HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անթրաշ քաղաքապետն» ու «շանտաժիստ ժուռնալիստը»

Մեղրեցիների եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, մրգի իրացումը: «2011թ.-ին կարալյոկի բերքն ամբողջովին ցրտահարվեց, բայց էս տարի, փառք աստծո, կարգին բերք ենք ստացել, իրացման խնդիր էլ չունենք, Երեւանից, հարակից շրջաններից եկել, տարել են, անգամ պատահում է, որ միրգը չհասած, կանխավճար են տալիս»,- ասում է մեղրեցի Իսրայել Միրզոյանը: Չնայած դրան նա տեղի բնակչության սոցիալական խնդիրների լուծման միակ միջոցը աշխատատեղերի ստեղծումն է համարում:

Մեղրիում աշխատատեղերի խնդիրը կարեւորում է նաեւ Գոհար Համբարձումյանը, ում խոսքով, երբ ոսկու հանքավայրն աշխատում էր, մարդիկ կայուն եկամուտ ունեին: Գոհարը Մեղրիի թիվ առաջին խնդիրը երիտասարդների զբաղվածության ապահովումն է համարում: «Մի ատրյադ ա, էդ էլ, որ չլլինի, ջահելները պարապ կմնան»,- ասում է Գոհարը` նկատի ունենալով սահմանապահ զորամասը: Երիտասարդ աղջկա  համար նաեւ անհասկանալի է, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները Մեղրիում էականորեն բարձր են Կապանի ու Գորիսի համեմատությամբ:

Գավրոշ Ավետիսյանը եւս դժգոհ է, որ քաղաքում աշխատատեղեր չկան, որ սոցիալական խնդիրների լուծման համար նաեւ իշխանություններն են հույսները գյուղատնտեսության զարգացման հետ կապում: Խոսելով իշխանությունների  գործունեության մասին, Գավրոշը նկատում է, որ նորընտիր տեղական իշխանությունը  զգալի աշխատանքներ է իրականացրել համայնքային խնդիրների լուծման գործում, դրանցից առանձնացնելով հատկապես աղբահանության կազմակերպումը, մշակութային կյանքի աշխուժացումը:

Իսրայել Միրզոյան Գոհար Համբարձումյան Գավրոշ Ավետիսյան

Թվարկված խնդիրների կողքին, Մեղրիի փոխքաղաքապետ Վանիկ Սարգսյանը մատնանշում է նաեւ քաղաքի թիվ 1 դպրոցի շենքի եւ մշակույթի տան վերանորոգումը, ինչպես նաեւ հիվանդանոցի շենքի կառուցումը, որոնք ընդգրկվել են Մեղրի համայնքի 2013-16թթ. քառամյա զարգացման ծրագրում: Առանձնացնում է նաեւ ոռոգման ջրի խնդրի վերջնական լուծման անհրաժեշտությունը:

«Ի՞նչ սկզբունքով են համայնքի քառամյա զարգացման ծրագրում ընդգրկվում առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրները, նախորդ քառամյա ծրագրում ընդգրկված խնդիրներից որո՞նք են մնացել անլուծելի եւ արդյոք դրանք տեղ գտե՞լ են  ընթացիկ ծրագրում»,- այս հարցերի պատասխանն ստանալու ակնկալիքով դիմեցի Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին:

Չնայած մեր նախնական պայմանավորվածությանը, քաղաքապետը, լսելով համայնքի նախորդ քառամյա ծրագրին վերաբերող հարցս, կտրուկ տոնով նշեց, թե ինքը նախորդ քաղաքապետից «համայնքն ընդունել է «բուկվալնի» 30 վայրկյանում, և իրեն չի հետաքրքրում թե ինչ են արել նախորդները:

Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ խնդիրներ են լուծվել նախորդ տարիներին եւ որոնք են ներկա պահին առավել հրատապ համարվողները, համայնքի ղեկավարի նյարդերը տեղի տվեցին ու նա ձայնը բարձրացրեց. «Մեզ սովորացնող պետք չի, մենք մեր գործերը լուծելու համար ոչ մեկի խորհրդի կարիքը չունենք»:

Քաղաքապետն իր զրույցը շարունակեց հեռախոսով, իսկ ես փորձեցի խոսակցությունը շարունակել փոխքաղաքապետի հետ, ով մեր զրույցին մասնակցում էր քաղաքապետի առաջարկով: Իմ խնդրանքով Վանիկ Սարգսյանը կրկին վերադարձավ բուժսպասարկման համար բավարար պայմանների ապահովմանը, քանի որ մինչ այդ բնակիչներն արդեն իսկ հայտնել էին, որ օպտիմալացման պատճառով Մեղրիի հիվանդանոցը միավորվել է Ագարակի բուժմիավորման հետ, ինչպես նաեւ կարեւորվել էր բժշկական կադրերի ապահովման խնդիրը:

Ավարտելով հեռախոսազրույցը, քաղաքապետը կոպտորեն դիմեց տեղակալին. «Ի՞նչ ես կյանքդ պատմում, քառամյա ծրագրից ա ուզում, էդ մասին խոսա»: Երբ նշեցի, որ զրույցը վերաբերում է քառամյա ծրագրում ընդգրկված խնդիրներին, համայնքային իշխանության ղեկավարը դերի մեջ մտավ. «Ա~~, էդ ժուռնալիստներդ, շանտաժիստներ եք, գալիս եք ուրիշ բան հարցնում, ուրիշ բան գրում, վերջ, ոչ մի բան էլ չեմ ասում»:

Իզուր փորձեցի համոզել, որ որպես լրագրող ինձ ընդամենը հետաքրքրում է, թե ինչ սկզբունքներով է մշակվում քառամյա ծրագիրը, համայնքի ղեկավարը ձայնը բարձրացնելով սկսեց դասախոսություն կարդալ, թե դա ինձնից չեն հարցնելու և ինձ չի վերաբերում: Նրա  զայրույթն ավելի մեծացավ, երբ փորձեցի լուսանկարել: «Անթրաշ եմ, պետք չի, պետք չի, քեզ ասում եմ»,- շարունակեց կոպիտ ձայնով:

Հասկանալով, որ զրույցը շարունակելն այլեւս անիմաստ է, դիմեցի փոխքաղաքապետին, խնդրելով տեղեկացնել, թե ինչպես կարող եմ ծանոթանալ համայնքի 2013-16թթ. քառամյա զարգացման ծրագրին: Եվ, քանի որ արդեն ընդմիջման ժամ էր, նրա առաջարկով սպասեցի աշխատակազմի քարտուղարին: Րոպեներ անց ինձ մոտեցավ բարեհամբույր մի կին, ըստ երեւույթին, նա նախապես տեղեկացված էր, որ սպասում եմ ծրագրի օրինակին: Մինչ նրա ուղեկցությամբ կհասնեինք քարտուղարի աշխատասենյակ, ներս մտավ քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը և սկսեց գոռգոռալ. «Ոչ մի թուղթ չտաք սրան, գիտեմ սա ով ա, սրա նմաններն են գալիս չթրաշված քաղաքապետ նկարում գցում յութուբեր…»: Նրա ձայնի վրա միջանցք դուրս եկան նաեւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, ոմանք փորձեցին հանգստացնել  հոխորտացողին, բայց նա արդեն դերի մեջ էր ու շարունակում էր գոռգոռալ:

Լրագրողի տարիների փորձս անգամ չօգնեց, որ սթափվեմ կատարվածից, հակառակ դեպքում հենց այդ պահին կսկսեի հարցերի տարափը, թե ինչպես է, որ չնայած  «Իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ այլ օրենքների պահանջներին, քաղաքապետարանում տեղեկատվություն չկար ավագանու նիստերի, որոշումների, տեղական տուրքերի, դրույքաչափերի, բյուջեի եւ հենց քառամյա զարգացման ծրագրի մասին: Քառամյա ծրագիրը, թե ի~նչ գաղտնի փաստաթուղթ է, որի համար 1,5 ժամ ցայտնոտային վիճակում էր հայտնվել Մեղրիի նորընտիր քաղաքապետն ու չէր կողմնորոշվում, տա՞լ ծրագրի օրինակը, թե` ոչ:  Վերջապես կհարցնեի, թե ինչպե՞ս է եղել, որ Մեղրի համայնքի քառամյա ծրագիրն ընդունվել է 2013թ. հունվարի 25-ի ավագանու նիստում, բայց ծրագրում ընդգրկվող համայնքային խնդիրների առաջնահերթությունների մասին քննարկումը կազմակերպվել է փետրվարի 11-ին (այդ մասին տեղեկատվությունը տես`http://www.meghri.am-ի նորությունների բաժնում):

Սակայն քաղաքապետը ոչ միայն պաշտոնյային վայել վարվելակերպից էր անտեղյակ, այլեւ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի ծխախոտի օգտագործման սահմանափակումներին վերաբերող 11-րդ հոդվածի պահանջից, որով արգելվում է ծխել բոլոր հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում: Հավանաբար, իմ հեռանալուց հետո պաշտոնյային անվայել պահվածքի մասին շրջապատը հուշել էր նրան: Դեռ Մեղրիից դուրս չէի եկել՝ հարյուր մարդ զանգեց քաղաքապետի անունից: Ենթադրեցի, որ ուզում էր չտվածս հարցերին պատասխանել…

Մեկնաբանություններ (4)

HARUT
Asa @nker@t ova, kasem du oves! asa qagaqapet@t ova kasem jogovur@ inch vichakuma!!! erevi sraner arjani Megrecin! Sag ashxar@ araja gnum! amen teg Progresya ka! bayc mer Hayreniqum amen inch@ hakarak ugutyamba sharjvum! ba petqa tarbervenq urishneric te che? es zzvumem vaxkotneric! u jogovurd@ megavoir chi mi kogmic! bayc minchev erb??? u vorna elq@? eli Hegapoxutyun???
ժորա
schnorhakalutyun qaqaqapetin vor zez nmannerin arhamarhum e amot zez...
Ալվարդ
Գրազ կգամ որ Ժորայի սիրելի քաղաքապետը էդ կողքի նոթբուքով ավելի քարտեր է սիրում քաղալ...դրա կարմրած ու փքված գազանի երեսին նայելով հասկանալի է, որ դեռ չենք ազատվել սովետական ոճի հոտած, ագահ ու բռնապետ գյուղապետերից ու քաղաքապետերից, որոնք ուղղակիորեն, ինչպես վերեւում նշվեց, արտացոլում են մեր երկրի ողբալի դրությունը; սրանք են Սերժի ու Սաշիկի, իրենց բոլոր վերեւների լիզողներն ու ժողովրդի կաշին քերթողները: Ձեռքին բջջային՝ դե զբաղված ու շրջապատով մարդ է, կողքին՝ նոթբուք, որ արդեն գիտենք ինչի համար է, սեղանի կենտրոնում՝ հաշվիչ՝ գումարները, ամենայն հավանականությամբ, անձնական բիզնեսի հետ կապված, հաշվելու համար /թե չէ նրա ինչին է պետք ձեռքի տակ ունենալ հաշվիչ, եթե կան հաշվապահներ/ եւ իհարկե՝ մոխրաման ու սիգարետի տուփեր. առանց դրա բա ոնց կլիներ, սիգարետի ծխի մեջ են չէ որոշվում ամենակարեւոր որոշումները: Մատներին նայելով՝ սրան ավելի կսազեր տրակտորիստի աշխատանք՝ մի քիչ սարերի քամին կկպչեր երեսին ու համ էդ ուռած-խմածի կարմրությունը կանցներ, համ էլ կարող էր մի քիչ մարդկություն արթնանար մեջը: Եթե մի քիչ խելք ունենար, գոնե մի քանի բուկլետ ու անգիր արած պատասխաններ կտար ու կազատվեր լրագրողից, բայց դե ավելի շատ հաբռգած էր ու եղած խելքն էդ ուղղությամբ չթողեց որ աշխատի, հասկանա իր խերն ու շառը: Դե ոչինչ, էդպես էլ է պատահում, փորձի պակասից է երեւի, լրագրողներ քիչ է տեսել, դե միջնադար է չէ...
Alvard
Սուսաննա ջան, մենակ էդ գայլային հայացքը հերիք է ամեն բան հասկանալու համար, ու երեւի ինքն էլ լավ հասկանում է, որ ամեն բան երեսին է, դրա համար էդպես խառնվել էր: Բայց դե մյուս կողմից, ինչու է խառնվել, լրագրողի ասածով հո բան չի փոխվի, պետք լինի, սրա նրա բերանը մի երկու կոպեկ կգցի, ու հանգիստ կշարունակի իր քաղաքապետի բիզնեսը: հ.գ. ափսոս, որ Ժորան նկարում քաղաքապետի կողքին չի երեւում, միանգամից կծանոթանայինք: Ասենք ծանոթանալու ինչ կա որ, արդեն պարզ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter