HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մարդկանց աշխատատեղերով ապահովելու խնդիրը նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում - 2

 «Մարդկանց աշխատատեղերով ապահովելու խնդիրը նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում» հոդվածում ներկայացրել էինք թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Անդրիաս Ղուկասյանի և Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի՝ աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ դրույթները:

Այս հոդվածում կանդրադառնանք նրան, թե ինչպես են նախատեսում աշխատատեղեր ստեղծել, արդեն գոյություն ունեցող, սակայն փակման վտանգի առջև հայտնված աշխատատեղերը պահպանել, աշխատավարձերը բարձրացնել կամ չբարձրացնել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը և Արման Մելիքյանը:

Նախագահի թեկնածուներից Վարդան Սեդրակյանը չի հրապարակել նախընտրական ծրագիր, իսկ Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ինքնաբացարկ հայտնեց: Վերջինը ևս չէր հրապարակել նախընտրական ծրագիր:

Րաֆֆի Հովհաննիսյան 

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը կոչվում է «Նոր Հայաստանի ծրագիրը» և ամենածավալունն է: Ծրագրի «Հայաստան, որտեղ մենք ապրում ենք» բաժնում մանրամասն ներկայացվում է երկրում տիրող անմխիթար իրավիճակը: Ըստ այդ բաժնի` քաղաքացիական ու հանրային ծառայողները վարձատրվում են քիչ և անգամ այդ աշխատանքը չկորցնելու հեռանկարից դրդված` հաճախ ստիպված են կատարել վերադասի կուսակցական ու անձնական քմահաճույքները:

«Հայաստանում, որտեղ մենք ապրում ենք», տնտեսությունը լճանում է, երկրի երբեմնի արդյունաբերական հզորությունը մասամբ ոչնչացված է, արդյունաբերական հսկաներում պահանջված աշխատակիցները գործազուրկ են կամ «վերամասնագիտացել են» սպասարկման ու առևտրի ոլորտում: Քաղաքացիների եկամուտները բաշխվում են ծայրաստիճան անհամաչափ, և բնակչության մեծ մասն ապրում է խրոնիկ աղքատության սահմանագծում:

«Մեր հայրենակիցներից շատերը, այդ թվում` երիտասարդները, սեփական երկրում չունեն պատշաճ աշխատանք գտնելու, բնակարան ձեռք բերելու, ընտանիք կազմելու և/կամ այն պահելու հնարավորություն, ուստի հարկադրված արտագաղթում են: Համատարած գործազրկության պայմաններում միջին և ավագ տարիքի քաղաքացիներից շատերն աշխատանք փնտրելիս ենթարկվում են թաքնված տարիքային ու սեռային խտրականության, քանի որ գործատուներից շատերը նախընտրում են երիտասարդ տարիքի աշխատողների: Ընտանիքներից շատերը տրոհված են կամ կանգնած են քայքայման եզրին ընտանիքի կերակրողի` արտագնա աշխատանքի մեկնելու և երեխաների դաստիարակության ծանր բեռը կողակիցներին կամ տարեց ծնողներին թողելու պատճառով»,- գրված է նախընտրական ծրագրում:

Թեկնածուն գրում է, որ ցածր վարձատրվող բժիշկը, բուժաշխատողը, մանկավարժը, իրենց առաքելությունը կատարելու փոխարեն, հարկադրված են հայացքն ուղղել ծնողի, հիվանդի գրպանին: Գիտնականները մնացել են բախտի քմահաճույքին կամ իբրև բարձրակարգ աշխատուժ` մեկընդմիշտ մեկնում են արտերկիր հեղինակավոր գիտական կենտրոնների հրավերով:

«Հայաստանում, որտեղ մենք ապրում ենք», գործարարը զրկված է հավասար մրցակցության հնարավորությունից, իր ունեցվածքը պահպանելու համար պարտադրված է մշտապես լինել իշխանության կողքին: Գործարարությամբ զբաղվելու ռիսկերը չափազանց մեծ են` սկսված պետական ռեկետից, հարկային ծանր բեռից ու խճողված վարչարարությունից, վերջացրած անկայուն, անազատ, մենաշնորհային ու քիչ տարողունակ շուկայով:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է, որ գյուղացին կատարելապես միայնակ է իր տնտեսությունը կազմակերպելու գործում: Պետական աջակցությունն անհավասարաչափ է, հաճախ կուսակցական պատկանելության կամ տոհմացեղային հիմքի վրա խարսխված և հաճախ չի հասնում գյուղացուն` հայտնվելով այն բաժանելու կոչված պաշտոնյայի կամ նրա շրջապատի տրամադրության տակ: Նույնիսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության տված հնարավորությունների շրջանակներում չի խրախուսվում հայ գյուղացու աշխատանքը, այլ արտոնյալ պայմաններ են ստեղծվում յուրայինների կողմից ներմուծվող պտղի ու բանջարեղենի համար: Աշխատելով ամբողջ տարին` գյուղացին կարողանում է միայն մարել վերցված վարկի տոկոսներն ու անընդունելի կախվածության մեջ մնում:

«Աղքատության կամ սոցիալական կարիքի մեջ հայտնվածները հաճախ են հարկադրված լինում մարզերում ու մայրաքաղաքում առկա սակավաթիվ հաստատություններում աշխատանքի անցնել` իրենց աշխատուժը ստրկաբար շահագործման պայմաններով: Աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն շատ գործատուների կողմից, իսկ արհմիություններն էլ տակավին չեն պաշտպանում նրանց իրավունքները: Աշխատանքային օրենսգիրքը հարմարեցված է գործատուի շահերին, իսկ աշխատողի իրավունքների մասով չի գործում»,- նշված է ծրագրում:

Թեկնածուի նախընտրական ծրագրի «Արդար կառավարում, օրինականության հաստատում, արդարադատություն և պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում են բնակչության սոցիալական պաշտպանության և ապահովության գործուն համակարգի ձևավորումը, լիակատար պետական աջակցություն ժամանակակից միջին խավի ձևավորմանը, մանր և միջին սեփականատերերի իրավազրկության վերացումը, եկամուտների քաղաքականության շրջադարձը օլիգարխներից դեպի քաղաքացիներ, միջին և մանր բիզնես, եկամուտների արդարացի վերաբաշխումը և սոցիալական բևեռացման մեղմումը, փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը թեթևացնող, բիզնեսին հարկային ահաբեկչությունից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրության ընդունումը և կիրառումը:

Ծրագրի «Տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում, արժանապատիվ աշխատանքի և հաց վաստակելու հնարավորությունների ընձեռում» բաժնում Րաֆֆի Հովհաննիսյանը նախատեսում է, որ տնտեսական աճի ցուցանիշի մեջ ՓՄՁ-ի դերը շեշտակիորեն ավելանա` 5 տարվա ընթացքում հասնելով 55-65%: Դա կհանգեցնի նաև շոշափելի սոցիալական արդյունքի և ռեսուրսների ավելի հավասարաչափ բաշխման հասարակության տարբեր շերտերի միջև:

«Տնտեսական հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտը հիմնովին վերանայելու և հատուկ փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու նպատակադրմամբ վերաձևակերպման միջոցով Հայաստանի տնտեսության մեջ լիակատար կանաչ լույս կբացվի փոքր ձեռներեցությամբ զբաղվողների առջև: Յուրաքանչյուր ոք, ով իր մեջ տեսնում է արտադրելու կամ ծառայություններ մատուցելու ունակություն, կստանա դրանով զբաղվելու կատարյալ հնարավորություններ, այդ թվում` հասանելի վարկային միջոցներ, հարկային լուրջ արտոնություններ, անվճար դասընթացների ու խորհրդատվության հնարավորություններ»,- հավելում է թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախատեսում է ներմուծել պրոգրեսիվ հարկային օրենսդրություն, որի կիրառումից հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսից կտեղափոխվի դեպի խոշոր բիզնես: Դա կնպաստի հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական գերբևեռացման մեղմմանը:

«Անհրաժեշտ է տնտեսության մեջ մենաշնորհների վերացման ու մրցակցության հաստատման շնորհիվ, ինչպես նաև տնտեսության ապաքրեականացման ու ՀՀ միջազգային հեղինակության բարձրացման միջոցով Հայաստանի տնտեսության մեջ տեղական և օտարերկրյա ուղղակի ներդրումների (այդ թվում` սփյուռքահայ ներդրողներինը) ծավալը առաջիկա 5 տարիների ընթացքում հասցնել միջինը տարեկան առնվազն 1,5 մլրդ դոլարի` հնարավորություն տալով տարեկան ստեղծելու միջինը 36 հազար աշխատատեղ (5 տարում` 180.000 հազար)` ամսական 200.000 դրամ միջին վարձատրությամբ»,- գրված է նախընտրական ծրագրում:

Անհրաժեշտ համարվող և աշխատատեղերի ստեղծում ենթադրող այլ քայլերից են՝ օրենքով նախատեսել ՓՄՁ-ներին պետական աջակցության նոր միջոցառումներ և մեխանիզմներ, առաջիկա 15 տարում բացառիկ բարենպաստ հարկային պայմանակարգ սահմանել փոքր և միջին բիզնեսի համար, հիմնել կիրառական գիտական լաբորատորիաների մասնագիտացված ցանց, որոնք կոնկրետ մշակումներ կկատարեն տնտեսության գերակա ուղղություններում նորարարություններ ու նոր մշակված տեխնոլոգիաներ ներդնելու համար, մասշտաբայնացնել արդյունաբերական քաղաքականությումը՝ պետական բյուջեից հատկացնելով բավարար ռեսուրսներ (բյուջեի 0,5% ներկայիս 0,0003 %-ի փոխարեն):

Թեկնածուն առաջարկում է օրենքով մինչև 20 մլն դրամ շրջանառություն ունեցող արտադրական ու սպասարկման ոլորտի ընկերությունները և մինչև 40 մլն դրամ շրջանառություն ունեցող առևտրական ընկերությունները լիովին ազատել շահութահարկից, սահմանամերձ գոտում գործող արտադրական և սպասարկման ոլորտի ընկերությունների ու անհատ ձեռներեցների դեպքում այդ շեմն ավելացնել մինչև 50 մլն դրամը, իսկ առևտրով զբաղվող ընկերությունների դեպքում` 100 մլն դրամը:

Նախագահի թեկնածուն կարևոր է համարում Հայաստանի ամբողջ տարածքում կտրուկ զարգացնել և բնակվելու ու աշխատելու համար գրավիչ դարձնել առնվազն 7-8 կենտրոն (Գյումրի, Վանաձոր, Կապան, Գավառ, Իջևան, Եղեգնաձոր, Արտաշատ, Արմավիր):

Նախընտրական ծրագրի «Պետությունը գյուղացու կողքին» բաժնում Րաֆֆի Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարում պետական օժանդակություն ապահովել գյուղմթերքների արտադրությանն ու արտահանմանը` ներառյալ գյուղատնտեսության և հատկապես ֆերմերային փոքր տնտեսությունների, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արտադրությունների սուբսիդավորումը, հատուկ արտոնյալ վարկավորման ու հարկային պայմաններ կիրառել բարձրլեռնային և սահմանամերձ գոտիներում գործող գյուղացիական տնտեսությունների համար, վարկային ու ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական լուրջ աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական մեքենաների հավաքակայանների ստեղծմանը, գյուղացու և ագարակատիրոջ համար ողջամիտ գների առումով դրանց մատչելիության ապահովմանը:

Թեկածուի մյուս առաջարկներից են` 70-80%-ով, որոշ դեպքերում (նոր հողեր յուրացնելու, բարձրարժեք գյուղատնտեսություն վարելու, նոր այգիներ հիմնելու) 90%-ով սուբսիդավորել ոռոգման ջրի գինը (առնվազն 4-5 տարի ժամկետով), աջակցել գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ ապահովելով համապատասխան խորհրդատվություն և ֆինանսական խթանների համակարգ (օր.՝ բարձր բերքատվությամբ սերմերի, տնկիների արտոնյալ պայմաններով տրամադրում գյուղացիական տնտեսություններին, գյուղատնտեսական տեխնիկայի գնման կամ վարձակալության մեխանիզմների ներդնում), իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի սպառման խթանմանն ուղղված համազգային արշավներ, Հայաստանում հիմնել պարարտանյութերի արտադրություն, որը կապահովի Հայաստանի գյուղատնտեսության կարիքները:

Ըստ նախընտրական ծրագրի «Սոցիալական արդարություն, աղքատության հաղթահարում և սոցիալական ներառող հասարակություն» բաժնի՝ այս ոլորտում թեկնածուի առաջնային նպատակներից են՝ պաշտպանել անապահով խավերի աշխատանքային իրավունքը, կրճատել, ապաև բացառել գործազրկությունը` իրականացնել զբաղվածության արդյունավետ քաղաքականություն, ի վերջո, աշխատավարձերի բարձրացման, եկամուտների արդարացի բաշխման և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով հասնել աղքատության էական կրճատման 2012թ. 35%-ից 2017թ.-ին 20%-ի. «այսպիսով 120.000 տնային տնտեսություն կամ 480.000 քաղաքացի դուրս կգան աղքատությունից»:

Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ՝ վերասահմանելու համար սոցիալապես խոցելի խավերին տրամադրվող նպաստների, գործազրկության նպաստների չափերը` ըստ այդ խմբերի սոցիալական-տնտեսական կարիքների համաչափ գնահատականի, փոփոխություններ մտցնել աշխատանքի վարձատրության մասին, կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին ՀՀ օրենքներում` դրանք փոխկապակցելով նվազագույն աշխատավարձի հետ, էապես փոփոխել «Աշխատանքային օրենսգիրքը»` հավասարակշռելով գործատուի շահերի ու աշխատողի իրավունքների համաչափ պաշտպանությունը:

«Որակյալ և մատչելի առողջապահություն, բժշկական ապահովագրություն և առողջ ապրելակերպ» բաժնում անհրաժեշտ է համարվում  դեղերի մեծածախ ու մանրածախ (դեղատնային) շուկաներում փոքր և միջին բիզնեսի հարկատուներին թե օրենսդրորեն, թե իրավակիրառական պրակտիկայում պաշտպանել գերակա դիրք ունեցող խոշոր ընկերություններից, տնտեսական մենաշնորհից ու խոշոր ընկերությունների դեմպինգային քաղաքականությունից, խստագույնս պատժել խոշոր բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր փորձում են շուկայից դուրս մղել փոքր ու միջին բիզնեսին, այդ թվում` պետությանը և փոքր ու միջին բիզնես-հարկատուին պատճառած վնասներին համարժեք տուգանքներ սահմանելու, ընդհուպ մինչև տվյալ ոլորտում արտոնագրերից զրկելու տեսքով:

Նախընտրական ծրագրի «Գիտության և ինովացիաների զարգացում» բաժնում Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է. «Հայաստանում գիտության զարգացումը ոչ միայն ազգային հպարտության խնդիր է, այլև տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, ազգային անվտանգության ամրապնդման, երկրի մրցունակության և միջազգային հեղինակության բարձրացման երաշխիք»: Թեկնածուն անընդունելի է համարում Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակը՝ նշելով, որ այն սպառնում է երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթին: Ըստ ծրագրի՝ անհրաժեշտ է մինչև 2020թ. գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարևորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին:

Աշխատատեղերի ստեղծում են ենթադրում գիտության ոլորտում բարեփոխումների միտվելիք հետևյալ միջոցառումները. մասնագիտական հիմնարկներից և ԲՈւՀ-երից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով և պակաս ծանրաբեռնվածությամբ, պետական և մասնավոր ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմամբ աշխուժացնել տեխնոպարկերի և տեխնոպոլիսների ձևավորումը՝ նրանց նկատմամբ կիրառելով արտոնյալ հարկային համակարգ, առավել ակտիվ համագործակցություն հաստատել պաշտպանության նախարարության և գիտական հաստատությունների միջև` փորձելով Հայաստանում արտադրել թանկ և գիտատար ներդրում պահանջող այնպիսի զինատեսակներ, որոնք այժմ ներկրվում են արտասահմանից, այսինքն` կտրուկ ավելացնել հայրենի գիտությանն իջեցվող ռազմական պատվերների ծավալը:

«Սա համարում ենք նաև արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության ամրապնդման խիստ հեռանկարային ուղղություն»,- գրում է թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր ոլորտներում առաջարկում է կատարել հետևյալ քայլերը. էապես վերանայել ուսուցչի աշխատավարձը, որը կնպաստի հանրակրթության մեջ տղամարդ ուսուցիչների թվի ավելացմանը, ապահովել բոլոր ավագ դպրոցների ուսուցիչների աշխատավարձի 20% հավելավճարը, աշխատանքային օրենսգրքում կատարել երիտասարդ ընտանիքների աշխատանքային իրավունքների իրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծմանն ու կիրառմանը ուղղված փոփոխություններ:

Իսկ «Բնական պաշարների ողջամիտ ու անվտանգ օգտագործում և շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում թեկնածուն առաջարկում է. «Պոչամբարների համար` ըստ դրանցում վնասակար նյութերի չափաբաժնի, բնապահպանական վճարների գանձումը ոչ միայն արդար ու տրամաբանական է, այլև շահավետ է պետության երկարաժամկետ շահերի տեսանկյունից. դա կխթանի, որպեսզի արդյունահանողներն առավել խորը վերամշակման ենթարկեն հանքանյութը և առավել մեծ քանակությամբ վնասակար նյութեր կորզեն դրանից` ստեղծելով հավելյալ ավելացված արժեք ու աշխատատեղեր»:

Պարույր Հայրիկյան 

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի «Նախընտրական ծրագրահենքը» բաղկացած է «Մարդու իրաւունքներ», «Ժողովրդավարութիւն», «Արտաքին քաղաքականութիւն» բաժիններից և ծավալով ամենափոքրն է: Տնտեսության, այդ թվում նաև աշխատատեղեր ստեղծելու մասին «Նախընտրական ծրագրահենքում» նշված չէ:

Սակայն «Մարդու իրաւունքներ» բաժնում թեկնածուն գրել է, որ ՀՀ Սահմանադրությունը և միջազգայնորեն այս ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների ճշգրիտ կատարումը բավական են, որ լիարժեքորեն ապահովված լինեն Հայաստանի քաղաքացու իրավունքները, այդ թվում նաև սոցիալական իրավունքները։

«Հետևութիւնն այն է, որ Հայաստանում պակասում է իշխանութիւնների քաղաքական կամքը»,- նշված է Պարույր Հայրիկյանի նախընտարկան ծրագրում՝ հավելելով, որ ներկա օրենսդրական դաշտի պայմաններում քաղաքական կամքի հետևողական դրսևորմամբ կարելի է բարելավել բացասական երևույթների հանդիպած, այդ թվում նաև աղքատության ճիրաններում հայտնված, գործարար ոլորտում ոմանց արտոնյալ վիճակով մրցակցային անհավաասար պայմաններում գտնվող քաղաքացիների վիճակը։

Արման Մելիքյան

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական ծրագիրը կոչվում է «Նոր հայացք՝ նոր կենսակերպ»: Նախընտրական ծրագիրը կազմված է գերեզանցապես տեսական բնույթի դատողություններից, տարբեր երևույթների (օրինակ՝ մարդու իրավունքների, կյանքի որակի, համակարգի, կենսունակության) քաղաքագիտական սահմանումները տալուց:

Ինչ վերաբերում է մարդկանց աշխատանքով ապահովելու վերաբերյալ դրույթներին, ապա Արման Մելիքյանը, ի թիվս իր նախընտրական ծրագրի իրականացման նպատակների, նշել է նաև հետևյալը. «սկսել ազգային հարստության բաշխման ներկայում գոյություն ունեցող համամասնության փոփոխության գործընթացը: Այդ սկզբունքները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ նաև ազգային հարստություն հանդիսացող բնական պաշարների և այլ ռեսուրսների արդյունահանման և օգտագործման արդյունքում ստացված եկամուտների իրենց մասնաբաժինը»:

Թեկնածուն գրում է, որ պետական կառավարման համակարգի բարձր պաշտոնները վարող անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հովանավորչությամբ ու դրամաշորթությամբ ձևախեղում են երկրի տնտեսական ողջ ոլորտը՝ վերացնելով ազատ մրցակցության հնարավորությունը և ստեղծելով տնտեսության մենաշնորհային կառուցվածք: Վերջինս էլ բացառում է տնտեսության զարգացման որևէ դրական հեռանկար:

«Բյուրոկրատական քաշքշուկից հոգնած ձեռնարկությունները մտնում են ստվեր և ավելի քիչ հարկեր վճարում:... Այս ամենը ոչ միայն արգելակում է ձեռնարկատիրության զարգացումը, այլև շատ բացասաբար է ազդում հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա, որոնք հենց իրենց վրա են կրում կաշառքի ձևով «հարկի» ծանր բեռը: Իսկ ինչ վերաբերում է խոշոր, օլիգարխիկ ընկերություններին, ապա նրանք, որոնք այսպես կոչված մեծ կոռուպցիայի մեջ են ներգրավված, կարճ ժամկետներում կարողանում են ստանալ իրենց մասնավոր շահը, սակայն սա լուրջ խնդիր է հարուցում ինչպես ոլորտի այլ ձեռնարկությունների, այնպես էլ մեծ հաշվով՝ հասարակության համար»,- գրված է Արման Մելիքյանի նախընտրական ծրագրում:

Նախագահի թեկնածուն պարտադիր է համարում պետական ծառայողների, այդ թվում առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի բարձրացումը: Պետական ֆինանսների կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի համար թեկնածուն անհրաժեշտ է համարում, որ երկրում գործեն իրապես անկախ աուդիտորական ինստիտուտներ:

Աշխատաշուկայի մասին հիշատակում (թեև դարձյալ կոնկրետ գործողություններ չմատնանշող) կա նախընտրական ծրագրի հետևյալ մասում. «Որակյալ կրթական համակարգը, որը ունակ է ապահովել զարգացած մարդկային ռեսուրսների առկայություն, մեծապես նպաստում է այդ արտադրական կապիտալի ձևավորման գործընթացում նրանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, ինչը նրանց հնարավորություն է տալիս իրենց համար ձևավորել համեմատաբար կայուն սոցիալական վիճակ: Այս ներգրավվածության աստիճանը բարձրացնելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է կրթության ոլորտում վարվող քաղաքականության հիմքում դնել արդարության սկզբունքը՝ հնարավորությունների արդյունավետ իրացման պայմանների ստեղծման, դրանք ապահովող ինստիտուտներում համապատասխան կառավարման համակարգերի ներդրման, ինչպես նաև աշխատանքի շուկայի ձևավորման և զարգացման ճանապարհով»:

Արման Մելիքյանը նշում է, որ վճարունակության ցածր աստիճան ունեցող հայաստանցիների հիմնական մասն օգտվում է էժանագին, ցածրորակ ու վտանգավոր սննդամթերքից, ինչն արտացոլում է երկրի սոցիալտնտեսական վիճակը: Մարդկանց աշխատանքով ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ հաջորդ դատողությունը ևս տեսական է. «որակյալ արտադրանք սպառելով՝ մարդը բավարարում է իր ֆիզիկական, մշակութային և այլ կարիքները, իսկ որակյալ արտադրանք և ծառայություններ ու աշխատանք ապահովելու ուղղությամբ ճիշտ վարվող քաղաքականությամբ պետությունը նպաստում է երկրի գիտատեխնիկական և արդյունաբերական զարգացմանը, հնարավորություն է ստեղծում ամրապնդել երկրի դիրքերը ինտեգրման փոխհարաբերություններում և ծավալել փոխշահավետ համագործակցություն»:

Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի՝ աշխատատեղերի, աշխատավարձերի վերաբերյալ համեմատաբար ավելի գործնական քայլեր ներկայացված են միայն «Որպես վերջաբան» բաժնում, ըստ որի՝ իրական ժողովրդավարական երկրին բնորոշ պետական կառավարման համակարգի ներդրումը հնարավորություն կտա վերացնել իշխանության և գործարարության սերտաճումը, առավելագույնս կնպաստի ստվերային տնտեսության վերացմանը և տնտեսության մեջ իրական մրցակցային դաշտի ձևավորմանը, թույլ կտա գործող պետական կառավարման կոռուպցիոն համակարգի կողմից յուրացվող միջոցները վերաուղղորդել սոցիալական և զարգացման նպատակային ծրագրերի իրականացմանը:

«Այսօր նույնիսկ պաշտոնական տվյալների հիման վրա կարելի է պնդել, որ մոտ մեկ միլիարդ դոլարի չափ գումար մուտք չի գործում պետական բյուջե (խոսքը 2008թ. բյուջեի մասին է) և շրջանառվում է ստվերում»,- գրված է «Որպես վերջաբան» բաժնում: Այդ 1 մլրդ դոլարի հաշվին Արման Մելիքյանը նախատեսում է բարձրացնել պետբյուջեից աշխատավարձ ստացողների, այդ թվում նաև պետական ծառայողների աշխատավարձերը, ավելացնել թոշակներն ու նպաստները, աջակցել բնակչության նյութապես անապահով շերտերի սոցիալական պայմանների բարելավմանը:

Մեկնաբանություններ (1)

Robert Davidian
Excellent reporting and very important for all citizens to read! Thank you!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter