանը ման գալ, էդ էլ հո անգլերեն չի՞: Հարեւանի տուն գնալու որոշումը միանգամից փոխելով՝ Սումբաթը մտավ խոհանոց, անջատեց սառնարանը, էլեկտրական սալիկը, հյուրասենյակի հեռուստացույցն ու նստեց բազմոցին:

Զգաց, որ շատ է հոգնել ազգանվեր խնդիրների մտահոգությունից, որոշեց սուրճ խմել: Դեռ կնոջ եփած սուրՃից մի բաժակ մնացել էր սրճեփի մեջ, ալարել էր լցնել բաժակի մեջ, մտածեց տաքացնել, բայց ձեռքը դեպի լուցկին տանելով՝ օձը կծածի նման վեր թռավ... Ո՜չ, գազօջախը չի վառի, ինքն իր օրինակով պետք է ապացուցի, որ գազի հնարավոր թանկացման հետեւանքներին դիմագրավելու մեկ միջոց կա` չօգտագործել: Վերջին մտքից Սումբաթը հրճվեց. կարելի է «չ» տառի շեշտադրումով մի քանի նախընտրական պաստառ պատվիրել:

Սուրճի մրուրը չորացել, կպել էր սրճեփի պատերին. հազիվ մի քանի կաթիլ հաջողացրեց լցնել բաժակի մեջ ու գոնե լեզուն թաթախել: Շատ հանդիսավոր բաժակը շրջեց, ինքն իր արածից հիանալով, որ ազգի ճակատագիրը հենց իր բաժակում է ու ինքը կարող է գուշակել: Չէր համբերում իր հայտնությունները մեկի հետ կիսելու համար. եղբայրները Ռուսաստանում չլինեին, կգնար, կխոսեր նրանց հետ, կհիացներ իր գաղափարներով: Գոնե ընկերներից մեկը Հայաստանում մնացած լիներ: Մի՞թե մեկը չկա, ով կարող էր գնահատել ազգի փրկության իր ծրագիրը: Գուցե զանգի՞, բայց հեռախոսի մարտկոցը չի կարող լիցքավորել, քանի որ հոսանքն անջատել է:

Երեկոյան Սումբաթն արդեն հյուծվել էր. ստիպված բացեց սառնարանի դուռը, մի քանի հաստ կտոր երշիկ ու ապխտած միս կտրտեց, համեմեց խավիարով, ինքն իրենից թաքուն խցկեց մատնաքաշի մեջ ու հենց գետնին նստելով՝ սկսեց ախորժակով ուտել:

Կշտացավ ու նոր հիշեց, որ Ամանորի ողջույնի խոսք պետք է գրեր, որ հեռուստացույցով երեկ չէ, մեկել օրվա իր մամուլի ասուլիսն էին ցույց տալու, որ ենթականերից մեկը եվրոպաներից թանկարժեք ծխախոտ է նվիրել ու չի հասցրել փորձել, որ վաղվա հանդիպման համար արդուկված վերնաշապիկ չունի, որ վիսկին առանց սառույցի չի կարող խմել, ու վառեց լույսերը: Բազմապատկման աղյուսակի մասին էլ կարծես թե մոռացավ, որովհետեւ նույն էդ հեռուստացույցով մի սոցիոլոգ իր ձայներն արդեն հաշվել էր:

Չէ՜, ինչ դավաճանել սկզբունքներին, ինքն իր մասին չի մտածում, այլ ազգի: Այ հենց էդ մասին էլ կգրի իր ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter