HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Աղավնիներդ չվեցին, արդեն չկան (վիդեո)

«Մեր տները որ քանդեցին, Սիրարփիս 7-8 տարեկան էր: Սեփական տուն էր, մեծ այգի ունեինք` թթենիներով, բալենիներով, ամառը ճաշում էինք բակում, ընկերներս, երբ գալիս էին, երբեք տանը չէինք նստում, միանգամից գնում էինք բակ, այդտեղ ամառային փոքրիկ սեղան ունեինք, խաղողի թարմա ունեինք, դրա տակ էինք հաճախ նստում, հաճախ մինչեւ լույս»,- հիշում է երգահան Էդվարդ Զորիկյանը:

Մի օր` արդեն տեղափոխվելուց հետո, երբ արդեն շենքում էին բնակվում, նա տեսնում է, որ իր երեխան նստած նկարում է: Այն, ինչ նկարում էր աղջիկը, հեղինակ-կատարողը նույնացնում է իրենց բակի հետ, որովհետեւ «ծառեր էին, այգի էր, տուն էր, կլոր սեղան էր, շուրջը մարդիկ էին հավաքված, նստած»: «Ինձ թվում է` էդ մի բուռ էրեխեն կարոտում էր»,- ասում է Էդվարդ Զորիկյանը: Այդպես, վերածվելով երգի, խոսքի, երաժշտության` ծնվում է ունկնդրի կողմից ամենասիրված հեղինակային երգերից մեկը` «Դստրիկիս նկարը»:

Այս պատմությունը հեղինակ-կատարողը պատմում է ամեն անգամ երգը կատարելուց առաջ: Սիրված ու հուզիչ երգ դարձած քանդված տան պատմությունը ծանոթ է շատ այլ ընտանիքների, ովքեր Էդվարդ Զորիկյանի պես ապրում էին այն տարածքում, որտեղ այսօր Հյուսիսային պողոտան է: «Չես կարողանում կտրվել հողից, որովհետեւ առաջին հերթին` քո սեփականությունն է, երկրորդ հերթին` սիրում ես էդ հողը, որովհետեւ ընկերներիդ հետ մինչեւ լույս նստել ես, որովհետեւ, ի վերջո, այդ հողի վրա երեխաներդ են ծնվել, որովհետեւ դու կտակ էիր ստացել քո պապերից, բայց այսօր չես կարող փոխանցել երեխուդ, որովհետեւ տռզած փորով մեկը ասաց` ես պիտի այդտեղ ապրեմ»,- համերգներից մեկի ժամանակ ասաց նա:

Հունիսի սկզբին Է. Զորիկյանը դարձավ 50 տարեկան: Նրա հոբելյանի առիթով հունիսի 23-ին բարդ-ընկերները մեծ համերգ էին կազմակերպել:

Է. Զորիկյանը ծնվել է Երեւանում: Նրա առաջին ձայներիզը` «Բանտված անուրջներ» խորագրով, լույս է տեսել դեռ 1991 թվականին: Երեւանի մասին երգեր բավական ուշ է սկսել գրել: Էդվարդ Զորիկյանի խոսքերով` երգը չի կարող ֆանտաստիկ մի բանի մասին լինել, պիտի ինչ-որ մի ազդեցություն լինի հոգուդ, սրտիդ, մտքիդ վրա, որ սկսես մտածել` ինչու՞ այդպես եղավ: «Գուցե տարօրինակ է` ծնվես, մեծանաս այս քաղաքում, եւ առաջին երգերը չլինեն քաղաքի մասին: Բայց միեւնույն է` այն, ինչի մասին գրել եմ, այդ ամենը կատարվել է հենց այստեղ` եւ սերը, եւ ընկերությունը, ե°ւ բաժանումը»,- ասում է նա:

Երգերից մեկում, օրինակ, նա ասում է. «Իմ փոքրիկ քաղաքում լուսաբաց է, ուր տրամվայն առաջին զարթուցիչն էր դառնում»: Այս խոսքերն այսօրվա Երեւանի հետ որեւէ առնչություն չունեն, ամեն դեպքում հեղինակն իր երգերում կենդանի է պահում այն քաղաքը, որը հարազատ է եղել մի ողջ սերնդի: «Առաջին տրամվայները այգաբացին երբ անցնում էին, ինչ-որ զնգռտոց էր գալիս, առաջին զարթուցիչն էր, որ Երեւանով շրջում էր ու բոլորին արթնացնում»,- հիշում է նա:

Թերեւս, նույն այդ տարիներին էր, որ «թաղի տղերքը» մշտապես հարաբերություններ էին պարզում բոլոր նրանց հետ, ովքեր երկար մազեր ունեին, ջինսով կամ մի վերնաշապիկով էին, որի վրա անգլերեն բառեր էին գրված: «Ի դեպ, այսօր այդ նույն մտածելակերպի տղաներն իրենք են հագնում այդ նույն շորտերն ու չստիկները ու քաղաքով զբոսնում են, բայց այ նիստուկացը, խոսելու ձեւը, փողոցում պպզելը մնացել է: Հագուստը փոխվել է, այն, ինչ մենք էինք հագնում, մեզանից վերցրին իրենք, բայց չվերցրին կիրթ խոսելը, ստեղծագործելը, լավ բաները, որ կարող էին ընդօրինակել»,- ասում է երաժիշտը:

Նրա կարծիքով` ինչ-որ տարիքում այդ կարոտախտը սկսում է գլուխ բարձրացնել: Այնուամենայնիվ, միանշանակ ասել` առա՞ջ էր լավ, թե՞ այսօր, էդվարդ Զորիկյանը չի կարող:

Հեղինակային ստեղծագործություններում նա երգում է այն ամենի մասին, ինչը հուզում է իրեն. դա եւ անազնվությունն է, եւ անարդարությունը, եւ երկրից գաղթելը: Այն ընկերներին, ովքեր հեռացան Երեւանից, երգահանը աղավնիներ է անվանում: «Մի ահավոր երեւույթ կատարվեց, դա մութ ու ցրտի հետեւանքն էր, առաջին նախագահի եւ կառավարության սխալն էր` չգիտեմ, բնիկ երեւանցիները գնացին, իսկ տեղը դատարկ չի մնում: Երեւանը դեմքը փոխեց: Բա չփոխի՞, երբ նման բան է կատարվում, ու կատարվում է շատ արագ: Մենք զգում ենք, որ քաղաքը դեմքը փոխեց, մենք չենք ճանաչում մարդկանց, չկան այն մարդիկ, ում սովոր էինք տեսնել այսինչ փողոցում քայլելիս»:

Նա համոզված է, որ բնակավայրը շենքով չէ բնակավայր դառնում: Որպես իր խոսքերի ապացույց` հիշում է, որ դեռ դարեր առաջ ամեն թագավոր, երբ որոշում էր նոր մայրաքաղաք կառուցել, հին մայրաքաղաքի բնակիչներին, հենց քաղաքացիներին իր հետ տեղափոխում էր այդ նորակառույց տեղը, որտեղ շենքերը կային, բայց շունչը չկար, քաղաք չկար:

«Մեզ մոտ այն մարդիկ, ում պիտի տեղափոխեին, նրանք հենց առաջինը գնացին Հայաստանից: Ամեն ոք չի կարող հարմարվել նոր պայմաններին, հասկանու՞մ ես, որ այսօր սա է օրենքը, բոլորը չէ, որ կարողանում են միանգամից ձեւափոխվել, ինչ օրենք էլ թելադրեն, ասեն` այսօրվանից գողությունն է ճիշտ, ու բոլորը գողությամբ զբաղվեն ու լավ ապրեն, թալանեն ու մեքենաներ քշեն, դաչաներ կառուցեն»,- ասում է նա:

Էդվարդ Զորիկյանի կարծիքով` հեղինակային երգի ժանրում ինչքան մեծ են եղել արգելքները, այնքան հակազդեցությունն էլ մեծացել է: Այդպես, օրինակ, երբ Հայաստանում սկսվեց Արցախյան շարժումը, համապատասխան երգեր ծնվեցին. «Այսօր հաճախ հարցնում են` լավ, անկախ ենք, այսօր էլ մեզ ճնշող չկա, մենք մեր գլխի տերն ենք, ասել է թե` խնդիրներ չկան, էլ ինչի՞ մասին պիտի երգ գրեք, միայն սիրո՞, կյանքի՞, ընկերությա՞ն, այսինքն` սանրած, մաքուր, լավ բաների մասի՞ն»:

Երգահանը համոզված է, որ այսօր ավելի խիստ պիտի լինի այդ երգը: «Երբ քեզ ստրկացնում է օտարը, դու ինչ-որ տեղ հասկանում ես պատճառը, որովհետեւ օտար է, որովհետեւ ինքը խնդիր ունի, բայց երբ քեզ ստրկացնում է քո հայրենի կառավարությունը, երբ քեզ աշխատեցնում է եւ աշխատավարձ չի տալիս օտարը, դու հասկանում ես պատճառը` ինչու է քեզ այդպես վերաբերվում, բայց երբ քո արյունակիցն է, ազգակիցն է, քո հայրենակիցն է դա անում, դու պատճառը չես հասկանում»,- ասում է նա: Զորիկյանի համոզմամբ` դա բերում է ավելի կոպիտ արտահայտությունների նույն երգի մեջ, որովհետեւ ինչ-որ կերպ պետք է բացատրել: Այդ ժամանակ գրեթե հայհոյանք է հնչում երգում:

«Ամբողջ աշխարհով գլուխ ենք գովում, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց ընտանիքների մեծ մասը իրենց երեխաներին դաստիարակում է հետեւյալ ձեւով. ասում են` «տղա ջան, քարը վերցրու, տուր` գլուխը ջարդի, ես տեր եմ»: Տես` ոնց ենք դեգրադացել, ինչ ենք դարձել: Կապը կտրվել է անցյալի հետ, կամ մենք նման ենք եգիպտացիներին, որովհետեւ այսօրվա արաբը, կարծում եմ, հին եգիպտացիների հետ ոչ մի կապ չունի, գուցե մենք էլ այդպես, գուցե Տիգրան Մեծ, ծովից ծով Հայաստան, Անի, հազար եկեղեցների քաղաք, այդ ամենի հետ գուցե մենք բացարձակ կապ չունենք, որովհետեւ եթե մենք ունենայինք, նման կերպ չպիտի վարվեինք, մենք չպիտի երեխաներին այդպես դաստիարակեինք:

Ինձ ասում են` ժամանակը կգա, այդ ամենը կփոխվի, հա, պիտի փոխվի, վատ երեւույթը պիտի վիժվի այսպես, թե այնպես: Մենք շատ բաներ հանդուրժում ենք, բայց մեր երեխաները չեն հանդուրժելու, մեր թոռները ընդհանրապես չեն հանդուրժելու: Բայց երբ խոսում եմ այս ամենի մասին, ուղղակի ուզում եմ, որ գոնե փոխվի մեր կյանքի ընթացքում, մենք տեսնենք...»:            

                     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter