HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հանրությունը սկսել է չվստահե՞լ hանրային պաշտպանի գրասենյակին

Փաստաբանների մի մասը հանրային պաշտպանությունը լրացուցիչ անաշխատ եկամուտ է համարում

Սեպտեմբերի 20-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը լսեց Հանրային պաշտպանի (ՀՊ) գրասենյակի ղեկավար Միշա Փիլիպոսյանի հաշվետվությունը ՀՊ գրասենյակի անցած 6 ամիսների աշխատանքների մասին եւ անբավարար գնահատեց այն: Խորհրդի անդամները, մինչեւ հաշվետվությունը լսելը, ընտրանքային կարգով ուսումնասիրել էին հանրային պաշտպանների գործերի վարույթները եւ եկել այն եզրակացության, որ վարույթ` որպես այդպիսին, գոյություն չունի:

«Այս վարույթներում փաստաբանի աշխատանք չկա: Դրանք ձեւական վարույթներ են, զուտ տպավորություն ստեղծելու համար մի քանի փաստաթուղթ են կցել` մեղադրական եզրակացություն, դատավճիռ եւ ձեռքի տակ եղած մի քանի այլ անկարեւոր փաստաթղթեր: Ինձ ամենից շատ մտահոգում է այն, որ այդ դատավճիռներում բողոքարկման հիմքեր կան, սակայն դրանք չեն բողոքարկվում: Կալանքի մասին որոշումը բողոքարկելու 1 դեպք կա, այնինչ իմ ուսումնասիրած 12 գործից առնվազն 8-ի դեպքում այն պետք է բողոքարկվեր»,- խորհրդին իր տպավորությունները փոխանցեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հայկ Ալումյանը: Վերջինս այդպիսի հետեւության է հանգել տարբեր հանրային պաշտպանների 12 վարույթներ ուսումնասիրելով, որոնցից 4-ը, նրա ասելով, քիչ թե շատ բարվոք վարույթներ են, եւ միայն մեկը կարելի է վարույթ համարել: 

Հայկ Ալումյանը պարզել է նաեւ, որ այդ գործերում եղած դատական ակտերի հիմնական մասով վերաքննիչ բողոքներ պետք է բերվեին, սակայն դրանք չեն բողոքարկվել, եւ մարդիկ անպաշտպան են մնացել: Ավելին, խորհրդի անդամները տեղեկություններ ունեին, որ հանրային պաշտպանները հաճախ իրենց պաշտպանյալներին հարկադրում են հրաժարվել իրենցից, հարկադրում են գրել նաեւ, որ դատական ակտի դեմ բողոք բերելու ցանկություն չունեն: Հանրային պաշտպաններից ոմանք մասնակցում են նաեւ այլ գործերով, որի իրավունքը նրանք չունեն: 

«Այդ մասին տեղյակ է գրասենյակի ղեկավարը եւ ոչինչ չի արել կանխելու համար»,- խորհրդին տեղեկացրեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Ընթերցողներին հիշեցնենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակը իրավաբանական օգնություն է ցուցաբերում անվճարունակ խավին եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով հանրային պաշտպանները սոցիալապես անպաշտպան խավին իրավաբանական օգնություն են ցուցաբերում քրեական եւ քաղաքացիական գործերով 3 դեպքում`

  1. ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով,
  2. եղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու,
  3. կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:

Անկախ իրենց վարած գործերի քանակից ու որակից, պետությունը հանրային պաշտպանների համար ամսական 180 հազար դրամ աշխատավարձ է սահմանել, որն, ի դեպ, ամենաբարձրն է ԱՊՀ տարածքում: Գործերի բաշխումը, որն իրականացնում է ՀՊ գրասենյակի ղեկավարը, խորհրդի անդամների դիտարկումով, անհավասար է արվել` պաշտպաններից մեկն ամսվա ընթացքում ունեցել է 15 գործ, մյուսը` 1 եւ այլն, սակայն նրանք բոլորը հավասար աշխատավարձ են ստանում: Գումարի պակաս գրասենյակը չունի, պետությունը բավարար ֆինանսական միջոցներ է տրամադրում անվճարունակ խավի իրավունքները պաշտպանելու համար, սակայն աշխատանքում թերանալու պատճառով միայն այս տարվա առաջին կիսամյակում պալատը 12 մլն գումար է վերադարձրել պետբյուջե: «Դրանով հանդերձ` այս տարի Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջեն 50 մլն դրամով ավելացրել են»,- տեղեկացրեց պալատի նախագահը:

Նա նշեց, որ բացի հաստիքային հանրային պաշտպաններից, այս գրասենյակում նաեւ ժամավճարային աշխատանք է նախատեսված, որը չի գործում միայն այն պատճառով, որ մինչեւ հիմա պայմանագրեր չեն կնքվել փաստաբանների հետ, եւ միայն 2 փաստաբան է ժամավճարով աշխատել: Պարզել են նաեւ, որ հանրային պաշտպանները գործեր են վարում միայն իրենց նստավայրերում` մոռանալով, որ իրենց սպասարկման տարածքն ավելի մեծ է, պաշտպանյալների հետ տեսակցության չեն գնում: Պալատի նախագահը Երեւանի քրեակատարողական հիմնարկներից մեկում ստուգել էր այցելությունների մատյանը եւ պարզել, որ վերջին 1 ամիս 8 օրվա ընթացքում ՀՊ-ները ոչ մի տեսակցություն չեն ունեցել իրենց պաշտպանյալների հետ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ որոշ տարածքներից, օրինակ` Մաշտոց համայնքի ոստիկանությունից, չեն դիմում ՀՊ ներգրավելու համար, ի տարբերություն Կենտրոն համայնքի: Նման վիճակագրությունից մի զավեշտալի եզրահանգում կարելի է անել, որ անվճարունակները շատ են Կենտրոն համայնքում: 

Սակայն գրասենյակի ղեկավարին չի անհանգստացնում ոչ միայն այդ հարցը, այլեւ այն, որ անվճարունակ խավը հրաժարվում է անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող պաշտպանից: 

«Հանրային պաշտպանի գրասենյակում գործերի պակաս ես չեմ տեսնում, այս տարվա առաջին կիսամյակում պակասել է հանրային պաշտպաններից հրաժարումների քանակը, եւ գործերի քանակը նվազել է դրա հաշվին»,- ասաց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Միշա Փիլիպոսյանը: Հրաժարումների քանակի նվազումը, նրա ասելով, հետեւանք է աշխատանքային նոր մոտեցման: «Մենք անցել ենք մի սկզբունքի, երբ ՀՊ-ը գրեթե մասնակցում են այն դեպքերում, երբ քննիչի կամ դատավորի որոշում կա նրանց մասնակցության մասին»: 

ՀՊ գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ նախորդ տարիներին միայն գրությունը բավարար էր ՀՊ-ի մասնակցության համար, բայց այդ դեպքում շատ էին հրաժարվում պաշտպաններից: Նրանք ներկայանում էին քննիչին, իսկ հետո նրանցից հրաժարվում էին: «Իհարկե, հրաժարումներ հիմա էլ կան, շատ են դեպքերը, երբ քննության ընթացքում են հրաժարվում, մեղադրանքն առաջադրելուց հետո եւ նույնիսկ դատարանում ճառի փուլից»,- չժխտեց ՀՊ գրասենյակի ղեկավարը, բայց, նրա կարծիքով, դրանք անհիմն հրաժարումներ են, եւ իրենք առայժմ դրանից հետեւություն չեն կարող անել: 

Նրա ասելով` ՀՊ-ների մասնակցության քանակի նվազումը պայմանավորված է նաեւ նրանով, որ այս տարվա առաջին կիսամյակում քրեական գործերի քանակն է նվազել հանրապետությունում: Փոխարենը, ինչպես տեղեկացրեց Մ. Փիլիպոսյանը, իրենք հիմա եռակի շատ դիմումներ են ստանում քրեակատարողական հիմնարկներից, որոնք փաստաբան են պահանջում` հիմնականում համամիտ չլինելով նշանակված պատժաչափի հետ, կամ իրենց հանցավոր չեն համարում: Դրանով իսկ ՀՊ գրասենյակի ղեկավարը հաստատեց խորհրդի անդամների այն միտքը, որ կալանավորները դժգոհ են հանրային պաշտպանների աշխատանքից, այդ պատճառով էլ շարունակում են դիմումներ ներկայացնել դատավճիռը բողոքարկելու կամ պատժաչափը վերանայելու խնդրանքով:

Գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ այս տարի ՀՊ-ների մասնակցությունը նվազել է վերաքննիչ դատարանում: 2006 թ. նույն ժամանակահատվածում նրանք վարել են 103 գործ, որից 20-ի դեպքում պաշտպանյալները հրաժարվել են, այս տարի ունեցել են 62 գործ, որից 5-ի դեպքում նույնպես հրաժարվել են: Հանրային պաշտպաններն այս տարի 14 գործով են վերաքննիչ դատարան բողոք ներկայացրել: Մ. Փիլիպոսյանի ասելով` վերաքննիչ բողոքների թիվը նվազել է առաջին ատյանի դատարաններում փաստաբանների լավ աշխատանքի արդյունքում, իսկ այն գործերը, որոնցով ՀՊ-ները մասնակցել են վերաքննիչում, հիմնականում այն գործերն են, որոնցով նրանք չեն մասնակցել առաջին ատյանի դատարաններում: 

Խորհրդի անդամները հիշեցրին, որ փաստաբաններից երկուսը` Լիպարիտ Սիմոնյանն ու Արա Զաքարյանը, ՀՊ գրասենյակը ստեղծելուց հետո մեկ տարի աշխատեցին այնտեղ եւ վերաքննիչ դատարանում լուրջ աշխատանք կատարեցին (միայն Լիպարիտ Սիմոնյանը վերաքննիչ դատարանում 62 գործ է ունեցել, այսինքն` այնքան, որքան այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գործող բոլոր հանրային պաշտպանները միասին): «Նրանք վերաքննիչում գործերի շատ մեծ քանակ ունեին, հետո դրանք կտրուկ սկսեցին պակասել»,- ասաց Հ. Ալումյանը: Պատճառը, ըստ Հ. Ալումյանի, այն է, որ դատավորին սկսեց ձեռք չտալ, որ նրանք ամբողջ գործն էին պահանջում, հիմնավոր միջնորդություններ էին ներկայացնում եւ ամենաակտիվ դատական պաշտպանություն էին իրականացնում: Դատավորները սկսեցին մեղադրյալներին համոզել, որ հանրային պաշտպան չուզեն, եւ եկավ մի պահ, որ նրանց գործերի քանակը կտրուկ նվազեց: «Նրանց մոտ գործերի քանակը բարեխիղճ գործելու արդյունքում պակասեց, սակայն ՀՊ գրասենյակում գործերի նվազման ներկայիս պատճառը սա չէ, այլ` հանրության հավատի պակասը ՀՊ-ների նկատմամբ: Մարդիկ սկսել են չվստահել հանրային պաշտպաններին: Ցանկալի կլիներ մտածել, որ քննիչներն ու դատավորները նրանց ուզում են հեռու պահել հանրային պաշտպաններից, բայց ենթադրում եմ, որ ավելի շատ անվստահության պատճառով է դիմողների քանակը նվազում»,- ավելացրեց Հ. Ալումյանը:

Հայկ Ալումյանի կարծիքով` ՀՊ-ի գրասենյակի վատ աշխատանքի պատճառն այն է, որ փաստաբանները սկսել են ՀՊ դառնալու հնարավորությունն ընկալել որպես կենսաթոշակի ապահովման միջոց. «Դառնում ես ՀՊ եւ կարող ես ապրել քեզ ցանկալի ձեւով ու 180 հազար դրամ ամսական աշխատավարձը ստանալ: Փաստաբանների մի մասը դա հենց այդպես է ընկալում, մյուս մասը` որպես լրացուցիչ անաշխատ եկամուտի հնարավորություն: Այսինքն` նա կվարի իր բոլոր գործերը, միաժամանակ իր հաճախորդին կձեւակերպի որպես անվճարունակ, այդպիսով գումարը նրանից կստանա, իսկ պետական աշխատավարձը կլինի հավելավճար»: 

Հ. Ալումյանը ՀՊ-ի ինստիտուտում դրական է համարում այն, որ այս մեխանիզմը լիարժեք անկախություն է տալիս փաստաբանին վարույթն իրականացնող մարմնից` ի տարբերություն նախկին պետպաշտպանության, երբ փաստաբանի ժամավճարը որոշում էր քննիչը կամ դատավորը: «Հիմա մենք ՀՊ-ի որակյալ աշխատանքը տեսնում ենք: Կան փաստաբաններ, որոնք լավ են աշխատում եւ հետաքրքիր արդյունքներ են ունեցել: Մի բան, որ նախկինում, պետպաշտպանություն իրականացնելիս, ակնկալելն անիմաստ էր»,- ավելացրեց խորհրդի անդամը:

Վերջինս գրասենյակի աշխատանքները բարելավելու տարբերակ է համարում գրասենյակը սկսնակ փաստաբաններով համալրելը, որոնք լավ գիտելիքներով են ավարտել բուհը: 2-3 տարի աշխատելուց հետո նրանք իրենց տեղը կզիջեն նորեկներին: Նրա կարծիքով` ՀՊ գրասենյակում տարեց փաստաբանները քիչ պետք է լինեն, պետք է լինեն նրանք, ովքեր մեծ եկամուտ չեն ակնկալում եւ պատրաստ են բարեխղճորեն իրենց փորձը փոխանցել երիտասարդներին:

Սեպտեմբերի 30-ին լրացավ հանրային պաշտպանների աշխատանքային պայմանագրերի ժամկետը: Պալատի խորհուրդը որոշում էր ընդունել չերկարացնել հանրային պաշտպանների աշխատանքային պայմանագրերը եւ գրասենյակը համալրել այն փաստաբաններով, որոնք քննությունից բավարար միավորներ կհավաքեն, հատկապես, երբ հաջորդ տարվանից հանրային պաշտպանի աշխատավարձը սահմանված է 254 հազար դրամ: Քննություն հանձնած 53 փաստաբաններից բավարար միավորներ հավաքեցին 20-ը, որից 9-ը նախկին հանրային պաշտպաններ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter