HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի տեղական իշխանությունն ո՞ւմ է թողնում քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացումը

Փետրվարի 8-ին Գորիս քաղաքի ավագանու խորհրդի հաստատմանն էր ներկայացված համայնքի «2013-16թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը»: Փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանի խոսքով՝ ծրագրի մշակման ընթացքում տարբեր ուղղությունների առաջնայնությունները նշելիս առաջարկվել է մոտ 90 խնդիր, որոնք քննարկումների արդյունքում դուրս են մնացել, եւ վերջնական տարբերակում դրանց թիվն էականորեն կրճատվել է: «Հիմնականում հաշվի են առնվել ֆինանսական միջոցների իրատեսական հնարավորությունները»,- ավագանիներին ներկայացնելով քառամյա ծրագրի նախագիծը՝ նշեց Տ. Բարխուդարյանը:

Դժվար է կռահել, թե ինչ քննարկումների մասին էր խոսքը, եւ ինչպես են որոշվել իրականացվելիք ծրագրերի առաջնայնությունները, որովհետեւ նիստին մասնակից ավագանու անդամներից միայն մեկն էր տեղյակ, թե ինչ խնդիրներ են ընդգրկված նախագծում, քանի որ նա մասնակցել էր ծրագրի մշակմանն աջակցող «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպված հանրային քննարկմանը:

Ավագանու անդամն առաջարկել էր ծրագրում կարեւորել նաեւ Գենդերային քաղաքականության ազգային ռազմավարական ծրագրի դրույթները: Մասնավորապես, առաջարկվել էր համայնքային իշխանության աշխատակազմում ներգրավել առանձին հաստիք, որը կզբաղվեր ծրագրից բխող պահանջների ապահովմամբ: Այս առումով քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը նշեց, որ ընդունելի տարբերակը  աշխատակազմի սոցիալական մասնագետի պաշտոնի անձնագրում փոփոխություն կատարելն է, որը հնարավոր է միայն տարածքային կառավարման նախարարության համաձայնությամբ:

Ինչպես նշեցին ավագանու անդամները, ընդհանուր առմամբ, քառամյա ծրագրի նախագծում գրեթե անփոփոխ տեղ են գտել նախորդ ծրագրի թերեւս ամենահրատապ լուծում պահանջող խնդիրները: Ծրագրում կարեւորվել են նաեւ քաղաքի կոյուղու կոլեկտորի, հեղեղատարների, Վարարակն գետի կողային հենապատերի կառուցումը, գետի հունի մաքրումն ու բարեկարգումը եւ այլն: Թվարկված խնդիրների լուծման համար, սակայն, 2013թ. միջոցառումների ծրագրում գումարներ չեն նախատեսվել:

Կառուցվածքային առումով համայնքի 2013-16թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրն էականորեն տարբերվում է նախորդ ծրագրից, այն իմաստով, որ նախագծում առանձնացված են տնտեսության տարբեր ոլորտները, ներկայացված է իրավիճակը, մատնանշված են լուծում պահանջող խնդիրները: Դրա կողքին որպես համայնքի թույլ կողմ, առանձնացված են աշխատատեղերի բացակայությունը, գործազրկության բարձր մակարդակը, արտագաղթի առկայությունը, բնակարանային կարիք ունեցող երիտասարդների մեծ թիվը:

Հետաքրքրականը, սակայն այն է, որ դրանց լուծման համար առաջարկվող գործողություններ չեն մատնանշվում, եւ ծրագրով նախատեսված մոտ 2623 միլիոն դրամի մի մասը նախատեսվում է ուղղել համայնքային ենթակայության հիմնարկների վերանորոգմանը, տեխնիկական միջոցների եւ սարքավորումների արդիականացմանն ու վերազինմանը, մեկ այլ հոդվածով կարեւորվում է կանգառների կառուցումը, աղբատար եւ ձնեմաքրող մեքենաների ձեռքբերումը, մայթեզրերի ծառերի փոխարինումը երիտասարդ ու նոր ծառատեսակներով:

Ամենազավեշտալին սակայն այն է, որ քառամյա ծրագրի նշված խնդիրների իրականացման համար միջոցառումների ծրագրում անդրադարձ չկա: Խոսք չկա նաեւ այն մասին, որ օրեր առաջ ՀՀ կառավարությունը հաստատել է Գորիս քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը` նկատի առնելով այն հանգամանքը, որ «Գորիս քաղաքն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային եւ ազգագրական առանձնահատկություններով ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորություններ»:

Համայնքային հրատապ շատ խնդիրներ, եթե «դեգերում են» հին ու նոր ծրագրերում` եւ դրանց լուծման հետաձգումը հիմնավորվում է ոչ բավարար ռեսուրսների առկայությամբ, արդյոք զբոսաշրջության զարգացման խթանումն իր ազդեցությունը չի՞ կարող ունենալ տեղական բյուջեի եկամուտների ավելացմանը: Մանավանդ, Կառավարությունն արդեն կոնկրետ ծրագիր է առաջարկում, ինչպես օրինակ, նպաստել Գորիսի պատմամշակութային միջավայրի վերականգնմանը, ձեւավորմանը, քաղաքի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելու համար հիմնադրել «Զանգեզուր» տեղեկատվական կենտրոն, ինչպես նաեւ առաջարկում է քաղաքը տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոն կազմակերպող միջազգային կենտրոն դարձնելու հեռանկար։

Ցավոք, զբոսաշրջության զարգացման կարեւորությանը չանդրադարձավ նաեւ ավագանու 15 անդամներից նիստին մասնակցող 8-ից եւ ոչ ոք: Փոխարենը նրանցից մեկը, մատնանշելով 2013-16թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում ընդգրկված  «Քաղաքապետարանի շենքի վերանորոգում» հոդվածը, որով նախատեսվում է չորս տարիների ընթացքում համայնքային բյուջեից 60 միլիոն դրամ ներդնել խնդրի լուծման համար, խորհուրդ տվեց համայնքային իշխանության ղեկավարին. «Շենքը, որ ռեմոնտ անես, անպայման բաքսի կքաշես»: Եվ սա ավագանու անդամների կողմից ծրագրի հաստատումից առաջ միակ առաջարկն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter