HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառամյա ծրագրերի «copy» «past»-ով հնարավո՞ր է լուծել սեփական խնդիրները

Անգեղակոթի 2009-12 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում, ի թիվս այլ խնդիրների, կարեւորվել է նաեւ  գյուղի եկեղեցու բարեկարգումը:  Որպես խնդրի հիմնավորում, նպատակ, ակնկալվող արդյունք, նշվել է. «Ժողովուրդը կլսի Աստծո ձայնը, զերծ կմնա չարիքներից, կապաշխարի, բարեպաշտ ազգ կունենանք,  մոլորված աղանդավորները կուղղվեն դեպի պետական կրոնը»: Որքան էլ, որ նշված խնդրի լուծումը համայնքային իշխանության բարի նպատակների շարքից է, այնուամենայնիվ,  անգամ եկեղեցու վերականգնումը չի օգնել անգեղակոթցիներին` աստծուն լսելի դարձնել իրենց ձայնն ու ազատվել դժվարություններից:

«Երեկ գյուղում ջահել կին էր մահացել, բա մարդ ջեբը 2000 դրամ չունենա՞, որ գնա ցավակցի համագյուղացուն»,- ասում է Խաժակ Հարությունյանը: Նրա խոսքով` մանավանդ այս տարի, բնությունն անելանելի վիճակում է դրել անասնապահությամբ զբաղվող անգեղակոթցիներին. մեկ հակ խոտը նախորդ տարվա 600-700 դրամի փոխարեն հասել է մինչեւ հազար դրամի: Իսկ սահմանափակ հողատարածքներ ունեցող գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է: «Տնտեսություն կա, 10-15 խոշոր ունի, խոտհարք էլ չունենք»,- ընկերոջ խոսքը շարունակում է Գավրոշա Ավետիսյանը:  

Խաժակ Հարությունյանը  Գավրոշա Ավետիսյանը

«Կոմունիստների ժամանակ շոֆեր էի աշխատում, աղի նման ապրում էինք:  Ընդհանուր ունեցվածքը  բաժանեցին, ամենքիս մի փշրանք տվին, հասանք էս օրին»,- զայրութը չի կարողանում զսպել Գավրոշան, նկատի ունենալով հողի սեփականաշնորհումը:

Այս հարցի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում նաեւ Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը: Բանն այն է, որ Անգեղակոթի 2846 հա գյուղատնտեսական նշանակության հողերից սեփականաշնորհվել է 1154 հա-ը, (Կառավարության որոշմամբ 1145 հա արոտները չեն սեփականաշնորհվել), եւ պայմանավորված համայնքի բնակչության թվով, մեկ հողաբաժինը կազմել է 1,7 հա: Համեմատության համար նշենք, որ հարեւան Սպանդարյան գյուղում կազմել է 6 հա, բացի այդ, սեփականաշնորհված հողատարածքներն էլ գյուղից 6-7 կմ հեռու են: Դրանով հանդերձ, համայնքապետը չի կիսում այն կարծիքը, թե խնդիրներն Անգեղակոթում ավելին են, քան ուրիշ գյուղերում: «Եթե 2009-12 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը նկատի ունես, ապա առաջադրված  գրեթե բոլոր խնդիրները լուծվել են անցած տարիներին, նոր քառամյայի համար էլ դեռ ժամանակ ունենք, կմշակենք, սահմանված կարգով կհաստատենք ավագանիների նիստում»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասաց համայնքի ղեկավարը:

Արդարության  համար պիտի նշել, որ անցյալ տարիներին իսկապես, լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում: Մասնավորապես,  Սոցներդրումների հիմնադրամը 123 մլն դրամ է ներդրել համայնքապետարանի, բուժկետի, մշակույթի տան նորոգման համար, որը կարող է շքեղություն թվալ  անգամ որոշ քաղաքային համայնքների համար: Համայնքապետի խոսքով` դեռեւս որոշ շինարարական աշխատանքներ են իրականացվում, շահագործման վերջնական ակտ չի ստորագրվել, չնայած արդեն վեց ամսից ավելի է ինչ համայնքային իշխանությունը տեղափոխվել է նոր տարածք: Արմեն Խաչատրյանը  դրանով է բացատրում նաեւ այն հանգամանքը, որ ոչ միայն համայնքապետարանի շենքը ցուցանակ չունի, այլեւ  բացակայում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքով նախատեսված տեղեկությունները` մասնավորապես, ավագանու որոշումների, համայնքային իշխանության աշխատակազմի մասին:

Վերջինիս վերաբերյալ համայնքապետը հետաքրքիր բացատրություն ունի. այն հարցին, թե իր համար դժվար չէ՞ մոտ 2000 բնակիչ ունեցող համայնքում աշխատանքները կազմակերպել առանց օգնականի, կոնկրետ, համայնքի ղեկավարի տեղակալի հաստիքի, Արմեն Խաչատրյանը նախ` զայրացավ, թե դա՞ էլ է ինձ վերաբերում, հետո կարճ պատասխանեց. «Գումար ենք խնայում»: Իրավունք չունեմ չհավատալու, որովհետեւ, ըստ էության,  խնայողության այս ռեժիմի շնորհիվ է, որ 2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստով որոշում է ընդունվել  համայնքի բյուջեում փոփոխություն կատարել. «Կառավարման ապարատի 4111 հոդվածից 950 հազար դրամ հատկացնել 4112 պարգեւատրում հոդվածին»: Դժվարանում եմ ասել, արդյո՞ք  լավ աշխատանքի համար պարգեւատրվել է նաեւ աշխատակազմի քարտուղար Գնել Մովսիսյանը,  թեկուզ այն պատճառով, որ նրա բացակայությամբ աշխատակազմում ոչ ոք չկարողացավ գոնե մեկ օրինակ 2009-12 թթ. քառամյա ծրագիր գտնել, մինչեւ հազիվ հայտնվեց «գասպարյանի շարադրություն» հիշեցնող մի տարբերակ, որն անգամ խնդիրների թվարկման առումով Ագարակ եւ Ակներ համայնքների պատճենն էր, իհարկե, տեղանուններն ու թվեըը փոփոխված: Եվ, չնայած աշխատանքային ժամ էր, այդպես էլ չհաջողվեց անգամ հեռախոսով խոսել  քարտուղարի հետ: Գործընկերների տեղեկացմամբ` Սիսիանում էր, ցուցակներ էր տարել ոստիկանություն:

Այն, որ վերջին տարիներին Անգեղակոթում զգալի աշխատանքներ են իրականացվել` մասնակի բարեկարգվել են ներհամայնքային ճանապարհները, գյուղն ապահովվել է գիշերային լուսավորությամբ, գազիֆիկացվել է, այնուամենայնիվ, մարդկանց կարծիքով դրանից իրենց սոցիալական վիճակն էականորեն չի բարելավվել:

Յուրիկ Բաբայանը, ով գյուղի կենտրոնում առեւտրի փոքր կրպակ ունի, համագյուղացիների սոցիալական վիճակը նկարագրելու համար վկայակոչում է այն փաստը, որ  հիմնականում պարտքով են աշխատում: «Գյուղում մի տասը խանութ կա, ամեն մեկը 10-15 մլն դրամի հասնող պարտքատետր ունի: Ապրանք բերողներն էլ են պարտքով տալիս, թե սրա վերջն ինչ է լինելու, ոչ ոք չգիտի»,- ասում է նա: Նա եւս կիսում է մյուսների  մտահոգությունն այն մասին, որ չնայած գյուղը գազիֆիկացվել է, այնուամենայնիվ, շատերը չեն կարողանում կապույտ վառելիքը տուն հասցնել: «Դարպասից մինչեւ տուն խողովակները պիտի մեր միջոցներով առնենք, մի մետր տրուբեն էլ 5000 դրամ արժե: Կանխիկ փող որտեղի՞ց,  որ 20 մետրի համար 100 հազար դրամ տանք: Չի՞ լինի իրենք միացնեն, հետո էդ գումարը մաս-մաս վերցնեն օգտագործված գազի գումարի հետ, մինչեւ ե՞րբ  ենք աթար վառելու, էս ո՞ր թիվն ա»,- դժգոհում են արեւկող անող գյուղացիները:

Նրանք չեն ժխտում, որ պետությունը  ցածր գնով պարարտանյութ է առաջարկում, որը գոնե տնամերձերում կարող են օգտագործել, բայց մի կողմից էլի կանխիկ դրամի խնդիր ունեն, մյուս կողմից էլ` «առանց սիլիտրայի էլ ստացած կարտոշկի ձեռին կրակն են ընկնում»: «Մեծ  գյուղ ա, գյուղմթերքի ընդունման կետն ի՞նչ ա, որ չեն բացում»,- դժգոհում են մարդիկ:

Թե նրանց ձայնը լսելի կդառնա համայնքային իշխանությանը եւ տեղ կգտնի Անգեղակոթի 2013-16թթ. քառամյա ծրագրի մշակման ընթացքում, դժվարանում եմ ասել, բայց, որ մեծ բնակչություն ունեցող համայնքում խնդիրներն էլ քչություն չեն անում, ակնհայտ է: Կասկածում եմ նաեւ այն առումով, որ «copy»  «past» անելով ուրիշի խնդիրները, հաշվի կառնվեն սեփական հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter