HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Ինչու էր բորբոքվել Արտաշատի Նորաշեն համայնքի ղեկավարը

Որովհետև, ինչպես ինքն ասաց. «Ժողովրդին առաջնորդ է պետք», իսկ այլ առաջնորդ, բացի Սերժ Սարգսյանից, նրանք չեն տեսնում:

Սերժ Սարգսյանի վստահված անձ, գյուղապետ Արտուշ Սարգսյանն անընդհատ կրկնում էր, որ իր միակ «դարդը» հասարակ ժողովրդի հոգսին դարման գտնելն է, որովհետև ինքը բիզնեսմեն մարդ է ու Ավստրիայից հումք է ներկրում տարբեր ընկերությունների համար, որ Արտաշատում՝ գործող նախագահի նախընտրական հանդիպումների ժամանակ ինքը  բարձրացրել է հացի, գազի ու վառելիքի գնի մասին հարցը, որովհետև «էս ժողովուրդը գառի պես աշխատող ժողովուրդ ա» ու ամեն ինչին համակերպվող, որ ինչպես քվեաթերթիկների հաշվման ժամանակ բացականչեց.  «Սևագործ բանվորի աշխատանք են անում իրենց համար (նկատի ունի՝ իշխանություններին), որ ինքը կուսակցական չէ, պարզապես սատարում է համակարգին, որպեսզի, օրինակ, եկող տարում գյուղի բուժական հիմնարկի հարցը լուծի, ու դա ասում էր անցյալ ժամանակով, մտքում՝ հավանաբար կարծելով, որ Նորաշենը հրաժեշտ կտա այդ հիմնարկը վերանորոգելու մտքին, որովհետև իր տեղամասում, ինչպես արդեն հաղորդել էինք, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել էր գործող նախագահին:  

Ահա հենց դա էր պատճառը, որ Նորաշենի գյուղապետը լրագրողիս աշխատանքի արդյունքի մասին հեռախոսով տեղեկանալուց հետո այնպես էր բորբոքվել, որ քվեաթերթիկները հաշվելու պահին փորձում էր խոչընդոտել լրագրողական գործունեություն իրականացնելուն:

Գյուղապետի բորբոքվածության համար, հավանաբար, բազմաթիվ այլ պատճառներ կային, որոնք նա փորձում էր կոծկել ժողովրդին ծառայելու մասին հուզիչ ելույթով, սակայն այդ պատճառներից մեկը փաստի արձանագրումն էր, որ մի գյուղացի երիտասարդ կին փորձում էր 1957թ. ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով ընտրություն կատարել, որը կանխվեց «Հետքի» լրագրողի կողմից: Փաստացի նորաշենցի կինը այլ անձնագրով մոտեցել էր հանձնաժողովի անդամներին, նրանց գիտությամբ ստորագրել Աստված գիտի՝ ում տեղը, ստացել քվեաթերթիկ, քվեախցիկում ընտրություն արել և մոտեցել քվեատուփին: Քվեաթերթիկը կնքող հանձնաժողովի անդամը ցանկանում էր կնքել քվեաթերթիկը՝ նախապես նայելով անձնագրի նկարը՝ գիտենալով արդեն, որ անձնագիրը չի պատկանում տվյալ կնոջը, սակայն չարեց, երբ ստուգեցի անձնագիրն ու պարզվեց, որ կինը փորձում էր ուրիշ անձնագրով ընտրություն կատարել: Դեպքի մասին արձանագրություն կազմվեց, ինչպես նաև համապատասխան նյութ հրապարակվեց  «Հետքում», որի արձագանքի մասին շուտով իմացավ ողջ ընտրատեղամասը:

Պետք է ասել, որ մեր օրինապահ մարմինները շատ օպերատիվ էին աշխատում այդ օրը, որովհետև նյութի հրապարակումից ընդամենը 2 ժամ անց գյուղապետ Արտուշ Սարգսյանը զայրույթի անկհայտ նշաններով փորձեց ինձնից պարզել, թե այդ «ինչ եմ ուղարկել YouTtube»:  Ակնհայտ է, որ հանձնաժողովի անդամները նոր մեդիայի մասին պատկերացում չունեն և իմանալով միայն Youtube անունն ու մեր ձեռքին տեսնելով ֆոտոխցիկ ու տեսանկարահանող սարք՝ կարծել են, թե իրենց տեղամասից դեպի Youtube ալիք ուղիղ միացում ունենք:

Երբ առավոտյան՝ դիտորդ Դավիթ Խաչատրյան- լրագրող Աննա Մուրադյան խումբը ժամանեց տեղամաս, գյուղապետն անմիջապես մոտեցավ դիտորդին՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ: Լրագրողին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:  Պարզվեց. Նորաշենում ոչ ոք չի լսել «Հետքի» անունն ու խոստացա, որ կլսեն:

Դպրոցը, որտեղ տեղակայված էին 17/31 և 17/32 ընտրատեղամասերը, բավականին բարեկարգ էր, թեպետ երկու տեղամասերում էլ ցուրտ էր. 17/32-ում ավելի շատ, որովհետև այնտեղ ընդհանրապես չէր ջեռուցվում, իսկ 17/31-ը թեպետ ջեռուցվում էր ու գտնվում էր արևկող հատվածում, այնուամենայնիվ, դարձյալ ցուրտ էր, որովհետև կեսօրին ջեռուցումն անջատեցին:

Ընտրական պրոցեսն ընթանում էր խախտումներով. ընտրախցիկում միաժամանակ երկու հոգի էին քվեարկում, վստահված անձինք ժամը 12-ից հետո այլևս բեյջեր չէին կրում, սենյակում ծխում էին, իսկ ժամը 8-ից հետո, երբ ընտրատեղամասը պետք  է փակվեր, փակ չէր, ու տեղամասից-տեղամաս վստահված անձինք գալիս էին ընթացքի մասին տեղեկանալու:

Շատ դժվար էր մի հարկի տակ մի օր անցկացնել քո հայրենակիցների հետ, որոնք քեզ նայում էին թշնամանքով:  Հանձնաժողովի անդամները, որոնք, հավանաբար, մինչ այդ որևէ խոչընդոտ չեն ունեցել ընտրական գործընթացը կազմակերպելու ու արդյունքները մատուցելու հարցում, այժմ հայտնվել էին դժվար իրավաիճակում, երբ երկու օտար անձի ներկայությամբ կաշկանդված էին ու չգիտեին իրենց անելիքները: Ակնհայտ էր, որ, ինչպես հանձնաժողովի քարտուղարն էր ասում. «առաջին անգամն ա, որ ընտրությունները իրենց մոտ սենց լարված են անցնում», որովհետև անընդհատ ականջս առնում էր շշուկները, «որ վտանգավոր ա», որովհետև նրանք անընդհատ փախցնում էին հայացքներն, ու,  որովհետև դեռևս իմունիտետ չունեին լրագրող-դիտորդներին «մեջտեղից ճղելու», ինչպես դա եղել է մի շարք այլ տեղամասերում, ինչպես նաև աչքի էր զարնում ընտրական պրոցես կազմակերպելու հարցում ոչ բավարար գիտելիքները, որովհետև ամեն ինչ «ճիշտ ու օրենքով» կազմակերպելու հարցում նրանց օգնում էր Իրավունքի «Եվրոպա միավորում» ՀԿ  դիտորդ Դավիթ Խաչատրյանը:

Ամենալուրջ կոնֆլիկտը հասունացավ քվեաթերթիկները հաշվելու ժամանակ, երբ ցանկանում էի քվեատուփի կողքին նստել: Գյուղապետ Արտուշ Սարգսյանը, որն ընդամենը րոպեներ առաջ էր «Հետքում» տպված նյութի վերաբերյալ տեսարան սարքել, պահանջեց, որպեսզի լրագրողը հաշվման պրոցեսին հետևի հեռվից՝ սեղանի մյուս գլխից: Օրենքը լրագրողի գործողության սահմանափակում նախատեսում է  միայն այն դեպքում, երբ լրագրողի գործունեությունը խոչընդոտում է հանձնաժողովի անդամների աշխատանքներին: Եվ դա պետք է պահանջի հանձնաժողովի անդամը և ոչ թե վստահված անձը: Սակայն, ակնհայտ էր, որ այստեղ ամեն ինչ «ասում էր» գյուղապետը, ու նա երկար բանավեճ ծավալեց ինձ քվեատուփից հեռացնելու համար:

Նորաշենը Հայաստանի խղճուկ համայնքներից չէ, ու ծանոթ լինելով երկրի շատ համայքների խեղճության հետ՝ պարզ էր, որ Նորաշենի ու քաղաքի համարում ունեցող այլ համայնքի միջև բացի բնակիչների թվից, շատ տարբերություն չկար: Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Սարգսյանը, ով գյուղապետարանի գործավարն էր՝ համակրելի արտաքինով, ժիր ու բանիմաց անձնավորություն, ով ծնվել ու ապրում էր Նորաշենում ու անգիր գիտեր համայնքի բնակիչներին ու նրանց «դարդերը»: Գյուղապետը, ակներևաբար, լավ մենեջեր էր, քանի որ, ինչպես հավաստում էին գյուղացիները, պտուղ-բանջարեղենի բերքի ժամանակ մթերող ընկերությունների հետ պայմանագրեր է կնքում, որպեսզի  գյուղացիների բարիքը չփչանա և այլն:

Գյուղապետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը այլընտրանք չէ: Պարզապես ժողովուրդը դեմ քվեարկեց Սերժ Սարգսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter