HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնաձորը` ժողովրդավար համայնքի օրինակ

Երբ Լեռնաձոր համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանին ասացի, թե որոշել եմ հաջորդ այցիս գյուղի դպրոցի գրադարանի համար գրքեր բերել, նա շատ լուրջ տոնով պատասխանեց. «Մեր դպրոցին ոչ մի գրքով չես զարմացնի. Լեռնաձորի դպրոցը Սյունիքի մարզում հայտնի է թե՛ հարուստ գրադարանով, թե՛ լավ ավանդույթներով և որ ամենակարևորն է՝ համայնքային կյանքին ակտիվ մասնակցությամբ»:

Խոսքը մասնավորապես վերաբերում է առաջնահերթ կարեւորություն ունեցող համայնքային խնդիրների բացահայտմանը, դրանց լուծման համար հնարավորությունների մատնանշմանը:

«Ավագանիների առաջիկա նիստի հաստատմանը կներկայացնեք համայնքի 2013-16 թթ. քառամյա զարգացման ծրագիրը, որում ընդգրկված խնդիրների հիմնական մասը մշակվել է համատեղ ջանքերով»,- ասում է համայնքի ղեկավարը:

Լեռնաձոր համայնքի կազմում վեց բնակվայր է ընդգրկված (Կաթնառատ, Ձագեձոր, Անդոկավան, Բաբիկավան, Թավշուտ, Փխրուտ), հետեւաբար՝ խնդիրներն էլ քիչ չեն:  Դրանցից ընթացիկ ծրագրում ընդգրկվել է համայնքին խմելաջրով ապահովումը: 1500-ից ավելի բնակիչ ունեցող գյուղի ջրամատակարարումը կատարվում է 4 կմ երկարությամբ ինքնահոս ջրատարի միջոցով, որը տարիների ընթացքում շարքից դուրս է եկել:

«Քառամյա ծրագրի առանցքային խնդիրը, իսկապես, խմելու ջրի մատակարարումն է, եւ նախատեսվում է 8 կմ երկարությամբ նոր ջրատար կառուցել, որի համար անհրաժեշտ 65 մլն դրամի ներդրման համար ակնկալվում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի, սոցներդրումների հիմնադրամի  աջակցությունը»,- ասում է համայնքապետը:

Խմելու ջրի խնդրի կարեւորության մասին է խոսում նաեւ տիկին Ջուլիան, ասելով, որ խնդիրը մտահոգում է բոլորին և տեղյակ է, որ համայնքային իշխանությունը որոշակի քայլեր արդեն ձեռնարկում է:

«Լեռնաձորում քչերն են դաշտավարությամբ զբաղվում. բացի տնամերձերից, վարելահողեր չկան, դրա համար ոռոգման ջրով ոչ ոք չի մտահոգվում»,- ասում է նա:

Համայնքի բնակիչների մի մասը զբաղվում է անասնապահությամբ, ստեղծվել են գյուղատնտեսական ընկերություններ, որոնք հիմնականում մանր եղջերավոր անասուններ են պահում:  

«Լեռնաձորն էն եզակի համայնքներից է, որտեղ գործազրկություն չկա. մարդկանց մի մասը կոմբինատում է աշխատում, որոշները կոմբինատին կից գործող ընկերություններում, բայց, դե, գործը՝ գործ, ջահելներին նաեւ հանգիստ ա պետք. առանց էն էլ վնասակար տեղ են աշխատում, աշխատանքից հետո պիտի հնարավորություն ունենան հանգստանալու, բայց դրա համար ոչ մի հնարավորություն չկա»,- դժգոհում է կենսաթոշակառու Պավլուշա Պողոսյանը:

Համագյուղացու կարծիքը կիսում է նաեւ համայնքապետը և նշում, որ մշակույթի տան նորոգման խնդիրը ևս ընդգրկվել է համայնքի քառամյա ծրագրում և, ելնելով նախկին փորձից, որ համայնքային իշխանությունը հետեւողականություն է ցուցաբերում  առաջնահերթություն ստացած խնդիրների լուծման գործում, վստահ է, որ կկարողանան լրացուցիչ միջոցներ ներգրավել:

Համայնքի Անդոկավան բնակավայրում, որը չնայած ընդգրկված է Լեռնաձորի վարչական տարածքում, բայց մինչեւ վերջերս Քաջարանի թաղամաս էր համարվում,  կարեւորում են գազամատակարարումը, գիշերային լուսավորությունը, որոնք եւս ընդգրկվել են համայնքի զարգացման ծրագրում:

Լեռնաձոր համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանի խոսքով՝ ի տարբերություն շատ այլ գյուղական համայնքների, Լեռնաձորի բյուջեի եկամտային մասը գրեթե կրկնակի ավելի է, քան պետական դոտացիան: Համայնքի մոտ 13 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասն արոտներ են, որոնք վարձակալությամբ են տրվում:

Փոքր թիվ չի կազմում նաեւ գույքահարկը: Սակայն էական դժվարությունը, ըստ համայնքի ղեկավարի, կապված է համայնքում ընդգրկված բնակավայրերի միջեւ հեռավորության հետ:

«Գրեթե ամեն օր շրջում եմ բոլոր բնակավայրերում, բացի այդ, յուրաքանչյուր համայնքից ավագանու մեկ անդամ ունենք ընտրված եւ հենց նրանք էլ ներկայացնում են տեղական խնդիրները, որոնք ընդգրկվում են քառամյա ծրագրում»,- նշում է համայնքապետը և շարունակում, որ իրենց անելիքը միայն դրանց առաջնահերթությունը որոշելով չի ավարտվում. հետամուտ են լինում, որպեսզի խնդիրները լուծվեն: Դրանց թվում, օրինակ, նորոգվել է 110 ընտանիքի համար նախատեսված 78 փայտյա տնակների մի մասը, այս խնդիրը կարեւորվել է նաեւ 2013-16 թթ. քառամյա ծրագրում:

«Համայնքի ղեկավարը պիտի քուն ու դադար չունենա, միավորի մարդկանց, համատեղ ուժերով փորձի լուծել տեղական խնդիրները: Քաջարանի պղնձամոլիբդենայինը, «Քաջարան» բարեգործական հիմնադրամը տարբեր խնդիրներով աջակցում են, բայց հաջողության հիմնական գրավականը համայնքի բնակիչների միասնականությունն է, եթե համայնքի բնակիչն ինքը չկարեւորեց իր փողոցի բարեկարգման խնդիրը,  քեզ չի հաջողվի դրա լուծման ուղիները գտնել»,- ասում է Ս. Պետրոսյանը:

Վերջինս մատնացույց է անում դպրոցի միջանցքում, ի թիվս այլ ցուցանակների, «Գնումներ բոլորի համար» մակագրությամբ ցուցանակը, որտեղ հաշվետվություն է տեղադրվում ամսվա մեջ դպրոցի կարիքների համար ձեռք բերված անգամ յուրաքանչյուր գրիչի մասին:

«Դա նաեւ պարտավորեցնում է աշակերտներին, որ սովորեն միասին գնահատել ընդհանուր կարիքները: Նույն մեթոդը նաեւ տեղական իշխանությունում է կիրառվում, եւ դա հաջողության երաշխիք է: Գյուղական համայնքներում խնդիրներն անսահմանափակ են, բայց անլուծելի չեն»,- զրույցը եզրափակում է պրն Պետրոսյանը:

Հ. Գ. Այն, որ Լեռնաձորի դպրոցը տնօրեն Ռոբերտ Գրիգորյանի ղեկավարությամբ կարող է ժողովրդավարության փայլուն օրինակ լինել անգամ հանրապետության այլ կրթօջախների համար, վկայում են դպրոցի յուրաքանչյուր անկյունը դպրոցականների կրթությանն ու դաստիարակությանը ծառայեցնող վահանակները, բայց սա բոլորովին այլ թեմա է եւ այդ մասին՝ առաջիկայում:

Մեկնաբանություններ (1)

Marine Davtjan
lernadzori dprocn iskakan azgajin dproci pajlun orinak e shnorhiv tnoren gitnakan Robert Grigorjani.kajlox patmutjun ezaki dproc /

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter