HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ կլուծի «Ջավախքի խնդիրը», Հայաստա՞նը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում պատգամավոր Շիրակ Թորոսյանը հանդես եկավ հայտարարությամբ` ասլեով, որ Ջավախքում` հայ պոեզիայի դասական Վահան Տերյանի ծննդավայր Գանձակ գյուղից ոչ հեռու, Վրաստանի իշխանությունները սկսել են ուղղիչ գաղութի շինարարությունը եւ մտադիր են երկրի այլ քրեակատարողական հիմնարկներից այստեղ տեղափոխել 3-4 հազար բանտարկյալ։

Պատգամավորի բառերով` սա մի «զարհուրելի ծրագիր է, որն ապահովում է կատարյալ հայաթափություն», քանի որ գաղութի առկայությունը շրջանը կդարձնի աքսորավայր, քրեական գոտի, եւ Հայաստանի իշխանությունները պետք է խոչընդոտեն իրադարձությունների այսպիսի ընթացքին։

Հայաստանում ու՞մ է ամենից շատ մտահոգում Ջավախքը

Այս հայտարարությունը բավարար էր, որպեսզի Ջավախքի թեման նորից դառնար Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում ամենահաճախ շոշափվողներից մեկը։ Իհարկե, որոշակի ժամանակով, ինչպես դա եղել է ջավախահայության հարցերով քաղաքական զգացմունքների բորբոքման նախորդ փուլերի ժամանակ։ Իշխանական կառույցների, ինչպես նաեւ «պաշտոնական ձեւականություններով» չկաշկանդված ուժերի արձագանքն այս անգամ էլ դուրս չեկավ ընդունված, արդեն դասական կլիշեի շրջանակից։

Ըստ այդ կլիշեի` Հայաստանի պաշտոնական շրջանակների կարծիքը հետեւյալն է. ջավախահայության խնդիրները շատ չեն տարբերվում Վրաստանի այլ ազգային փոքրամասնությունների խնդիրներից, Հայաստանը պատրաստ է եւ ամեն կերպ նպաստում է իր հայրենակիցների նորմալ կենսագործունեության ապահովման հարցի լուծմանը եւ այլն, եւ այլն։ Մյուս կարծիքը, որին հետեւում են մի շարք հասարակական-քաղաքական ուժեր, ավելի կոշտ է. Վրաստանի իշխանությունները ջավախահայերի նկատմամբ վարում են նպատակամղված քաղաքականություն` նրան այդ շրջանից դուրս մղելու, այստեղ ժողովրդագրական «շտկումներ» անելու եւ վառ արտահայտված էթնիկական բաղադրիչով այս խնդիրը նախօրոք լուծելու համար։

Նման կարծիքներ արտահայտվել են ջավախահայության դեմ ուղղված տարբեր միջադեպերի ժամանակ, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարվա ընթացքում։ Օրինակ` 2006 թվականի մարտին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության կազմում գործող «Ջավախք» խորհրդի անդամները հանդես եկան մի հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի իշխանությունները պիտի ընդունեն` Ջավախքի խնդրի առանցքը նախեւառաջ քաղաքական է։ Մինչեւ Ջավախքի քաղաքական կարգավիճակը չհստակեցվի, քաղաքական երաշխիքներ չլինեն, որ հայությանը ձեռք տվող չի լինի, որեւէ այլ խնդիր քննարկելն անիմաստ է»: 

Ահա հիմա էլ Շիրակ Թորոսյանի «սեպտեմբերյան հետքերով» եւ այդ առիթով հնչած բոլոր ելույթներն ու հայտարարությունները հստակորեն բաժանվեցին երկու հակադիր կարծիքների։ Այսպես` ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի ճեպազրույցում, որը տեղի ունեցավ պատգամավորի ելույթից մի քանի օր հետո, հայտարարվեց, որ նախագահը Ջավախքում քրեակատարողական հիմնարկի կառուցումը չի համարում այդ շրջանի քրեականացման գործոն, որ Հայաստանում էլ կան ճիշտ այդպիսի հիմնարկներ (Արթիկում, Սեւանում, Կոշում), բայց դա չի նշանակում, թե այդ քաղաքներում քրեական վիճակը վատթարացել է կամ տարբերվում է երկրի ուրիշ վայրերից։
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այդ առիթով ասաց. «գես շատ դժվարությամբ եմ պատկերացնում, թե մենք ինչպիսի արձագանք կարող ենք ունենալ, եթե մեր հարեւան երկրներից մեկը դիմի մեզ եւ ասի` դուք Սյունիքում կամ այլ տեղ այսպիսի խնդիրներ եք լուծում: Ես շատ ուղիղ եմ ասում, եւ Վրաստանի ներքին գործերին միջամտությունն այսպիսի հարցերում համարում եմ անպատեհ»։
Մինչդեռ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այս կուսակցության մյուս ներկայացուցիչների նման, հարում է հակառակ կարծիքին։ Ըստ նրա` տարածքները, որտեղով անցնում է նավթամուղ, նախատեսվում է անցկացնել նաեւ գազամուղ, սովորաբար բանտերով չեն լցնում։ «Վրաստանը հայտարարում էր, որ հատուկ կարեւորություն է տալու Ջավախքի ներքին անվտանգությանը, մինչդեռ 4000 կալանավորները չեն ավելացնում այդ ռեգիոնի անվտանգությունը, սա ակնհայտ է: Նրանց ոչ թե հետաքրքրում է կալանավորների պայմանների բարելավումը ցրտաշունչ Ջավախքում, այլ «կլյուչնիկների» եւ զորախմբավորումների ավելացումը` բանտը պահելու պատրվակի տակ, եւ ես կարծում եմ, որ այս մտահոգությունը լուրջ է, մենք պետք է այս ծրագրի անթույլատրելիության մասին տեղեկացնենք վրացի կոլեգաներին»։

Ինքը` Շիրակ Թորոսյանը, թեեւ «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահն է (որի անդամների մեծամասնությունը ծնունդով Ջավախքից են, սերտ կապեր են պահպանում շրջանի բնակչության հետ, հաճախ լինում են այնտեղ), 2007 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվեց իշխանական Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակով։ Քայլը թելադրված էր այն հանգամանքով, որ, ինչպես այս տարվա փետրվարին (խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում) հայտարարեց «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը, խորհրդարանի նախկին գումարումների ոչ մի պատգամավոր «չի արտասանել Ջավախք բառը»։ Մինչդեռ խորհրդարանում պետք է լինի գոնե մի ուժ, որը կբարձրացնի ջավախահայությանը հուզող խնդիրները։ Վարդապետյանի կարծիքով` ջավախահայության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը կարելի է կոչել մեկ բառով` անտարբերություն։ Նման վերաբերմունքը կարող է դառնալ Ջավախքից հայերին դուրս մղելու պատճառ, եւ դրա համար կան բոլոր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները։ 

«Բառացիորեն ամեն օր սրվում են ռուս-վրացական հարաբերությունները, իսկ Սամցխե-Ջավախեթիայի հայերը, որոնց գոյատեւման հիմնական աղբյուրը արտագնա աշխատանքն է, հիմա կանգնել են մեծ խնդիրների առջեւ։ Ո՞վ է լուծելու այս մարդկանց խնդիրները: Ջավախահայությանը պետք է օգնել, քանի որ մեր հայրենակիցները, լինելով 21-րդ դարի քաղաքացիներ, պետք է արժանապատիվ ապրեն, սակայն առայժմ շրջանային խորհուրդներն ի վիճակի չեն լուծելու սոցիալական որեւէ էլեմենտար խնդիր»,- ասում է Վարդան Վարդապետյանը:

Ամեն դեպքում «Հզոր Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները, որոնք առաջադրվել էին ՀՀԿ-ի ցուցակներով, հայտնվեցին խորհրդարանում։ Սակայն ո՛չ Հանրապետական կուսակցության ներկա նախագահ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ կուսակցության նախկին առաջնորդը` 2007 թվականի գարնանը սրտի նոպայից մահացած Անդրանիկ Մարգարյանը, ո՛չ էլ ուրիշ հանրապետականներ մինչ օրս իրենց թույլ չեն տվել կտրուկ արտահայտություններ անել կամ գնահատականներ տալ Վրաստանի պաշտոնական քաղաքականության առիթով: 

«Պետք է նշել, որ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում է գտնվում ոչ միայն Ջավախքը, այլեւ ողջ Վրաստանը, բայց վրացական իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ մենք բարձրացնում ենք այս խնդիրը եւ պահանջում հատուկ վերաբերմունք Ջավախքի նկատմամբ»,- անցյալ տարվա իր հարցազրույցներից մեկում հատարարեց Անդրանիկ Մարգարյանը։ Նա համարում էր, որ այժմ քաղաքական պահանջներ ներկայացնելու ժամանակը չէ, սակայն, եթե Վրաստանում քննարկվի դաշնային պետության մոդել նախատեսող օրենքի նախագիծ, ապա, իհարկե, այդ դեպքում պետք է քննության առնվի նաեւ Ջավախքի հարցը։

Ջավախքի հարցում խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչների դիրքորոշումների մեջ նման, մեղմ ասած, անհամապատասխանությունն առայժմ այնքան էլ ակներեւ չէ։ Բայց, թվում է, որ գնահատականների տոնայնության տարբերությունը հետագայում ավելի ու ավելի է իրեն զգացնել տալու։ 

Հայաստանի եւ Վրաստանի նախագահների` Ռ. Քոչարյանի եւ Մ. Սահակաշվիլու հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին Բաթումիում, Ջավախքում գաղութի շինարարության հարցը չի քննարկվել։ Համենայնդեպս, այդպես հայտնեցին Հայաստանի մի շարք տեղեկատվական աղբյուրներ։

Դեպի Ջավախք ճեղքում արած աշխարհաքաղաքականություն

Մինչեւ վերջերս հայ-վրացական հարաբերությունները կարելի էր բերել որպես հարավկովկասյան տարածաշրջանում երկկողմանի փոխհարաբերությունների այնպիսի եզակի օրինակ, որոնցում քիչ էին դրսեւորվում ուրիշ պետությունների աշխարհաքաղաքական շահերը։ Աշխարհաքաղաքականությունն արտահայտվում էր այն իրական հանգամանքով, որ Հայաստանն ու Վրաստանը սահմանակից պետություններ են, որոնց շահերը հենց այդ պատճառով են համընկնում։ Ռուս-վրացական հարաբերությունների սրման եւ հայ-թուրքական փոխհարաբերությունների չկարգավորվածության պատճառով հայ-վրացական շփումներում աշխարհաքաղաքականությունը սկսեց ավելի ու ավելի շատ, իր այլ դրսեւորումներով զգացվել։ Նկատենք նաեւ, որ պաշտոնական Վրաստանի ներկայացուցիչները հաճախ են հայտարարել, թե Ջավախքում եւ շրջանի շուրջ կրքերի բորբոքումն արտաքին դերակատարների ձեռքի գործն է։ Բայց Հայաստանը, եթե նույնիսկ մտնում էր «այդ արտաքին դերակատարների» ցուցակի մեջ, ապա վրաց քաղաքական գործիչների պատկերացումներում հաստատ ամենաառաջին տեղերը չէր զբաղեցնում։ Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության ավելի ու ավելի կոնկրետ ուրվագծմանը զուգընթաց Հայաստանում հաճախ եւ ավելի շատ սկսեցին պնդումներ անել, որ ինչպես բուն Ջավախքը, այնպես էլ Վրաստանը դարձել են Հայաստանը փակուղու մեջ գցելու եւ հաղորդակցական ուղիներից մեկուսացնելու թուրք-ադրբեջանական դավադրության մասնակիցներ։

Իրենց այս գնահատականով Հայաստանում համերաշխ են բառացիորեն բոլոր քաղաքական ուժերը, այս կարծիքը տիրապետում է նաեւ երկրի փորձագիտական շրջանակներում։

«Մենք, ըստ էության, ոչ միայն ինքնախաբեությամբ ենք զբաղված, այլեւ խաբում ենք մեր հարեւաններին, մեր բարեկամներին` վրաց ժողովրդին` ասելով, որ հայ ժողովուրդը կհամակերպվիգ Այսօր մենք պարտավոր ենք ասել, որ եթե Վրաստանը մասնակցում է Հայաստանը շրջափակման ենթարկելու քաղաքականությանը, կնշանակի, որ ոչ միայն կարող է հարցականի տակ դրվել մեր ռազմավարական համագործակցությունը, այլեւ ընդհանրապես գործընկերությունը»։ Իհարկե, երկաթուղու նոր նախագծի առիթով արված բոլոր հայտարարություններն ու ելույթները, Հայաստանի տարբեր ուժերի կողմից տրված գնահատականները չունեն այնպիսի կտրուկ, հիասթափության ու հուսահատության երանգով ենթատեքստ, ինչպիսին նկատվում է Քաղաքագետների միության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի վերջերս հնչեցրած այս արտահայտության մեջ։ Բայց բոլոր գնահատականներում էլ ակներեւ է ըմբռնումը, որ Ղարս-Ախալքալաքի պատճառով Հայաստանի հաղորդակցական վիճակն է ՛լ ավելի է վատթարանում։
Անիմաստ է մեջբերել այդ բոլոր վերլուծություններն ու դատողությունները։ Միայն ընդգծենք, որ ամբողջության մեջ դրանցում Ղարս-Ախալքալաքը գնահատվում է որպես քաղաքական նախագիծ. այլապես 2007 թ. փետրվարին վրաց լրագրողների առաջ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի արած հայտարարությունն այն մասին, որ եթե Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, ապա Հայաստանը կարող է եւ պատրաստ է միանալ Ղարս-Ախալքալաք նախագծին, կունենար ինչ-որ արձագանք։ Չէ՞ որ տեխնիկապես նախագծին միանալու ուրիշ եղանակ չի կարող լինել։ Նկատենք, որ երկար տարիներ, երբ քննարկվում էին Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, այնուհետեւ նաեւ եվրոպական երկրների միջեւ հաղորդակցության ստեղծման տարբերակները, Հայաստանը պնդում էր Ղարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը, որն անգործության էր մատնվել հայ-թուրքական սահմանի փակման պահից ի վեր եւ բազմաթիվ չափանիշներով (առաջին հերթին` տնտեսական) ավելի ձեռնտու է։

Եթե վերաբերմունքը «Հազարամյակի մարտահրավերներ» նախագծի նկատմամբ, որի շրջանակում կկառուցվեն հաղորդակցության ուղիներ Ջավախքի եւ Վրաստանի մնացած շրջանների միջեւ, Հայաստանում ընդգծված դրական է, ապա Ղարս-Ախալքալաք նախագծի նկատմամբ այն անխտիր բացասական է։ «Ճանապարհ էլ կա, ճանապարհ էլ». մոտավորապես այսպես կարելի է ձեւակերպել ընդհանուր մոտեցումը, եթե հետեւենք այդ երկու նախագծերի առիթով հնչած ելույթներին։

Սակայն արժե նշել, որ, չնայած գնահատականների նմանությանը, այդուհանդերձ, տարբերություններ կան մեկնաբանությունների մեջ, որոնք ի հայտ են գալիս «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխաններում։ Եթե Հայաստանի իշխանական եւ մերձիշխանական ուժերի տեսակետից պատճառը Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական դավադրությունն է, որին մասնակցում է նաեւ Վրաստանը (եւ նա վարվում է իր ազգային եւ տնտեսական շահերի համաձայն), ապա Հայաստանի ընդդիմադիր ուժերի տեսակետից պատճառը Հայաստանի իշխանությունների տապալված արտաքին քաղաքականությունն է, որոնք չկարողացան (կամ ի վիճակի չեն) խոչընդոտել երկրի ազգային շահերին սպառնացող քայլերի իրականացմանը։ Երկրի փորձագիտական շրջանակներում կարծիք կա, թե Ղարս-Ախալքալաքը կարող է դառնալ դանդաղ գործողության ռումբ, որը հմտորեն դրվել է հայ-վրացական փոխհարաբերությունների տակ։ 

«Հայաստանը պարտավոր էր լավ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ, ինչի համար անհրաժեշտ էր այնպիսի ճանապարհներ գտնել, որ մեր հարեւանները նույնպես շահագրգռված լինեին մեզ հետ համագործակցել», - հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ, Քրիստոնեա-ժողովրդավարական միության նախագահ Խոսրով Հարությունյանը։ Մեկ այլ նախկին վարչապետի` Հրանտ Բագրատյանի կարծիքով` «Ղարս-Ախալքալաքը Հայաստանի արտաքին քաղաքականության խոշոր պարտությունն էր… Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետեւանք է նաեւ այն, որ Վրաստանը մեզ համարում է շատ ավելի պակաս բարեկամ, քան Թուքիային եւ Ադրբեջանին»։

Իր տեսակի մեջ եզակի «ջավախահայ սփյուռքը»

Հայաստանում ջավախահայերին հիշատակում են որպես դժվարին կլիմայական, սոցիալ-տնտեսական, իսկ վերջերս նաեւ քաղաքական պայմաններում ապրող «մեր հայրենակիցների»։ Նման սփյուռքի, այն էլ` Հայաստանին սահմանակից, առկայությունն իր տեսակի մեջ բացառիկ հանգամանք է երկրի համար։ Չէ՞ որ Հայաստանում վաղուց վարժվել են այն մտքին, որ սփյուռքը ոչ միայն նրա բնակության երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն է, այլեւ նրա օգնությամբ բազմաթիվ ներպետական խնդիրներ լուծելու հույս։
Հայաստանում «Ջավախքի խնդիրներ» ասելով հասկանում են միայն այն, ինչ կապված է հենց այդ շրջանի հայ բնակչության հետ։ Եւ սրանում հայկական եւ վրացական հասարակական-քաղաքական վերնախավերի ընկալումները համընկնում են։ Չնայած, որ Վրաստանում այդ տարածաշրջանը կոչվում է Սամցխե-Ջավախեթի, եւ որ նրա այլ բնակավայրերում կյանքն ավելի լավը չէ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում առկա պայմաններից։ Բայց սա արդեն գրեթե ուրիշ խոսակցություն է, մեկ այլ` «Ո՞վ կլուծի Ջավախքի խնդիրները, Վրաստա՞նը» թեմայով:

Հոդվածը պատրաստվել է «Սամխրեթիս Կարիբչե» (Վրաստան) թերթի պատվերով, ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter