HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները չեն դիմում փաստաբանի` անվճարունակության պատճառով, փաստաբաններն էլ հետաքրքրված չեն...

Այս տարվա մայիսի 5-ին Քաջարան քաղաքի բնակչուհի Ս. Արզումանյանը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նախկին ամուսնուց սեփականության իրավունքի ճանաչման պահանջով:

Առաջին դատական նիստը, որը նշանակվել էր մայիսի 30-ին, հետաձգվել էր: Իսկ հունիսի 1-ին կայացած դատական նիստի ժամանակ, դիմելով հայցվորին, նիստը վարող դատավորը խնդրեց մեկ անգամ եւս ներկայացնել իր պահանջը` մատնանշելով այն հակասությունը, որ հայցվորը դիմել էր դատարան` սեփականության իրավունքի ճանաչման  պահանջով, որը հայցվորն արդեն իսկ ուներ եւ հաստատված էր նաեւ վիճարկելի բնակտարածքում հայցվորի համասեփականատեր լինելու հանգամանքով: Ս. Արզումանյանը, սակայն, դատարանում նշեց, որ իր պահանջը վերաբերում է նաեւ ամուսնու հետ համատեղ բնակության  ընթացքում ձեռք բերված գույքի պահանջին, որի մասին նշված չէր ներկայացված հայցում:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի խոսքով  (ով նաեւ նշված գործը քննող դատավորն էր), այդօրինակ հակասություններ շատ են հանդիպում, քանի որ բնակչության իրավական գիտելիքները բավարար չեն: Հաճախ  է պատահում, երբ դատաքննության ընթացքում հայցվորը  հանկարծ «մտաբերում է», որ պահանջն ամբողջական չէ եւ փորձում է նոր պահանջներ ընդգրկել գործի քննության մեջ,  անգամ` փոխել հայցը:

Այս առթիվ դատարանի նախագահի օգնական Գոհար Գրիգորյանը  նշում է, որ ավելի հաճախ մարդիկ դժվարություններ են ունենում հայցադիմումները ճիշտ ձեւակերպելու hարցում, եթե, իհարկե, գործի քննության համար փաստաբան չի ընդգրկվել: Նրա կարծիքով, չնայած դրան, վերջին տարիներին դրական տեղաշարժեր կան մարդկանց իրավական գիտելիքների բարձրացման հարցում: Ակնհայտ փոփոխություններում, ըստ նրա, կարեւոր դերակատարութուն ունեն դատական տեղեկատվական համակարգի (DataLex) ներդրումը եւ այն հանգամանքը, որ Հանրային տեղեկատվական կրպակ` տեղեկատվական մոնիտոր է տեղադրված Հայաստանի 20 դատարաններում, ՀՀ գլխավոր  դատախազությունում, Սահմանադրական դատարանում, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ՀՀ կառավարությունում եւ մի շարք նախարարություններում: Այն նախատեսված է դատական համակարգի, դատական գործառույթների եւ ընթացակարգերի մասին հանրային տեղեկացվածությունը բարձրացնելու համար, ինչպես նաեւ հնարավորություն է ստեղծում տեղեկատվություն ստանալ ավարտված կամ քննվող դատական գործերի մասին: Տեղեկատվական կրպակի միջոցով կարելի է նաեւ օրենքով նախատեսված գանձվելիք պետական տուրքի եւ այլ գումարների վճարումներ կատարել:

Գոհար Գրիգորյանի կարծիքով, թեպետ  այս համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ավելի շատ տեղեկատվություն ստանալ դատական համակարգի մասին, սակայն, միեւնույն է, դատարան դիմող կամ պատասխանողի դերում հանդես եկող քաղաքացիները բավարար հմտություններ չունեն իրենց իրավունքները պաշտպանելու համար: Մասնավորապես` քաղաքացիական գործերով փաստաբաններ չեն ներգրավվում` քաղաքացիների անվճարունակության պատճառով: Փաստաբաններն էլ հետաքրքված չեն ցածր վարձատրությամբ գործերի պաշտպանությամբ:

«Քաղաքացիական գործերում, մասնավորապես, հանրային ծառայություններից, բանկային կազմակերպություններից ստացվող հայցադիմումներին պատասխանող քաղաքացիները, գրեթե առանց բացառության, փաստաբաններ չունեն»,- ասում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (ք. Սիսիան) Իգնատ Բեգլարյանը` նշելով, որ դա դժվարացնում է նաեւ գործը քննող դատավորների աշխատանքը, քանի որ հաճախ հայտնվում են անելանելի վիճակում. մի կողմից` անհրաժեշտություն է լինում մասնավորապես պատասխանողին բացատրել գործի իսկությունը, որի իրավունքն իրենք պարզապես չունեն, մյուս կողմից` հաճախ հայցվորներն, այսպես ասած, օգտվում են պատասխանողների անիրազեկությունից: «Բնականաբար, եթե դատական գործընթացում փաստաբաններ են ներգրավվում, այդ հանգամանքն էականորեն հեշտացնում է նաեւ դատավորներիս աշխատանքը, դատական գործընթացն իրականացվում է ավելի արհեստավարժ հարթության վրա, որը նաեւ արդար դատավարության հիմնական պայմաններից է»,- ասում է Ի. Բեգլարյանը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը կարծում է, որ եթե քաղաքացիական գործերում փաստաբաններ ներգրավվեն, հնարավոր է` դատական գործերի թիվը նվազի: Որովհետեւ շատ հաճախ քաղաքացիները չեն կարողանում օգտվել, օրինակ, հայցային վաղեմության իրավունքի պաշտպանությունից:

Դատարանի նախագահի խոսքով` 2010 թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է 440 քրեական եւ 1400 քաղաքացիական գործ: Գործերի բաշխվածության համար, ըստ Ս. Գրիգորյանի, հիմնականում հաշվի է առնվում կողմերի բնակության վայրը, ինչպես նաեւ դատավորների մասնագիտացվածությունը` քրեական կամ վարչական գործերի առումով: Շենքային պայմանների պատճառով Մեղրիից ստացվող գործերը հիմնականում քննվում են արտագնա կամ արագացված: Դատաքննությունների իրականացման համար  դժվարություններ են առաջանում այն պատճառով, որ մարզի եւ ոչ մի դատարանի շենքում դատական նիստերի ձայնագրում չի կատարվում, ինչը, ի դեպ, չի նախատեսվում նաեւ Գորիսի նորակառույց դատարանի շենքում:              

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter