HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ նախագահի միայն մեկ թեկնածու է հիշատակում Ջավախքը իր նախընտրական ծրագրում

Վրաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները և Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլու տված խոստումները ջավախքցիներին դեռևս հստակեցման փուլում են: Դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի ավելացմումը, հայոց լեզուն տարածաշրջանային լեզու հռչակելը, Ջավախքում սոցիալ-տնտեսկան ծրագրեր իրականացնելը, հայ-վրացական համալսարան բացելը, հայ ակտիվիստների նկատմամբ հետապնդումները դադարեցնելը, «վիճելի» համարվող եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելը և մի շարք այլ խնդիրների վերջնական լուծում ստանալ կամ չստանալը կերևա առաջիկայում: Թե ինչ դերակատարություն կունենա այս ամենում Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ ապագա նախագահը, արդեն իսկ ուրվագծվում է նրանց նախընտրական ծրագրերով: 

ՀՀ նախագահի 7 թեկնածուների հրապարակած նախընտրական ծրագրերից միայն մեկում է հիշատակվում հայաբնակ Ջավախքը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է արտաքին քաղաքականության ոլորտում` իր հետապնդած նպատակներում առանձնացրել Ջավախքը: Ր. Հովհաննիսյանը նպատակ ունի Վրաստանի հետ հարևանությունը վերածել կայուն զարգացող գործընկերության: «Երկկողմ, բազմաշերտ համագործակցություն` ազգային անվտանգության գործոն հանդիսացող Ջավախքում առկա ազգային-քաղաքացիական խնդիրների լուծման ճանապարհով»: 

Մնացյալ թեկնածուները, այդ թվում գործող նախագահ Սերժ Սարգսյանը, չեն հիշատակել Ջավախքը` չնայած 2008թ.-ից ի վեր բազմաթիվ ջավախքահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների: Հետևաբար, նրանք լիիրավ ՀՀ քաղաքացի են դարձել` ընտրելու իրավունքով: 

Ավելին, նախագահի նախորդ ընտրությունների ժամանակ, հիշեցնենք, Սերժ Սարգսյանին սատարող ջավախքյան կառույցները ջավախքցիների զանգվածային «ներհոսք» էին կազմակերպել Ս. Սարգսյանի ձայներն ապահովելու նպատակով: Չի բացառվում, որ նույնն անեն այս տարի: 

Անդրադարձ կատարելով նախագահի նախորդ ընտրություններին` հիշեցնենք, որ 2008-ի նախագահի թեկնածուներից Ջավախքին անդրադարձել էին ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանն ու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Վահան Հովհաննիսյանը շեշտել էր, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները կարևոր են նաև Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից. «Հաշվի առնելով Ջավախքի առանձնահատուկ պայմանները եւ նման հարցերում միջազգային փորձը` Հայաստանը պետք է ջանք գործադրի հարեւան Վրաստանի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու` Ջավախքի եւ հարակից շրջաններում ավանդաբար ապրող հայությանը տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցելու համար»։ 

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն իր ծրագրում ընդգծել էր, որ վիրահայության խնդիրները պետք է միշտ լինեն ՀՀ-ի ուշադրության կենտրոնում. «Միջազգային իրավական նորմերը հաշվի առնելով` պետք է Վրաստանի հետ բանակցությունների միջոցով փորձել լուծում տալ Ջավախքում հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի հարցին։ Վրաստանի հետ կնքվելիք մեծ միջպետական պայմանագրի շրջանակում խորացնել ՀՀ-Ջավախք կապերը գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում»։ 

Նախագահի թեկնածուները, բացի մեկից, այս անգամ շրջանցել են նաև Վրաստանի հետ հարաբերությունների տեսլականի մասին դատողությունները: ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նպատակ ունի նոր մակարդակի բարձրացնել Վրաստանի  հետ բարիդրացիական հարաբերությունները՝ արագացնելով եւ ընդլայնելով երկու երկրների միջև տնտեսական ինտեգրացիոն  գործընթացները: «Կողջունենք և կաջակցենք վրաց-աբխազական երկաթուղին վեաբացելու Վրաստանի իշխանությունների ջանքերի իրականացմանը: Պատրաստակամություն ենք հայտնում մեր հնարավորությունների սահմաններում օգնել վրացական իշխանություններին   երկրի հայ քաղաքացիների և նրանց համայնքային կառույցների բարձրացրած հարցերին կառուցողական լուծումներ տալու գործում»,- իր ծրագրում արձանագրել է թեկնածուն:

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե կոնկրետ Ջավախքի վերաբերյալ ի՞նչ է առաջարկում, Բագրատյանը մանրամասնում է. «Բարեկամություն Վրաստանի հետ: Ես կանեմ այն, ինչ արել են նախկինում»:

Հ. Բագրատյանը կարծում է, որ վրացիները դեմ չեն, եթե ճիշտ ես աշխատում, որպեսզի նրանց սոցիալ-մշակութային ինքնավարությունը եւ նույնականությունը պահպանվի: «Ուրիշ ի՞նչ կարող եմ անել: Ջավախքի հետ մենք այնքան լավ էինք 1993-ին, առաջին ավտոճանապարհը մենք մտանք սարքեցինք Վրաստանի տարածքում, եւ նրանք մեզ թույլ տվեցին, Թիֆլիսում մինչեւ 2004 թվականը լույս չի եղել, բայց Ջավախքը Հայաստանից լույս է ստացել, ես եմ արել դա որպես վարչապետ»:

Բագրատյանը հիշեցնում է 1993-94թթ. ժամանակագրությունը, երբ Վրաստանի վարչապետ Օթար Փացացիան տասնյակ անգամներ այցելել է Հայաստան.  «Մարդավարի բացատրում էինք, ասում էինք՝ մարդկանց կենցաղի հետ կապված խնդիրներ ունենք, սրանք մի դիտարկեք որպես Վրաստանի անկախության դեմ ուղղված միջոցառումներ: Վրաստանի ներկայիս ղեկավարությանը չեմ ճանաչում, բայց ինչու՞ պիտի նրանք դեմ լինեն սրան: Ի վերջո, մենք հո չե՞նք ասում Ջավախքը դարձնենք պետություն, անջատենք, մենք ասում ենք՝ այնպես է ստացվել, որ դա պատմականորեն, հատկապես վերջին 150 տարիների ընթացքում բնակեցված է եղել հայերով, եւ հայերը որպես հայ պետք է այդտեղ ապրեն, եկեղեցիները որպես հայկական եկեղեցիներ պետք է մնան, ես չեմ կարծում, որ մեր այս պահանջը կամ խնդրանքը, այսպես ձեւակերպեմ, վրացական կողմի համար պետականության կորուստ է նշանակում: Վրաստանում էլ այսպես ասած «բազեներ» կան, բայց իմ փորձը ցույց տվեց այլ բան: Ես սկզբում մտածում էի, որ հնարավոր չէ խնդրին մոտենալ: Մեկ-երկու՝ խնդիրը լուծվեց: Այսօր մենք դասագիրք ենք ուղարկում Ջավախք: Սա էլ պիտի հասկանանք, չէ՞: Ինչը թույլ չեն տալիս, կարելի է պայմանավորվել: Վստահ եմ, ինչքան էլ մեզ ցույց տան սոցիոլոգիական հարցումներ, վրացիները հայերին վտանգավոր չեն համարում: Այսինքն՝ չեն համարում մի ժողովուրդ, որը վրացիների վատն է ուզում: Բայց նրանք պետք է նաեւ մեզ հարգեն, որ մենք մեր իդենտիֆիկացիայի հետ կապված չենք զիջի»: 

ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածուն այս հարցում ծայրահեղական է. նա նախընտրական ծրագիր չի հրապարակել, սակայն առիթի դեպքում մշտապես հայտարարում է, որ Ջավախքը պետք է միավորել Հայաստանին, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Իսկ ճանապարհը հետևյալն է. «Ջավախքի հայությունը ինքն է այդ հարցը բարձրացնում, մենք էլ մեր, Մայր Հայրենիքը` իր պարտքն է կատարում»: Վ. Սեդրակյանը կարծում է, որ Վրաստանի հետ խնդիր Հայաստանը չի ունենա, և «նախագահը հենց դրա համար է», որ խնդիր չլինի: «Ի՞նչ պետք է անեն` ճանապարհները կփակեն, մենք էլ իրենց գազամուղը կփակենք, եթե իրենք այդ նավթամուղը չունեն, իրենք ընդհանրապես աշխարհին հետաքրքիր չեն: Վրացիները նման քայլի չեն դիմի»,- «Հետքի» հետ զրույցում մանրամասնում է էպոսագետը: Այնուամենայնիվ, Վ. Սեդրակյանը կարծում է, որ Ջավախքը «տեղով խնդիր է». «Այնտեղ լուծված հարց կա՞` կրթականից սկսած կրոնականից, ճանապարհներից, կենցաղային և տնտեսական, և մշակութայինով վերջացրած, լրիվ խնդիր է»:

ՀԱրցախի նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, չնայած իր ծրագրում չի տարանջատել Ջավախքը, բայց «Հետքի» հարցին պատասխանելիս, զուգահեռներ է անցկացնում Արցախի հետ. «Ջավախքի հետ կապված մեր անելիքներն անգամ ավելի բարդ են, քան Արցախի հետ կապված խնդիրները»:

Ըստ Ա. Մելիքյանին, այս պահին առաջնային խնդիրն է կանխել ջավախահայության զանգվածային արտագաղթը և ապահովել մարդկանց իրավական ու սոցիալ-տնտեսական ապահովությունը տեղում: «Ներկա պայմաններում դա հեշտ է ասելը, անելն է բարդ: Մեր պաշտոնական արտաքին քաղաքականությունը բավական կաշկանդված է այս ուղղություն վրա, և դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ»:

Արման Մելիքյանն ասում է, որ այս խնդրի հետ կապված որոշ մեթոդաբանական նկատառումներ ունի, բայց հիմա նպատակահարմար չի գտնում դրանց մասին խոսել. «Նախ պետք է կարողանանք ինքներս Հայաստանում իրավիճակը դեպի լավը փոխել և դրա արդյունքում, թերևս, նոր հնարավորություններ կբացվեն նաև Ջավախքի հիմնախնդիրները լուծելու տեսանկյունից»,- ամփոփում է Ա. Մելիքյանը:

Քարոզարշավի մեկնարկից հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Ջավախքն իրավունք ունի ստանալ ռեգիոնի կարգավիճակ. «ՀՀ-ն և Վրաստանը պիտի ունենան Ջավախքի վերաբերյալ հատուկ պայմանագիր, որը կկարգավորի բոլոր հարաբերությունները»,- «Հետքին» պատասխանել է Ա. Ղուկասյանը: 

Քարոզարշավի ընթացքում հրազենային վնասվածք ստացած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր նախընտրական ծրագրերում Ջավախքին չի անդրադարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter