HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Միամիտ սփյուռքահայ չեմ, բայց գժվում եմ Հայաստանի համար». Հայկ Բոյաջյան

«Սիրում եմ, որ փողոցում քայլում եմ,  կանչում են` Հայկ, շրջվում եմ, տեսնում եմ՝ ուրիշ Հայկի հետ են խոսում: Ուրախանում եմ. ուրեմն իմ երկրում եմ, և օտար անուն չի լսվում: Իմ ժողովուրդն է, իմ հողն է… հարազատ եմ զգում: Մենք ուրիշ երկրի մեջ ենք ծնվել, բայց միշտ հյուր ենք եղել: Էստեղ ինչ էլ լինի, սիրում եմ, որովհետև սա իմն է»,- ասում է ամերիկահայ Հայկ Բոյաջյանը: 1,5 տարի է, ինչ ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքից տեղափոխվել է Երևան: Քիչ ժամանակ չէ, ինչ այստեղ է ապրում, բայց չի ափսոսում, որ եկել է, ասում է` «գժվում է Հայաստանի» համար:

Ծնողներն ու եղբայրը Լոս-Անջելեսում են: «Երբ ես հայտարարեցի, որ Հայաստան եմ տեղափոխվում, բոլորը զարմացան Լոս Անջելեսում,- պատմում է Հայկը,- իմ հայաստանցի ընկերներն ասացին` խենթ ես, ինչ ես, մարդակեր ժողովուրդ են, քեզ հում-հում կուտեն:  Ընկերներիս մի քանիսն էլ ասացին, թե Հայաստանը մեծ գյուղ է, որտեղ բնավ զարգացում չկա: Զարմացան էնպես, կարծես Աֆրիկայի խուլ ջունգլիների մեջ էի որոշել ապրել»:

Աշխատանք գտնելը Հայաստանում դժվար չէ, եթե լավ ես փնտրում և ունես կրթություն

 
 Հայկը սիրում է լուսանկարել Հայաստանը

Հայաստան տեղափոխվելու առաջին օրերին Հայկը ապրել է ընկերներից մեկի տանը ու սկսել է «ագրեսիվ ձևով» աշխատանք փնտրել: Երեք շաբաթից հետո ընդունվել է երևանյան հայտնի ռեստորանային ցանցերից մեկում որպես մարքեթինգի ղեկավար: «Բախտս բերեց, ոչ ծանոթություն, ոչ բան: Ծանոթներիցս մեկն ասաց, որ ռեստորանային մի համալիրում պահանջվում է մարքեթինգի ղեկավար: Ռեզյումես ուղարկեցի: Հաջորդ օրը զանգեցին, ասացին, որ շատ կուզենային ինձ հետ հանդիպել»: Հարցազրույցից հետո ընդունվել է աշխատանքի: Ութ-ինը ամիս ռեստորանում աշխատելուց հետո որոշել է զբաղվել այնպիսի ընկերության մարքեթինգով, որի շահույթը «կծառայի բարեգործական նպատակների»: Հիմա աշխատում է Հայաստանի մանուկների հիմնադրամում (COAF):  «Նույն մարքեթինգը կարող էի անել նաև Ամերիկայում, էստեղ լինելուս նպատակը հիմնականում իմ  աշխատանքով ներդրում անելն է: Հիմա ուրախ եմ, որ այդ մուրազիս հասնում եմ»,- ասում է նա:

Հայկը մարքեթինգի և միջազգային հարաբերությունների մասնագետ է, բարձրագույն կրթությունը ստացել է Լոս Անջելեսում: Ընկերությունում նրա աշխատանքը հիմնականում կապեր հաստատելն է սփյուռքահայ ներդրողների և տեղացի բիզնեսմենների հետ: Այս աշխատանքը Հայկին թույլ է տալիս պատասխանել ամեն օր ընկերների նույն «հոգնեցուցիչ» հարցին, թե ինչու է Ամերիկան թողել, ու եկել «էս անտեր» երկիրը:

«Դա ինձ շատ ցավ է պատճառում:  Չեմ մեղադրում այն մարդկանց, որ ուզում են արտագաղթել, որովհետև գիտեմ, որ պայմանները, ցավոք,  շատ վատ են Հայաստանում, բայց դժվար է ինձ համար հասկանալը, թե ինչու է դիմացինը այդքան զարմացած, որ ես այս կրթությամբ, և երիտասարդ տարիքում եկել եմ հայրենիքում իմ ներդրումը անեմ»,- ասում է նա: Ավելացնում է, որ որպես սփյուռքահայ միամիտ չէ, գիտի որ Հայաստանում «կաշառակերություն, խաբեություն կա», բայց կարծում է՝ դա նորմալ է սոցիալապես անապահով բոլոր երկրների համար:

Դժվար է հայաստանցիների հետ մտերմանալը

«Մի անգամ պաղպաղակի խանութ մտանք ես ու ընկերուհիս,- պատմում է Հայկը,- ընկերուհիս հարցրեց շոկոլադե պաղպաղակ ունեն, թե ոչ. վաճառողը ջղային տոնով պատասխանեց՝ չէ՛: Ընկերուհիս ասաց՝ կներեք, բայց ինչու եք այդքան զայրացած պատասխանում, չեք կարող ասել, կներեք, չունենք, վաղը կամ երկու ժամից կունենանք, կամ ուրիշ բան փորձեք, չէ՞ որ դա բիզնես է, չէ՞: Ինչի՞ էր էդքան ջղային, չհասկացանք»:

Հայաստանում  սոցալական հարաբերությունները շատ դժվար են դասավորվում, երկար է տևում ինչ-որ մեկի հետ մտերմանալը` ասում է  Հայկը.  «Չգիտեմ` կարող է ամաչում են կամ գուցե ռուսական, սովետական ազդեցություն է: Բայց հենց  էդ պատը իջավ, շատ հասնող ժողովուրդ են»: Ասում է` սովետական համակարգի ազդեցությունը սոցիալական հարաբերություններում շատ առիթներով է նկատում, որովհետև  դրսից է եկել և երբեք այդ մշակույթի մեջ չի ապրել:

«Երբ մեկին հարցնում ես՝ ոնց ես, ասում է՝ ոչինչ, ահավոր է: «Ոչինչ»-ը ի՞նչ է նշանակում: Կամ լավ ես, կամ վատ ես: «Ոչինչ»-ը ոչնչություն է: Եթե ասում ես՝ ոչինչ, ուրեմն ոչ լավ ես, ոչ վատ ես, այսինքն՝ դու էլ չես հասկանում՝ ինչ ես: Չգիտեմ, մի քիչ դժվար է հասկանալը, երբ դու լավատես ես, պոզիտիվ էներգիա ունես: Ինձ բացատրել են, որ սովետի ժամանակ շատերը ոչինչ էին պատասխանում, որովհետև եթե ասեիր՝ լավ եմ, կասեին բայց ինչի էս էդքան լավ դու (ծիծաղում է- Մ. Մ.)»:

Հայաստանում պաշտոնը մեկ օրում փոխում է մարդուն

«Նախկին աշխատածս տեղը՝ ռեստորանում, հիշում եմ, շատ դեպքեր են եղել, որ մատուցողը լավ էր աշխատում, պաշտոնը փոխում էինք, դարձնում էինք  մենեջեր, ու ինքը սկսում էր կարծել, թե ինչքան ավելի կոպիտ վարվի, այնքան դուխով է, և հարգանքի արժանի, մեկ օրում փոխվում էր»,- պատմում է Հայկը՝ ավելացնելով, Ամերիկայում հակառակն է. պիտի սիրաշահես աշխատողին, դա գործատուի շահերից է բխում, կոպտությունը հեռավորություն է ստեղծում, աշխատողը  «անում է իր մինիմումը»: «Էստեղ եթե ղեկավար ես, ուրեմն պաշտոնդ թույլ է տալիս ուզած ձևով խոսել  աշխատակազմի հետ: Դա  անհամություն է մտցնում հարաբերությունների մեջ,- ասում է Հայկը,- աշխատողը ասում է` լավ,  բայց լավ չի աշխատում: Իսկ եթե ղեկավարիդ սիրում ես, լրիվ փոխվում է աշխատանքային միջավայրդ. ավելի արդյունավետ է դառնում  աշխատանքդ»:

Չենք ծնվել միայն ամուսնանալու համար

Հայկին հարցրի՝ քանի տարեկան է: Պատասխանեց, բայց ասաց, որ չի սիրում, երբ իրեն հարցնում են տարիքը: «Ես միշտ տարիքս թաքցնում եմ, որովհետև էստեղի համար ես աննորմալ եմ, որ էս տարիքում ամուսնացած չեմ: Ո՜նց թե. ժամանկս եկել է (ծիծաղում է-Մ.Մ.)»: Աշխատանքը թույլ է տալիս, որ Հայկը հաճախ լինի տարբեր մարզերում, գյուղերում ու նկատել է, որ հայերն իրենց երեխաներին 16 տարեկանում էլ են ամուսնացնում. «Զարմանում եմ, որ երիտասարդ տղային տանը ասում են, որ պիտի ամուսնանաս, բայց էդ երիտասարդը դեռ ոչ մի բանից տեղյակ չէ, ինքը դեռ երեխա է, ոչ կարգին կրթություն ունի, ոչ ապրուստ ունի, ոչ գործ, ու տեսնում ես, որ ընտանիք է կազմում: Մենք չենք ծնվել միայն ամուսնանալու համար»:


Հայկը` եղբոր հետ Հայաստանում

Նկատել է, որ ընտանիք կազմելը հայ երիտասարդների հիմնական նպատակն է՝ հարազատների ճնշմամբ, իսկ Ամերիկայում «էդպես չէ»:  Նրան դուր է գալիս երևանյան նոր սերունդը՝ «ռոլիկներով, ականջակալներով, լրիվ իրենց աշխարհի մեջ»: «Ինձ համար շատ հետաքրքիր է, թե այդ սերունդը տասը տարուց հետո ինչ է դառնալու, որովհետև իրենց մտածելակերպը լրիվ ուրիշ է»,- ասում է նա:

Հայերն իրենց երեխաներին «վիզը ծուռ» են մեծացնում

Վերջերս COAF-ի միջոցով  Հայկը ծրագրի մասնակից հայաստանցի երեխաներին Նյու Յորք է տարել: Նկատել է, որ երեխաները ուրախանում են, բայց չգիտեն արտահայտվել:  «Զարմացած, ժպիտը՝ դժվար, ռեակցիա չկա , հարցնում ես՝ դուրդ գալիս է, հազիվ հա են պատասխանում: Որովհետև էնպես են մեծանում մեր էրեխեքը, որ սա ամոթ է, դա մի ցույց տուր, էս արա, էն արա, մի խոսի, դու գնա, նստի էնտեղ: Չի կարելի. Էդ էրեխեն վիզը ծուռ է մեծանում:  Մեզ էդպես չեն դաստիարակել Ամերիկայում: Իհարկե, հարգանքով, կիրթ, բայց ազատ էինք: Չգիտեմ էստեղ շատ ճնշում կա ու դա փոքր տարիքից է սկսվում»,-ասում է Հայկը: Նույն անազատությունը նկատել է նաև մեծերի մեջ, երբ նրանք ամեն քայլափոխի ինչ-որ բան անելիս մտածում են՝ ինչ կմտածի հարևանը, խնամին, աշխատակիցը. «Լրիվ մի կյանք ապրում են ուրիշի հրահանգներով ու ակնկալություններով: Բարոյական թող լինի, բայց ուզածդ արա»:

Հ.Գ. Հայկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հասցնում է զբաղվել նաև Հայաստանի «մարքեթինգով»:  Ասում է՝ հենց մի մարզ է գնում, լուսանկարում է, նկարը տեղադրում է «Ֆեյսբուք»-ում, որ սփյուռքահայերը տեսնեն, ուզենան գալ Հայաստան: Գրեթե բոլոր մարզերում եղել է: Նախորդ ամառ այդպես առաջին անգամ Հայաստան է բերել մորն ու եղբորը: Հիմա էլ ընկերների է սպասում:

Մեկնաբանություններ (11)

MARGARITA
Բարև Հայկ: Մարտի 19-ին նայեցի Ձեր հաղորդումը և հիացա, այն ` ինչ-որ տեսա և լսեցի: Ես Մարգարիտա Խաչատրյանն եմ, ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՚՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ կազմակերպության Լոռու մարզի կոորդինատորը: Ես մի շարք հարցեր ունեմ ՁԵԶ, կապված դպրոցների հետ: Եթե հնարավոր է, գտեք ինձ Facebook-ում, ես ՁԵԶ չգտա, ես կգրեմ իմ հարցերը: Կանխավ` շնորհակալություն...
Robert
Bravo Hayk jan. Ko nman lavates yeritasardneri mer yerkire shat karik ooni.
Vardan
Hayk djan shta tpavorich er, urakh em u hpart qo nman mardkancov: Erbeve ete cankanas lines Artsakhum ajceli Qoqsi anvan verakangnoxakan kentron (The Lady Cox Rehabilitation Centre). Ajstex qez hetaqrqir ashkhatanqneri het kcanotanas:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրոք պոզիտիվ հոդված է.հաճելի է կարդալ: Սփյուռքահայերը պիտի ուղղակի սկսեն վերադառնան՝ իրենց հետ բերելով ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ մտածելակերպը և թիմային գործելաձևը: Ֆեոդալական Ռուսաստանի (վերտիկալ՝ տեր-ծառա) բարքեր Հայաստանցուն պետք չէն: Իսկ ընտանիքը/դասական ընտանիք կազմելը Հայաստանում դեռ այդքան կարևոր է,որովհետև ընտանիքից դուրս (դեռ) չկա կայուն ՊԵՏԱԿԱՆ թիկունք: Ինչքան ուժեղ է երկրի սոց.ապահովությունը,այնքան մեծ է ԱՆՀԱՏԻ ընտրության և ազատությունների մակարդակը:
Zohrab
Hello haig I am writing to let you know I understand you fully and I think you are a very mature person to see Armenia this way I like everything you wrote and it's very true plus you are very farsited person I am thinking in the same way I wish you all the best my wish is that I can contribute similar to u and more if I can. I am a boyadjian too I wonder if we are in anyway related I am from Melbourne ustralia good luck hope to hear from you more
Inna
Молодец!!! После таких вдохновляющих статей начинаю задумываться о переезде... Побольше бы таких армян направляли свои силы на благо Родины!!!
Peter Musurlian
Great article, Marine. You really capture something here: an interesting guy, with something to say.
alisa
The problem is there are a lot of educated Armenians who were educated in Armenia that cannot find jobs. Of course companies will find work for american educated youth, but what does that say?? Only international educations are valued? If the diaspora pour into Armenia and start taking the limited jobs that are already in the country they are not doing anyone a service... it is only if they create jobs and hire other Armenians that they will be doing their country a service...
ARAX DAVIDIAN
Hello Haig, interesting article and very honest and positive feelings. Good luck to you, and I wish more younger people will move to Armenia and have their good input in our motherland.
Մերի
Ապրես Հայկ ջան, ես էլ եմ գժվում Հայաստանի համար: Երկար տարիներ դրսում ապրելուց հետո, վերադարձել եմ Հայաստան, ու ոչ մի օր չեմ ափսոսել դրա համար: Հայաստանը հրաշք երկիր է, ամեն օր էլ ավելի ես սիրում այն: Հայաստանի գլխավոր հարստությունը մարդիկ են, ապա բնությունը: Իսկ բնության մարդիկ ուղղակի հեքիաթ են: Հաջողություն եմ ցանկանում:
Arman
I have always said if 10,000 armenians from abroad go back to Armenia and work in the middle management positions in Armenia, you will see a great turnaround in the economy. In the west, the backbone of each major company and organization is the MIDDLE management. They are the ones who truely oversee the day to day operations and feedback to the top as to how are things going. It seems that there is total lack of accountablity in the workforce of armenia, they are not used to strict deadlines and requirements. The whole mentality and culture needs to change to make the workforce competative in the 21st century.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter