HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

17/3 ընտրատեղամասում ընտրությունը խախտումներով էր անցնում

Արարատի մարզի Արտաշատ համայնքի 17/3 ընտրատեղամասում ընտրական գործընթացն անմիջականորեն վերահսկվում էր ոմն Կարոյի (ավելի ուշ պարզվեց` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (մականունը՝ Յուվեցի Կարո) և մի խումբ արտաշատցիների կողմից, որոնց անձը բացահայտելու` դիտորդների համառ պահանջներից հետո ընտրական հանձնաժողովի նախագահը նրանց ներկայացրեց որպես Սերժ Սարգսյանի վստահված անձինք:

Սակայն դրանից հետո էլ նրանց տվյալները չէին գրանցվում արձանագրությունների համար նախատեսված գրանցամատյանում: Նշված տեղամասում Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից էլ մեկական վստահված անձ էր ներկայացված, որոնց «կողմնորոշումը», սակայն, բացահայտ Սերժ Սարգսանի կողմն էր. նույնիսկ ձայների հաշվարկի ժամանակ դժգոհություն էին արտահայտում ամեն մի` ոչ «Սերժի» օգտին «դարսվող» քվեաթերթիկի համար:

Ավելին, Սերժ Սարգսյանի վստահված անձ ներկայացողների հետ նրանք էլ էին ճնշումներ գործադրում և խոչընդոտում լրագրողների ու դիտորդների աշխատանքը. արգելում էին նայել քաղաքացիների անձնագրերը, տեսանկարահանել ընտրության ընթացքն ու ընտրողներին, ծանոթանալ ընտրացուցակներին, այսինքն` վերահսկման այն բոլոր միջոցները, որոնցով հնարավոր է բացահայտել կրկնակի կամ կեղծ քվեարկության դեպքերը: Հատկապես, հեռացնում էին ընտրացուցակներց՝ ասելով` «քիթներս եք մտնում»:

Արգելում էին նաեւ մոտ կանգնել հանձնաժողովի սեղաններին. «Մի կանգնեք մի տեղ, գնացեք սենյակում ման եկեք»,-ասում էր հանձնաժողովի նախագահը: Սերժ Սարգսյանի վստահված անձ Մարգուշ Միրզոյանը շարունակ հայտարարում էր, որ դիտորդների տեղը պատի տակ է` շարքով դրված աթոռներին, որտեղից միայն, ըստ նրա, թույլատրվում է հետևել ընտրությանը: Դե իսկ լրագրողի ներկայությունը նա բոլորովին ավելորդ էր համարում:

Սերժ Սարգսյանի կողմնակիցները թշնամանքով էին վերաբերվում հատկապես տեսանկարահանմանը: Սադրանքի պատճառով արտաշատցի ընտրողներից մի քանիսը նույնիսկ տեղամասում ընտրությանը հետևող դիտորդից ու լրագրողից վիրավորական բառերով պահանջեցին դադարեցնել տեսանկարահանումը, ինչին հանձնաժողովի նախագահը չէր միջամտում:

17/3 ընտրատեղամասում նախագահ Արամայիս Պողոսյանի նախագահությամբ ընտրությունը խախտումներով էր անցնում: Քվեատուփը կնքված չէր: Հանձնաժողովի քարտուղարը ընտրական տեղամասը բացվելուց հետո եկավ բավականին ուշացումով: Հանձնաժողովի անդամներից Գագիկ Վարդանյանն առանց բացատրության կեսօրին հեռացավ ընտրատեղամասից` իր հետ տանելով կնիքը և վերադարձավ քվեարկությունն ու քվեների հաշվարկն ավարտվելուց հետո` նախագահի թախանձագին խնդրանքով, որ «առանց նրա ստորագրության չի կարող կազմվել արձանագրություն»: Լրագրողի դիտարկմանը, որ նրա հեռանալու փաստը չի արձանագրվել գրանցամատյանում, ասաց, որ առողջությունը վատանալու պատճառով իրեն տուն են տարել, ինչը ցանկության դեպքում կարելի է ճշտել հիվանդանոցից: Իսկ հանձնաժողովի նախագահը չանդրադարձավ էլ դրան:

Նշված տեղամասում ընտրողների, նաև «վստահված» անձանց կուտակումներ էին լինում, կրկնակի քվեարկության դեպքեր: Օգնականի կարիք ունեցող քվեարկողների համար նախագահն ինքն էր ուղեկցող ընտրում: «Եթե անհրաժեշտություն ըլնի, դու ասա, ես մարդ կտամ, կգա, կօգնի»,- ընտրողին ասում էր նախագահ Արայիկ Պողոսյանը:

- Ես մարդ կասեմ էսա,- ապա դիմելով մեկին,- հայրիկին օգնիր, թող ընտրությունը կատարի:

-Պարոն նախագահ, Դո՞ւք պետք է ընտրեք, ով օգնի:

- Սովորական քաղաքացի ա:

- Բայց դուք բերեցիք:

Լրագրողի դիտողությունից հետո դիմելով վերջինիս. «Դու վստահված անձ ես, չի կարելի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter